Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Պարբերական մամուլի բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները՝ ի դեմս իրենց Կառավարությունների (այսուհետ՝ Կողմեր),
հաշվի առնելով Համագործակցության մասնակից պետություններում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ իրենց բնակչության ավանդական հետաքրքրությունը,
ելնելով Կողմերի տարածքներում թողարկվող պարբերական տպագիր արտադրանքի լայն ու ազատ փոխանակման և տարածման համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունից,
հաստատելով իրենց հավատարմությունը տեղեկության փոխանակման համընդհանուր սկզբունքներին, Կողմերի տարածքներում արտադրվող տպագիր արտադրանքի նկատմամբ իրենց քաղաքացիների իրավահավասար և ազատ օգտվելու հնարավորությանը՝ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան,
հաշվի առնելով Համագործակցության Կառավարությունների ղեկավարների Խորհրդի 1996 թվականի հոկտեմբերի 18-ի՝ Որոշմամբ հաստատված «Անկախ Պետությունների Համագործակցության տեղեկատվական տարածքի ձևավորման» Հայեցակարգի դրույթները,
նկատի ունենալով 1992 թվականի հոկտեմբերի 9-ի «Տեղեկատվության բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագիրը և 1995 թվականի փետրվարի 10-ի «Գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագիրը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Կողմերը զարգացնում են համագործակցություն պարբերական մամուլի փոխանակման և տարածման բնագավառում իրենց քաղաքացիների՝ պարբերական հրատարակությունների կարիքների բավարարման և Կողմերի միջև ավանդական կապերի հետագա ամրապնդման նպատակով։
Հ ո դ վ ա ծ 2
Կողմերը, ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան, իրենց քաղաքացիների համար երաշխավորում են սույն Համաձայնագրի մասնակից պետություններում հրապարակվող տպագիր արտադրանքն օգտագործելու ազատ և իրավահավասար հնարավորություն։
Հ ո դ վ ա ծ 3
Կողմերը փոխանակում և երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերի հիման վրա տարածում են սույն Համաձայնագրի մասնակից պետություններում հրատարակվող պարբերական տպագիր արտադրանքը, աջակցում են քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կյանքի վերաբերյալ, ինչպես նաև սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ժողովուրդների լեզուներով հրատարակվող պարբերական հրատարակությունների գործունեության մասին նյութերի թարգմանությանը և փոխադարձաբար հրապարակմանը:
Հ ո դ վ ա ծ 4
Կողմերը միջոցներ են ձեռնարկում իրենց գրադարանային ֆոնդերը սույն Համաձայնագրի մասնակից պետություններում հրատարակվող պարբերական տպագիր արտադրանքով համալրելու համար։
Հ ո դ վ ա ծ 5
Յուրաքանչյուր Կողմ, ազգային օրենսդրությանը համապատասխան, ձգտում է բարենպաստ պայմաններ ստեղծել սույն Համաձայնագրի մասնակից պետություններում հրատարակվող պարբերական տպագիր արտադրանքի տարածմամբ զբաղվող կառույցների գործունեության համար, այդ թվում՝ նրանց հարկային, մաքսային և այլ արտոնություններ տրամադրելու միջոցով։
Հ ո դ վ ա ծ 6
Կողմերը միմյանց օժանդակում են պարբերական տպագիր արտադրանքի արտադրությունում տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառման գործում, միջոցներ են ձեռնարկում արտադրությունում տեխնիկական լուծումների միասնականացման, պարբերական տպագիր արտադրանքի արտադրության, փոխանցման և տարածման ուղղությամբ՝ հաշվի առնելով միջազգայնորեն ընդունված չափանիշները։
Հ ո դ վ ա ծ 7
Կողմերը նպաստում են պարբերական մամուլի բնագավառում համատեղ, այդ թվում՝ պետական մասնակցությամբ, ձեռնարկությունների ստեղծմանը և դրանց գործունեությանը, ինչպես նաև համագործակցության այլ ձևերին։ Համագործակցության կոնկրետ ձևերը կկարգավորվեն Կողմերի կամ նրանց տնտեսավարող սուբյեկտների երկկողմ համաձայնագրերով։
Հ ո դ վ ա ծ 8
Կողմերի իրավասու մարմինները պարբերաբար փոխանակում են տվյալներ և տեղեկություններ սույն Համաձայնագրի կատարման ընթացքի մասին։
Հ ո դ վ ա ծ 9
Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վեճերը շահագրգիռ Կողմերի միջև լուծվում են բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով։
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագիրը բաց է Համաձայնագրի նպատակներն ու սկզբունքներն ընդունող Անկախ Պետությունների Համագործակցության ցանկացած մասնակից պետության կողմից միանալու համար:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Համաձայնագրում Կողմերի ընդհանուր համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ։
Հ ո դ վ ա ծ 12
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ դուրս գալուց առնվազն 6 ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցելով ավանդապահին։
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։ Գործողության ժամկետը լրանալուց հետո սույն Համաձայնագիրն ինքնաբերաբար կերկարաձգվի՝ յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում։
Հ ո դ վ ա ծ 14
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի բոլոր անհրաժեշտ՝ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից։
Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից։
Կատարված է Մինսկ քաղաքում 1999 թվականի հունիսի 4-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենը։
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի մայիսի 15-ից:
