Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Մշակույթի բնագավառում համագործակցության մասին
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,
ղեկավարվելով Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագրով և մշակույթի բնագավառում գործող միջազգային պայմանագրերով և այլ ակտերով ու նորմերով,
ելնելով անձի մշակութային ինքնատիպության, ստեղծագործական ազատության, մշակութային գործունեության, հոգեկան պահանջմունքները բավարարելու և մշակութային արժեքներին հարակից դառնալու անբաժան իրավունքների առաջնայնությունից,
հաստատելով յուրաքանչյուր պետության և ժողովրդի սեփական մշակութային քաղաքականությունը ինքնուրույն մշակելու և անցկացնելու, երկկողմ և բազմակողմ մշակութային կապեր հաստատելու իրավունքները,
ճանաչելով բոլոր ժողովուրդների ազգային մշակույթների հավասար արժանիքները և ձգտելով օժանդակել դրանց փոխադարձ հարստացմանը` յուրաքանչյուր մշակույթի ինքնատիպության հարգանքի պայմանով,
նկատի ունենալով իրենց ազգային ու պետական կազմավորումներից դուրս բնակվող քաղաքացիների հոգեկան պահանջմունքները և շահերը,
ձգտելով զարգացնել և ամրապնդել մշակույթի բնագավառում պետությունների և ժողովուրդների միջև բարեկամական կապերն ու համագործակցությունը,
աջակցելով գեղարվեստական մտավորականության, մշակույթի և արվեստի գործիչների ստեղծագործական շփումները պահպանելու և զարգացնելու, նրանց սոցիալական ու մասնագիտական շահերը պաշտպանելու ձգտումը,
համարելով, որ մշակույթի բնագավառում համագործակցությունը կոչված է աջակցելու համամարդկային արժեքների հաստատմանը, հասարակական առաջընթացի և քաղաքացիական համաձայնության ապահովման համար պայմանների ստեղծմանը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Կողմերը պարտավորվում են բարենպաստ պայմաններ ստեղծել մշակութային կապերի և մշակութային փոխանակության ու թատերական, երաժշտական, կերպարվեստի, էստրադային և կրկեսային արվեստի, կինոյի, հեռուստատեսության և ռադիոյի, գրադարանային և թանգարանային գործի, պատմամշակութային ժառանգության հուշարձանների և այլ օբյեկտների պահպանության և նպատակահարմար օգտագործման, ժողովրդական ինքնագործունեության, ժողովրդական արհեստների և մշակութային գործունեության այլ ձևերի զարգացման համար:
Հ ո դ վ ա ծ 2
Կողմերը կաջակցեն ազգային ու պետական կազմավորումներ չունեցող կամ այդ կազմավորումներից դուրս բնակվող ժողովուրդների և ազգությունների ազգային մշակութային կենտրոնների և այլ հասարակական կազմակերպությունների ստեղծմանը ու գործունեությանը, նրանց կցուցաբերեն մեթոդական, խորհրդատվական օգնություն և պրակտիկ աջակցություն:
Հ ո դ վ ա ծ 3
Կողմերը երաշխավորում են ձևավորված ժողովածուների, հավաքածուների և Անկախ Պետությունների գրադարանային, թանգարանային և արխիվային ֆոնդերը կազմավորող այլ մշակութային արժեքների մատչելիությունը սույն Համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիների համար իրենց քաղաքացիների հետ հավասար չափով և նույն պայմաններով:
Կողմերը սույն Համաձայնագրի բոլոր մասնակիցների համար ապահովում են Համագործակցության մյուս մասնակից պետությունների պետական ժողովածուներում, հավաքածուներում և ֆոնդերում պահվող ժողովուրդների պատմամշակութային արժեքների վերաբերյալ ամբողջական տեղեկության ստացումը և միջպետական ծրագրերի շրջանակներում դրա օգտագործումը՝ կրթության, գիտության և մշակույթի նպատակներով:
Կողմերը ընդունում են Կողմերի լիազոր ներկայացուցիչներից բաղկացած միջպետական փորձագիտական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը` ներպետական օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի հիման վրա գեղարվեստամշակութային արժեքների ռեստիտուցիայի համար հարցերի քննարկման և երաշխավորությունների պատրաստման համար:
Հ ո դ վ ա ծ 4
Կողմերը պարտավորվում են մշակութային համագործակցության համաձայնեցված ծրագրերի և ուղղակի պայմանագրային կապերի հիման վրա աջակցել գեղարվեստական խմբերի և առանձին կատարողների հյուրախաղերին, ազգային պահեստաֆոնդերին պարտադիր տպագիր, լուսանկարային և փաստաթղթային արտադրանքի փոխադարձ մատակարարմանը, ինտեգրացված գրադարանային տեղեկատվական համակարգերի, հավելյալ կատալոգների և միջգրադարանային աբոնեմենտների ստեղծմանը, գեղարվեստական ցուցահանդեսների և թանգարանային ցուցանմուշների, կինոֆիլմերի, հեռուստատեսային և ռադիոծրագրերի փոխանակմանը, մասնագիտական արվեստի և ժողովրդական ստեղծագործության բնագավառում փառատոների, մրցույթների, համաժողովների, սեմինարների, միջոցառումների անցկացմանը:
Հ ո դ վ ա ծ 5
Կողմերը, պայմանագրերի, համաձայնագրերի և խորհրդակցությունների հիման վրա, պարտավորվում են իրենց տարածքներում օժանդակել միասնական տեղեկատվական դաշտի ստեղծմանը հեռուստատեսային, ռադիո և տեսածրագրերի, տեղեկատվական գործակալությունների արտադրանքի, մամուլի, գրքերի և այլ տպագիր արտադրանքի ազատ փոխանակման և տարածման միջոցով, բացառությամբ Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը հակասող դեպքերի:
Հ ո դ վ ա ծ 6
Կողմերը կօժանդակեն ստեղծագործական միությունների և միավորումների, հասարակական կազմակերպությունների, ասոցիացիաների, հիմնադրամների և այլ ոչ կառավարական կազմակերպությունների միջև համագործակցությանը և փոխադարձ կապերին, մշակույթի և արվեստի գործիչների միջև շփումների հաստատմանը, ինչպես նաև նրանց կազմի մեջ մտնող հանրապետությունների, ինքնավար կազմավորումների, երկրամասերի, շրջանների և քաղաքների միջև մշակույթի բնագավառում ուղղակի կապերի իրացմանը:
Հ ո դ վ ա ծ 7
Կողմերը փոխադարձ օժանդակություն կցուցաբերեն միջպետական մշակութային կապերի համատեղ ծրագրերի նախապատրաստման և իրացման, միջազգային հյուրախաղային և ցուցահանդեսային գործունեության կազմակերպման գործում: Կողմերը կօժանդակեն կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների, մշակույթի և արվեստի հաստատությունների միջև համապատասխան միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև արտերկրում հայրենակցական միությունների հետ ստեղծագործական միությունների համագործակցությանը:
Հ ո դ վ ա ծ 8
Կողմերը կխթանեն էսթետիկ դաստիարակության և ստեղծագործական կրթության, մասնագետների պատրաստման և որակավորման բարձրացման, մշակույթի և արվեստի կրթական հաստատությունների սովորողների և ուսանողների, փորձնակների և մասնագետների փոխշահավետ և հավասար հիմունքներով փոխանակման համակարգի կատարելագործման հարցերում համագործակցությունը:
Հ ո դ վ ա ծ 9
Կողմերը կիրականացնեն մշակույթի և արվեստի բնագավառում գիտահետազոտական աշխատանքների առաջնային ուղղությունների սահմանման համար պարբերաբար խորհրդակցություններ, գիտական հետազոտությունների արդյունքների մասին փոխադարձ իրազեկում, այդ նպատակների համար համատեղ գիտական և գիտապրակտիկ համաժողովների, սեմինարների և գիտաժողովների անցկացում, գիտական աշխատանքների, ժողովածուների հրատարակում, գիտական փոխանակման և համագործակցության այլ ձևերի հետազոտություն, ինչպես նաև մշակույթի վիճակագրության համաձայնեցված սկզբունքների մշակում:
Հ ո դ վ ա ծ 10
Կողմերը կօժանդակեն տարերային և այլ աղետներից տուժած շրջանների բնակչության մշակութային սպասարկման կազմակերպման գործում մշակույթի հաստատություններով և աշխատողներով պրակտիկ օգնության ցուցաբերման համար ջանքերի միավորմանը:
Հ ո դ վ ա ծ 11
Կողմերը կհամագործակցեն մշակույթի նյութատեխնիկական հիմքի զարգացման և ամրապնդման համատեղ ծրագրերի, նոր տեխնոլոգիաների փոխանակման, փոխշահավետ հիմունքներով մշակույթի և արվեստի հաստատությունների համար սարքավորումների և տեխնիկական միջոցների մատակարարումների կազմակերպման գործում:
Հ ո դ վ ա ծ 12
Կողմերը պարտավորվում են պահպանել մշակույթի և արվեստի բնագավառում աշխատանքի փորձի վերաբերյալ, մշակույթի ոլորտում քաղաքացիների իրավունքների և ազատությունների պահպանման ապահովման, մշակույթի հաստատությունների գործունեության իրավական և սոցիալ-տնտեսական կարգավորման, շուկայական տնտեսության անցման պայմաններում մշակույթի և արվեստի գործիչների շահերի պաշտպանության հարցերով խորհրդակցությունների պրակտիկան:
Հ ո դ վ ա ծ 13
Համագործակցության մշակութային կոնկրետ ծրագրերի և նախագծերի պրակտիկ իրացումը կիրականացվի և կֆինանսավորվի երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի հիման վրա:
Հ ո դ վ ա ծ 14
Սույն Համաձայնագրի իրականացման և մշակութային համագործակցության պրակտիկ համակարգման նպատակով Կողմերը պայմանավորվեցին, անհրաժեշտության դեպքում, ստեղծել ժամանակավոր հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր:
Հ ո դ վ ա ծ 15
Սույն Համաձայնագրի նորմերի մեկնաբանման և կիրառման հարցերը ենթակա են լուծման Կողմերի միջև խորհրդակցությունների կամ բանակցությունների միջոցով:
Հ ո դ վ ա ծ 16
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Համաձայնագիրը բաց է սույն Համաձայնագրի նպատակները և սկզբունքները կիսող մյուս պետությունների կողմից միանալու համար: Միացող պետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ավանդապահ հանդիսացող Բելառուսի Հանրապետության կառավարությանը միացման մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից:
Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել սույն Համաձայնագիրը` ավանդապահին գրավոր ծանուցելու միջոցով: Այդ Կողմի համար Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է ավանդապահի կողմից այդպիսի ծանուցում ստանալուց 6 ամիս հետո:
Կատարված է Տաշքենդ քաղաքում 1992 թվականի մայիսի 15-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մայիսի 15-ից:
