Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (15.05.1992-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
15.05.1992
Ստորագրման ամսաթիվ
15.05.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.1992

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Կրթության բնագավառում համագործակցության մասին

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, այսուհետ` մասնակից պետություններ,

ելնելով յուրաքանչյուր մարդու կրթություն ստանալու իրավունքից և այդ իրավունքը ամբողջովին իրականացնելու պետության պատասխանատվությունից,

նկատի ունենալով Համագործակցության ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված մշակութակրթական, տնտեսական և այլ կապերը, դրանց համապարփակ ամրապնդման և ընդլայնման փոխադարձ շահագրգռվածությունը,

համարելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պետական լեզուներով և դրանց տարածքում բնակվող ժողովուրդների լեզուներով կրթությունը մշակութային փոխգործակցության և համագործակցության կարևոր պայման,

գիտակցելով մարդասիրության և մշակույթների երկխոսության հիման վրա կրթության ազգային համակարգերի զարգացման անհրաժեշտությունը,

հավատարմություն արտահայտելով ազգային փոքրամասնությունների և էթնիկ խմբերի մշակութային, լեզվական և հոգեկան ինքնատիպության վերածնմանը, պահպանմանը և զարգացմանը,

գիտակցելով կրթության, համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման բնագավառում մասնակից պետությունների համագործակցության իրականացման մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը,

անկեղծորեն ձգտելով կրթության բնագավառում իրավահավասար համագործակցության,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Մասնակից պետությունները երաշխավորում են իրենց տարածքներում բնակվող բոլոր անձանց կրթության ոլորտում հավասար իրավունքներ և կրթության մատչելիությունը անկախ ազգային պատկանելությունից և այլ տարբերություններից: Մասնակից պետություններից որևէ մեկի տարածքում մշտապես բնակվող և այլ մասնակից պետության քաղաքացիություն ունեցող անձինք կրթություն են ստանում բոլոր մակարդակներում, ինչպես նաև այն մասնակից պետության քաղաքացիների համար սահմանված պայմաններով գիտական աստիճաններ և կոչումներ, որի տարածքում նրանք բնակվում են:

Մասնակից պետությունները կձգտեն բավարարել քաղաքացիների կրթության, աշխատանքային կադրերի և մասնագետների պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման փոխադարձ պահանջմունքները` երկկողմ հիմունքներով սահմանելով փոխադարձ ֆինանսական հաշվարկները իր քաղաքացիներ չհանդիսացող և իր տարածքում մշտական բնակության վայր չունեցող սովորողների, ուսանողների, ասպիրանտների և ունկնդիրների կրթության վրա յուրաքանչյուր մասնակից պետության կատարած ծախսերը փոխհատուցելու ժամանակ:

Մասնակից պետությունները պարտավորվում են շարունակել այն մասնակից պետությունների քաղաքացիների ուսուցումը (մինչ դրա ավարտը), որոնք մշտական բնակություն չունեն իրենց ուսուցման մասնակից պետության տարածքում և որոնք ուսուցման են անցել մինչև 1992 թվականի հունվարի 1-ը՝ տվյալ մասնակից պետության քաղաքացիների նկատմամբ գործող պայմաններով:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Մասնակից պետությունները երաշխավորում են կրթության իրենց ազգային համակարգերի մեջ մտնող բոլոր կրթական հաստատությունների իրավահավասարությունը` անկախ ուսուցման լեզվից, և դրանց պետական օժանդակություն են ցուցաբերում:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Մասնակից պետությունները աջակցում են ազգային փոքրամասնություններին և ինքնատիպ էթնիկ խմբերին պատկանող բնակչության կրթական պահանջմունքների բավարարմանը, այդ թվում մայրենի լեզվով կրթություն ստանալու համար պայմանների ստեղծմամբ, ինքնատիպ դասագրքերի և այլ ուսումնամանկավարժական գրականության ապահովման և մշակման գործում փոխադարձ օգնության ցուցաբերմամբ, ազգային փոքրամասնությունների և էթնիկ խմբերի համար մանկավարժական կադրերի պատրաստմամբ և վերապատրաստմամբ:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Մասնակից պետությունների գիտամանկավարժական կադրերի ատեստավորման պետական մարմինները կարող են անցկացնել այլ պետությունների քաղաքացիների ատեստավորում:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Մասնակից պետությունները երաշխավորում են իրենց տարածքներում սույն Համաձայնագրի կնքման պահին մասնակից պետություններում տրված միջին, մասնագիտատեխնիկական, միջին մասնագիտական, բարձրագույն կրթության, կադրերի վերապատրաստման, գիտական աստիճանների և գիտական կոչումների շնորհման մասին պետական նմուշի փաստաթղթերի անժամկետ ճանաչումը:

Կրթության, գիտական աստիճանների և գիտական կոչումների մասին փաստաթղթերի ճանաչման հարցերը, հետագայում, մասնակից կողմերը կլուծեն փոխադարձ պայմանավորվածությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Մասնակից պետությունները պայմաններ են ապահովում այն կրթական հաստատությունների համար մանկավարժական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման համար, որտեղ դասավանդումը տարվում է ոչ պետական լեզուներով: Փոխադարձ պայմանավորվածության հիման վրա, մասնակից պետություններից յուրաքանչյուրը օժանդակություն է ցուցաբերում այլ մասնակից պետությունների կրթական հաստատությունների համար մանկավարժական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման գործում:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Մասնակից պետությունները աջակցություն են ցուցաբերում համատեղ գիտական հետազոտությունների անցկացմանը, կրթության զարգացման հարցերով տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակմանը, միացյալ տեղեկատվական ծառայությունների, տվյալների ցանցի և տպագիր հրատարակությունների ստեղծմանը:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Մասնակից պետությունները համապարփակ կերպով կօժանդակեն մասնակից պետությունների տարածքների և կրթական հաստատությունների միջև կրթության բնագավառում ուղղակի գործընկերային կապերի պահպանմանը և զարգացմանը, ներառյալ սովորողների, ուսանողների և մանկավարժների զբոսաշրջային-էքսկուրսիոն գործունեությունը, համատեղ աշխատանքի և հանգստի կազմակերպումը, փառատոնների, ստեղծագործական մրցույթների, առարկայական օլիմպիադաների, մարզական մրցումների, փոխադարձ պայմանավորվածությամբ սովորողների, ուսանողների, ասպիրանտների և փորձնակների փոխանակման կազմակերպումը:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Մասնակից պետությունները կրթության միջոցներով կմասնակցեն մասնակից պետությունների տարածքներում էկոլոգիական աղետների և տարերային աղետների հետևանքների վերացմանը:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Մասնակից պետությունները կօժանդակեն մասնակից պետություններում կրթության նյութատեխնիկական հիմքի, ուսումնական սարքավորումների արտադրության և փոխադարձ մատակարարման, ուսումնական և ուսումնամեթոդական գրականության թողարկման զարգացմանը:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Մասնակից պետությունները կզարգացնեն կրթության բնագավառում տարբեր մակարդակի պետական կառավարման մարմինների միջև շփումները` համաձայնեցված կրթական քաղաքականության իրականացման նպատակով:

Սույն Համաձայնագրի իրականացման, կրթության բնագավառում միջպետական փոխգործակցության այլ հարցերը քննարկելու նպատակով, մասնակից պետությունները նպատակահարմար են համարում կրթության ղեկավար մարմինների ղեկավարների խորհրդակցությունների կանոնավոր անցկացումը:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Մասնակից պետությունները պարտավորվում են կանոնավոր կերպով տեղեկություն փոխանակել սույն Համաձայնագրին համապատասխան ընդունված կոնկրետ միջոցառումների մասին:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակահատվածներով:

Յուրաքանչյուր մասնակից պետություն կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ դրա մասին առնվազն 6 ամիս առաջ գրավոր ծանուցելով ավանդապահին և սույն Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած պարտավորությունների կարգավորումից հետո:

Համաձայնագիրը բաց է այլ պետությունների կողմից միանալու համար: Միացման կարգը սահմանվում է առանձին:

 

Կատարված է Տաշքենդ քաղաքում 1992 թվականի մայիսի 15-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվներում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մայիսի 15-ից: