Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.12.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.04.23/16(750).1 Հոդ.431.31
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵՔՐԴ/0269/01/08

ԵՔՐԴ/0269/01/08 

 

Նախագահող դատավոր՝ Ա. Խաչատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան 
Մ. Սիմոնյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

 Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

     
քարտուղարությամբ

Կ. Աբրահամյանի

մասնակցությամբ պաշտպան

Վ. Խաչատրյանի

 2009 թվականի դեկտեմբերի 18-ին

 Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննելով ամբաստանյալ Արթուր Գրիգորիի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 13-ի որոշման դեմ պաշտպան Վ.Խաչատրյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2007 թվականի նոյեմբերի 26-ին Երևանի Շենգավիթ համայնքի դատախազությունում հարուցվել է թիվ 11205207 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի 2008 թվականի մարտի 15-ի որոշմամբ Ա.Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:

2008 թվականի հունիսի 5-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան:

2. 2009 թվականի փետրվարի 5-ին ընդունված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետի կարգով` 2009 թվականի փետրվարի 27-ին Ա.Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը փոխանցվել է Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ ընդդատության:

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2009 թվականի օգոստոսի 28-ի դատավճռով Ա.Գրիգորյանին մեղսագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը վերաորակել է նույն հոդվածի 1-ին մասով և «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի կիրառմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով Ա.Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճել: Ա.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով:

Նույն համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ` Ա.Գրիգորյանն ազատվել է պատժի կրումից:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 13-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու և Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի օգոստոսի 28-ի դատավճիռը բեկանելու մասին:

Ա.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման 2 տարի ժամկետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով` ազատազրկման 4 տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Գրիգորյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգով նշանակված պատժի մեջ հաշվակցվել է Ա.Գրիգորյանի` կալանքի տակ գտնվելու 9 ամիս 14 օր ժամկետը, և նրան թողնվել է կրելու ազատազրկում 3 տարի 8 ամիս 16 օր ժամկետով:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Գրիգորյանի պաշտպան Վ.Խաչատրյանը:

Վճռաբեկ դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

5. Ա.Գրիգորյանը դատապարտվել է հետևյալ արարքների համար.

Ա.Գրիգորյանը 2007 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 22:30-ի սահմաններում, տեսնելով Երևանի Արտաշիսյան և Շևչենկո փողոցների խաչմերուկում, Արագածի 6 հասցեում գտնվող «Մոնոտալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող «Լյուքս» համալիրի մոտ վիճաբանող Կարեն Գրիշյանին և նշված համալիրում իր ծառայողական պարտականությունները կատարող` ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության Շենգավիթի բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ Սամվել Զարգարյանին, անհարկի վեճի է բռնվել վերջինիս հետ և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով նրա նկատմամբ, ձեռքերով բռնել է Ս.Զարգարյանի համազգեստից, քաշքշել ու հայհոյել է: Վիճաբանության ու հայհոյանքի ձայները լսելով` «Լյուքս» համալիրից դուրս են եկել երկու աշխատակիցներ և համալիրի համասեփականատեր Միհրան Մաթոսյանը, որը, տեսնելով Ս.Զարգարյանի նկատմամբ կիրառվող բռնությունը, մոտեցել է նրանց, Ա.Գրիգորյանին ուժով հեռացրել Ս.Զարգարյանից, որի ընթացքում պոկվել է վերջինիս ոստիկանական փողկապը: Այնուհետև Ա.Գրիգորյանը, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ տալով Ս.Զարգարյանի և Մ.Մաթոսյանի հասցեին, Շևչենկո փողոցով դիմել է փախուստի և շուրջ 12 մետր հեռանալուց հետո իր մոտ գտնվող, որպես զենք օգտագործվող, հրազեն չհանդիսացող ատրճանակով կրակոցներ է արձակել իրենից շուրջ 5 մետր հեռավորության վրա գտնվող Մ.Մաթոսյանի ուղղությամբ, ապա հայհոյանքներ տալով` հեռացել է:

Ա.Գրիգորյանի խուլիգանական գործողությունների հետևանքով, որոնք արտահայտվել են հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և Մ.Մաթոսյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու փորձով, շուրջ 10 րոպե տևողությամբ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը և խանգարվել «Լյուքս» համալիրի աշխատանքը:

6. Սույն գործով առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է` «Ըստ Արթուր Գրիգորյանի բոլոր ցուցմունքների, որպիսիք հաստատվել են վկաների ցուցմունքներով, նա վկա Մաթոսյանի կողմից տապալվելով գետնին` անմիջապես դիմել է փախուստի և հետապնդվելով վերջինիս կողմից` վախից օդ է կրակել, այդ կրակոցով որևէ վտանգ չի առաջացրել, այլ կարողացել է խուսափել հետագա հետապնդումից, անխափան հեռանալ դեպքի վայրից:

Այս ցուցմունքներին հակառակ ապացույցներ ձեռք չեն բերվել:

(…)

Դատարանը եկավ այն հետևության, որ ամբաստանյալ Արթուր Գրիգորյանը փախուստի դիմելու ընթացքում` վկաների հասցեին հայհոյանքներ տալով, հետապնդումից խուսափելու նպատակով օդամղիչ ատրճանակից օդ կրակելով, կատարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմին, ուստի ամբաստանյալ Արթուր Գրիգորյանին մեղսագրված արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասից պետք է վերաորակել նույն հոդվածի 1-ին մասով» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջ 97):

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է` «Վերաքննիչ դատարանը, գնահատության ենթարկելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները, գտնում է, որ դատարանի հետևությունները և հիմնավորումներն ամբաստանյալ Ա.Գրիգորյանի հանցավոր արարքը խուլիգանության դրվագով վերաորակելու առումով անհիմն են և չեն բխում ինչպես գործող օրենսդրության, այնպես էլ քրեական գործով ձեռք բերված ապացույցներից» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջ 143):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը նշել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 25-րդ, 127-րդ և 358-րդ հոդվածների պահանջները:

Ըստ բողոքաբերի` ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, որոնք կվկայեին, որ Ա.Գրիգորյանն իր մոտ գտնվող, հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակի գործադրմամբ կատարել է խուլիգանություն:

Բողոք բերած անձը շեշտում է, որ Ա.Գրիգորյանը, Մ.Մաթոսյանի կողմից վայր գցվելուց հետո դիմելով փախուստի, նկատել է, որ վերջինս հետապնդում է իրեն և ցանկանալով ազատվել հետապնդումից` իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակով կրակել է օդ, իսկ այն հանգամանքը, որ նա կրակել է Մ.Մաթոսյանի և Ս.Զարգարյանի ուղղությամբ և իրական վտանգ առաջացրել վերջիններիս համար, հաստատված չէ պատշաճ ապացույցներով:

9. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի օգոստոսի 28-ի դատավճռին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալ Ա.Գրիգորյանի կողմից հրազեն չհանդիսացող ատրճանակով կրակոցներ արձակելը արդյո՞ք վկայում է նրա արարքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշների առկայության մասին:

 11. ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն`

«1. Խուլիգանությունը` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով (…):

2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով (…):

3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,

2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով,

3) կատարվել է նախկինում խուլիգանություն կատարած անձի կողմից,

4) զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,

5) զուգորդվել է բացառիկ ցինիզմով`

(…):

4. Սույն հոդվածի երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ

(…)»:

12. Ա.Խաչատրյանի վերաբերյալ գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. «(…) Խուլիգանական արարքը կարող է կատարվել միայն խուլիգանական մղումներից ելնելով: Իսկ արարքը համարվում է խուլիգանական մղումներով կատարված, եթե այն կատարվում է հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքի հողի վրա, երբ մեղավոր անձի վարքը հանդիսանում է բացահայտ մարտահրավեր` ուղղված հասարակական կարգի դեմ և թելադրված է լինում շրջապատին հակադրվելու, վերջինիս հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ: Հետևաբար, եթե մեղավոր անձի գործողությունները կատարվել են ոչ խուլիգանական մղումներով և չեն զուգորդվել հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, դրանք չեն կարող որակվել որպես խուլիգանություն» (տե՛ս Արման Մհերի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 24-ի ՎԲ-223/06 որոշումը):

13. Վերոշարադրյալի վերլուծությունից բխում է, որ խուլիգանության ինչպես հասարակ, այնպես էլ որակյալ հանցակազմերի սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է արարքում խուլիգանական մղումների առկայությունը: Այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը, այն է` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանությունը ենթադրում է խուլիգանական մղումների առկայություն, հակառակ պարագայում` արարքը չի կարող որակվել վերոնշյալ հատկանիշով:

14. Սույն գործի նյութերից երևում է, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի և ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակից Ս.Զարգարյանի միջև տեղի ունեցող վիճաբանության ընթացքում Ա.Գրիգորյանը, վկա Մ.Մաթոսյանի միջամտությամբ հեռացվելով ոստիկանության աշխատակցից, վայր է ընկել և անմիջապես ոտքի բարձրանալով` դիմել է փախուստի: Ընդ որում, հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակն այդ ընթացքում գտնվել է ամբաստանյալի մոտ և վերջինս այդ ընթացքում որևէ կերպ չի փորձել օգտագործել այն` Մ.Մաթոսյանի և Ս.Զարգարյանի նկատմամբ բռնություն գործադրելու կամ այդպիսի սպառնալիք ստեղծելու նպատակով (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Քրեական գործի նյութերով հաստատված է, որ Ա.Գրիգորյանի փախուստի ընթացքում Մ.Մաթոսյանը հետապնդել է նրան, որի ժամանակ ամբաստանյալը, գրպանից հանելով օդամղիչ ատրճանակը, դրանով կրակոցներ է արձակել: Նշվածի մասին իրենց ցուցմունքներում հայտնել են ինչպես ամբաստանյալ Ա.Գրիգորյանը, այնպես էլ վկաներ Մ.Մաթոսյանը, Ս.Զարգարյանը, Լ.Բադալյանը, Ս.Դալլաքյանը:

Առաջին ատյանի դատարանում ամբաստանյալ Ա.Գրիգորյանը ցուցմունք է տվել այն մասին, որ փախուստի ընթացքում նկատելով, որ իրեն հետապնդում է Մ.Մաթոսյանը, վախենալով, որ իրեն կծեծեն, հետապնդումից խուսափելու նպատակով իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակով երկու անգամ կրակել է օդ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերոշարադրյալից հետևում է, որ Ա.Գրիգորյանի կողմից օդամղիչ ատրճանակով օդ կրակելն ուղղված չի եղել հասարակական կարգի դեմ և թելադրված` շրջապատին հակադրվելու, վերջինիս հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ, այսինքն` չի կատարվել խուլիգանական մղումներից ելնելով:

Այսինքն` միջադեպից հետո փախուստի դիմելու ընթացքում Ա.Գրիգորյանի կողմից իր մոտ գտնվող, հրազեն չհանդիսացող ատրճանակով կրակոցներ արձակելը չի վկայում նրա արարքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշների առկայության մասին:

15. Ի լրումն վերոգրյալ դատողությունների` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը կհերքեր ամբաստանյալ Ա.Գրիգորյանի ցուցմունքն այն մասին, որ ինքը հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակից կրակոցներ է արձակել` Մ.Մաթոսյանի հետապնդումից խուսափելու նպատակով և կհաստատեր այն հանգամանքը, որ ամբաստանյալը գործել է խուլիգանական մղումներով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի (…)»:

Հիմք ընդունելով սույն որոշման 13-րդ և 14-րդ կետերում առկա դատողությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակի գործադրմամբ խուլիգանություն, այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի մեղավորությունը հաստատված չէ, ուստի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, Ա.Գրիգորյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանություն որակելու իրավական հարցի վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արթուր Գրիգորիի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան