Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.12.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.214
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1984/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1984/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան

Դատավորներ՝ Ա. Թումանյան

               Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Խունդկարյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ֆինքա» բարեգործական հիմնադրամի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.08.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Ֆինքա» բարեգործական հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) ընդդեմ Թագուհի, Հովհաննես, Լուսինե և Արման Թարխանյանների՝ բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու և գումարի բռնագանձումը Թագուհի Թարխանյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Հիմնադրամը պահանջել է հրապարակային սակարկություններով վաճառել Երևանի Հ. Հովհաննիսյան թաղամասի 25/1 շենքի թիվ 3 բնակարանը՝ գումարը բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև, բռնագանձում տարածելով Թագուհի Թարխանյանի բաժնի վրա:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 06.10.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19.12.2008 թվականի որոշմամբ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 06.10.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Դատարանի 12.05.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է և վճռվել է. «Հրապարակային սակարկություններով վաճառել Երևան քաղաքի Ավան համայնքի Հ. Հովհաննիսյան թաղամասի 25/1 շենքի թիվ 3 բնակարանը, վաճառքից առաջացած գումարը բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցներ Հովհաննես Թարխանյանի, Լուսինե Թարխանյանի, Թագուհի Թարխանյանի, Արման Թարխանյանի, Ելենա Հակոբյանի միջև՝ յուրաքանչյուրին 1/5 մաս: Բռնագանձում տարածել Թագուհի Թարխանյանի բաժնեմասի վրա: Ելենա Հակոբյանի բաժնեմասին հաշվարկվող գումարը թողնել հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվում՝ մինչև ժառանգության ձևակերպումը»:

Վերաքննիչ դատարանի 04.08.2009 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հիմնադրամը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետը, որը պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի պահանջը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետը կարող է կիրառվել միայն ընդհանուր սեփականության մասնակիցների՝ սեփականատերերի միջև ծագած գույքի բաժանման վեճը լուծելու համար։ Մինչդեռ, տվյալ դեպքում ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու պահանջը ներկայացրել է պարտատերը, որի դեպքում բաժինը պետք է առանձնացվի, իսկ դրա անհնարինության դեպքում ենթակա է կիրառման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետը, համաձայն որի՝ ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նշված հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին՝ ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ։

Գործի քննության ընթացքում Դատարանը ստացել է մասնագիտական եզրակացություն, ըստ որի՝ ընդհանուր գույքից 1/5 հարաբերակցությամբ բաժին առանձնացնել հնարավոր չէ։ Բացի այդ, Դատարանն ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներից առաջարկ չի ստացել պարտապանի բաժինը գնելու վերաբերյալ։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ կետերը կիրառելի չեն այն պատճառով, որ մնացած սեփականատերերը որևէ գործողություն չեն կատարել պարտապանի բաժինը ձեռքբերելու համար, իսկ այդ բաժինն առանձնացնելը հնարավոր չէ՝ համաձայն մասնագիտական եզրակացության, հետևաբար դատարանն իրավունք ունի ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին վճիռ կայացնել։ Պատասխանողները մշտապես պատշաճ ծանուցվել են ինչպես նախնական դատական նիստերի մասին, այնպես էլ դատաքննության մասին, սակայն չեն ներկայացել, պատասխան չեն ներկայացրել։ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պատասխանողներից ոչ մեկը, բացառությամբ Լուսինե Թարխանյանի, չեն ներկայացել դատական նիստերին և դիրքորոշում չեն հայտնել, իսկ Լուսինե Թարխանյանն ընդունել է հայցապահանջը։

Վերաքննիչ դատարանը, չկիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածը, զրկել է Հիմնադրամին պարտքի գումարը ստանալու միակ հնարավորությունից։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.08.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 12.05.2009 թվականի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 02.03.2007 թվականի թիվ 2-594 վճռով վճռվել է Արմեն Ավագյանից, Աշոտ Մկրտչյանից, Թագուհի Թարխանյանից և Սուրիկ Հովհաննիսյանից հօգուտ Հիմնադրամի «բռնագանձել 936.140 ՀՀ դրամ, որից 435.945 ՀՀ դրամը՝ մայր գումարի գծով պարտք, 100.000 ՀՀ դրամը՝ տոկոսների գծով պարտքի գումար, 400.195 ՀՀ դրամը՝ հետվճարներն ուշացնելու համար հաշվարկված տուգանք, ինչպես նաև 18.723 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Սկսած 22.12.2006 թվականից մինչև գումարը Հիմնադրամին վերադարձնելու օրը 435.945 ՀՀ դրամի վրա հաշվարկել ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքները և այն բռնագանձել պատասխանողից հօգուտ հայցվորի, միաժամանակ բռնագանձելով գանձվող գումարի 2 տոկոսը՝ որպես պետական տուրք՝ հօգուտ պետական բյուջեի» (հատոր 1, գ.թ. 12-13):

2. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Աջափնյակ-Դավթաշեն բաժանմունքի պետի 29.02.2008 թվականի թիվ ԵԳ 372/06 գրության համաձայն՝ բաժանմունքի պետը, հայտնելով, որ «Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2-594 կատարողական թերթի համաձայն պետք է Թագուհի Թարխանյանից և մյուսներից համապարտության կարգով հօգուտ Հիմնադրամի բռնագանձել 954.863 ՀՀ դրամ: Կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ Երևանի Հովհաննիսյան փողոցի 25/1 շենքի թիվ 3 բնակարանն ընդհանուր սեփականության իրավունքով գրանցված է պարտապան Թագուհի Թարխանյանի անվամբ», Հինմադրամին առաջարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով դիմել պարտապանի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան՝ պարտապանի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու համար (հատոր 1, գ.թ. 10):

3. Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 18.03.2003 թվականի թիվ 1033653 վկայականի համաձայն՝ Երևանի Ավան համայնքի Հ. Հովհաննիսյան թաղամասի 25/1 շենքի թիվ 3 բնակարանը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Հովհաննես, Լուսինե, Թագուհի և Արման Թարխանյաններին և Ելենա Հակոբյանին (հատոր 1, գ.թ. 35-36):

4. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ավան» տարածքային ստորաբաժանման 08.05.2008 թվականի թիվ Կ 495 Ա գրության համաձայն՝ ի պատասխան Ավանի Հովհաննիսյան թաղամասի 25/1 շենքի թիվ 3 բնակարանը 1/5 և 4/5 մասերով բաժանելու վերաբերյալ Դատարանի հարցմանը` հայտնվել է, որ նշված բնակարանը հնարավոր չէ բնեղենով բաժանել 1/5 և 4/5 մասերի (հատոր 1, գ.թ. 34):

5. Վերջին դատաքննության ընթացքում պատասխանողներից միայն Լուսինե Թարխանյանն է ներկայացել դատական նիստերին, որն ընդունել է հայցապահանջը։ Մյուս պատասխանողները չեն ներկայացել դատական նիստերին, նրանց կողմից չի ներկայացվել հայցադիմումի պատասխան, ինչպես նաև առաջարկություն պարտապան Թագուհի Թարխանյանի բաժինը գնելու համար:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել՝ դրա վրա բռնագանձում տարածելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը՝ պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա՝ սույն oրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին՝ ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 02.03.2007 թվականի վճռով վճռվել է Արմեն Ավագյանից, Աշոտ Մկրտչյանից, Թագուհի Թարխանյանից և Սուրիկ Հովհաննիսյանից հօգուտ Հիմնադրամի բռնագանձել 954.863 ՀՀ դրամ, ինչպես նաև սկսած 22.12.2006 թվականից մինչև գումարը Հիմնադրամին վերադարձնելու օրը 435.945 ՀՀ դրամի վրա հաշվարկել և բռնագանձել ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսները: Նշված վճռի հիման վրա հարուցված կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ Թագուհի Թարխանյանը Երևանի Ավան համայնքի Հ. Հովհաննիսյան թաղամասի 25/1 շենքի թիվ 3 բնակարանի 1/5 մասի նկատմամբ ունի սեփականության իրավունք, և ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Աջափնյակ-Դավթաշեն բաժանմունքի պետը 29.02.2008 թվականին Հինմադրամին առաջարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով դիմել պարտապանի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան՝ պարտապանի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու համար:

Միաժամանակ սույն գործի նյութերից հետևում է, որ վերջին դատաքննության ընթացքում պատասխանողներից Լուսինե Թարխանյանն ամբողջությամբ ընդունել է հայցապահանջը, իսկ մյուս պատասխանողները չեն ներկայացել դատական նիստերին, նրանց կողմից չի ներկայացվել հայցադիմումի պատասխան, ինչպես նաև առաջարկություն պարտապան Թագուհի Թարխանյանի բաժինը գնելու համար:

Փաստորեն, Հիմնադրամը, օգտվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնելու իր՝ որպես պարտատիրոջ իրավունքից, դիմել է դատարան և պահանջել հրապարակային սակարկություններով վաճառել Երևանի Հ. Հովհաննիսյան թաղամասի 25/1 շենքի թիվ 3 բնակարանը՝ գումարը բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև և բռնագանձումը տարածելով Թագուհի Թարխանյանի բաժնի վրա, որը Դատարանի կողմից բավարարվել է:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելիս պատճառաբանել է, որ տվյալ դեպքում համատեղ սեփականության մասնակիցների բաժինները որոշված չեն, քանի որ Ելենա Հակոբյանի մահից հետո վերջինիս ժառանգության ընդունման և ձևակերպման հարցը չի լուծվել, և վիճելի գույքում բաժինները հստակ չեն որոշվել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ oրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համատեղ սեփականության ներքո գտնվող բնակարանի սեփականատերերի միջև օրենքով կամ իրենց համաձայնությամբ բաժինները որոշված լինելու մասին քաղաքացիական գործում որևէ ապացույց առկա չլինելու պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով Երևանի Հ. Հովհաննիսյան թաղամասի 25/1 շենքի թիվ 3 բնակարանի սեփականատերերի բաժինները հավասար են, այսինքն՝ յուրաքանչյուրինը 1/5-ական մաս, հետևաբար Թագուհի Թարխանյանը վիճելի բնակարանում ունի 1/5 մասի սեփականության իրավունք, որի վրա հնարավոր է բռնագանձում տարածել:

Ինչ վերաբերում է Ելենա Հակոբյանի մահից հետո վիճելի գույքի մեջ բաժինները հստակ որոշված չլինելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքը, Թագուհի Թարխանյանի՝ համատեղ սեփականության ներքո գտնվող բնակարանում 1/5 մասով սեփականության իրավունք ունենալու պայմաններում, սույն հայցի քննարկման սահմաններում չի կարող ունենալ էական նշանակություն, առավել ևս, որ Դատարանի վճռի եզրափակիչ մասում ամրագրվել է, որ Ելենա Հակոբյանի բաժնեմասին հաշվարկվող գումարը պետք է թողնել հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվում՝ մինչև նրա ժառանգության նկատմամբ ձևակերպումը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի 12.05.2009 թվականի վճռին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև տվյալ իրավիճակում գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.08.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 12.05.2009 թվականի վճռին:

2. Թագուհի Թարխանյանից հօգուտ «Ֆինքա» բարեգործական հիմնադրամի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Խունդկարյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան