«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 օգոստոսի 2004 թվականի N 229-Ա
«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 23-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Թբիլիսյան խճուղու և Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարի միջև գտնվող` 6.5 հեկտար մակերես ունեցող հողատարածքի վրա տեղակայված` 866773 դրամ (այդ թվում` ավելացված արժեքի հարկը) հաշվեկշռային արժեք ունեցող «Մանկական ավտոքաղաք» անավարտ շինարարության օբյեկտը (այսուհետ` օբյեկտ):
2. Սույն որոշման 1-ին կետով առանձնացված և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 86276 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Վեմ» բարեգործական հասարակական կազմակերպությանը (այսուհետ` գնորդ):
3. Սահմանել մասնավորեցվող օբյեկտի գինը` մեկ ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) «Այբ կրթական հանգույց» ծրագրով մինչև 2017 թվականի վերջը կատարել 3.1 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով (դպրոցի, եկեղեցու, համայնքային կենտրոնի կառուցում) ներդրում.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի մասնավորեցումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
(4-րդ կետը խմբ. 14.01.10 N 50-Ա)
5. Գնորդի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով սահմանել, որ մասնավորեցման օբյեկտը համարվում է գրավադրված և գնորդի կողմից ստանձնվող պարտավորությունների չկատարման դեպքում վերադարձվում է Հայաստանի Հանրապետությանը` առանց կատարված ծախսերի հատուցման:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3-րդ կետով սահմանված վճարման կատարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի մասնավորեցման և մասնավորեցման օբյեկտի գրավադրման մասին պայմանագրեր:
Գույքի մասնավորեցման պայմանագրում ամրագրել պայմանագրի դադարեցման պահանջ` սույն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված ներդրումային պարտականությունները չկատարելու դեպքում:
7. Երևանի քաղաքապետին` սույն որոշման 6-րդ կետով սահմանված պայմանագրերի կնքումից հետո գնորդի հետ կնքել 6.5 հեկտար հողատարածքի անհատույց օգտագործման պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|