ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
17 նոյեմբերի 2015 թ. |
2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ - գլխավոր գանձապետ Ա. Ջանջուղազյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2015 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր և բանավոր բացատրությունները, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Վարկային համաձայնագիր) ստորագրվել է 2015 թվականի սեպտեմբերի 3-ին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գ. Խաչատրյանի կողմից:
Վարկային համաձայնագիրն ունի երեք առդիր՝ Առդիր 1 «Ծրագրի նկարագիրը», Առդիր 2 «Վարկի հատկացումը» և Առդիր 3 «Մարումներ»:
2. Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է քսանհինգ միլիոն (25.000.000) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ (այսուհետ՝ Վարկ)՝ Վարկային համաձայնագրի պայմաններին և դրույթներին համապատասխան գյուղական տարածքներում աղքատությունը նվազեցնելու ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր) իրականացնելու համար:
Ծրագրով նախատեսվում է՝ ա) բարձրացնել փոքրածավալ հողագործության արդյունավետությունը, նպաստել հետարտադրական գործընթացներին և բարձրարժեք ապրանքային մշակաբույսերի աճեցմանը, բ) հաստատել կապ ագրովերամշակմամբ զբաղվող կազմակերպությունների և աղքատ, գյուղական մանր սեփականատերերի միջև` վերջիններիս համար հասանելի դարձնելով մուտքը ներքին ու միջազգային շուկաներ՝ մեծացնելով աշխատանք ունենալու հնարավորությունները, գ) նպաստել, որ գյուղատնտեսական արտադրական համակարգերը հնարավորինս քիչ ազդեցություն կրեն անձրևի տեղումների մակարդակի տատանումներից, դ) բարձրացնել սննդի անվտանգությունը, դյուրավաճառ արտադրանքի որակը, ինչպես նաև նպաստել մարդկանց առողջության բարելավմանը` կարգավորելով տնային տնտեսություններում ջրի մատակարարումը:
3. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
ա) վճարել տարեկան տոկոսավճար` Վարկի մասհանված և չմարված մայր գումարի երկու ամբողջ երեք քառորդ տոկոսի (2.75%) չափով.
բ) վճարել Վարկի սպասարկման տարեկան վճար` Վարկի մայր գումարից մասհանված և չմարված գումարի մեկ տոկոսի (1.0 տոկոս) չափով.
գ) արտոնյալ ժամկետի ավարտից անմիջապես հետո Վարկի մայր գումարը մարել ԱՄՆ դոլարով կամ Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի ղեկավարության համար ընդունելի որևէ այլ ազատ փոխարկելի արժույթով, ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով: Վարկի մարումն իրականացնել երեսուն (30) կիսամյակային մարումներով՝ Վարկային համաձայնագրի Առդիր 3-ում նախատեսված ժամանակացույցին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2015 թվականի հոկտեմբերի 29-ին հավանություն է տվել սույն գործով քննության առարկա Վարկային համաձայնագրին:
5. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների զարգացման համար իրականացվել են բազմաթիվ վարկային և դրամաշնորհային ծրագրեր: Մասնավորապես՝ կնքվել են համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության և`
ա) Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև (2001 թվականի ապրիլի 30, «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր»), 12.350.000 SDR,
բ) Միջազգային զարգացման ընկերակցության միջև (2004 թվականի հունիսի 14, «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագիր»), 1.200.000 SDR,
գ) Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև (2005 թվականի հունվարի 28, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր»), 10.450.000 SDR,
դ) Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև (2005 թվականի ապրիլի 21, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր»), 5.000.000 ԱՄՆ դոլար,
ե) Միջազգային զարգացման ընկերակցության միջև (2005 թվականի հուլիսի 20, «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր»), 13.300.000 SDR,
զ) Ասիական զարգացման բանկի միջև (2007 թվականի նոյեմբերի 15, «Գյուղական ճանապարհահատվածի ծրագիր (Հատուկ գործառնություններ)»), 20.075.000 SDR,
է) Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև (2008 թվականի հունվարի 8, «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին»), 7.900.000 SDR վարկ և 330.000 SDR դրամաշնորհ,
ը) Ասիական զարգացման բանկի միջև (2006 թվականի դեկտեմբերի 14 և 2007 թվականի հունիսի 28, «Գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն կազմակերպելու համար փոքրածավալ տեխնիկական օժանդակություն»), 150.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ,
թ) Ասիական զարգացման բանկի միջև (2008 թվականի նոյեմբերի 18, «Գյուղական ճանապարհների հատվածի ծրագիր (լրացուցիչ)»), 11.201.000 ԱՄՆ դոլար,
ժ) Միջազգային զարգացման ընկերակցության միջև (2009 թվականի փետրվարի 26, «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր»), 1.300.000 SDR,
ի) Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև (2010 թվականի նոյեմբերի 30, «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր (ԳԿՍԾ)»), 8.900.000 SDR վարկ և 330.000 SDR դրամաշնորհ,
լ) Միջազգային զարգացման ընկերակցության միջև (2011 թվականի ապրիլի 1, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցակցության ծրագիր»), 10.300.000 SDR,
խ) Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև (2011 թվականի հունիսի 8, «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր»), 20.000.000 ԱՄՆ դոլար,
ծ) Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև (2014 թվականի օգոստոսի 6, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր»), 23.000.000 ԱՄՆ դոլար,
կ) Միջազգային զարգացման ընկերակցության միջև (2014 թվականի օգոստոսի 6, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր»), 6.260.000 SDR,
հ) Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև (2014 թվականի նոյեմբերի 12, «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագիր (ԵԳՖԱԾ)»), 7.250.000 SDR վարկ և 231.000 SDR դրամաշնորհ:
6. Հարկ է նշել, որ վերոհիշյալ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կողմից ներգրավվել են նաև վարկային միջոցներ գյուղական համայնքների ջրամատակարարման և ոռոգման համակարգերի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր իրականացնելու համար:
Մասնավորապես՝
1) գյուղական համայնքների ջրամատակարարման ծրագրերի իրականացման համար կնքվել են հետևյալ վարկային համաձայնագրերը.
ա) ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2001 թվականի սեպտեմբերի 18-ին ստորագրված` «Կանխավճար համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի նախապատրաստման համար» նամակ-համաձայնագիր, 1.195.000 ԱՄՆ դոլար,
բ) ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2004 թվականի հունիսի 14-ին ստորագրված` «Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր» զարգացման վարկի համաձայնագիր, 15.400.000 SDR,
գ) ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև 2007 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված` «2363-ARM (SF) (Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր)» վարկային համաձայնագիր, 23.498.000 SDR,
դ) ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2011 թվականի հուլիսի 14-ին ստորագրված` «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» վարկային համաձայնագիր, 6.500.000 եվրո,
ե) ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2012 թվականի փետրվարի 24-ին ստորագրված` «Համայնքային ջրամատակարարման ծրագիր» փոխառության համաձայնագիր, 15.000.000 ԱՄՆ դոլար,
զ) ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև 2012 թվականի մայիսի 3-ին ստորագրված` «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիր, 25.886.000 SDR,
է) ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2014 թվականի հունիսի 24-ին և 2014 թվականի հունիսի 27-ին ստորագրված` «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք» ֆինանսական պայմանագիր, 25.500.000 եվրո.
2) ոռոգման համակարգերի զարգացման, վերակառուցման և բարելավման ծրագրեր իրականացնելու համար կնքվել են հետևյալ վարկային համաձայնագրերը.
ա) ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2001թ. հունիսի 14-ին ստորագրված` «Կանխավճար ոռոգման զարգացման ծրագրի նախապատրաստման համար» նամակ-համաձայնագիր, 1.140.000 ԱՄՆ դոլար,
բ) ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2001 թվականի սեպտեմբերի 6-ին ստորագրված` «Ոռոգման համակարգի զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիր, 19.800.000 SDR (24.86 մլն ԱՄՆ դոլար),
գ) ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2007 թվականի մարտի 9-ին ստորագրված` «Կանխավճար ոռոգման համակարգի զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման պատրաստման նպատակով)» նամակ-համաձայնագիր, 1.000.000 ԱՄՆ դոլար,
դ) ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2007 թվականի սեպտեմբերի 19-ին ստորագրված` «3568-1 AM (Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում)» ֆինանսավորման համաձայնագիր, 3.300.000 SDR,
ե) ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2009 թվականի հուլիսի 31-ին ստորագրված` «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիր» փոխառության համաձայնագիր, 30.000.000 ԱՄՆ դոլար,
զ) ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011 թվականի նոյեմբերի 1-ին ստորագրված` «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» փոխառության համաձայնագիր, 18.000.000 ԱՄՆ դոլար,
է) ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2013 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ «Ոռոգման համակարգի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիր, 30.000.000 ԱՄՆ դոլար:
7. ՀՀ սահմանադրական դատարանը 2014թ. դեկտեմբերի 16-ի ՍԴՈ-1186 որոշման մեջ շեշտել է, որ «... Ծրագիրը, որի համար վարկային միջոցներ են ներգրավվում, հասցեական բնույթ չունի, հստակ չի երևում, թե Հայաստանի Հանրապետության որ համայնքների համար ինչ բնույթի աշխատանքների արդյունքում պետք է ապահովվեն «Լրացուցիչ հմ. 3 նամակի լրացում» վերտառությամբ աղյուսակում ներկայացված ցուցանիշները։ Ծրագրի հասցեականության բացակայությունը մեծացնում է նաև վարկային ռեսուրսների օգտագործման ռիսկայնության աստիճանը»։
Նույն որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նաև, որ «ՀՀ կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնի վարկային միջոցների ներգրավման ծրագրային հիմնավորումների հարցին, ինչը կբարձրացնի նաև նման ծրագրերի իրականացման թափանցիկության աստիճանը»։
Սահմանադրական դատարանը սույն համաձայնագրի առնչությամբ ուսումնասիրելով նաև սույն որոշման 5-րդ կետում մատնանշված համաձայնագրերի կատարման վերաբերյալ ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի ներկայացրած բացատրությունները, վերահաստատելով դրանց առնչությամբ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, գտնում է, որ դեռևս առկա չեն վարկային ծրագրերի պատշաճ հասցեական հիմնավորումներ, ցածր է ծրագրերի կատարման թափանցիկության աստիճանը։
Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ առավել մեծ ուշադրություն պետք է դարձվի յուրաքանչյուր վարկային ծրագրի կատարման հաշվեքննությանն ու դրա արդյունքների հրապարակմանը։ Հրատապ է նաև իրավասու պետական մարմինների կողմից վերոնշյալ վարկային համաձայնագրերով ներգրավված միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման համադրված վերլուծության ու գնահատման անհրաժեշտությունը։
Ելնելով գործի քննության արդյունքներից, հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված դիրքորոշումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2015 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող
Գ. Հարությունյան
17 նոյեմբերի 2015 թ.
ՍԴՈ-1237