ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 նոյեմբերի 2008 թվականի N 1311-Ն
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 18 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1311-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվել է 2003 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) կատարումն ապահովելու և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցերը համակարգելու նպատակով:
2. Սույն կանոնադրությամբ սահմանվում են հանձնաժողովի հայկական կողմի նպատակները, գործառույթները, իրավունքները, ձևավորման կարգը և գործունեության կազմակերպումը:
3. Հանձնաժողովի հայկական կողմը հասարակական հիմունքներով գործող մարմին է, որն իր իրավասության սահմաններում կատարում է աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի հայկական կողմն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) համաձայնագրով նախատեսված և (կամ) համաձայնագրի իրագործմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցերի համակարգմանն ուղղված գործառույթներ.
2) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերի քննարկում.
3) ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հետագա զարգացման հնարավորությունների ուսումնասիրում և այդ բնագավառում համագործակցության արդյունավետ իրականացման և ընդլայնման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում.
4) որևէ կոնկրետ հարցի կարգավորմանն ուղղված գործառույթներ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
5. Հանձնաժողովի հայկական կողմն իր գործառույթների իրականացման համար իրավունք ունի`
1) ընդունելու որոշումներ իր աշխատանքին առնչվող կազմակերպական և ընթացակարգային հարցերի մասին.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու մարմինների քննարկմանը ներկայացնելու իր գործառույթների իրականացման վերաբերյալ առաջարկություններ.
3) համաձայն հանձնաժողովի հետ պայմանավորվածության` ստեղծելու համատեղ, մշտական և ժամանակավոր հիմունքներով գործող աշխատանքային մարմիններ.
4) կազմակերպելու խորհրդակցություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործադիր իշխանության մարմինների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կազմակերպությունների ղեկավարների և փորձագետների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների (կամավորության սկզբունքով) մասնակցությամբ:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ
6. Հանձնաժողովը կազմվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներկայացրած անդամներից, ովքեր նշանակվում են երկու կողմից` պահպանելով հավասար մակարդակներով ներկայացուցչությունն ապահովելու սկզբունքը:
7. Հանձնաժողովի հայկական կողմը բաղկացած է նախագահից, անդամներից և քարտուղարից:
8. Հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող գործադիր իշխանության և այլ մարմինների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` նշանակելով հանձնաժողովի հայկական կողմի նախագահին (համանախագահին) և քարտուղարին:
Գործադիր իշխանության և այլ մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության վարչապետին, հանձնաժողովի հայկական կողմի նախագահին (համանախագահին) և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տեղեկացնում են իրենց ներկայացուցիչների նշանակման և փոփոխության մասին:
(8-րդ կետը խմբ. 04.03.10 N 274-Ն)
9. Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնաժողովի հայկական կողմի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:
10. Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնաժողովի հայկական կողմի քարտուղարին նշանակում է հանձնաժողովի հայկական կողմի նախագահի առաջարկությամբ:
11. Հանձնաժողովի հայկական կողմի նախագահը`
1) հանձնաժողովի համանախագահն է.
2) համակարգում է հանձնաժողովի հայկական կողմի գործողությունների պլանում ներառված միջոցառումների իրականացման աշխատանքները.
3) վարում է հանձնաժողովի հայկական կողմի նիստերը.
4) հանձնաժողովի հայկական կողմի անդամների միջև բաշխում է պարտականությունները և նշանակում պատասխանատուներ` հանձնաժողովի հայկական կողմի գործառույթներից ու խնդիրներից բխող հարցերի պատրաստման համար.
5) իրականացնում է հսկողություն հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.
6) (ենթակետն ուժը կորցրել է 04.03.10 N 274-Ն)
7) իրականացնում է այլ գործառույթներ` Հայաստանի Հանրապետության կառավարության և հանձնաժողովի հայկական կողմի որոշումներին համապատասխան:
(11-րդ կետը փոփ. 04.03.10 N 274-Ն)
12. Հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն, առանց հատուկ լիազորությունների, բանակցություններ վարելու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կնքման և այդ պայմանագրի տեքստի փոխհամաձայնեցման շուրջ:
13. Հանձնաժողովի հայկական կողմի քարտուղարը պատասխանատու է հանձնաժողովի հայկական կողմի գործունեության կազմակերպման, հանձնաժողովի հանդիպումների համար փաստաթղթերի նախապատրաստման, հանձնաժողովի հայկական կողմի նախագահի` հանձնաժողովի գործունեության հետ կապված հանձնարարությունների կատարման և հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման ընթացքին հետևելու, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ կազմակերպչական ու վարչական հարցեր լուծելու համար:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հաջորդաբար` Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում` հանձնաժողովի ընդունող կողմի նախագահի նախագահությամբ:
15. Հանձնաժողովի հայկական կողմը նիստեր է գումարում նախապես համաձայնեցված պարբերականությամբ և ժամկետներում` ըստ գործողությունների պլանի:
16. Գործողությունների պլանը մշակվում է յուրաքանչյուր տարվա համար` հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկված անդամների առաջարկությունների հիման վրա: Գործողությունների պլանը ներառում է միջոցառումների իրականացման համար հստակ ժամանակացույց և սահմանում միջոցառումների կատարման համար պատասխանատուներին: Գործողությունների պլանը հաստատում է հանձնաժողովի հայկական կողմի նախագահը:
17. Գործողությունների պլանում ներառվում են այն հարցերը, որոնք պետք է քննարկվեն հանձնաժողովի հայկական կողմի և իր աշխատանքային մարմինների կողմից` նշելով դրանց նախապատրաստման կարգը, քննարկման ժամկետները, ծավալը և նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ հանձնաժողովի հայկական կողմի քննարկմանը ներկայացնելու ժամկետները:
18. Հանձնաժողովի հայկական կողմի նիստը համարվում է իրավազոր` հանձնաժողովի անդամների երկու երրորդի մասնակցության դեպքում:
19. Նիստի օրակարգի յուրաքանչյուր հարցի մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի հայկական կողմի նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:
20. Ընդունված որոշումներն ստորագրում է հանձնաժողովի հայկական կողմի նախագահը:
21. Լրացուցիչ հաստատում կամ իրագործման համար ներպետական իրավական ակտի ընդունում պահանջող որոշումներն ուժի մեջ են մտնում համապատասխանաբար` լրացուցիչ հաստատվելուց կամ համապատասխան իրավական ակտ ընդունվելուց հետո:
22. Հանձնաժողովի հայկական կողմի նախագահը տարեկան մեկ անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում հաշվետվություն հանձնաժողովի գործունեության վերաբերյալ և յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն իրենց ընթացիկ գործունեության մասին:
23. Ընդունված որոշումներն իրագործելու նպատակով հանձնաժողովն իրավունք ունի ստեղծելու ժամանակավոր և մշտական մարմիններ` ենթահանձնաժողովներ, հանձնախմբեր կամ աշխատանքային խմբեր:
24. Հանձնաժողովը որոշում է մշտական և ժամանակավոր մարմինների նպատակները, լիազորությունները և կազմը: Այդ մարմինները միայն հանձնաժողովի կազմից ձևավորվելու դեպքում դրանց ստեղծման և անհատական կազմի հաստատման համար լրացուցիչ ներպետական իրավական ակտի ընդունում չի պահանջվում:
25. Հանձնաժողովի նիստերի և նրա մշտական ու ժամանակավոր մարմինների գործունեության հետ կապված ծախսերը հոգում է ընդունող երկիրը` յուրաքանչյուր կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով:
26. Ճանապարհածախսը և հանձնաժողովի հանդիպման ընթացքում մասնակիցների, ինչպես նաև մշտական և ժամանակավոր մարմինների անդամների` ընդունող երկրում գտնվելու հետ կապված ծախսերը հոգում է հանդիպմանը մասնակցելու համար իր ներկայացուցիչներին գործուղող պետության կառավարությունը:
(հավելվածը խմբ., փոփ. 04.03.10 N 274-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |