ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐԱՔԵՇԻ
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Սույն Համաձայնագրի Կողմերը,
ընդունելով, որ առևտրատնտեսական գործունեության ոլորտում իրենց հարաբերությունները պետք է նպատակ ունենան բարձրացնելու կենսամակարդակը, ապահովելու լիարժեք զբաղվածություն, իրական եկամուտների մեծ ծավալ ու կայուն աճ և արդյունավետ պահանջարկ և ընդլայնելու ապրանքների ու ծառայությունների արտադրությունն ու առևտուրը` միաժամանակ թույլ տալով կայուն զարգացման նպատակին համապատասխան համաշխարհային պաշարների լավագույնս օգտագործումը` ձգտելով պաշտպանել ու պահպանել շրջակա միջավայրն ու նպաստել այդ գործին ուղղված միջոցներին` տնտեսական զարգացման տարբեր մակարդակներում իրենց համապատասխան կարիքներին ու մտահոգություններին համահունչ կերպով,
ընդունելով, այնուհետև, որ անհրաժեշտ է դրական ջանքեր գործադրել` երաշխավորելու, որ զարգացող երկրները և, հատկապես, նրանց շարքում առավել թույլ զարգացած երկրները աճող միջազգային առևտրում ապահովված բաժին ունենան` համահունչ իրենց տնտեսական զարգացման կարիքներին,
ցանկանալով այդ նպատակներին իրենց ներդրումն ունենալ` փոխադարձ ու փոխշահավետ համաձայնությունների գալու միջոցով, որոնք ուղղված են մաքսերի և առևտրի այլ խոչընդոտների էական նվազեցմանն ու միջազգային առևտրային հարաբերություններում խտրական մոտեցման վերացմանը,
հաստատակամ այդուհանդերձ, ստեղծելու առևտրի միասնական, ավելի կենսունակ և մնայուն բազմակողմ համակարգ, որը պարփակում է Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագիրը, առևտրի ազատականացման անցյալի ջանքերի արդյունքները և Առևտրի բազմակողմ բանակցությունների Ուրուգվայի փուլի բոլոր արդյունքները,
վճռական պահպանելու առևտրի այդ բազմակողմ համակարգի հիմնական սկզբունքները և նպաստելու դրա հիմքում դրված նպատակների իրականացմանը,
համաձայնում են հետևյալի մասին.
Հոդված 1. | Կազմակերպության ստեղծումը |
Սույնով ստեղծվում է Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (այսուհետ` «ԱՀԿ»):
Հոդված 2. | ԱՀԿ շրջանակները |
1. ԱՀԿ-ն ընդհանուր սահմանակարգային կառույց է ապահովում սույն Համաձայնագրի Հավելվածներում ընդգրկված համաձայնագրերին և փոխկապակցված իրավական փաստաթղթերին առնչվող հարցերում իր Անդամների միջև առևտրային հարաբերությունների վարման համար:
2. 1-ին, 2-րդ և 3-րդ Հավելվածներում ընդգրկված համաձայնագրերն ու փոխկապակցված իրավական փաստաթղթերը (այսուհետ՝ «Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրեր») սույն Համաձայնագրի անբաժանելի մասերն են` պարտադիր բոլոր Անդամների համար:
3. 4-րդ Հավելվածում ընդգրկված համաձայնագրերն ու փոխկապակցված իրավական փաստաթղթերը (այսուհետ՝ «Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրեր») նույնպես սույն Համաձայնագրի անբաժանելի մասերն են այն Անդամների համար, որոնք ընդունել են դրանք, և պարտադիր են այդ Անդամների համար: Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրերը պարտավորություններ և իրավունքներ չեն ստեղծում այն Անդամների համար, որոնք չեն ընդունել դրանք:
4. 1Ա Հավելվածում նշված Մաքսերի և առևտրի 1994թ. գլխավոր համաձայնագիրը (այսուհետ՝ «ՄԱԳՀ-1994»), իրավաբանորեն տարբեր է Մաքսերի և առևտրի 1947թ. հոկտեմբերի 30-ի գլխավոր համաձայնագրից (այսուհետ՝ «ՄԱԳՀ-1947»), որը կցված է Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի և զբաղվածության համաժողովի Նախապատրաստական կոմիտեի երկրորդ նստաշրջանի եզրափակման ժամանակ ընդունված եզրափակիչ փաստաթղթին:
Հոդված 3. | ԱՀԿ գործառույթները |
1. ԱՀԿ-ը նպաստում է սույն Համաձայնագրի և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի իրականացմանը, վարչարարությանն ու գործողությանն ու դրանց նպատակների իրագործմանը և նաև կառույց է ապահովում Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրերի իրականացման, վարչարարության և գործողության համար:
2. ԱՀԿ-ը հավաքատեղ է ապահովում իր Անդամների միջև բանակցությունների վարման համար` կապված նրանց առևտրային հարաբերությունների այն հարցերի հետ, որոնք կարգավորում են սույն Համաձայնագրի Հավելվածներում ընդգրկված համաձայնագրերով: ԱՀԿ-ը կարող է նաև ապահովել հավաքատեղ իր Անդամների միջև հետագա բանակցությունների համար` կապված նրանց առևտրի բազմակողմ հարաբերությունների հետ, և կառույց՝ այդ բանակցությունների արդյունքների իրականացման համար` ինչպես որ կարող է որոշվել Նախարարական համաժողովի կողմից:
3. ԱՀԿ-ը իրականացնում է սույն Համաձայնագրի 2-րդ Հավելվածի Վեճերի կարգավորումը ղեկավարող կանոնների ու ընթացակարգերի մասին փոխհամաձայնությունը (այսուհետ՝ «Վեճերի կարգավորման փոխհամաձայնություն» կամ «ՎԿՓ»):
4. ԱՀԿ-ը վարում է սույն Համաձայնագրի 3-րդ Հավելվածով նախատեսված Առևտրային քաղաքականության վերաքննության գործակառույցը (այսուհետև հիշատակվում է որպես «ԱՔՎԳ»):
5. Տնտեսական քաղաքականության վարման գործում ավելի մեծ համաշխարհային համաձայնեցվածության հասնելու նպատակով, ԱՀԿ-ն անհրաժեշտության դեպքում համագործակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի ու դրա փոխկապակցված գործակալությունների հետ:
Հոդված 4. | ԱՀԿ կառուցվածքը |
1. Կա բոլոր Անդամների ներկայացուցիչներից կազմված Նախարարական համաժողով, որը ժողովվում է առնվազն յուրաքանչյուր երկու տարին մեկ: Նախարարական համաժողովն իրականացնում է ԱՀԿ գործառույթներն ու ձեռնարկում է դրա համար անհրաժեշտ միջոցներ: Նախարարական համաժողովն իրավասու է Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի բոլոր հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնել որևէ Անդամի պահանջով` համաձայն որոշում կայացնելու վերաբերյալ այն հատուկ պահանջների, որ ունեն սույն Համաձայնագիրն ու համապատասխան Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագիրը:
2. Կա բոլոր Անդամների ներկայացուցիչներից կազմված Գլխավոր խորհուրդ, որը ժողովվում է ըստ անհրաժեշտության: Նախարարական համաժողովի ժողովների միջև ընկած ժամանակահատվածներում նրա գործառույթներն իրականացվում են Գլխավոր խորհրդի կողմից: Գլխավոր խորհուրդն իրականացնում է նաև սույն Համաձայնագրով իր վրա դրված գործառույթները: Գլխավոր խորհուրդը սահմանում է իր ընթացակարգային կանոնները և հաստատում է 7-րդ կետով նախատեսված Կոմիտեների ընթացակարգային կանոնները:
3. Անհրաժեշտության դեպքում Գլխավոր խորհուրդը հավաքվում է կատարելու Վեճերի կարգավորման փոխհամաձայնությամբ նախատեսված Վեճերի կարգավորման մարմնի պարտականությունները: Վեճերի կարգավորման մարմինը կարող է ունենալ իր սեփական նախագահը և սահմանում է այնպիսի ընթացակարգային կանոններ, ինչպիսիք անհրաժեշտ է համարում այդ պարտականությունների կատարման համար:
4. Անհրաժեշտության դեպքում, Գլխավոր խորհուրդը հավաքվում է` կատարելու ԱՔՎԳ-ում նախատեսված Առևտրի քաղաքականության վերաքննության մարմնի պարտականությունները: Առևտրի քաղաքականության վերաքննության մարմինը կարող է ունենալ իր սեփական նախագահը և սահմանում է ընթացակարգային այնպիսի կանոններ, ինչպիսիք անհրաժեշտ է համարում այդ պարտականությունների կատարման համար:
5. Կան Ապրանքների առևտրի խորհուրդ, Ծառայությունների առևտրի խորհուրդ և Մտավոր սեփականության իրավունքների` առևտրին առնչվող հարցերով խորհուրդ (այսուհետ՝ «ՄՍԱԱ խորհուրդ»), որոնք գործում են Գլխավոր խորհրդի ընդհանուր ղեկավարության ներքո: Ապրանքների առևտրի խորհուրդը հսկում է 1Ա Հավելվածի Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի գործառությունը: Ծառայությունների առևտրի խորհուրդը հսկում է Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի (այսուհետ՝ «ԾԱԳՀ») գործառությունը: ՄՍԱԱ խորհուրդը հսկում է մտավոր սեփականության իրավունքների` առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագրի (այսուհետ՝ «ՄՍԱԱ համաձայնագիր») գործառությունը: Այդ խորհուրդներն իրականացնում են իրենց համապատասխան համաձայնագրերով և Գլխավոր խորհրդի կողմից իրենց վրա դրված գործառույթները: Նրանք սահմանում են իրենց համապատասխան ընթացակարգային կանոնները, որոնք ենթակա են Գլխավոր խորհրդի հաստատմանը: Այդ խորհուրդների անդամությունը բաց է բոլոր Անդամների ներկայացուցիչների համար: Այդ խորհուրդները ժողովվում են, երբ անհրաժեշտ է իրենց գործառույթներն իրականացնելու համար:
6. Ապրանքների առևտրի խորհուրդը, Ծառայությունների առևտրի խորհուրդը և ՄՍԱԱ խորհուրդը պահանջի դեպքում ստեղծում են օժանդակ մարմիններ: Այդ օժանդակ մարմինները սահմանում են իրենց համապատասխան ընթացակարգային կանոնները, որոնք ենթակա են համապատասխան Խորհուրդների հաստատմանը:
7. Նախարարական համաժողովը ստեղծում է Առևտրի և զարգացման կոմիտե, Վճարային հաշվեկշռի սահմանափակումների կոմիտե և Բյուջետային, ֆինանսական և վարչական հարցերի կոմիտե, որոնք իրականացնում են սույն Համաձայնագրով և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերով իրենց վրա դրված գործառույթները և Գլխավոր խորհրդի կողմից իրենց վրա դրված լրացուցիչ գործառույթները, և կարող է ստեղծել լրացուցիչ Կոմիտեներ` այնպիսի գործառույթներով, ինչպիսիք նպատակահարմար կհամարի: Որպես իր գործառույթների մի մաս, Առևտրի և զարգացման կոմիտեն պարբերաբար վերաքննում է Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերում հօգուտ առավել թույլ զարգացած երկրների եղած հատուկ դրույթները և զեկուցում է Գլխավոր խորհրդին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: Այդ խորհուրդների անդամությունը բաց է բոլոր Անդամների ներկայացուցիչների համար:
8. Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրերով նախատեսված մարմինները իրականացնում են այդ Համաձայնագրերով իրենց վրա դրված գործառույթներն ու գործում են ԱՀԿ սահմանակարգային կառուցվածքի շրջանակներում: Այդ մարմինները Գլխավոր խորհրդին պարբերաբար տեղեկացնում են իրենց գործունեության մասին:
Հոդված 5. | Այլ կազմակերպությունների հետ հարաբերություններ |
1. Գլխավոր խորհուրդն արդյունավետ համագործակցության համար համապատասխան համաձայնություններ է ձեռք բերում միջկառավարական այլ կազմակերպությունների հետ, որոնց պարտականություններն առնչություն ունեն ԱՀԿ պարտականությունների հետ:
2. Գլխավոր խորհուրդը կարող է խորհրդակցության ու համագործակցության համար համապատասխան համաձայնություններ ձեռք բերել ոչ կառավարական կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են ԱՀԿ հարցերի հետ առնչվող հարցերով:
Հոդված 6. | Քարտուղարությունը |
1. Կա ԱՀԿ քարտուղարություն (այսուհետ՝ «Քարտուղարություն»), որը գլխավորում է Գլխավոր տնօրենը:
2. Նախարարական համաժողովը նշանակում է Գլխավոր տնօրենին և ընդունում է կանոնակարգեր, որոնք սահմանում են Գլխավոր տնօրենի լիազորությունները, պարտականությունները, ծառայության պայմանները և պաշտոնավարման ժամկետը:
3. Գլխավոր տնօրենը նշանակում է Քարտուղարության աշխատակազմի անդամներին և սահմանում է նրանց պարտականություններն ու ծառայության պայմանները` համաձայն Նախարարական համաժողովի կողմից ընդունված կանոնակարգերի:
4. Գլխավոր տնօրենի և Քարտուղարության աշխատակազմի անդամների պարտականությունները բացառապես միջազգային բնույթ ունեն: Իրենց պարտականություններն իրականացնելիս Գլխավոր տնօրենը և Քարտուղարության աշխատակազմը չեն ձգտում ստանալ կամ չեն ընդունում ցուցումներ որևէ կառավարությունից կամ ԱՀԿ-ից տարբեր որևէ այլ մարմնից: Նրանք խուսափում են ցանկացած գործողությունից, որը կարող է բացասաբար անդրադառնալ միջազգային պաշտոնյայի իրենց դիրքի վրա: ԱՀԿ Անդամները հարգում են Գլխավոր տնօրենի և Քարտուղարության աշխատակազմի պարտականությունների միջազգային բնույթը և չեն ձգտում ազդել նրանց վրա` իրենց պարտականությունների կատարման ժամանակ:
Հոդված 7. | Բյուջեն և ներդրումները |
1. Գլխավոր տնօրենը Բյուջետային, ֆինանսական և վարչական հարցերի կոմիտեին է ներկայացնում ԱՀԿ-ի մոտավոր տարեկան բյուջեն ու ֆինանսական հաշվետվությունը և դրա վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Գլխավոր խորհրդին: Մոտավոր տարեկան բյուջեն ենթակա է Գլխավոր խորհրդի հաստատմանը:
2. Բյուջետային, ֆինանսական և վարչական հարցերի կոմիտեն Գլխավոր խորհրդին առաջարկում է ֆինանսական կանոնակարգեր, որոնք ընդգրկում են դրույթներ, որոնցով սահմանվում են.
ա) ներդրումների սանդղակը, որով ԱՀԿ ծախսերը բաշխվում են նրա Անդամների միջև,
բ) պարտք ունեցող Անդամների նկատմամբ ձեռնարկվելիք միջոցները:
Ֆինանսական կանոնակարգերը հնարավորության սահմաններում հիմնվում են ՄԱԳՀ-1947-ի կանոնակարգերի և գործելակերպի վրա:
3. Գլխավոր խորհուրդը ֆինանսական կանոնակարգերն ու մոտավոր տարեկան բյուջեն ընդունում է` ձայների երկու երրորդ մեծամասնությամբ, որը կազմում է ԱՀԿ Անդամների կեսից ավելին:
4. Յուրաքանչյուր Անդամ շտապ կարգով ԱՀԿ-ին է հատկացնում ԱՀԿ ծախսերի մեջ իրեն ընկնող բաժինը` համաձայն Գործադիր խորհրդի կողմից ընդունված ֆինանսական կանոնակարգերի:
Հոդված 8. | ԱՀԿ կարգավիճակը |
1. ԱՀԿ-ն իրավաբանական անձ է, և իր յուրաքանչյուր Անդամի կողմից օժտվում է այնպիսի իրավունակությամբ, որը կարող է անհրաժեշտ լինել իր գործառույթներն իրականացնելու համար:
2. ԱՀԿ-ն իր յուրաքանչյուր Անդամի կողմից օժտվում է այնպիսի արտոնություններով և անձեռնմխելիությամբ, որոնք անհրաժեշտ են իր գործառույթներն իրականացնելու համար:
3. ԱՀԿ պաշտոնյաներն ու Անդամների ներկայացուցիչները, նմանապես, իր յուրաքանչյուր Անդամի կողմից օժտվում են այնպիսի արտոնություններով և անձեռնմխելիությամբ, որոնք անհրաժեշտ են ԱՀԿ հետ կապված իրենց գործառույթների անկախ իրագործման համար:
4. Անդամի կողմից ԱՀԿ-ին, նրա պաշտոնյաներին կամ նրա Անդամների ներկայացուցիչներին շնորհվող, արտոնությունները և անձեռնմխելիությունը համանման են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1947թ. նոյեմբերի 21-ին հաստատված Հատուկ գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիության մասին կոնվենցիայով նախատեսված արտոնություններին և անձեռնմխելիությանը:
5. ԱՀԿ-ն կարող է կնքել վարչական կենտրոնի վերաբերյալ համաձայնագիր:
Հոդված 9. | Որոշումների կայացում |
1. ԱՀԿ-ն շարունակում է ՄԱԳՀ-1947-ի ներքո կիրառվող` ընդհանուր համաձայնությամբ որոշում կայացնելու գործելակերպը (Համարվում է, որ տվյալ մարմինն իր քննարկմանը ներկայացված հարցի վերաբերյալ որոշում է կայացրել ընդհանուր համաձայնությամբ, եթե ժողովին, որի ընթացքում կայացվում է որոշումը, ներկա ոչ մի Անդամ պաշտոնապես չի առարկում առաջարկված որոշման դեմ): Բացառությամբ այլ կերպ նախատեսվածի, եթե որոշումը չի կարող կայացվել ընդհանուր համաձայնությամբ, ապա քննարկման առկա հարցի վերաբերյալ որոշումը կայացվում է քվեարկությամբ: Նախարարական համաժողովի և Գլխավոր խորհրդի ժողովների ժամանակ ԱՀԿ յուրաքանչյուր Անդամ ունի մեկ քվե: Երբ Եվրոպական Համայնքներն են կիրարկում իրենց քվեարկության իրավունքը, նրանց քվեների թիվը հավասար է իրենց անդամ-պետությունների թվին, որոնք ԱՀԿ Անդամներ չեն: Նախարարական համաժողովի և Գլխավոր խորհրդի որոշումները կայացվում են հաշվարկված քվեների մեծամասնությամբ, եթե այլ կերպ չի նախատեսված սույն Համաձայնագրով կամ համապատասխան Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրով:
2. Նախարարական համաժողովը և Գլխավոր խորհուրդը բացառիկ իրավասություն ունեն` ընդունելու սույն Համաձայնագրի և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի վերաբերյալ մեկնաբանություններ: 1-ին Հավելվածի Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերից որևէ մեկի մեկնաբանման դեպքում նրանք իրենց իրավասությունը կիրարկում են` այդ Համաձայնագրի գործողությունը վերահսկող Կոմիտեի կողմից կատարված առաջարկության հիման վրա: Մեկնաբանություն ընդունելու որոշումը կայացվում է Անդամների թվի երեք քառորդ մեծամասնությամբ: Սույն կետը չի կիրառվում այնպիսի կերպով, որը կթուլացներ 10-րդ հոդվածի` փոփոխությունների վերաբերյալ դրույթները:
3. Բացառիկ դեպքերում Նախարարական համաժողովը կարող է որոշել ազատել սույն Համաձայնագրով կամ Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերից որևէ մեկով Անդամի վրա դրված պարտավորությունից` ընդ որում, ցանկացած այդպիսի որոշում կայացվում է Անդամների թվի երեք քառորդով, եթե այլ բան չի նախատեսված սույն կետով:
ա) Սույն համաձայնագրի առնչությամբ, ազատման համար պահանջը Նախարարական համաժողովի քննարկմանն է ներկայացվում համաձայն ընդհանուր համաձայնությամբ որոշում կայացնելու գործելակերպի: Նախարարական համաժողովը` պահանջը քննարկելու համար ժամկետ է սահմանում, որը չի գերազանցում 90 օրը: Եթե այդ ժամկետում ձեռք չի բերվում ընդհանուր համաձայնություն, ապա ազատում շնորհելու ցանկացած որոշում կայացվում է Անդամների թվի երեք քառորդով:
բ) 1Ա կամ 1Բ կամ 1Գ Հավելվածների Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի և դրանց հավելվածների առնչությամբ, ազատման համար պահանջը նախապես ներկայացվում է համապատասխանաբար Ապրանքների առևտրի խորհրդին, Ծառայությունների առևտրի խորհրդին կամ ՄՍԱԱ խորհրդին` 90 օրը չգերազանցող ժամկետում քննարկելու համար: Ժամկետի վերջում, համապատասխան խորհուրդը զեկուցագիր է ներկայացնում Նախարարական համաժողովին:
4. Նախարարական համաժողովի` ազատում շնորհելու որոշման մեջ շարադրվում են այդ որոշումն արդարացնող բացառիկ հանգամանքները, ազատման կիրառումը ղեկավարող պայմանները և այն ժամկետը, երբ ազատումը դադարեցվում է: Մեկ տարվանից ավելի ժամկետով շնորհված ցանկացած ազատում վերաքննվում է Նախարարական համաժողովի կողմից ոչ ուշ, քան այն շնորհելուց մեկ տարի հետո և այնուհետև` յուրաքանչյուր տարին մեկ` մինչ ազատման դադարեցումը: Յուրաքանչյուր վերաքննության ընթացքում Նախարարական համաժողովը քննում է` արդյոք դեռ առկա են ազատումն արդարացնող բացառիկ հանգամանքները և արդյոք պահպանվել են ազատման հետ կապված պայմանները: Նախարարական համաժողովը` տարեկան վերաքննության հիման վրա, կարող է երկարացնել, փոփոխել կամ դադարեցնել ազատումը:
5. Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրի մասով որոշումները, ներառյալ մեկնաբանությունների և ազատումների վերաբերյալ որոշումները ղեկավարվում են այդ Համաձայնագրի դրույթներով:
Հոդված 10. | Փոփոխությունները |
1. ԱՀԿ ցանկացած անդամ կարող է հանդես գալ սույն Համաձայնագրի կամ 1-ին Հավելվածի Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի դրույթները փոփոխելու առաջարկությամբ` այդ առաջարկությունը ներկայացնելով Նախարարական համաժողովին: 4-րդ հոդվածի 5-րդ կետում թվարկված Խորհուրդները նույնպես կարող են Նախարարական համաժողովին առաջարկություններ ներկայացնել` փոփոխելու 1-ին Հավելվածի այն Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի դրույթները, որոնց գործողությունը նրանք վերահսկում են: Եթե նախարարական համաժողովը որոշում չի կայացնում ավելի երկար ժամկետի մասին, ապա Նախարարական համաժողովին առաջարկության պաշտոնական ներկայացումից հետո` 90 օրվա ընթացքում Նախարարական համաժողովի ցանկացած որոշում` առաջարկված փոփոխությունն ընդունելու համար Անդամներին ներկայացնելու մասին, կայացվում է ընդհանուր համաձայնությամբ: Եթե չեն կիրառվում 2-րդ, 5-րդ կամ 6-րդ կետերի դրույթները, ապա այդ որոշմամբ հատկորոշվում է` կիրառվում են արդյոք 3-րդ կամ 4-րդ կետերի դրույթները: Եթե ձեռք է բերվում ընդհանուր համաձայնություն, ապա Նախարարական համաժողովն առաջարկված փոփոխություններն անմիջապես ներկայացնում է Անդամներին` ընդունելու համար: Եթե Նախարարական համաժողովի հանդիպման ժամանակ սահմանված ժամկետում ձեռք չի բերվում ընդհանուր համաձայնություն, ապա Նախարարական համաժողովը` Անդամների թվի երկու երրորդ մեծամասնությամբ որոշում է ներկայացնել առաջարկված փոփոխություններն Անդամներին` ընդունման համար: Բացառությամբ 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նախատեսվածի, առաջարկված փոփոխությունների նկատմամբ կիրառվում են 3-րդ կետի դրույթները, եթե Նախարարական համաժողովը` Անդամների թվի երեք քառորդ մեծամասնությամբ չի որոշում, որ կիրառվում են 4-րդ կետի դրույթները:
2. Միայն բոլոր Անդամների կողմից ընդունվելու դեպքում են ուժի մեջ մտնում սույն հոդվածի դրույթների և ներքոնշված հոդվածների դրույթների փոփոխությունները.
սույն Համաձայնագրի 9-րդ հոդված,
ՄԱԳՀ-1994-ի 1-ին և 2-րդ հոդվածներ,
ԾԱԳՀ-ի 2-րդ հոդվածի 1-ին կետ,
ՄՍԱԱ համաձայնագրի 4-րդ հոդված:
3. Սույն Համաձայնագրի կամ 1Ա և 1Գ Հավելվածների Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի` 2-րդ և 6-րդ կետերում թվարկվածներից տարբեր դրույթների այն բնույթի փոփոխությունները, որոնք կփոփոխեն Անդամների իրավունքներն ու պարտավորությունները, դրանք ընդունած Անդամների համար ուժի մեջ են մտնում Անդամների թվի երկու երրորդով ընդունվելուց հետո և այնուհետև յուրաքանչյուր այլ Անդամի համար` նրա կողմից ընդունվելու դեպքում: Նախարարական համաժողովը կարող է Անդամների թվի երեք քառորդ մեծամասնությամբ որոշել, որ սույն կետի համաձայն ուժի մեջ մտած ցանկացած փոփոխություն այնպիսի բնույթի է, որ որևէ Անդամ, որն այն չի ընդունել Նախարարական համաժողովի կողմից յուրաքանչյուր դեպքի համար հատկորոշված ժամկետում, ազատ է դուրս գալու ԱՀԿ-ից կամ մնալ որպես Անդամ` Նախարարական համաժողովի համաձայնությամբ:
4. Սույն Համաձայնագրի կամ Հավելվածներ 1Ա-ի և 1 Գ-ի Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի` 2-րդ և 6-րդ կետերում թվարկվածներից տարբեր դրույթների այն բնույթի փոփոխությունները, որոնք չեն փոխի Անդամների իրավունքներն ու պարտավորությունները, բոլոր Անդամների համար ուժի մեջ են մտնում` Անդամների թվի երկու երրորդի կողմից ընդունվելուց հետո:
5. Բացառությամբ վերևի 2-րդ կետում նախատեսվածի, ԾԱԳՀ-ի 1-ին, 2-րդ և 3-րդ Գլուխների և համապատասխան հավելվածների փոփոխությունները դրանք ընդունած Անդամների համար ուժի մեջ են մտնում Անդամների թվի երկու երրորդով ընդունվելուց հետո և այնուհետև յուրաքանչյուր այլ Անդամի համար` նրա կողմից ընդունվելու դեպքում: Նախարարական համաժողովը կարող է Անդամների թվի երեք քառորդ մեծամասնությամբ որոշել, որ նախորդ դրույթի համաձայն ուժի մեջ մտած ցանկացած փոփոխություն այնպիսի բնույթի է, որ որևէ Անդամ, որն այն չի ընդունել Նախարարական համաժողովի կողմից յուրաքանչյուր դեպքի համար հատկորոշված ժամկետում, ազատ է` դուրս գալու ԱՀԿ-ից կամ մնալ որպես Անդամ` Նախարարական համաժողովի համաձայնությամբ: ԾԱԳՀ-ի 4-րդ, 5-րդ և 6-րդ Գլուխների և համապատասխան հավելվածների փոփոխությունները բոլոր անդամների համար ուժի մեջ են մտնում Անդամների թվի երկու երրորդի կողմից ընդունվելուց հետո:
6. Անկախ սույն հոդվածի մյուս դրույթներից, ՄՍԱԱ համաձայնագրի փոփոխությունները, որոնք համապատասխանում են դրա 71-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին, կարող են Նախարարական համաժողովի կողմից ընդունվել` առանց հետագա պաշտոնական ընդունման գործընթացի:
7. Սույն Համաձայնագրի կամ 1-ին Հավելվածի Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրի փոփոխությունն ընդունող Անդամն ընդունման փաստաթուղթն ի պահ է տրվում ԱՀԿ Գլխավոր տնօրենին Նախարարական համաժողովի կողմից հատկորոշված ընդունման ժամկետում:
8. ԱՀԿ ցանկացած անդամ կարող է հանդես գալ սույն Համաձայնագրի կամ 2-րդ և 3-րդ Հավելվածների Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրի դրույթները փոփոխելու առաջարկությամբ` այդ առաջարկությունը ներկայացնելով Նախարարական համաժողովին: 2-րդ Հավելվածի Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրի փոփոխությունները հաստատելու որոշումը կայացվում է ընդհանուր համաձայնությամբ, և այդ փոփոխությունները բոլոր Անդամների համար ուժի մեջ են մտնում Նախարարական համաժողովի կողմից հաստատվելուց հետո: 3-րդ Հավելվածի Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրի փոփոխությունները հաստատելու որոշումները բոլոր Անդամների համար ուժի մեջ են մտնում Նախարարական համաժողովի կողմից հաստատվելուց հետո:
9. Նախարարական համաժողովը առևտրային համաձայնագրի կողմ հանդիսացող Անդամների պահանջով կարող է որոշել այդ համաձայնագիրը 4-րդ Հավելվածին ավելացնել բացառապես ընդհանուր համաձայնությամբ: Նախարարական համաժողովը Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրի կողմ հանդիսացող Անդամների պահանջով կարող է որոշել այդ համաձայնագիրը հանել 4-րդ Հավելվածից:
10. Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրում փոփոխություններ կատարելը ղեկավարվում է այդ համաձայնագրի դրույթներով:
Հոդված 11. | Սկզբնական անդամությունը |
1. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին եղած ՄԱԳՀ-1947-ի պայմանավորվող կողմերը և Եվրոպական Համայնքները, որոնք ընդունում են սույն Համաձայնագիրն ու Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերը, և որոնց համար Զիջումների և պարտավորությունների ժամանակացանկերը կցված են ՄԱԳՀ-1994-ին, և որոնց համար Հատուկ պարտավորությունների ժամանակացանկերը կցված են ԾԱԳՀ-ին, դառնում են ԱՀԿ սկզբնական անդամներ:
2. Առավել թույլ զարգացած երկրներից, որոնք որպես այդպիսին ճանաչվել են Միավորված ազգերի կազմակերպության կողմից, կպահանջվի միայն պարտավորություններ ստանձնել և զիջումներ կատարել միայն այն չափով, որ համապատասխան է նրանց զարգացման, ֆինանսական և առևտրային մասնավոր կարիքներին կամ նրանց վարչական և սահմանակարգային կարողություններին:
Հոդված 12. | Անդամակցությունը |
1. Ցանկացած պետություն կամ առանձին մաքսային տարածք, որն ունի իր արտաքին առևտրային հարաբերությունները և սույն Համաձայնագրով և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերով նախատեսված մյուս հարցերը վարելու լիարժեք ինքնուրույնություն, կարող է անդամակցել սույն Համաձայնագրին` իր և ԱՀԿ-ի միջև համաձայնեցված պայմաններով: Այդ անդամակցությունը տարածվում է սույն Համաձայնագրի և դրան կցված Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի վրա:
2. Անդամակցության վերաբերյալ որոշումները կայացվում են Նախարարական համաժողովի կողմից: Նախարարական համաժողովը անդամակցության պայմանների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը հաստատում է ԱՀԿ Անդամների թվի երկու երրորդ մեծամասնությամբ:
3. Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրին անդամակցությունը ղեկավարվում է այդ համաձայնագրի դրույթներով:
Հոդված 13. | Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի չկիրառվելը առանձին Անդամների միջև |
1. Սույն Համաձայնագիրը և 1-ին և 2-րդ Հավելվածների Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերը չեն կիրառվում որևէ Անդամի և որևէ այլ Անդամի միջև, եթե այդ Անդամներից որևէ մեկը նրանցից որևէ մեկի Անդամ դառնալու պահին չի համաձայնում այդ կիրառմանը:
2. 1-ին կետը կարող է կիրարկվել ՄԱԳՀ-1947-ի պայմանավորվող կողմեր հանդիսացած ԱՀԿ սկզբնական Անդամների միջև միայն այն դեպքում, երբ այդ պայմանավորվող կողմերի միջև նախկինում կիրարկվել էր այդ Համաձայնագրի 35-րդ հոդվածը և գործում էր` նրանց համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահին:
3. Մի Անդամի և մեկ այլ Անդամի միջև, որն անդամակցել է համաձայն 12-րդ հոդվածի, 1-ին կետը կիրառվում է միայն, եթե կիրառմանը չհամաձայնող Անդամն այդ մասին ծանուցել Նախարարական համաժողովին նախքան Նախարարական համաժողովի կողմից անդամակցության պայմանների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության հաստատումը:
4. Նախարարական համաժողովը կարող է ցանկացած Անդամի պահանջով վերանայել սույն հոդվածի գործողությունը մասնավոր դեպքերում և տալ համապատասխան հանձնարարականներ:
5. Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրի չկիրառվելը այդ Համաձայնագրի կողմերի միջև ղեկավարվում է այդ Համաձայնագրի դրույթներով:
Հոդված 14. | Ընդունումը, ուժի մեջ մտնելը և ի պահ հանձնելը |
1. Սույն Համաձայնագիրը բաց է ստորագրությամբ կամ այլ կերպ ընդունման համար` ՄԱԳՀ-1947-ի պայմանավորվող կողմերի և Եվրոպական Համայնքների կողմից, որոնք իրավունակ են ԱՀԿ սկզբնական Անդամներ դառնալ համաձայն սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի: Այդ ընդունումը տարածվում է սույն Համաձայնագրի և դրան կցված Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի վրա: Սույն Համաձայնագիրը և նրան կցված Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերը ուժի մեջ են մտնում Նախարարների կողմից` Առևտրի բազմակողմ բանակցությունների Ուրուգվայի փուլի արդյունքները պարփակող եզրափակիչ փաստաթղթի 3-րդ կետի համաձայն սահմանված օրը և ընդունման համար բաց են մնում այդ օրվան հաջորդող երկու տարվա ընթացքում, եթե Նախարարներն այլ կերպ չեն որոշում: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այդ ընդունման օրվան հաջորդող 30-րդ օրը:
2. Անդամը, որն ընդունում է սույն Համաձայնագիրը դրա ուժի մեջ մտնելուց հետո, Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի այն զիջումներն ու պարտավորությունները, որոնք պետք է իրականացվեն սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից սկսած` որոշակի ժամանակահատվածի ընթացքում, իրականացնում է այնպես, ինչպես կաներ, եթե սույն Համաձայնագիրն ընդուներ դրա ուժի մեջ մտնելու օրը:
3. Մինչ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը սույն Համաձայնագրի տեքստը և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերն ի պահ են տրվում ՄԱԳՀ-1947-ի Պայմանավորվող կողմերի Գլխավոր տնօրենին: Գլխավոր տնօրենը շտապ կարգով սույն Համաձայնագիրը ընդունած յուրաքանչյուր կառավարության ու Եվրոպական Համայնքներին է տրամադրում սույն Համաձայնագրի և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի հավաստագրված ճշմարիտ պատճենները և ծանուցում դրանց յուրաքանչյուրի ընդունման մասին: Սույն Համաձայնագիրը և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերն ու դրանց ցանկացած փոփոխություններն ԱՀԿ-ի ուժի մեջ մտնելուց հետո ի պահ են տրվում ԱՀԿ Գլխավոր տնօրենին:
4. Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրի ընդունումը և ուժի մեջ մտնելը ղեկավարվում են այդ Համաձայնագրի դրույթներով: Այդ Համաձայնագրերն ի պահ են տրվում ՄԱԳՀ-1947-ի Պայմանավորվող կողմերի Գլխավոր տնօրենին: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո այդ Համաձայնագրերն ի պահ են տրվում ԱՀԿ Գլխավոր տնօրենին:
Հոդված 15. | Դուրս գալը |
1. Ցանկացած Անդամ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից: Այդ դուրս գալը տարածվում է սույն Համաձայնագրի և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի վրա և ուժի մեջ է մտնում դուրս գալու մասին գրավոր ծանուցումը ԱՀԿ Գլխավոր տնօրենի կողմից ստանալու օրվանից վեց ամիս անցնելուց հետո:
2. Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրից դուրս գալը ղեկավարվում այդ Համաձայնագրի դրույթներով:
Հոդված 16. | Լրացուցիչ դրույթներ |
1. Բացառությամբ սույն Համաձայնագրով կամ Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրով այլ կերպ նախատեսվածի, ԱՀԿ-ն ղեկավարվում է այն որոշումներով, ընթացակարգերով և գործելակերպի սովորական կանոններով, որոնց հետևում էին ՄԱԳՀ-1947-ի Պայմանավորվող կողմերն ու ՄԱԳՀ-1947-ի շրջանակներում ստեղծված մարմինները:
2. Հնարավորության սահմաններում ՄԱԳՀ-1947-ի Քարտուղարությունը դառնում է ԱՀԿ Քարտուղարություն, և ՄԱԳՀ-1947-ի Պայմանավորվող կողմերի Գլխավոր տնօրենը ստանձնում է ԱՀԿ Գլխավոր տնօրենի պաշտոնը մինչ այն ժամկետը, երբ Նախարարական համաժողովը Գլխավոր տնօրենին կնշանակի համաձայն սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետի:
3. Սույն Համաձայնագրի որևէ դրույթի և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերից որևէ մեկի դրույթի միջև հակասություն լինելու դեպքում հակասության սահմաններում գերակայում է սույն Համաձայնագրի դրույթը:
4. Յուրաքանչյուր Անդամ ապահովում է իր օրենքների, կանոնակարգերի և վարչական ընթացակարգերի համապատասխանությունը կից Համաձայնագրերով նախատեսված իր պարտավորություններին:
5. Սույն Համաձայնագրի ոչ մի դրույթի առնչությամբ վերապահումներ չեն կարող արվել: Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի որևէ դրույթի առնչությամբ վերապահումներ կարող են արվել միայն այդ Համաձայնագրերով նախատեսված սահմաններում: Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրի դրույթների առնչությամբ վերապահումները ղեկավարվում են այդ Համաձայնագրի դրույթներով:
6. Սույն Համաձայնագիրը գրանցվում է համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածի դրույթների:
Կատարված է Մարաքեշում հազար ինը հարյուր իննսունչորս թվականի ապրիլ ամսվա տասնհինգերորդ օրը մեկ օրինակով` անգլերենով, ֆրանսերենով և իսպաներենով: Տեքստերից յուրաքանչյուրը վավերական է:
Բացատրական ծանոթագրություններ
Սույն Համաձայնագրում և Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրերում հասկացվում է, որ գործածվող «երկիր» և «երկրներ» հասկացությունները ընդգրկում են ԱՀԿ Անդամ ցանկացած առանձին մաքսային տարածք:
ԱՀԿ Անդամ առանձին մաքսային տարածքի դեպքում, երբ սույն Համաձայնագրում և Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրերում որևէ արտահայտություն բնորոշվում է «ազգային» հասկացությամբ, այդ արտահայտությունը կարդացվում է որպես այդ մաքսային տարածքին վերաբերող, եթե այն բան չի նախատեսված:
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿ
Հավելված 1
Հավելված 1Ա. Ապրանքների առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրեր
Մաքսերի և առևտրի 1994թ. գլխավոր համաձայնագիր
Գյուղատնտեսության մասին համաձայնագիր
Սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառման մասին համաձայնագիր
Մանածագործվածքների և հագուստեղենի մասին համաձայնագիր
Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին համաձայնագիր
Առևտրին առնչվող ներդրումային միջոցների մասին համաձայնագիր
Մաքսերի և առևտրի 1994թ. գլխավոր համաձայնագրի 6-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագիր
Մաքսերի և առևտրի 1994թ. գլխավոր համաձայնագրի 7-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագիր
Նախաառաքումային ստուգման մասին համաձայնագիր
Ծագման կանոնների մասին համաձայնագիր
Ներմուծման լիցենզավորման ընթացակարգերի մասին համաձայնագիր
Լրավճարների և փոխհատուցման միջոցների մասին համաձայնագիր
Պաշտպանական միջոցների մասին համաձայնագիր
Հավելված 1Բ. Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագիրը և հավելվածներ
Հավելված 1Գ. Մտավոր սեփականության իրավունքների առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագիր
Հավելված 2
Վեճերի կարգավորումը ղեկավարող կանոններ և ընթացակարգերի մասին փոխհամաձայնություն
Հավելված 3
Առևտրի քաղաքականության վերաքննության գործակառույց
Հավելված 4
Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրեր
Քաղաքացիական օդագնացության առևտրի մասին համաձայնագիր
Պետական գնումների մասին համաձայնագիր
Կաթնամթերքի մասին համաձայնագիր
Տավարի մսի մասին միջազգային համաձայնագիր
Հավելված 1Ա
Ապրանքների առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրեր
1Ա Հավելվածի վերաբերյալ ընդհանուր բացատրական ծանոթագրություններ
Մաքսերի և առևտրի 1994թ. գլխավոր Համաձայնագրի որևէ դրույթի և Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման համաձայնագրի (1Ա Հավելվածի համաձայնագրերում այսուհետև հիշատակվում է որպես «ԱՀԿ համաձայնագիր») 1Ա Հավելվածի մեկ այլ համաձայնագրի դրույթի միջև հակասություն լինելու դեպքում հակասության սահմաններում գերակայում է այլ համաձայնագրի դրույթը:
ՄԱՔՍԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ 1994 Թ.
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
1. Մաքսերի և առևտրի 1994թ. գլխավոր համաձայնագիրը («ՄԱԳՀ-1994») կազմված է.
ա) Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի և զբաղվածության համաժողովի Նախապատրաստական կոմիտեի երկրորդ նստաշրջանի եզրափակման ժամանակ ընդունված վերջնական փաստաթղթին (բացի ժամանակավոր կիրառման մասին արձանագրությունից) կցված 1947թ. հոկտեմբերի 30-ի Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագրի դրույթներից, ինչպես դրանք շտկվել, փոփոխվել կամ լրացվել են այն իրավական փաստաթղթի դրույթներով, որոնք ուժի մեջ են մտել մինչև ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրը.
բ) ներքոշարադրյալ իրավական փաստաթղթերի դրույթներից, որոնք ուժի մեջ են մտել ՄԱԳՀ-1947-ի շրջանակներում մինչև ԱՀԿ համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրը`
i) մաքսային զիջումներին առնչվող արձանագրություններն ու հավաստագրերը,
ii) անդամակցությունների արձանագրությունները (բացառությամբ` ա) ժամանակավոր կիրառմանն ու ժամանակավոր կիրառումը հանելուն առնչվող դրույթները, (բ) այն դրույթները, որոնցով նախատեսվում է, որ ՄԱԳՀ-1947-ի 2-րդ Գլուխը կիրառվում է ժամանակավորապես` Արձանագրության օրը եղած օրենսդրությանն ամբողջությամբ ոչ անհամապատասխան կերպով),
iii) ՄԱԳՀ-1947-ի 25-րդ հոդվածի համաձայն շնորհված և ԱՀԿ ուժի մեջ մտնելու օրը դեռևս ուժի մեջ գտնվող ազատման վերաբերյալ որոշումները6,
iv) ՄԱԳՀ-1947-ի Պայմանավորվող կողմերի այլ որոշումները.
գ) ներքոշարադրյալ Փոխհամաձայնությունները`
i) Մաքսերի և առևտրի 1994թ. գլխավոր համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի մեկնաբանության մասին փոխհամաձայնություն,
ii) Մաքսերի և առևտրի 1994թ. գլխավոր համաձայնագրի 17-րդ հոդվածի մեկնաբանության մասին փոխհամաձայնություն,
iii) Մաքսերի և առևտրի 1994թ. գլխավոր համաձայնագրի Վճարային հաշվեկշռի դրույթների մասին փոխհամաձայնություն,
iv) Մաքսերի և առևտրի 1994թ. գլխավոր համաձայնագրի 24-րդ հոդվածի մեկնաբանության մասին փոխհամաձայնությունը,
v) Մաքսերի և առևտրի 1994թ. գլխավոր համաձայնագրով սահմանված պարտավորություններից ազատման մասին փոխհամաձայնությունը,
vi) Մաքսերի և առևտրի 1994թ. գլխավոր համաձայնագրի 28-րդ հոդվածի մեկնաբանության մասին փոխհամաձայնությունը, և`
դ) ՄԱԳՀ-1994-ի Մարաքեշի արձանագրությունը:
6 Սույն դրույթում ընդգրկված ազատումները թվարկված են 1993թ. դեկտեմբերի 15-ի MTN/FA փաստաթղթի 2-րդ բաժնի էջ 11-ի և էջ 12-ի 7-րդ ծանոթագրությունում և 1994թ. մարտի 21-ի MTN/FA/Corr. 6-ում: Նախարարական համաժողովն իր առաջին նստաշրջանում սահմանում է սույն դրույթում ընդգրկված ազատումների վերանայված ցանկը, որով ավելացնում են ՄԱԳՀ-1947-ի շրջանակներում 1993թ. դեկտեմբերի 15-ից հետո և նախքան ԱՀԿ ուժի մեջ մտնելու օրը շնորհված ազատումները և ջնջվում են այն ազատումները, որոնք սպառված կլինեն այդ ժամանակ:
2. Բացատրական ծանոթագրություններ
ա) ՄԱԳՀ-1994-ի դրույթներում հիշատակվող «պայմանավորվող կողմը» կարդացվում է որպես «Անդամ»: Հիշատակվող «թույլ զարգացած պայմանավորվող կողմը» և «զարգացած պայմանավորվող կողմը» կարդացվում են որպես «զարգացող Անդամ երկիր» և «զարգացած Անդամ երկիր»: Հիշատակվող «Գործադիր քարտուղարը» կարդացվում է որպես «ԱՀԿ Գլխավոր տնօրեն»:
բ) ՄԱԳՀ-1994-ի 15-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 8-րդ կետերում, 38-րդ հոդվածներում և 12 և 18 լրահոդված Ծանոթագրություններում (Notes Ad Article), ՄԱԳՀ-1994-ի 15-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերի արտարժույթի վերաբերյալ հատուկ համաձայնագրերի վերաբերյալ դրույթներում` համատեղ հանդես եկող Պայմանավորվող կողմերի մասին հիշատակումները համարվում են որպես ԱՀԿ-ի հիշատակումներ: Մնացյալ գործառույթները, որոնք ՄԱԳՀ-1994-ի դրույթներով վերագրվում են համատեղ հանդես եկող Պայմանավորվող կողմերին, բաշխվում են Նախարարական համաժողովի կողմից:
գ) i) ՄԱԳՀ-1994-ի տեքստը վավերական է անգլերենով, ֆրանսերենով և իսպաներենով:
ii) Ֆրանսերենով ՄԱԳՀ-1994-ի տեքստը ենթակա է շտկումների` MTN.TNC/41 փաստաթղթի «Ա» Հավելվածում մատնանշված հասկացությունների մասով:
iii) Իսպաներենով ՄԱԳՀ-1994-ի վավերական տեքստ է հանդիսանում Հիմնական պաշտոնագրեր և ընտրված փաստաթղթեր շարքի 4-րդ Հատորում զետեղված տեքստը` հաշվի առնելով MTN.TNC/41 փաստաթղթի «Բ» Հավելվածում մատնանշված հասկացությունների շտկումները:
3. ա) ՄԱԳՀ-1994-ի 2-րդ Գլխի դրույթները չեն կիրառվում այն միջոցների նկատմամբ, որոնք Անդամը ձեռնարկել է` այդ Անդամի կողմից մինչև իր ՄԱԳՀ-1947-ի պայմանավորվող կողմ դառնալը կիրարկվող հատուկ պարտադիր օրենսդրության համաձայն, որով արգելում է ազգային ջրերում կամ բացառիկ տնտեսական գոտու ջրերում եղած կետերի միջև առևտրային նպատակներով, օտարերկրյա կառուցման կամ օտարերկրյա վերակառուցման փոխադրամիջոցների օգտագործումը, վաճառքը կամ վարձակալումը: Սույն բացառությունը տարածվում է. ա) այդ օրենսդրության շարունակման կամ անհամապատասխան դրույթի շտապ նորացման վրա և բ) այդ օրենսդրության անհամապատասխան դրույթի փոփոխության վրա` այնքանով, որքանով փոփոխությունը չի նվազեցնում դրույթի համապատասխանությունը ՄԱԳՀ-1947-ի 2-րդ Գլխին: Սույն բացառությունը սահմանափակվում է այն միջոցներով, որոնք ձեռնարկվել են վերը նկարագրված օրենսդրության համաձայն, որը ծանուցվել և հատկանշվել է մինչև ԱՀԿ ուժի մեջ մտնելու օրը: Եթե այդ օրենսդրությունը այնուհետև ձևափոխվում է` նվազեցնելով նրա համապատասխանությունը ՄԱԳՀ-1947-ի 2-րդ Գլխին, ապա այն այլևս անհամապատասխան կլինի սույն կետի շրջանակներին:
բ) Նախարարական համաժողովը, որպեսզի քննության առնի դեռ իշխում են արդյոք այն պայմանները, որոնցով բացառության անհրաժեշտություն է առաջացել, սույն բացառությունը վերանայում է ոչ ուշ, քան ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարի հետո և այսուհետև յուրաքանչյուր երկու տարին մեկ, քանի դեռ բացառությունն ուժի մեջ է:
գ) Անդամը, որի միջոցներն ընկնում են սույն բացառության տակ, տարին մեկ մանրամասն վիճակագրական ծանուցում է ներկայացնում, որն ընդգրկում է համապատասխան նավերի փաստացի և ակնկալվող առաքումների հինգ տարվա շարժվող միջինը, ինչպես նաև լրացուցիչ տեղեկություններ սույն բացառության տակ ընկնող համապատասխան նավերի օգտագործման, վաճառքի, վարձակալման կամ վերանորոգման վերաբերյալ:
դ) Անդամը, որը համարում է, որ սույն բացառությունը կիրառող Անդամի տարածքում կառուցված նավերի օգտագործման, վաճառքի, վարձակալման կամ վերանորոգման փոխադարձ և համամասն սահմանափակումը, ազատ է այդպիսի սահմանափակում մտցնել` նախօրոք ծանուցելով Նախարարական համաժողովին:
ե) Սույն բացառությամբ չեն վնասվում սույն բացառությամբ ընդգրկված օրենսդրության առանձին հարցերի վերաբերյալ` ճյուղային համաձայնագրերով կամ այլ միջոցներով բանակցված լուծումները:
Մաքսերի և առևտրի 1994թ. գլխավոր համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի մեկնաբանության մասին փոխհամաձայնություն
Սույնով Անդամները համաձայնում են հետևյալի մասին.
1. 2-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետից բխող իրավունքների և պարտավորությունների թափանցիկությունն ապահովելու համար, այդ դրույթում հիշատակվող ամրագրված մաքսային հոդվածների նկատմամբ գանձվող ցանկացած «այլ տուրքերի կամ վճարների» բնույթն ու մակարդակը գրանցվում են ՄԱԳՀ-1994-ին կցված զիջումների ժամանակացանկերում մաքսային այն հոդվածի դիմաց, որի նկատմամբ դրանք կիրառվում են: Հասկացվում է, որ այդպիսի գրանցումը չի փոխում «այլ տուրքերի կամ վճարների» իրավական բնույթը:
2. 2-րդ հոդվածի նպատակներով «այլ տուրքերի կամ վճարների» ամրագրման օր է 1994թ. ապրիլի 15-ը: Այդուհանդերձ, «այլ տուրքերը կամ վճարները» ժամանակացանկերում գրանցվում են այդ օրը կիրառվող մակարդակների վրա: Զիջումների յուրաքանչյուր հետագա վերաբանակցման կամ նոր զիջումների բանակցման դեպքում խնդրո առարկա մաքսային հոդվածի համար կիրառման ժամկետ է դառնում նոր զիջումը համապատասխան ժամանակացանկում ընդգրկելու օրը: Այնուամենայնիվ, այն փաստաթղթի ժամկետը, որով որևէ մաքսային առանձին հոդվածի մասով զիջումը առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԳՀ-1947-ում կամ ՄԱԳՀ-1994-ում, նույնպես շարունակվում է գրանցվել Ներդիր-էջ Ժամանակացանկերի 6-րդ սյունակում:
3. «Այլ տուրքերը կամ վճարները» գրանցվում են մաքսային բոլոր ամրագրումների առնչությամբ:
4. Եթե մաքսային հոդվածը նախկինում զիջման ենթակա է եղել, ապա համապատասխան ժամանակացանկում գրանցված «այլ տուրքերի կամ վճարների» մակարդակը չպետք է ավելի բարձր լինի, քան զիջման այդ ժամանակացանկի մեջ առաջին անգամ ընդգրկելու ժամանակ ընդունված մակարդակը: ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո` երեք տարվա ընթացքում, կամ ՄԱԳՀ-1994-ում խնդրո առարկա ժամանակացանկի ընդգրկման փաստաթուղթը ԱՀԿ Գլխավոր տնօրենին ի պահ հանձնելու օրվանից հետո` երեք տարվա ընթացքում, եթե դա ավելի ուշ ժամկետ է, ցանկացած Անդամ ազատ է վիճարկելու «այլ տուրքի կամ վճարի» գոյությունը` այն հիմքի վրա, որ խնդրո առարկա հոդվածի սկզբնական ամրագրման ժամանակ այդ «այլ տուրքը կամ վճարը» գոյություն չի ունեցել, ինչպես նաև ազատ է վիճարկելու որևէ «այլ տուրքի կամ վճարի» գրանցված մակարդակի համապատասխանությունը նախկինում ամրագրված մակարդակի հետ:
5. Ժամանակացանկերում «այլ տուրքերի կամ վճարների» գրանցումով վնաս չի հասցվում ՄԱԳՀ-1994-ով սահմանված, 4-րդ կետի ազդեցության տակ ընկնողներից տարբեր իրավունքներին ու պարտավորություններին դրանց համապատասխանությանը: Ցանկացած պահի բոլոր Անդամներն ազատ են վիճարկելու ցանկացած «այլ տուրքի կամ վճարի» համապատասխանությունն այդ պարտավորություններին:
6. Սույն Փոխհամաձայնության նպատակներով, կիրառվում են ՄԱԳՀ-1994-ի 22-րդ և 23-րդ հոդվածների դրույթները` ինչպես դրանք մշակվել և կիրառվում են Վեճերի կարգավորման փոխհամաձայնությամբ:
7. Այն «այլ տուրքերը կամ վճարները», որոնք ժամանակացանկում բաց են թողնվել` ՄԱԳՀ-1994-ում խնդրո առարկա ժամանակացանկի ընդգրկման փաստաթուղթը մինչև ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրը ՄԱԳՀ-1947-ի Պայմանավորվող կողմերի Գլխավոր տնօրենին, իսկ դրանից հետո` ԱՀԿ Գլխավոր տնօրենին ի պահ հանձնելու ժամանակ, այնուհետև չեն ավելացվում դրան, և ցանկացած «այլ տուրք կամ վճար», որը գրանցվել է կիրառելի ժամկետում եղածից ավելի ցածր մակարդակով, չի վերադարձվում այն մակարդակին, եթե այդպիսի լրացումներ կամ փոփոխություններ չեն կատարվել փաստաթղթի ի պահ հանձնելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:
8. ՄԱԳՀ-1994-ի 2-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի նպատակներով յուրաքանչյուր զիջման համար կիրառելի ժամկետի վերաբերյալ 2-րդ կետի որոշումը փոխարինում է կիրառելի ժամկետի վերաբերյալ 1980թ. մարտի 26-ին կայացված որոշմանը (BISD 27S/24):
Մաքսերի և առևտրի 1994թ. գլխավոր համաձայնագրի 17-րդ հոդվածի մեկնաբանության մասին փոխհամաձայնություն
Անդամները,
նշելով, որ 17-րդ հոդվածով Անդամների համար նախատեսվում են 17-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված պետական առևտրային ընկերությունների գործունեությանն առնչվող պարտավորություններ, որոնք պետք է համապատասխան լինեն ՄԱԳՀ-1994-ով մասնավոր առևտրականների կողմից կատարվող ներմուծումների և արտահանումների վրա ազդող կառավարական միջոցների համար սահմանված ոչ խտրական մոտեցման ընդհանուր սկզբունքներին,
նշելով այնուհետև, որ Անդամները ենթակա են պետական առևտրային ընկերությունների վրա ազդող կառավարական միջոցների վերաբերյալ ՄԱԳՀ-1994-ի իրենց պարտավորություններին,
ընդունելով, որ սույն փոխհամաձայնությունը չի վնասում 17-րդ հոդվածում սահմանված կարևոր հիմնադրույթները,
սույնով համաձայնեցին հետևյալի մասին.
1. Պետական առևտրային ընկերությունների գործունեության թափանցիկությունն ապահովելու համար Անդամներն այդ ընկերությունների մասին, Ապրանքների առևտրի խորհրդին` 5-րդ կետի համաձայն ստեղծված աշխատանքային խմբի կողմից վերաքննելու համար, ծանուցում են ներքոնշված աշխատանքային սահմանման համաձայն.
«Պետական կամ ոչ պետական ընկերությունները, ներառյալ` Շուկայավարման խորհուրդները, որոնց շնորհված են բացառիկ կամ հատուկ իրավունքներ կամ արտոնություններ, ներառյալ` օրենսդրական կամ սահմանադրական լիազորությունները, որոնց կիրարկմամբ դրանք իրենց գնումներով կամ վաճառքով ազդում են ներմուծումների կամ արտահանումների մակարդակի կամ ուղղության վրա»:
Ծանուցման սույն պահանջը չի տարածվում արտադրանքների այն ներմուծումների վրա, որոնք նախատեսված են կառավարության կամ վերը հատկանշված ընկերության կողմից օգտագործման նպատակներով անմիջական կամ վերջնական սպառման համար և ոչ այլ կերպ վերավաճառելու համար կամ վաճառելու նպատակ ունեցող ապրանքների արտադրության մեջ օգտագործելու համար:
2. Ապրանքների առևտրի խորհրդին պետական առևտրային ընկերությունների վերաբերյալ ծանուցումների ներկայացման առնչությամբ յուրաքանչյուր Անդամ անցկացնում է իր քաղաքականության վերաքննություն` հաշվի առնելով սույն Փոխհամաձայնության դրույթները: Այդպիսի վերաքննություն անցկացնելիս յուրաքանչյուր Անդամ պետք է հաշվի առնի իր ծանուցումներում հնարավոր առավելագույն թափանցիկություն ապահովելու անհրաժեշտությունն այնպես, որ թույլ տրվի հստակորեն գնահատել ծանուցված ընկերությունների գործելու եղանակները և նրանց գործունեության ազդեցությունը միջազգային առևտրի վրա:
3. Ծանուցումները կատարվում են համաձայն 1960թ. մայիսի 24-ին ընդունված պետական առևտրային գործունեության վերաբերյալ հարցաթերթի (BISD 9S/184-185)` հասկանալով, որ Անդամները պետք է ծանուցեն 1-ին կետում հիշատակված ընկերությունների մասին, անկախ այն բանից` փաստացիորեն ներմուծումներ կամ արտահանումներ կատարվել են, թե ոչ:
4. Ցանկացած Անդամ, որը հիմքեր ունի համարելու, որ մեկ այլ Անդամ համապատասխանորեն չի կատարում իր ծանուցման պարտավորությունները, կարող է հարցը քննարկման դնել տվյալ Անդամի հետ: Եթե հարցը բավարար լուծում չի ստանում, ապա այն կարող է Ապրանքների առևտրի խորհրդին հակածանուցում ներկայացնել 5-րդ կետի համաձայն ստեղծված աշխատանքային խմբի կողմից քննարկման համար միաժամանակ տեղեկացնելով տվյալ Անդամին:
5. Ապրանքների առևտրի խորհրդի անունից ստեղծվում է աշխատանքային խումբ` վերաքննելու ծանուցումներն ու հակածանուցումները: Այդ վերաքննության լույսի ներքո և առանց վնասելու 17-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետը` Ապրանքների առևտրի խորհուրդը կարող է հանձնարարականներ տալ ծանուցումների համապատասխանության և հետագա տեղեկությունների անհրաժեշտության վերաբերյալ: Ստացված ծանուցումներից ելնելով` աշխատանքային խումբը վերաքննում է նաև պետական առևտրային գործունեության վերաբերյալ վերոհիշյալ հարցաթերթի համապատասխանությունն ու 1-ին կետի համաձայն ծանուցված պետական առևտրային ընկերությունների ընդգրկումը: Այն նաև նկարագրական ցանկ է մշակում, որը ցույց է տալիս կառավարությունների ու ընկերությունների միջև հարաբերությունների ձևերը և այն գործունեության տեսակները, որոնցում ընդգրկված են այդ ընկերությունները, որոնք կարող են 17-րդ հոդվածի նպատակներով առնչվել գործին: Հասկացվում է, որ Քարտուղարությունը աշխատանքային խմբի համար կապահովի ընդհանուր հիմնային փաստաթուղթ` պետական առևտրային ընկերությունների միջազգային առևտրի հետ կապ ունեցող գործունեության վերաբերյալ: Աշխատանքային խմբին անդամությունը բաց է բոլոր Անդամների համար, որոնք հայտնում են այդտեղ ծառայելու իրենց ցանկության մասին: Այն ժողով է գումարում ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, և այնուհետև` տարեկան առնվազն մեկ անգամ: Այն տարեկան մեկ անգամ զեկույց է ներկայացնում Ապրանքների առևտրի խորհրդին:
Մաքսերի և առևտրի 1994թ. գլխավոր համաձայնագրի Վճարային հաշվեկշռի դրույթների մասին փոխհամաձայնություն
Անդամները,
ընդունելով ՄԱԳՀ-1994-ի 12-րդ հոդվածի և 18-րդ հոդվածի Բ կետի դրույթները և 1979թ. նոյեմբերի 28-ին ընդունված վճարային հաշվեկշռի նպատակներով ձեռնարկվող առևտրային միջոցների մասին հռչակագրի (BISD 26S/205-209, որը սույն Փոխհամաձայնության մեջ հիշատակվում է որպես «1979թ. Հայտարարագիր»), դրույթները, և այդ դրույթները հստակեցնելու նպատակով,
սույնով համաձայնում են հետևյալի մասին.
Միջոցների կիրառում
1. Անդամները հաստատում են իրենց պարտավորվածությունը հնարավորին չափ շուտ հրապարակորեն հայտարարել վճարային հաշվեկշռի նպատակներով ձեռնարկված ներմուծումը սահմանափակող միջոցների վերացման ժամկետացանկերի մասին: Հասկացվում է, որ այդ ժամկետացանկերն անհրաժեշտության դեպքում կարող են փոփոխվել` հաշվի առնելով վճարային հաշվեկշռի իրավիճակի փոփոխությունները: Եթե Անդամը հրապարակորեն չի հայտարարել ժամկետացանկի մասին. ապա այդ Անդամը հիմնավորում է տալիս դրա պատճառների մասին:
2. Անդամները հաստատում են իրենց պարտավորվածությունը` նախապատվություն տալու այն միջոցներին, որոնք առևտրի վրա նվազագույնս խաթարող ազդեցություն ունեն: Հասկացվում է, որ այդ միջոցները (սույն Փոխհամաձայնության մեջ հիշատակվում են որպես «գնի վրա հիմնված միջոցներ») ընդգրկում են ներմուծման լրացուցիչ վճարները, ներմուծման կանխավճարի պահանջները կամ ներմուծված ապրանքների գնի վրա ազդեցություն ունեցող այլ համարժեք առևտրային միջոցներ: Հասկացվում է, որ անկախ 2-րդ հոդվածի դրույթներից, վճարային հաշվեկշռի նպատակներով ձեռնարկված` գնի վրա հիմնված միջոցներն Անդամի կողմից կարող են կիրառվել` ի լրումն այդ Անդամի ժամանակացանկում նշված տուրքերի: Ի լրումն դրա` այդ Անդամը, սույն Փոխհամաձայնության ծանուցման ընթացակարգերի համաձայն, հստակորեն և առանձին մատնանշում է այն չափը, որով գնի վրա հիմնված միջոցը գերազանցում է ամրագրված տուրքը:
3. Անդամները ձգտում են խուսափել վճարային հաշվեկշռի նպատակներով նոր քանակական սահմանափակումներ կիրառելուց, քանի դեռ գնի վրա հիմնված միջոցները վճարային հաշվեկշռի ծայրահեղ իրավիճակի պատճառով չեն կարող կանգնեցնել արտաքին վճարային դիրքի կտրուկ վատթարացումը: Այն դեպքերում, երբ Անդամը կիրառում է քանակական սահմանափակումներ, նա պատճառաբանում է, թե ինչու գնի վրա հիմնված միջոցները համարժեք գործիք չեն վճարային հաշվեկշռի վիճակը կարգավորելու համար: Հետագա խորհրդակցությունների ընթացքում Անդամը, որը քանակական սահմանափակումներ է պահպանում, ցույց է տալիս այդ միջոցների ընդգրկման շրջանակների ու սահմանափակող ազդեցության էական նվազեցման ուղղությամբ կատարված առաջընթացը: Հասկացվում, որ միևնույն արտադրանքի նկատմամբ կարող է կիրառվել վճարային հաշվեկշռի նպատակներով ձեռնարկված, ներմուծումը սահմանափակող մեկից ոչ ավելի տեսակի միջոց:
4. Անդամները հաստատում են, որ վճարային հաշվեկշռի նպատակներով ձեռնարկված ներմուծումը սահմանափակող միջոցները կարող են կիրառվել միայն ներմուծման ընդհանուր մակարդակը վերահսկելու համար և չեն կարող ավելին լինել, քան այն, որ անհրաժեշտ է վճարային հաշվեկշռի վիճակը կարգավորելու համար: Կողմնակի հովանավորչական ազդեցությունները նվազագույնի հասցնելու համար Անդամը սահմանափակումներն իրականացնում է թափանցիկ կերպով: Ներմուծող Անդամի իրավասու մարմինները համապատասխան հիմնավորում են տալիս այն չափանիշների վերաբերյալ, որոնց գործածմամբ որոշվում են սահմանափակման ենթակա արտադրանքները: Համաձայն 12-րդ հոդվածի 3-րդ կետի և 18-րդ հոդվածի 10-րդ կետի` Անդամը կարող է առանձին կարևոր արտադրանքների մասով բացառել կամ սահմանափակել սահմանի վրա կիրառվող լրացուցիչ վճարների կամ վճարային հաշվեկշռի նպատակներով կիրառվող այլ միջոցների կիրառումը: Հասկացվում է, որ «կարևոր արտադրանքներ» հասկացությունը նշանակում է արտադրանքներ, որոնցով բավարարվում են սպառողական հիմնական կարիքները, կամ որոնք նպաստում են վճարային հաշվեկշռի վիճակի բարելավման ուղղությամբ Անդամի ջանքերին, ինչպիսիք են արտադրության համար անհրաժեշտ հիմնական միջոցներն ու ներդրանքը: Քանակական սահմանափակումներ իրականացնելիս Անդամը հայեցողական լիցենզավորում է կիրառում միայն, երբ դա անխուսափելի է, և աստիճանաբար վերացնում է այն: Համապատասխան հիմնավորում է տրվում այն չափանիշների վերաբերյալ, որոնց գործածմամբ որոշվում են ներմուծման թույլատրելի քանակներն ու արժեքները:
Վճարային հաշվեկշռի շուրջ խորհրդակցությունների ընթացակարգեր
5. Վճարային հաշվեկշռի սահմանափակումների հարցերով կոմիտեն (սույն Փոխհամաձայնության մեջ հիշատակվում է որպես «Կոմիտե») խորհրդակցություններ է անցկացնում վճարային հաշվեկշռի նպատակներով ձեռնարկված ներմուծումը սահմանափակող բոլոր միջոցների վերաքննության համար: Կոմիտեին անդամությունը բաց է բոլոր Անդամների համար, որոնք հայտնում են դրանում ծառայելու իրենց ցանկության մասին: Կոմիտեն հետևում է 1970թ. ապրիլի 28-ին հաստատված` վճարային հաշվեկշռի սահմանափակումների շուրջ խորհրդակցությունների անցկացման ընթացակարգերին (BISD 18S/48-53, սույն Փոխհամաձայնության մեջ հիշատակվում է որպես «խորհրդակցությունների լրիվ ընթացակարգեր»)` հաշվի առնելով ներքոշարադրյալ դրույթները:
6. Անդամը, որը նոր սահմանափակումներ է կիրառում կամ միջոցների էական սաստկացմամբ բարձրացնում է իր գոյություն ունեցող սահմանափակումների ընդհանուր մակարդակը, խորհրդակցությունների մեջ է մտնում կոմիտեի հետ` այդ միջոցների ընդունումից հետո` չորս ամսվա ընթացքում: Այդպիսի միջոցներ ընդունող Անդամը կարող է պահանջել, որ խորհրդակցություն անցկացվի համաձայն 12-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետի կամ 18-րդ հոդվածի 12-րդ կետի «ա» ենթակետի ըստ անհրաժեշտության: Եթե այդպիսի պահանջ չի ներկայացվում, ապա Կոմիտեի նախագահն է Անդամին հրավիրում այդպիսի խորհրդակցության: Այն գործոնները, որոնք կարող են քննության առնվել խորհրդակցության ընթացքում, այլոց թվում ընդգրկում են վճարային հաշվեկշռի նպատակներով նոր տեսակի սահմանափակող միջոցներ մտցնելը կամ սահմանափակումների մակարդակի բարձրացումը կամ ապրանքային ընդգրկման ընդլայնումը:
7. Վճարային հաշվեկշռի նպատակներով կիրառվող բոլոր միջոցները ենթակա են կոմիտեում պարբերական վերաքննության` համաձայն 12-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետի կամ 18-րդ հոդվածի 12-րդ կետի «բ» ենթակետի, ընդ որում խորհրդակցությունների պարբերականությունը ենթակա է հնարավոր փոփոխման` խորհրդակցող Անդամի համաձայնությամբ կամ համաձայն վերաքննության որևէ առանձին ընթացակարգի, որ կարող է առաջարկել Գլխավոր խորհուրդը:
8. Առավել թույլ զարգացած Անդամ-երկրների դեպքում կամ այն զարգացող Անդամ-երկրների դեպքում, որոնք ազատականացման ուղղությամբ աշխատանքներ են տանում նախորդ խորհրդակցություններում Կոմիտեին ներկայացված ժամանակացանկին համապատասխան, խորհրդակցությունները կարող են անցկացվել համաձայն 1972թ. դեկտեմբերի 19-ին հաստատված պարզեցված ընթացակարգերի (BISD 20S/47-49, սույն Փոխհամաձայնության մեջ հիշատակվում են որպես «խորհրդակցությունների պարզեցված ընթացակարգեր»): Խորհրդակցությունների պարզեցված ընթացակարգերը կարող են նաև գործածվել, երբ զարգացող Անդամ երկրի Առևտրի քաղաքականության վերաքննությունը նախատեսված է նույն օրացույցային տարում, որի ընթացքում նշանակված են խորհրդակցությունները: Այդ դեպքերում որոշումը` պե՞տք է արդյոք գործածվեն խորհրդակցությունների լրիվ ընթացակարգերը, կկայացվի 1979թ. Հայտարարագրի 8-րդ կետում թվարկված գործոնների հիման վրա: Բացառությամբ ավելի թույլ զարգացած Անդամ երկրների` խորհրդակցությունների պարզեցված ընթացակարգերով կարող են անցկացվել ոչ ավելի, քան երկու հաջորդական խորհրդակցություններ:
Ծանուցումներ և փաստաթղթեր
9. Անդամը Գլխավոր խորհրդին ծանուցում է վճարային հաշվեկշռի նպատակներով ձեռնարկված ներմուծումը սահմանափակող միջոցը մտցնելու կամ դրա կիրառման ցանկացած փոփոխության մասին, ինչպես նաև այդպիսի միջոցների վերացման` 1-ին կետի համաձայն հայտարարված ժամկետացանկում ցանկացած փոփոխության մասին: Գլխավոր խորհրդին զգալի փոփոխությունների մասին ծանուցումը կատարվում է դրանց մասին հայտարարությունից առաջ կամ ոչ ուշ, քան հայտարարությունից 30 օր հետո: Յուրաքանչյուր Անդամ տարեկան հիմունքով Քարտուղարությանը Անդամների կողմից քննման համար մատչելի է դարձնում համապարփակ ծանուցում, ներառյալ` օրենքներում, կանոնակարգերում, քաղաքականության հարցերով հայտարարություններում կամ հրապարակային ծանուցումներում կատարված փոփոխությունները: Ծանուցումները մաքսային հոդվածի մակարդակով պարունակում են հնարավորին չափ ամբողջական տեղեկություններ կիրառվող միջոցների տեսակների, դրանց իրականացման նպատակով գործածվող չափանիշների, ապրանքային ընդգրկման և ազդեցություն կրող առևտրի հոսքերի վերաբերյալ:
10. Ցանկացած Անդամի պահանջով Կոմիտեն կարող է վերաքննել ծանուցումները: Այդ վերաքննությունները սահմանափակվում են ծանուցմամբ բարձրացված առանձին հարցերի պարզաբանմամբ կամ այն բանի քննությամբ, թե արդյոք պահանջվո՞ւմ է խորհրդակցություն անցկացնել համաձայն 12-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետի կամ 18-րդ հոդվածի 12-րդ կետի «ա» ենթակետի: Անդամները, որոնք հիմքեր ունեն համարելու, որ մեկ այլ Անդամի կիրառած ներմուծումը սահմանափակող միջոցը ձեռնարկվել է վճարային հաշվեկշռի նպատակներով, կարող են հարցը ներկայացնել Կոմիտեի ուշադրությանը: Կոմիտեի նախագահը պահանջում է տեղեկություններ միջոցի վերաբերյալ և դրանք մատչելի է դարձնում բոլոր Անդամների համար: Առանց վնասելու Կոմիտեի որևէ անդամի` խորհրդակցությունների ընթացքում համապատասխան պարզաբանումներ ձեռք բերելու իրավունքը, խորհրդակցող Անդամի կողմից հաշվի առնելու համար կարող են հարցեր տրամադրվել նախօրոք:
11. Խորհրդակցող Անդամը խորհրդակցությունների համար պատրաստում է Հիմնական փաստաթուղթ, որը, ի լրումն այլ տեղեկությունների, որոնք համարվում են գործի հետ առնչություն ունեցող, պետք է պարունակի. ա) վճարային հաշվեկշռի վիճակի ընդհանուր նկարագիրն ու հեռանկարները, ներառյալ` վճարային հաշվեկշռի վիճակի հետ առնչվող ներքին և արտաքին գործոններն ու ներքին քաղաքականության միջոցները, որոնք ձեռնարկվել են հիմնավոր ու տևական հավասարակշռության վերականգնման համար, բ) վճարային հաշվեկշռի նպատակներով կիրառվող սահմանափակումների ամբողջական նկարագրությունը, դրանց իրավական հիմքերը և այն քայլերը, որոնք ձեռնարկվել են կողմնակի հովանավորչական ազդեցությունների նվազեցման համար, գ) ներմուծման սահմանափակումների ազատականացման նպատակով վերջին խորհրդակցությունից հետո ձեռնարկված միջոցները` ելնելով Կոմիտեի եզրակացությունից, դ) մնացյալ սահմանափակումների վերացման և աստիճանական մեղմացման ծրագիրը: Գործի հետ առնչություն ունենալու դեպքում հղումներ կարող են արվել ԱՀԿ ներկայացված ծանուցումներում կամ զեկուցագրերում եղած տեղեկություններին: Խորհրդակցությունների պարզեցված ընթացակարգերի ժամանակ խորհրդակցող Անդամը ներկայացնում է գրավոր հաշվետվություն, որը էական տեղեկություններ է պարունակում Հիմնական փաստաթղթում ընդգրկված տարրերի վերաբերյալ:
12. Քարտուղարությունը նպատակ ունենալով դյուրացնել Կոմիտեում խորհրդակցությունների անցկացումը, պատրաստում է խորհրդակցությունների ծրագրի տարբեր բնագավառներին վերաբերող` փաստերի վրա հիմնված հիմնային փաստաթուղթ: Զարգացող Անդամ երկրների դեպքում Քարտուղարության փաստաթուղթը պարունակում է գործի էական նախադրյալները և վերլուծական համապատասխան նյութեր խորհրդակցող Անդամի վճարային հաշվեկշռի վիճակի և հեռանկարների վրա արտաքին առևտրային միջավայրի ունեցած ազդեցության ոլորտների վերաբերյալ: Զարգացող Անդամ-երկրի պահանջով Քարտուղարության տեխնիկական աջակցության ծառայություններն աջակցում են խորհրդակցությունների համար փաստաթղթերի պատրաստմանը:
Վճարային հաշվեկշռի շուրջ խորհրդակցությունների եզրակացություններ
13. Կոմիտեն իր խորհրդակցությունների մասին զեկուցում է Գլխավոր խորհրդին: Եթե կիրառվում են խորհրդակցությունների լրիվ ընթացակարգերը, ապա զեկուցագիրը պետք է մատնանշի Կոմիտեի եզրակացությունները խորհրդակցությունների ծրագրի տարբեր տարրերի վերաբերյալ, ինչպես նաև այն փաստերն ու պատճառները, որոնց վրա դրանք հիմնված են: Կոմիտեն ձգտում է իր եզրակացություններում ընդգրկել հանձնարարականների առաջարկություններ, որոնք նպատակ ունեն օժանդակելու 12-րդ հոդվածի և 18-րդ հոդվածի Բ կետի, 1979թ. Հայտարարագրի և սույն Փոխհամաձայնության իրականացմանը: Այն դեպքերում, երբ ներկայացվել է վճարային հաշվեկշռի նպատակներով ձեռնարկված սահմանափակող միջոցների վերացման ժամկետացանկ, Գլխավոր խորհուրդը կարող է առաջարկել, որ այդ ժամկետացանկի պահպանման դեպքում համարվի, որ Անդամը կատարում է ՄԱԳՀ-1994-ով սահմանված իր պարտավորությունները: Եթե Գլխավոր խորհուրդը հատուկ հանձնարարականներ է տալիս, ապա Անդամների իրավունքներն ու պարտավորությունները գնահատվում են այդ հանձնարարականներից ելնելով: Գլխավոր խորհրդի կողմից առաջարկությունների բացակայության դեպքում Կոմիտեի եզրակացություններում պետք է գրանցվեն Կոմիտեում արտահայտված տարբեր տեսակետները: Եթե կիրառվում են խորհրդակցությունների պարզեցված ընթացակարգեր, ապա զեկուցագիրը պարունակում է Կոմիտեում քննարկված հիմնական տարրերի ամփոփագիրն ու որոշումը խորհրդակցությունների լրիվ ընթացակարգի կիրառման անհրաժեշտության մասին:
Մաքսերի և առևտրի 1994թ. գլխավոր համաձայնագրի 24-րդ հոդվածի մեկնաբանության մասին փոխհամաձայնություն
Անդամները,
հաշվի առնելով ՄԱԳՀ-1994-ի 24-րդ հոդվածի դրույթները,
ընդունելով, որ մաքսային միությունների և ազատ առևտրի գոտիների թիվն ու կարևորությունը մեծապես աճել է` սկսած ՄԱԳՀ-1947-ի ստեղծումից, և այսօր դրանք ընդգրկում են համաշխարհային առևտրի զգալի մասը,
ընդունելով, որ այդպիսի համաձայնագրերի կողմերի տնտեսությունների ավելի սերտ միասնականացումը կարող է նպաստել համաշխարհային առևտրի ընդլայնման գործին,
ընդունելով նաև, որ այդ նպաստն աճում է, երբ բաղկացուցիչ տարածքների միջև տուրքերի և առևտրային գործունեությունը սահմանափակող այլ կանոնակարգումների վերացումը տարածվում է ամբողջ առևտրի վրա, և նվազում է, երբ առևտրի որևէ կարևոր ոլորտ դուրս է թողնվում,
վերահաստատելով, որ այդպիսի համաձայնագրերի նպատակը պետք է լինի բաղկացուցիչ տարածքների միջև առևտուրը դյուրացնելը և ոչ թե այդ տարածքների հետ այլ Անդամների առևտրի խոչընդոտների ավելացումը, և որ դրանց կազմավորման կամ ընդարձակման ժամանակ դրանց կողմերը պետք է հնարավոր առավելագույն չափով խուսափեն այլ Անդամների առևտրի վրա վնասակար ազդեցություններ ստեղծելուց,
համոզված նաև, որ կարիք կա մեծացնելու 24-րդ հոդվածի համաձայն ծանուցված համաձայնագրերի վերաքննության գործում Ապրանքների առևտրի խորհրդի ունեցած դերի արդյունավետությունը` նոր կամ ընդլայնված համաձայնագրերի գնահատման ընթացակարգերի և չափանիշների հստակեցման և 24-րդ հոդվածի բոլոր համաձայնագրերի թափանցիկության բարելավման միջոցով,
ընդունելով, որ 24-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված պարտավորությունների վերաբերյալ ընդհանուր հասկացողության կարիք կա,
սույնով համաձայնում են հետևյալի մասին.
1. Մաքսային միությունները, ազատ առևտրի գոտիները և մաքսային միության կամ ազատ առևտրի գոտու կազմավորման տանող միջանկյալ համաձայնագրերը 24-րդ հոդվածի հետ համապատասխանության մեջ լինելու համար պետք է այլոց թվում բավարարեն այդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերի դրույթներին:
Հոդված 24 կետ 5
2. Մաքսային միության կազմավորումից առաջ և հետո կիրառվող տուրքերի և առևտրային գործունեության այլ կանոնակարգումների ընդհանուր ընդգրկման գնահատումը 24-րդ հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետի համաձայն տուրքերի և վճարների մասով հիմնվում է մաքսային դրույքաչափերի կշռված միջինի և հավաքված մաքսատուրքերի ընդհանուր գնահատման վրա: Այդ գնահատումը հիմնվում է նախորդող հատկանշական ժամանակահատվածի համար ներմուծման վիճակագրության վրա, որը տրամադրում է մաքսային միությունը` ըստ մաքսային հոդվածների, ըստ քանակի և արժեքի տարանջատված ըստ ԱՀԿ ծագման երկրների: Քարտուղարությունը մաքսային դրույքաչափերի կշռված միջինն ու հավաքված մաքսատուրքը հաշվարկում է համաձայն Առևտրի բազմակողմ բանակցությունների Ուրուգվայի փուլում գործածված մաքսային առաջարկի գնահատման մեթոդաբանության: Այս նպատակով, որպես տուրքեր և վճարներ, հաշվի են առնվում տուրքի գործող դրույքաչափերը: Ընդունվում է, որ առևտրային գործունեության այլ կանոնակարգումների (որոնց համար դժվար է քանակական արտահայտություն տալն ու գումարելը) ընդգրկման ընդհանուր գնահատման նպատակով կարող է պահանջվել առանձին միջոցների, կանոնակարգումների, ընդգրկված արտադրանքների և ազդեցության ենթակա առևտրի հոսքերի քննություն:
3. 24-րդ հոդվածի 5-րդ կետի «գ» ենթակետում հիշատակված «ժամանակի պատշաճ տևողությունը» պետք է 10 տարին գերազանցի միայն բացառիկ դեպքերում: Այն դեպքերում, երբ միջանկյալ համաձայնագրի կողմ հանդիսացող Անդամները համարում են, որ 10 տարին բավականաչափ չէ, Ապրանքների առևտրի խորհրդին սպառիչ բացատրություն են տալիս ավելի երկար ժամանակահատվածի անհրաժեշտության վերաբերյալ:
Հոդված 24 կետ 6
4. 24-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանվում է ընթացակարգ, որը պետք է պահպանել, երբ մաքսային միություն կազմավորող Անդամը առաջարկում է բարձրացնել տուրքի ամրագրված դրույքաչափը: Այս առումով Անդամները վերահաստատում են, որ 28-րդ հոդվածով սահմանված ընթացակարգը, ինչպես այն մշակվել է 1980թ. նոյեմբերի 10-ին ընդունված ուղեցույցներում (BISD 27S/26-28) և ՄԱԳՀ-1994-ի 28-րդ հոդվածի մեկնաբանության մասին փոխհամաձայնության մեջ, պետք է սկսվի մինչև մաքսային միության կազմավորմամբ կամ մաքսային միության կազմավորմանը տանող միջանկյալ համաձայնագրով մաքսային զիջումների փոփոխումը կամ հանումը:
5. Այդ բանակցությունները կանցկացվեն բարեխղճորեն` նպատակ ունենալով հասնելու փոխադարձ բավարար փոխհատուցային կարգավորումների: Համաձայն 24-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջի` այդ բանակցություններում պատշաճ ուշադրություն է դարձվում մաքսային միության կազմավորման ժամանակ դրա մյուս մասնակիցների կողմից մաքսային նույն հոդվածի մասով կատարված տուրքերի նվազեցմանը: Եթե այդ նվազեցումները բավարար չլինեն անհրաժեշտ փոխհատուցային կարգավորում ապահովելու համար, ապա մաքսային միությունը կառաջարկի փոխհատուցում, որը կարող է լինել մաքսային այլ հոդվածների համար տուրքերի նվազեցման ձևով: Այդ առաջարկը հաշվի է առնվում այն Անդամների կողմից, որոնք փոփոխված կամ հանված ամրագրման մասով բանակցային իրավունք ունեն: Փոխհատուցային կարգավորումը չընդունվելու դեպքում բանակցությունները պետք է շարունակվեն: Եթե, չնայած այդ ջանքերին, բանակցությունների սկզբից հետո պատշաճ ժամանակահատվածի ընթացքում համաձայնություն չի կարող ձեռք բերվել ՄԱԳՀ-1994-ի 28-րդ հոդվածի մեկնաբանության մասին փոխհամաձայնությամբ մշակված 28-րդ հոդվածի համաձայն անցկացվող փոխհատուցային կարգավորումների շուրջ բանակցություններում, ապա մաքսային միությունն այնուամենայնիվ ազատ է փոփոխել կամ հանել զիջումները. այդ դեպքում տուժող Անդամներն ազատ են էականորեն համարժեք զիջումներ հանել համաձայն 28-րդ հոդվածի:
6. ՄԱԳՀ-1994-ով մաքսային միության կազմավորման կամ մաքսային միության կազմավորմանը տանող միջանկյալ համաձայնագրի արդյունքում կատարված տուրքերի նվազեցումից օգտվող Անդամների վրա դրա մասնակիցներին փոխհատուցային կարգավորումներ տրամադրելու պարտավորություն չի դրվում:
Մաքսային միությունների և ազատ առևտրի գոտիների վերաքննություն
7. Աշխատանքային խումբը քննության է առնում 24-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» ենթակետի համաձայն կատարված բոլոր ծանուցումները՝ հաշվի առնելով ՄԱԳՀ-1994-ի համապատասխան դրույթներն ու սույն Փոխհամաձայնության 1-ին կետը: Աշխատանքային խումբն Ապրանքների առևտրի խորհրդին զեկուցագիր է ներկայացնում այդ առնչությամբ ունեցած իր հայտնաբերումների վերաբերյալ: Ապրանքների առևտրի խորհուրդը կարող է անդամներին այնպիսի հանձնարարականներ տալ, ինչպիսիք որ նպատակահարմար է համարում:
8. Միջանկյալ համաձայնագրերի կապակցությամբ աշխատանքային խումբը կարող է իր զեկուցագրում համապատասխան առաջարկություններ տալ նախատեսված ժամկետների և այն միջոցների վերաբերյալ, որոնք պահանջվում են մաքսային միության կամ ազատ առևտրի գոտու կազմավորումն ավարտելու համար: Անհրաժեշտության դեպքում այն կարող է համաձայնագրի հետագա վերաքննություն նախատեսել:
9. Միջանկյալ համաձայնագրի կողմ հանդիսացող Անդամները Ապրանքների առևտրի խորհրդին ծանուցում են այդ համաձայնագրում ընդգրկված ծրագրի և ժամկետացանկի էական փոփոխությունների մասին, և Խորհուրդը քննության է առնում փոփոխությունները, եթե այդպես պահանջվում է:
10. Եթե 24-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» ենթակետի համաձայն ծանուցված միջանկյալ համաձայնագիրը, ի հակադրություն 24-րդ հոդվածի 5-րդ կետի «գ» ենթակետի, ծրագիր ու ժամկետացանկ չի պարունակում, ապա աշխատանքային խումբն իր զեկուցագրում այդպիսի ծրագիր ու ժամկետացանկ է առաջարկում: Կողմերը, կախված դեպքից, չեն պահպանում կամ ուժի մեջ չեն դնում այդ համաձայնագիրը, եթե պատրաստ չեն այն փոփոխել այդ առաջարկությունների համաձայն: Այդ դեպքում նախատեսվում է առաջարկությունների իրականացման հետագա վերաքննության անցկացում:
11. Ինչպես նախատեսել են ՄԱԳՀ-1947-ի Պայմանագրի կողմերը՝ ՄԱԳՀ-1947-ի Խորհրդին ուղղված տարածաշրջանային համաձայնագրերի մասին զեկուցումների վերաբերյալ իրենց հրահանգով (BISD 18S/38), մաքսային միությունները և ազատ առևտրի գոտիների մասնակիցներն Ապրանքների առևտրի խորհրդին պարբերաբար զեկուցում են համապատասխան համաձայնագրի գործողության մասին: Համաձայնագրերում կատարվող ցանկացած նշանակալի փոփոխության և(կամ) զարգացման մասին զեկուցվում է դրանց տեղի ունենալուն պես:
Վեճերի կարգավորում
12. 24-րդ հոդվածի՝ մաքսային միություններին, ազատ առևտրի գոտիներին կամ մաքսային միության կամ ազատ առևտրի գոտու կազմավորմանը տանող միջանկյալ համաձայնագրերին առնչվող դրույթների կիրառումից ծագող ցանկացած հարցի կապակցությամբ կարող են կիրարկվել Վեճերի կարգավորման փոխհամաձայնությամբ մշակված ու ըստ դրա կիրառվող՝ ՄԱԳՀ-1994-ի 22-րդ և 23-րդ հոդվածների դրույթները:
Հոդված 24 կետ 12
13. ՄԱԳՀ-1994-ի համաձայն՝ յուրաքանչյուր Անդամ ամբողջությամբ պատասխանատու է ՄԱԳՀ-1994-ի դրույթների պահպանման համար և ձեռնարկում է իրեն մատչելի պատշաճ միջոցներ՝ ապահովելու համար դրանց պահպանումն իր տարածքում եղած տարածաշրջանային և տեղական կառավարությունների և իրավասու մարմինների կողմից:
14. Անդամի տարածքում եղած տարածաշրջանային և տեղական կառավարությունների կամ իրավասու մարմինների ձեռնարկած այն միջոցների նկատմամբ, որոնք ազդում են իր կողմից դրանց պահպանման վրա, կարող են կիրարկվել Վեճերի կարգավորման փոխհամաձայնությամբ մշակված ու ըստ դրա կիրառվող՝ ՄԱԳՀ-1994-ի 22-րդ և 23-րդ հոդվածների դրույթները: Եթե Վեճերի կարգավորման մարմինը վճռում է, որ ՄԱԳՀ-1994-ի որևէ դրույթ չի պահպանվել, ապա պատասխանատու Անդամը ձեռնարկում է իրեն մատչելի պատշաճ միջոցներ՝ դրանց պահպանումն ապահովելու համար: Փոխհատուցմանը և զիջումների կամ այլ պարտավորությունների ժամանակավոր դադարեցմանը վերաբերող դրույթները կիրառվում են այն դեպքերում, երբ հնարավոր չի եղել երաշխավորել այդ պահպանումը:
15. Յուրաքանչյուր Անդամ հանձն է առնում բարյացակամ վերաբերմունք ցույց տալ մեկ այլ Անդամի կողմից առաջինի տարածքում ՄԱԳՀ-1994-ի գործողության վրա ազդող միջոցների առնչությամբ ներկայացված նյութերին վերաբերող խորհրդակցությունների նկատմամբ և համապատասխան հնարավորություն ստեղծել դրանց համար:
Մաքսերի և առևտրի 1994թ. գլխավոր համաձայնագրի պարտավորություններից ազատման մասին փոխհամաձայնություն
Սույնով Անդամները համաձայնում են հետևյալի մասին.
1. Ազատման կամ գոյություն ունեցող ազատումը երկարաձգելու պահանջի մեջ նկարագրվում են այն միջոցները, որոնք Անդամն առաջարկում է ձեռնարկել, քաղաքականության առանձին նպատակները, որոնց Անդամը ձգտում է հասնել, և այն պատճառները, որոնք Անդամին խանգարում են իր քաղաքականության նպատակներին հասնելու ՄԱԳՀ-1994-ով սահմանված իր պարտավորություններին համապատասխանող միջոցներով:
2. ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրը գործող ցանկացած ազատում դադարեցվում է, եթե իր սպառման օրը կամ ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից երկու տարի հետո, որը որ ավելի շուտ կլինի, այն չի երկարաձգվել համաձայն վերոհիշյալ և ԱՀԿ համաձայնագրի 9-ր հոդվածի ընթացակարգերի:
3. Վեճերի կարգավորման փոխհամաձայնությամբ մշակված և ըստ դրա կիրառվող ՄԱԳՀ-1994-ի 23-րդ հոդվածի դրույթները կարող է վկայակոչել յուրաքանչյուր Անդամի կողմից, որը համարում է, որ ՄԱԳՀ-1994-ով իրեն հասնող օգուտը վերացել կամ նվազել է՝
ա) այն Անդամի կողմից ազատման պայմանները չկատարելու հետևանքով, որին շնորհվել է ազատումը, կամ
բ) ազատման պայմաններին համապատասխանող միջոցի կիրառման հետևանքով:
Մաքսերի և առևտրի 1994թ. գլխավոր համաձայնագրի 28-րդ հոդվածի մեկնաբանության մասին փոխհամաձայնություն
Սույնով Անդամները համաձայնվում են հետևյալի մասին.
1. Զիջման փոփոխման կամ հանման նպատակներով, այն Անդամը, որն ունի զիջման ազդեցությանը ենթակա արտահանումների (այսինքն՝ զիջումը փոփոխող կամ հանող Անդամի շուկա արտադրանքի արտահանումների) ամենաբարձր հարաբերակցությունն իր ամբողջ արտահանման նկատմամբ, համարվում է մատակարարման հիմնական շահագրգռություն ունեցող, եթե այն արդեն առաջնային բանակցային իրավունք կամ մատակարարման հիմնական շահագրգռություն չունի համաձայն 28-րդ հոդվածի 1-ին կետի: Այնուամենայնիվ, համաձայնեցված է, որ ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հինգ տարի հետո Ապրանքների առևտրի խորհուրդը վերաքննելու է սույն կետը՝ նպատակ ունենալով որոշել՝ բավարար էր արդյոք այս չափանիշի գործողությունը փոքր և միջին չափի արտահանող Անդամների օգտին բանակցային իրավունքների վերաբաշխումը երաշխավորելու համար: Եթե դա այդպես չէ, ապա կդիտարկվեն բարելավումների հնարավորություններ՝ ներառյալ չափանիշ ընդունելը՝ ելնելով զիջման ազդեցությանը ենթակա արտահանումների և բոլոր շուկաներ խնդրո առարկա արտադրանքի արտահանումների հարաբերակցությունից՝ հաշվի առնելով համապատասխան տեղեկությունների մատչելիությունը:
2. Եթե անդամը համարում է, որ ինքը մատակարարման հիմնական շահագրգռություն ունի 1-ին կետի առումով, ապա նա պետք է իր հայցը օժանդակ ապացույցների հետ միասին գրավոր կերպով հաղորդի այն Անդամին, որն առաջարկել է փոփոխել կամ հանել զիջումը, և միաժամանակ տեղեկացնի Քարտուղարությանը: Այդ դեպքերում կիրառվում է 1980թ. նոյեմբերի 10-ին ընդունված «28-րդ հոդվածի համաձայն վարվող բանակցությունների ընթացակարգերի» (BISD 27S/26-28) 4-րդ կետը:
3. Որոշելու համար, թե որ Անդամներն ունեն մատակարարման հիմնական շահագրգռություն (համաձայն վերոհիշյալ 1-ին կետի կամ թե 28-րդ հոդվածի կետ 1-ի) կամ էական շահագրգռություն, հաշվի է առնվում միայն ազդեցության ենթակա արտադրանքի ԱԱԲ հիմունքով կատարված առևտուրը: Այնուամենայնիվ, ազդեցության ենթակա արտադրանքի առևտուրը, որը կատարվել է համաձայն ոչ պայմանագրային արտոնությունների, նույնպես հաշվի է առնվում, եթե խնդրո առարկա առևտուրը դադարել է օգտվել այդ արտոնյալ մոտեցումից զիջումի փոփոխման կամ հանման համար տարվող բանակցության ժամանակ այդպիսով դառնալով ԱԱԲ հիմունքով առևտուր, կամ կդադարի այդ բանակցության եզրափակմամբ:
4. Եթե մաքսային զիջումը փոփոխվում կամ հանվում է նոր արտադրանքի համար (այսինքն՝ մի արտադրանքի, որի համար երեք տարվա վիճակագրությունն առկա չէ), ապա համարվում է, որ Անդամը, որն առաջնային բանակցային իրավունք ունի այն մաքսային հոդվածի մասով, որով արտադրանքը դասակարգվում է կամ սկզբնապես դասակարգվել էր, առաջնային բանակցային իրավունք ունի տվյալ զիջման մասով: Մատակարարման հիմնական կամ էական շահագրգռությունը որոշելու և փոխհատուցումը հաշվարկելու համար այլոց թվում հաշվի են առնվում արտահանող Անդամ-երկրում ազդեցության ենթակա արտադրանքի մասով արտադրական կարողությունն ու ներդրումները և արտահանման աճի գնահատականները, ինչպես նաև ներմուծող Անդամ երկրում արտադրանքի պահանջարկի կանխատեսումները: Սույն կետի նպատակներով հասկացվում է, որ «նոր արտադրանքը» ներառում է մաքսային հոդված, որը ստեղծվել է գոյություն ունեցող մաքսային հոդվածից անջատվելու միջոցով:
5. Եթե Անդամը համարում է, որ ինքը մատակարարման հիմնական կամ էական շահագրգռություն ունի 4-րդ կետի առումով, ապա նա իր հայցը օժանդակ փաստարկների հետ միասին գրավոր կերպով հաղորդում է այն Անդամին, որն առաջարկել է փոփոխել կամ հանել զիջումը, և միաժամանակ տեղեկացնում է Քարտուղարությանը: Այդ դեպքերում կիրառվում է վերը նշված «28-րդ հոդվածի համաձայն վարվող բանակցությունների ընթացակարգերի» 4-րդ կետը:
6. Եթե անսահմանափակ մաքսային զիջումը փոխարինվում է սակագնային քվոտայով, ապա տրամադրվող փոխհատուցման չափը պետք է գերազանցի զիջման փոփոխումից փաստացիորեն ազդեցություն կրած առևտրի չափը: Փոխհատուցման հաշվարկի համար հիմք պետք է լինի այն չափը, որով ապագա հեռանկարային առևտուրը գերազանցում է քվոտայի մակարդակը: Հասկացվում է, որ ապագա հեռանկարային առևտրի հաշվարկը պետք է հիմնված լինի հետևյալներից ավելի մեծի վրա՝
ա) ամենավերջին հատկանշական երեք տարի ժամանակահատվածի միջին տարեկան առևտրի՝ մեծացված այդ նույն ժամանակահատվածում ներմուծումների միջին տարեկան աճի գործակցով կամ 10 տոկոսով, որը որ ավելի մեծ է, կամ՝
բ) ամենավերջին տարվա առևտրի՝ մեծացված 10 տոկոսով:
Անդամի փոխհատուցման պարտքը ոչ մի դեպքում չի գերազանցում այն փոխհատուցումը, որին կհանգեցներ զիջման ամբողջական հանումը:
7. Ցանկացած Անդամի, որը փոփոխված կամ հանված զիջման մասով մատակարարման հիմնական շահագրգռություն ունի համաձայն վերոհիշյալ 1-ին կետի կամ թե համաձայն 28-րդ հոդվածի 1-ին կետի, փոխհատուցային զիջումների մասով շնորհվում է առաջնային բանակցային իրավունք, եթե խնդրո առարկա Անդամները չեն համաձայնել փոխհատուցման այլ ձևի շուրջ:
Մաքսերի և առևտրի 1994թ. գլխավոր համաձայնագրի Մարաքեշի արձանագրություն
Անդամները,
համաձայն Ուրուգվայի փուլի մասին Նախարարական որոշման բանակցություններ իրականացնելով ՄԱԳՀ-1947-ի շրջանակներում,
սույնով համաձայնում են հետևյալի մասին.
1. Անդամին վերաբերող սույն Արձանագրությանը կից ժամանակացանկը, որը կհամարվի որպես ՄԱԳՀ-1994-ի կից ժամանակացանկ այն օրը, երբ ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այդ Անդամի համար:
2. Մաքսադրույքի նվազեցումը, որին համաձայնել է յուրաքանչյուր Անդամ, իրականացվում է դրույքաչափի հինգ հավասար նվազեցումների միջոցով՝ բացառությամբ Անդամի ժամանակացանկում այլ կերպ հատկանշվածի: Առաջին այդպիսի նվազեցումը ուժի մեջ է դրվում ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրը. յուրաքանչյուր հաջորդական նվազեցում ուժի մեջ է դրվում յուրաքանչյուր հաջորդական տարվա հունվարի 1-ին, և վերջնական դրույքաչափն ուժի մեջ է մտնում ոչ ուշ, քան ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից չորս տարի հետո՝ բացառությամբ Անդամի ժամանակացանկում այլ կերպ հատկանշվածի: Անդամը, որն ԱՀԿ համաձայնագիրն ընդունում է այն ուժի մեջ մտնելուց հետո, Համաձայնագիրն իր համար ուժի մեջ մտնելու օրն ուժի մեջ է դնում դրույքաչափի արդեն կատարված բոլոր նվազեցումներն այն նվազեցումների հետ միասին, որոնք նախորդ նախադասության համաձայն նա պարտավոր կլիներ ուժի մեջ դնել հաջորդող տարվա հունվարի 1-ին, և ուժի մեջ է դնում նախորդ նախադասությամբ հատկանշված ժամանակացանկի բոլոր մնացյալ նվազեցումները, եթե այլ բան չի նախատեսված իր ժամանակացանկում:Նվազեցված դրույքաչափը յուրաքանչյուր փուլում կլորացվում է մինչև առաջին տասնորդականը: Գյուղատնտեսության մասին համաձայնագրի 2-րդ հոդվածով սահմանված գյուղատնտեսական արտադրանքի համար նվազեցումների փուլային կատարումն իրականացվում է այնպես, ինչպես հատկորոշված է ժամանակացանկերի համապատասխան բաժիններում:
3. Սույն Արձանագրությունը կցված ժամանակացանկերում պարունակվող զիջումների և պարտավորությունների իրականացումը պահանջ ներկայացվելու դեպքում ենթակա է Անդամների կողմից բազմակողմ քննության: Սույնով վնաս չի հասցվում Անդամների ԱՀԿ համաձայնագրի 1Ա Հավելվածի համաձայնագրերով սահմանված իրավունքներին ու պարտավորություններին:
4. Այն բանից հետո, երբ սույն Արձանագրությանը կցված Անդամին վերաբերող ժամանակացանկը ՄԱԳՀ-1994-ի ժամանակացանկ է դառնում համաձայն 1-ին կետի դրույթների, այդ Անդամն ազատ է ցանկացած պահի ամբողջությամբ կամ մասամբ կասեցնել կամ հանել այդ ժամանակացանկի ցանկացած զիջում այն արտադրանքի մասով, որի համար հիմնական մատակարար է Ուրուգվայի փուլի որևէ այլ մասնակից, որի ժամանակացանկը դեռ ՄԱԳՀ-1994-ի ժամանակացանկ չի դարձել: Այդպիսի գործողություն, այնուամենայնիվ, կարող է ձեռնարկվել միայն զիջման, ցանկացած այդպիսի կասեցման կամ հանման մասին Ապրանքների առևտրի խորհրդին գրավոր ծանուցելուց և պահանջվելու դեպքում ցանկացած այն Անդամի հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո, որին վերաբերող ժամանակացանկը դարձել է ՄԱԳՀ-1994-ի ժամանակացանկ, և որը տվյալ արտադրանքի մասով էական շահագրգռվածություն ունի: Այդ կերպ կասեցված կամ հանված ցանկացած զիջում կիրառվում է այն օրը, երբ հիմնական մատակարարման շահագրգռություն ունեցող Անդամի ժամանակացանկը դառնում է ՄԱԳՀ-1994-ի ժամանակացանկ, և դրանից հետո:
5. ա) Առանց վնասելու Գյուղատնտեսության մասին համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետը, ՄԱԳՀ-1994-ի 2-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերում այդ Համաձայնագրի ժամկետի հիշատակման նպատակով յուրաքանչյուր արտադրանքի առնչությամբ, որը ենթակա է սույն Արձանագրությանը կցված զիջումների ժամանակացանկով սահմանված զիջումի, կիրառելի ժամկետ է սույն Արձանագրության ժամկետը:
բ) ՄԱԳՀ-1994-ի 2-րդ հոդվածի 6-րդ կետի «ա» ենթակետում այդ Համաձայնագրի ժամկետի հիշատակման նպատակով, սույն Արձանագրությանը կցված զիջումների ժամանակացանկ առնչությամբ կիրառելի ժամկետ է սույն Արձանագրության ժամկետը:
6. Ժամանակացանկերի 3-րդ Բաժնում պարունակվող ոչ մաքսային միջոցների մասով զիջումների փոփոխման կամ հանման դեպքերում կիրառվում են ՄԱԳՀ-ի 28-րդ հոդվածի և 1980թ. նոյեմբերի 10-ին ընդունված «28-րդ հոդվածի համաձայն վարվող բանակցությունների ընթացակարգերի» (BISD 27S/26-28) դրույթները: Սույնով չեն վնասվում Անդամների՝ ՄԱԳՀ-1994-ով սահմանված իրավունքներն ու պարտավորությունները:
7. Յուրաքանչյուր դեպքում, երբ սույն Արձանագրությանը կցված ժամանակացանկով որևէ արտադրանքի համար ավելի նվազ բարենպաստ վերաբերմունք է ստեղծվում, քան այդ արտադրանքի համար ՄԱԳՀ-1947-ի ժամանակացանկերում նախատեսված էր նախքան ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելը, համարվում է, որ այն Անդամը, որին վերաբերում է ժամանակացանկը, ձեռնարկել է համապատասխան գործողություն, որն այլապես անհրաժեշտ կլիներ համաձայն ՄԱԳՀ-1947-ի կամ ՄԱԳՀ-1994-ի 28-րդ հոդվածի: Սույն կետի դրույթները կիրառվում են միայն Եգիպտոսի, Պերուի, Հարավային Աֆրիկայի և Ուրուգվայի նկատմամբ:
8. Սույնին կցված ժամանակացանկերը վավերական են անգլերենով, ֆրանսերենով կամ իսպաներենով, ինչպես որ հատկորոշված է յուրաքանչյուր ժամանակացանկում:
9. Սույն Արձանագրության ժամկետն է 1994թ. ապրիլի 15-ը: