Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Սիրիայի Արաբական Հանրապետության գյուղատնտեսության և գյուղատնտեսական բարեփոխումների նախարարությունը (այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր)
առաջնորդվելով հավասարության և երկու երկրների ազգային շահերի նկատմամբ փոխադարձ շահավետության սկզբունքներով,
ցանկանալով ամրապնդել և զարգացնել երկկողմ համագործակցություն գյուղատնտեսության բնագավառում,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն գյուղատնտեսության բնագավառում տեխնիկական և առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, կաջակցեն երկու երկրների պետական և ոչ պետական կազմակերպությունների միջև կապերի հաստատմանը և կցուցաբերեն անհրաժեշտ աջակցություն համագործակցության մասնակիցներին՝ իրենց համագործակցության բոլոր մակարդակներում:
Հոդված 2
Պայմանավորվող կողմերը համագործակցությունը կիրականացնեն հետևյալ եղանակներով՝
- երկկողմանի գյուղատնտեսական առևտրի զարգացում,
- գյուղատնտեսական բնագավառի տեղեկատվության փոխանակում,
- գիտաշխատողների, մասնագետների և ստաժորների փոխանակում,
- սեմինարների և դասընթացների համատեղ կազմակերպում,
- համատեղ ձեռնարկությունների ստեղծման խրախուսում:
Հոդված 3
Սույն Համաձայնագրի Հոդված 1-ի իրագործման նպատակով, Պայմանավորվող կողմերը նախապատվություն կտան համագործակցությանը հետևյալ բնագավառներում՝
- գյուղատնտեսական մշակաբույսերի, պտղատու ծառերի (ներառյալ տոհմական և ցեղական արտադրության տեսակների և ազնվական տեսակների), ինչպես նաև երկու երկրներում օգտագործվող կարևորագույն սերմերի, տնկիների և սերմերի արտադրության տեխնոլոգիայի բնագավառում տեղեկատվություն և փորձի փոխանակում,
- բուսական արտադրության ուսումնասիրությունների բնագավառում փորձի փոխանակում,
- բույսերի հիվանդությունների դեմ պայքարի, ինչպես նաև երկու երկրներ ներմուծվող գյուղատնտեսական մթերքների նկատմամբ կիրառվող օրենսդրության և ստուգման կանոնների մասին տեղեկատվության փոխանակում,
- գյուղատնտեսական մեխանիզացիայի տեխնոլոգիաների բնագավառում փորձի փոխանակում,
- ոռոգման բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման և ջրերի օգտագործման մասին փորձի փոխանակում,
- անասնապահության, անասնապահական արտադրանքի ուսումնասիրությունների և կերարտադրության բնագավառում տեղեկատվության և փորձի փոխանակում,
- հիվանդությունների տարածման կանխարգելման մասին երկու երկրներում հրատարակվող տեղեկագրերի և ձեռնարկների փոխանակում,
- անասնապահական ստուգումների, միջոցառումների, համաճարակների դեմ պայքարի, ինչպես նաև պատվաստուկների, անասնապահական դեղերի արտադրության և լաբորատոր ախտորոշումների բնագավառում համագործակցություն և փորձի փոխանակում,
- գյուղատնտեսական հողերի օգտագործման, այն դասակարգելու, բարենորոգելու և պարարտացնելու բնագավառում փորձի փոխանակում,
- գյուղատնտեսական, բուսական և կենդանական ծագման արտադրանքի վաճառքի, արտադրական տեխնոլոգիաների բնագավառում փորձի փոխանակում:
Հոդված 4
Համագործակցության ընթացքում ձեռք բերված արդյունքների փոխանակումը մեկ այլ երրորդ կողմի պետք է իրականացվի Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ:
Ձեռք բերված արդյունքների փոխանցումը պետք է իրականացվի համաձայն Պայմանավորվող կողմերի համապատասխան օրենքների և կարգավորումների և միջազգային համաձայնագրերով սահմանված իրենց պարտավորությունների:
Հոդված 5
Պայմանավորվող Կողմերը կստեղծեն Համատեղ աշխատանքային խումբ, որը կմշակի գյուղատնտեսության բնագավառում համագործակցության ծրագրերն ու եղանակները և կհետևի նրանց իրականացմանը: Նիստերը հաջորդաբար կգումարվեն Հայաստանի Հանրապետությունում և Սիրիայի Արաբական Հանրապետությունում:
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պետք է հոգա Համատեղ աշխատանքային խմբում իր ներկայացուցիչների, ինչպես նաև տեխնիկական աշխատողների և մասնագետների գործուղումների հետ կապված ծախսերը:
Հոդված 6
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա ուժի մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Պայմանավորվող կողմերի միմյանց ծանուցման օրվանից:
Սույն Համաձայնագիրը կգործի հինգ տարի ժամկետով: Այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Պայմանավորվող կողմին գրավոր չի հայտնում այն վերափոխելու և դադարեցնելու իր մտադրության մասին:
Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:
Փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են առանձին Արձանագրություններով, հանդիսանում եմ սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով:
Հոդված 7
Համաձայնագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտում Համաձայնագրով նախատեսված այն աշխատանքների կամ ծառայությունների իրականացմանը, որոնք սկսվել, բայց չեն ավարտվել Համաձայնագրի գործողության դադարեցման պահին:
Ստորագրվել է Դամասկոս քաղաքում 2000 թվականի սեպտեմբերի 20-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Տեքստի մեկնաբանման հետ կապված տարաձայնությունների առաջացման դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն լեզվով տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի մայիսի 31-ից: