Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վրաստանի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
հենվելով երկու ժողովուրդների միջև բարեկամության պատմական արմատների վրա, հաշվի առնելով հայ-վրացական ավանդական կապերը,
գիտակցելով փոխադարձ շահագրգռվածությունը իրավահավասար համագործակցության մեջ, ձգտելով պահպանել և զարգացնել փոխշահավետ հարաբերությունները կրթության և գիտության ոլորտում,
ընդունելով իրենց փոխհարաբերություններում և հանրակրթական քաղաքականության մեջ համամարդկային արժեքների առաջնայնությունը,
դիտելով կրթության և գիտության պետական համակարգերը որպես արժեքային համակարգեր, որոնք նպաստում են երկու պետությունների քաղաքացիների լիարժեք զարգացմանը` անկախ նրանց ազգային պատկանելությունից, քաղաքական, կրոնական հայացքներից և համոզմունքներից,
արտահայտելով պատրաստակամություն գիտական, կազմակերպչամեթոդական և տեղեկատվական համագործակցության մեջ,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերը, իրենց ազգային օրենսդրություններին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, կզարգացնեն և կպահպանեն համագործակցությունը կրթության ոլորտում երկու պետությունների համապատասխան կազմակերպությունների և հաստատությունների միջև` իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա:
Հոդված 2
Կողմերը կհամախմբեն իրենց ջանքերը համագործակցության հետևյալ ուղղությունների վրա.
փորձի փոխանակում կրթության ոլորտում զարգացման, կառավարման և պլանավորման կարևորագույն բնագավառներում, այդ թվում` բարձրագույն կրթության ոլորտում,
մասնագետների պատրաստում` ուսանողների, ասպիրանտների, ստաժորների համարժեք փոխանակման հիման վրա, որոնք առաջնային են երկու Կողմերի համար,
գիտամանկավարժական կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում,
համատեղ գիտական հետազոտությունների իրականացում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հումանիտար, բնական, տեխնիկական, մանկավարժական գիտությունների և հատկապես երկու ժողովուրդների պատմական անցյալին վերաբերող ոլորտներում,
հումանիտար առարկաների գծով ուսումնական ծրագրերի և դասագրքերի բովանդակության համեմատում,
համագործակցության ընդլայնում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի մասնագետներին պատրաստելիս,
աջակցություն ուսումնական հաստատությունների միջև կապերի հաստատմանը և դրանց զարգացմանը միմյանց միջև անմիջական պայմանավորվածությունների հիման վրա:
Հոդված 3
Կողմերը պայմանավորվեցին կատարել անհրաժեշտ աշխատանք կրթության, որակավորման, գիտական աստիճանների և կոչումների մասին փաստաթղթերի ճանաչման հետ կապված հարցերը կարգավորելու համար:
Հոդված 4
Կողմերի դիվանագիտական ներկայացուցչությունների ծառայողների երեխաների ուսումնառության հարցը միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում քննարկվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին:
Հոդված 5
Կողմերը կարող են սահմանել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի քաղաքացիների, համապատասխանաբար, Վրաստանի և Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության պետական քվոտաներ: ՈՒսման համար վճարումը կիրականացվի ուղարկող Կողմի միջոցների հաշվին: Ընտրության, ընդունելության և ֆինանսավորման կարգը յուրաքանչյուր տարի որոշվում է առանձին արձանագրությամբ:
Հոդված 6
Կողմերից յուրաքանչյուրը չի առարկում մյուս Կողմի քաղաքացիների անհատական ընդունելությանը իր ուսումնական հաստատություններ` ընդունող Կողմի հաստատած կանոններին և ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգին համապատասխան:
Հոդված 7
Կողմերը կձգտեն կրթության բնագավառում միջազգային ծրագրերում և նախագծերում, սեմինարներին, գիտաժողովներին, դասախոսություններին և այլ միջոցառումներին գիտնականների համագործակցության ընդլայնմանը:
Հոդված 8
Կողմերը կաջակցեն բարձրագույն ուսումնական հաստատություններում հումանիտար, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում մանկավարժական աշխատանքի համար մասնագետների փոխանակմանը, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը:
Հոդված 9
Կողմերը կաջակցեն միջնակարգ և հանրակրթական դպրոցների, մասնագիտական տեխնիկական ուսումնարանների, բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը` հետևյալ ուղղություններով.
փորձի փոխանակում մանկավարժական գործունեության ոլորտում,
փորձի փոխանակում դասագրքերի և ծրագրերի, ուսումնական գործընթացի համակարգչավորման ծրագրերի մշակման ժամանակ,
գիտական տեղեկության փոխանակում,
համատեղ կրթական ծրագրերի մշակում,
մարզական պատվիրակությունների և գեղարվեստական ինքնագործ կոլեկտիվների փոխանակում,
ստեղծագործական մրցույթներ և առարկայական օլիմպիադաներ անցկացնելիս կապերի ընդլայնում,
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ընդհանուր գիտահետազոտական աշխատանքների կատարում:
Սույն հոդվածի սահմաններում փոխանակումը կիրականացվի պայմանագրային հիմքով, իսկ դրա ծավալները կսահմանվեն յուրաքանչյուր տարի` համագործակցող հիմնարկների ղեկավարների կողմից:
Հոդված 10
Կողմերը կկատարեն պատվիրակությունների ամենամյա փոխանակումներ կապերի ամրապնդման, աշխատանքային փորձի փոխանակման, հետագա համագործակցության քննարկման նպատակով, ինչպես նաև սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված խորհրդակցությունների անցկացման և ամենամյա արձանագրության նախապատրաստման հարցերում, որում կճշգրտվեն համագործակցության տարբեր ոլորտներում համարժեք փոխանակման քվոտաները, ստաժավորման ֆինանսական և այլ պայմանները:
Հոդված 11
Սույն Համաձայնագրի դրույթների կատարման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 12
Անհրաժեշտության դեպքում, փոխադարձ համաձայնությամբ, Կողմերը կարող են լրացնել կամ փոփոխել սույն Համաձայնագիրը: Փոփոխություններն ու լրացումները ուժի մեջ են մտնում 13-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգի համաձայն:
Հոդված 13
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումը հաստատող վերջին ծանուցման օրվանից և կգործի հինգ տարվա ընթացքում: Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակաշրջանով, եթե Կողմերից ոչ մեկը ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի մայիսի 3-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման նպատակով օգտագործվում է ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի սեպտեմբերի 29-ից:
