Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բուլղարիայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
առաջնորդվելով փոստի և հեռահաղորդակցության բնագավառում համագործակցությունը խրախուսելու ցանկությամբ, որը հիմնված կլինի բարենպաստ և արդար պայմանների վրա, երկու ժողովուրդների բարեկամական ավանդույթների ոգով,
ընդունելով, որ հաղորդակցությունները այս համագործակցության խթանման կարևոր միջոց են հանդիսանում,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև փոստային և հեռահաղորդակցության կապերը կհիմնվեն` համաձայն Համաշխարհային փոստային միության, միջազգային հեռահաղորդակցության միության, փոստի և հեռահաղորդակցության եվրոպական խորհրդաժողովի ակտերի և առաջարկությունների, համապատասխան ազգային օրենսդրությունների, ինչպես նաև սույն Համաձայնագրի հիման վրա:
Հոդված 2
Իրենց իրավասությունների սահմաններում Կողմերը կձեռնարկեն բոլոր միջոցները, որոնք ուղղված կլինեն երկու պետությունների միջև փոստային և հեռահաղորդակցության կապերի շարունակական զարգացմանը և կատարելագործմանը, ինչպես նաև դրանց հուսալիության և արդյունավետության ապահովմանը:
Հոդված 3
Կողմերը կխրախուսեն որևէ երրորդ երկրի համար նախատեսված կամ երրորդ երկրից փոստային ու հեռահաղորդակցության ծառայությունների և ռադիոհեռուստատեսային ծրագրերի հաղորդումը իրենց տարածքով երկու Կողմերի համար առավել բարենպաստ պայմաններով:
Հոդված 4
Տարերային աղետների և անհաղթահարելի ուժերի դեպքում Կողմերից յուրաքանչյուրը առաջնահերթորեն մյուսին կտրամադրի իր ազգային ցանցով և հեռահաղորդակցության միջոցներով հաղորդակցությունների տարածման հնարավորություն:
Հոդված 5
1. Կողմերը կիրագործեն համագործակցությունը`
- տեղեկատվության և փաստաթղթերի հիմնավորում,
- երկկողմ խորհրդակցություններ,
- փորձագետների և աշխատանքային խմբերի այցելություններ,
- մասնագետների փոխանակում,
- համագործակցության այլ եղանակներ:
2. Սույն Համաձայնագրով նախատեսված գործունեության հետևանքով առավել սերտ համագործակցության համար կառաջարկվեն կոնկրետ հարցեր` որպես երկու Կողմերի միջև հետագա համաձայնեցված գործողությունների դրսևորում:
3. Այս նպատակով, անհրաժեշտության դեպքում և փոխադարձ համաձայնության դեպքում, փոստային և հեռահաղորդակցության ձեռնարկությունների միջև կարող են կնքվել պայմանագրեր` նշելով համապատասխան ժամկետացանկը, ինչպես նաև այդ պայմանագրի կատարման և բարեհաջող իրագործման պատասխանատու ստորաբաժանումները ու անձանց:
Հոդված 6
Կողմերը պայմանավորվում են համագործակցել դիրքորոշման մշակման ընթացքում և փոխադարձ օժանդակություն ցուցաբերել փոստի և հեռահաղորդակցության բնագավառներում մասնագիտացված կազմակերպությունների խորհրդաժողովներին ու ֆորումներին մասնակցելու դեպքում:
Հոդված 7
Փոստային և հեռահաղորդակցության ծառայությունների ազգային մարմինների իրավասությանը վերաբերող ոլորտներում Կողմերը կիրագործեն անմիջական համագործակցություն հետևյալ հարցերի շուրջ.
- լիցենզիոն ռեժիմ հաստատող և ծառայություններն ազատականացնող ազգային օրենսդրական ակտերի զարգացում և կիրառում,
- հեռահաղորդակցության և փոստային սեկտորներում տնտեսական և ֆինանսական շուկայական սկզբունքների սահմանում (որոշում),
- ռադիոհաճախականությունների սպեկտորի օպտիմալ օգտագործում և այս ոլորտում տարիֆային սկզբունքների կիրառում,
- հեռահաղորդակցության տերմինալ սարքավորումների տիպերի հաստատում և այդ հաստատումների փոխադարձ ընդունում,
- ստանդարտացում,
- Կողմերի ազգային կարգավորիչ մարմինների կազմակերպումը, կառուցվածքը և գործառույթները,
- այլ հարցեր` փոխադարձ պայմանավորվածությամբ:
Հոդված 8
Փոստային և հեռահաղորդակցության շահագործման ոլորտում Կողմերը կաջակցեն օպերատորների միջև անմիջական համագործակցությանը և փոխհաշվարկների կատարմանը:
Հոդված 9
Փոստային և հեռահաղորդակցության սարքավորումների հետազոտման և նախագծման, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման ոլորտում Կողմերը կառաջարկեն և կաջակցեն անմիջական համագործակցություն համապատասխան մասնագիտացված հիմնարկների միջև:
Հոդված 10
Սույն Համաձայնագիրը չի ազդի Կողմերի իրավունքներին և պարտականություններին, որոնք բխում են նրանց` այլ երկկողմ կամ բազմակողմ միջազգային համաձայնագրերից:
Հոդված 11
1. Սույն Համաձայնագիրը լիազորված են իրականացնելու հետևյալ իրավասու մարմինները.
Հայաստանի Հանրապետության կողմից` փոստի և հեռահաղորդակցության նախարարությունը,
Բուլղարիայի Հանրապետության կողմից` փոստի և հեռահաղորդակցության կոմիտեն:
2. Իրավասու մարմինների հետ կապված որևէ փոփոխության դեպքում Կողմերը ժամանակին կտեղեկացնեն միմյանց այդ մասին:
Հոդված 12
Սույն Համաձայնագրով ձեռք բերված տեղեկությունը չի փոխանցվի որևէ երրորդ կողմի առանց այդ տեղեկությունը ներկայացրած Կողմի գրավոր համաձայնության:
Հոդված 13
Սույն Համաձայնագրի մեկնաբանման ու կիրառման ընթացքում ծագած բոլոր վեճերը Կողմերի միջև կլուծվեն անմիջական բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Հոդված 14
1. Կողմերից յուրաքանչյուրը կարող է սույն Համաձայնագրի վերաբերյալ գրավոր փոփոխություններ և լրացումներ առաջարկել, որոնք կհամաձայնեցվեն բանակցությունների միջոցով:
2. Նախորդ կետում նշված փոփոխություններն ու լրացումները ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 15-րդ հոդվածի 1-ին կետում նշված կարգով:
Հոդված 15
1. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի ծանուցումներից երկրորդի ստացման օրվանից, որով Կողմերը կտեղեկացնեն միմյանց իրենց ազգային օրենսդրությամբ նախատեսված` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերի կատարման մասին:
2. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կլինի 5 տարի ժամկետով` սկսած ուժի մեջ մտնելու ամսաթվից, որից հետո դրա գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի մեկ տարի ժամկետով, այնքան ժամանակ մինչև Կողմերից մեկը չտեղեկացնի մյուսին Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին յուրաքանչյուր ժամկետի լրանալուց 6 ամիս առաջ:
Հոդված 16
Սույն Համաձայնագրի կատարման վերաբերյալ երկու Կողմերի միջև թղթակցությունը կիրագործվի անգլերեն: Այդ կազմակերպությունների և ձեռնարկությունների միջև թղթակցության լեզուն կհաստատվի փոխադարձ համաձայնությամբ:
Կատարված է Երևան քաղաքում 1999 թվականի դեկտեմբերի 1-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բուլղարերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը նույնական են և հավասարազոր:
Մեկնաբանության ժամանակ տարակարծության դեպքում հիմք կհանդիսանա անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի հուլիսի 3-ից: