Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (23.02.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.02.14/2(100)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
23.02.1999
Ստորագրման ամսաթիվ
23.02.1999

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությունը (այսուհետև` «Նախարարություն») և Եվրոպական Համայնքների վիճակագրական գրասենյակը (այսուհետև` «Եվրոստատ»), անվանվելով «Կողմեր»,

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև 1996 թ. ստորագրված Գործընկերության և Համագործակցության Համաձայնագիրը (ԳՀՀ), մասնավորապես, վերջինիս վիճակագրության բնագավառում համագործակցությանը վերաբերող գլուխը,

 

Հաշվի առնելով, որ ԳՀՀ-ի համատեքստում, համագործակցությունը վիճակագրության բնագավառում պետք է ուղղված լինի արդյունավետ վիճակագրական համակարգերի հետագա զարգացմանը, վիճակագրական տվյալների տեղեկատվական և ծրագրա - տեխնոլոգիական համատեղելիությանը, արժանահավատ վիճակագրության ժամանակին տրամադրմանը, Կողմերի միջև տնտեսական համագործակցությանը և Հայաստանում տնտեսական բարեփոխման գործընթացին աջակցելու և մոնիթորինգ անցկացնելու, ինչպես նաև Հայաստանում մասնավոր ձեռնարկությունների զարգացմանը նպաստելու նպատակով,

 

Հաշվի առնելով, այս նպատակով, միջազգային և, մասնավորապես, համայնքի մեթոդներին, ստանդարտներին և դասակարգումներին համապատասխանեցման անհրաժեշտությունը և վիճակագրական տեղեկատվության համապատասխան փոխանակման կազմակերպման անհրաժեշտությունը` տվյալների բազաներ կառուցելու և/կամ օգտագործելու միջոցով, համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1.

ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Կողմերը սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան կհամագործակցեն արտաքին առևտրին վերաբերող վիճակագրական տեղեկությունների փոխանակման բնագավառում:

 

Հոդված 2.

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Սույն Համաձայնագրում ընդգրկված վիճակագրական տվյալների փոխանակման նպատակներն են.

- տրամադրել անհրաժեշտ տեղեկատվական աջակցություն նախարարությանը` նպատակ ունենալով` օգնելու ստեղծել պայմաններ և տրամադրել անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն ԳՀՀ-ի իրականացման համար,

- տրամադրել եվրոպական հաստատություններին և անդամ պետությունների կառավարություններին այնպիսի տեղեկատվություն, որը պահանջվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև տնտեսական հարաբերությունների ձևակերպման, մոնիթորինգի անցկացման և գնահատման համար, և մատչելի դարձնել Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վիճակագրությունը լայն հասարակայնությանը, գործարար և այլ տնտեսական ու սոցիալական շրջաններին Եվրոպական Միության շրջանակում:

 

Հոդված 3.

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

 

Սույն Համաձայնագրում նշված վիճակագրական տվյալները պարունակում են արտաքին առևտրի վերաբերյալ մանրամասն տվյալներ` ըստ սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող հավելված I-ում նշված ֆորմատի:

 

Հոդված 4.

ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ

 

Վիճակագրական տվյալների փոխանակման վերաբերյալ սույն Համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները կստացվեն Համատեղ վիճակագրական համագործակցության ծրագրից, որը հաստատվել է Նախարարության և Եվրոստատի միջև TACIS ծրագրի շրջանակում:

 

Հոդված 5.

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

Կողմերը միմյանց միջև կփոխանակեն անվճար հրատարակություններ և տվյալներ, որոնք վերաբերում են հավելված I-ում նշված արտաքին առևտրի տվյալների ցանկին:

 

Տվյալների փոխանակումը կիրականացվի եռամսյա հիմունքներով` համապատասխան համակարգչային աջակցության միջոցով:

 

Կողմերի միջև փոխանակված տվյալներն առաջին հերթին պետք է օգտագործվեն իրենց սեփական ներքին նպատակների համար: Հիշյալ տվյալների ցանկացած լրացուցիչ ներառումը հրատարակություններում, նախատեսված արտաքին տարածման համար, կպահանջեն երկու Կողմերի նախօրոք և ճշգրիտ համաձայնությունը և համապատասխան մեջբերում հրատարակության տեքստում:

 

Հոդված 6.

ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

Կողմերի միջև գործնական աշխատանքային կապերը կիրականացվեն նրանց կողմից նշանակված ներկայացուցիչների միջև: Սույն Համաձայնագիրն իրականացնելու և մոնիթորինգ անցկացնելու համար որոշումները կընդունվեն, որքանով որ դա հնարավոր է, երկու Կողմերից նշանակված ներկայացուցիչների կողմից:

Սույն Համաձայնագրի իրականացման և մեկնաբանման հետ կապված տարաձայնությունները կկարգավորվեն Կողմերի միջև խորհրդակցությունների միջոցով:

Անհրաժեշտության դեպքում որոշումները կընդունվեն Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի և Եվրոստատի գլխավոր տնօրենի կողմից:

 

Հոդված 7.

ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ

 

Փոխադարձ համաձայնությամբ Կողմերը կարող են փոփոխություններ և լրացումներ մտցնել Սույն Համաձայնագրի մեջ:

Փոփոխությունները և լրացումները կձևակերպվեն առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ կմտնեն սույն համաձայնագրի հոդված 8-ում նախատեսված կարգով և կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Հոդված 8.

ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ Կողմերի համար պարտադիր ընթացակարգերի մասին միմյանց ծանուցման օրվանից:

 

Հոդված 9.

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

Սույն համաձայնագիրը գործում է 5 տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հնգամյա ժամկետներով, եթե Կողմերից մեկը ընթացիկ ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ չծանուցի մյուսին Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Երևան քաղաքում, 23.02.1999 թվական,

 

Կատարված է Լյուքսեմբուրգ քաղաքում, 09.03.1999 թվական,

 

երկու օրինակից հայերեն և երկու օրինակից անգլերեն լեզուներով, ընդ որում, երկու լեզուներով տեքստերը հավասարազոր են:

 

Հայաստանի Հանրապետության
վիճակագրության, պետական
ռեգիստրի և վերլուծության
նախարարության կողմից`

Եվրոստատի կողմից`

 

Ստեփան Մնացականյան

իվ Ֆրանշե

 

ՀԱՎԵԼՎԱԾ I

 

Արտաքին առևտրի վերաբերյալ տվյալների ներկայացման համար օգտագործվելիք ֆորմատը հետևյալն է. ներկայացման համար սովորական միջոցը մագնիսական ժապավենն է կամ Ինտերնետ ցանցի էլեկտրոնային փոստը: Սովորական ֆորմատի ֆայլը սահմանափակված չէ: Օգտագործվելու է ASCII սիմվոլների հավաքածուն: Բացի ստորև նշված տեղեկատվությունից անհրաժեշտ է (տվյալների պատշաճ մեկնաբանության համար) մեզ տրամադրել տեղեկատվություն օգտագործվող մեթոդաբանության, գաղտնիության այն մեթոդների և կանոնների վերաբերյալ, որոնք օգտագործվում են ձեր կողմից:

 

Յուրաքանչյուր գրանցում պետք է ընդգրկի հետևյալ դաշտերը.

 

Ռեսպոնդենտի կոդը

Միշտ ISO կոդը

Հոսքը

I - ներմուծման համար, E - արտահանման համար,
R - վերաարտահանման համար

Տարին Օրինակ, 1996 թ.
Ժամանակահատվածը

01 (հունվարի) - 12 (դեկտեմբերի)` ամիսների համար
31 (I եռամսյակ) - 34 (IV եռամսյակ)` եռամսյակների համար

Ծագման երկիրը Այս դաշտն օգտագործվում է միայն ներմուծման և վերաարտահանման համար և մատնանշում է արտադրության (ծագման) երկիրը: Ծագման երկիրը պետք է կոդավորվի` օգտագործելով ISO կոդավորումը: Եթե օգտագործվում է այլ կոդավորում, խնդրվում է տրամադրել ձեր կոդավորումից ISO-ին անցնելու ֆայլը: Տես 1 և 2 օրինակները ստորև:
Նշանակման երկիրը Այս դաշտն օգտագործվում է միայն արտահանման և վերաարտահանման համար: Նշանակման երկիրը պետք է կոդավորվի` օգտագործելով ISO կոդավորումը: Եթե օգտագործվում է այլ կոդավորում, խնդրվում է տրամադրել ձեր կոդավորումից ISO-ին անցնելու ֆայլը: Տես 1 և 2 օրինակները ստորև:
Ապրանքի կոդը Ապրանքի ազգային կոդը վերցված է Ապրանքի Նկարագրման և Կոդավորման Հարմոնիզացված Համակարգից (ՀՀ): Շատ երկրներ օգտագործում են Համակցված Անվանացանկի (ՀԱ) կոդավորում, որը ՀՀ ընդլայնումն է:
Ծավալը Առևտրի ծավալը ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով (խնդրվում է նշել ձեր ընտրությունը ուղեկից նամակում)
Առաջին քանակական թիվը Առաջին և երկրորդ քանակական թվեր. այս երկու դաշտերը ցույց են տալիս ներմուծված, արտահանված կամ վերաարտահանված ապրանքների քանակությունը, սովորաբար օգտագործվում է միայն մեկ քանակական թիվ, սակայն որոշ դեպքերում` երկուսը: Դա միշտ լուծվում է ազգային մակարդակով, անգամ եթե առկա են միջազգային առաջարկություններ: Տես օրինակ 3-ը ստորև:
Առաջին քանակական միավորը Այս դաշտը ցույց է տալիս այն միավորը, որով արտահայտված է առաջին քանակական թիվը: Այստեղ նախընտրելի է օգտագործել ISO կոդավորումը (կգ, լիտր և այլն): Եթե օգտագործվում է ազգային կոդավորում, խնդրվում է տրամադրել ֆայլ բացատրություններով: Տես օրինակ 3-ը ստորև:
Երկրորդ քանակական թիվը Եթե առկա է այս դաշտը, այն ցույց է տալիս ներմուծվող, արտահանվող և վերաարտահանվող ապրանքների քանակությունը` արտահայտված երկրորդ քանակական միավորով, սովորաբար օգտագործվում է միայն մեկ քանակական թիվ, սակայն որոշ դեպքերում` երկուսը: Դա միշտ լուծվում է ազգային մակարդակով, անգամ, եթե առկա են միջազգային առաջարկություններ: Տես օրինակ 3-ը ստորև:
Երկրորդ քանակական միավորը Եթե առկա է երկրորդ քանակական թիվը, այս դաշտը ցույց է տալիս այն միավորը, որով արտահայտված է երկրորդ քանակական թիվը: Այստեղ նախընտրելի է օգտագործել ISO կոդավորումը (կգ, լիտր և այլն): Եթե օգտագործվում է ազգային կոդավորում, խնդրվում է տրամադրել ֆայլ բացատրություններով: Տես օրինակ 3-ը ստորև:

          

Օրինակներ

 

 Օրինակ 1

 

Հոսք = R (վերաարտահանում)

 

- Ծագման երկիր = FI

 

- Նշանակման երկիր = DE

 

Նշանակում է ֆիննական ծագում ունեցող ապրանքների վերաարտահանում Գերմանիա:

 

 Օրինակ 2

 

- Հոսք = E (արտահանում)

 

- Ծագման երկիր = (դատարկ դաշտը նշանակում է, որ ապրանքի ծագման երկիրը ձերն է)

 

- Նշանակման երկիր = DE

 

Նշանակում է ապրանքի սովորական արտահանում ձեր երկրից Գերմանիա:

 

 Օրինակ 3. քանակություն ԵՄ առևտրում`

 

- «Կարտոֆիլի» համար օգտագործվում է միայն առաջին քանակական թիվը` կգ,

- «Կենդանի կենդանիների» համար առաջին քանակական միավորը կգ է, և երկրորդ քանակական միավորը` կետերի թիվը,

- «Գինիների» և այլ ալկոհոլային խմիչքների համար առաջին քանակական միավորը կգ է, և երկրորդ քանակական միավորը` լիտր: Սակայն, «Ոգելից ալկոհոլային խմիչքների» համար երկրորդ քանակական միավորը լիտր է` զուտ (100 %) ալկոհոլով: