ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 07-2481 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2074/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան | |
Դատավորներ՝ Վ. Ավանեսյան Գ. Մատինյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Տ. Պետրոսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
|
Ե. Խունդկարյանի | |
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի ապրիլի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մկրտիչ Օհանյանի բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի թիվ 07-2481 վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հովհաննես Օհանյանը պահանջել է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Մարաշ» տարածքային ստորաբաժանմանը պարտավորեցնել 23.08.1991 թվականին տրված թիվ 4-3122 ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն կատարել իրավունքների պետական գրանցում և Երևանի Այգեստան 6-րդ փողոցի 34/2 հասցեի վերաբերյալ տրամադրել սեփականության իրավունքի գրանցման վկայական:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 17.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.07.2007 թվականի թիվ 07-2481 վճռով հայցը բավարարվել է:
Դիմելով դատարան Մկրտիչ Օհանյանը պահանջել է նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 23.07.2007 թվականի թիվ 07-2481 վճիռը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան)10.07.2008 թվականի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքներով հարուցվել է դատական ակտի վերանայման վարույթ և կասեցվել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի վճռի կատարումը:
Դատարանի 11.09.2008 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է մինչև Մկրտիչ Օհանյանի իրավահաջորդության հարցի լուծումը:
Դատարանի 16.01.2009 թվականի որոշմամբ՝ հիմք ընդունելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.12.2008 թվականի ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի պահանջները, հարուցված վարույթը փոխանցվել է Վճռաբեկ դատարան:
Վճռաբեկ դատարանի 18.02.2009 թվականի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ, բողոքի վարույթը վերսկսվել է և Մկրտիչ Օհանյանը փոխարինվել է իրավահաջորդ Հովսեփ Օհանյանով:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մկրտիչ Օհանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հովհաննես Օհանյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Մկրտիչ Օհանյանը թիվ 07-2481 քաղաքացիական գործին մասնակից չի դարձվել, ինչի հետևանքով վիճելի հասցեի տնատիրության 16,0քմ և 6,0քմ մակերեսներով շինությունների նկատմամբ նրա սեփականության իրավունքի առկայության վերաբերյալ փաստը դատարանին հայտնի չի եղել: Այդ փաստը սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք է, իսկ վիճարկվող դատական ակտով խախտվել է Մկրտիչ Օհանյանի սեփականության իրավունքը: Նշված գործով վճիռների մասին բողոք բերած անձին հայտնի է դարձել կադաստրի 03.07.2008 թվականի գրությունից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերանայել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի թիվ 07-2481 վճիռը` Հովսեփ Օհանյանին ներգրավել գործին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Մկրտիչ Օհանյանը բողոքարկվող դատական ակտի դեմ գործին մասնակից դարձված չլինելու հիմքով դեռևս 23.08.2007 թվականին վճռաբեկ բողոք է ներկայացրել, որն էլ Վճռաբեկ դատարանի 18.09.2008 թվականի որոշմամբ վերադարձվել է:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի թիվ 07-2481 վճռով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Մարաշ» տարածքային ստորաբաժանմանը պարտավորեցվել է կատարել իրավունքների պետական գրանցում և Երևանի Այգեստան 6-րդ փողոցի 34/2 հասցեի վերաբերյալ Հովհաննես Օհանյանին սեփականության իրավունքի գրանցման վկայական տրամադրել` համաձայն 23.08.1991 թվականին տրված թիվ 4-3122 ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի:
Վճռի հիմքում դատարանը դրել է այն հանգամանքները, որ Հովհաննես Օհանյանը տիրապետում և օգտագործում է գույքն այն չափերով, ինչ ստացել է ժառանգությամբ և վիճելի հասցեում գտնվող հողամասը համատեղ սեփականություն չէ (գ.թ. 10-11):
2) Բողոք բերած անձը որպես նոր երևան եկած հանգամանք է մատնանշել Երևան քաղաքի Այգեստան փողոցի 34/3 հասցեի տնատիրության 16,0քմ և 6,0քմ մակերեսներով շինությունների նկատմամբ իր սեփականության իրավունքի առկայության փաստը (գ.թ. 3-7):
3) Երևան քաղաքի Մյասնիկյանի ժողդատարանի 10.10.1991 թվականի թիվ 2-407 վճռով ճանաչվել է Մկրտիչ Օհանյանի սեփականության իրավունքը Այգեստան փողոցի 34 տան ըստ հատակագծի թիվ 6 16քմ մակերեսով սենյակի և թիվ 5 6քմ մակերեսով միջանցքի նկատմամբ: Նշված վճռի հիման վրա Մկրտիչ Օհանյանին 20.05.1993 թվականին տրվել է սեփականության վկայագիր (գ.թ. 20-21):
4) Բողոք բերած անձը բողոքարկվող դատական ակտի դեմ 23.08.2007 թվականին դատավարական իրավունքի խախտման հիմքով վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 18.09.2008 թվականի որոշմամբ վերադարձվել է, իսկ նոր երևան եկած հանգամանքներով դիմումը ներկայացրել է 08.07.2008 թվականին (գ.թ. 35-39, 3):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի վճիռը պետք է թողնել օրինական ուժի մեջ, իսկ բողոքը՝ առանց բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ
1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ
2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և
3. այդ հանգամանքներն էական նշանակություն ունեն գործի լուծման համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար, յուրաքանչյուր գործով նոր երևան եկած հանգամանքների էական լինելը որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն, թե արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե՝ ոչ:
Սույն գործով որպես նոր երևան եկած հանգամանք մատնանշվել է Երևան քաղաքի Այգեստան փողոցի 34/3 հասցեի տնատիրության 16,0քմ և 6,0քմ մակերեսներով շինությունների նկատմամբ բողոք բերած անձի սեփականության իրավունքի առկայության փաստը, որը դատարանին հայտնի չի եղել:
Վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի թիվ 07-2481 վճռի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռի հիմքում դրվել են հետևյալ հանգամանքները` Հովհաննես Օհանյանը տիրապետում և օգտագործում է գույքն այն չափերով, ինչ ստացել է ժառանգությամբ, և վիճելի հասցեում գտնվող հողամասը համատեղ սեփականություն չէ: Վճիռը վերաբերում է Հովհաննես Օհանյանի և կադաստրի փոխհարաբերություններին, իսկ բողոք բերած անձի մատնանշած 16,0քմ և 6,0քմ մակերեսներով շինությունների պատկանելության վերաբերյալ հարց վճռով չի լուծվել: Հետևաբար, նշված շինությունները սեփականության իրավունքով բողոք բերած անձին պատկանելու հանգամանքը սույն գործի լուծման համար էական նշանակություն չունի և չի կարող հիմք հանդիսանալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելու համար:
Բացի այդ, բողոքարկվող դատական ակտի կայացման ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2281-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքով վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել այդ հանգամանքն ի հայտ գալու պահից եռամսյա ժամկետում:
Սույն գործի փաստերի համաձայն` բողոք բերած անձը բողոքարկվող դատական ակտի դեմ դեռևս 23.08.2007 թվականին դատավարական իրավունքի խախտման հիմքով վճռաբեկ բողոք է բերել, իսկ նոր երևան եկած հանգամանքներով դիմումը ներկայացրել է 08.07.2008 թվականին: Վերոգրյալից հետևում է, որ բողոք բերած անձը, բողոքարկվող դատական ակտի դեմ 23.08.2007 թվականին վճռաբեկ բողոք բերելով, իմացել է բողոքարկվող դատական ակտի մասին, սակայն բողոքը բերել է այդ ժամանակ գործող օրենքով սահմանված եռամսյա ժամկետից ուշ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում բողոք բերած անձի փաստարկն այն մասին, թե բողոքարկվող դատական ակտի մասին նրան հայտնի է դարձել միայն կադաստրի 03.07.2008 թվականի գրությունից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20418 -րդ, 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Ս. Սարգսյան Տ. Պետրոսյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Է. Հայրիյան Ե. Սողոմոնյան
Նախագահող`
Դատավորներ`
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|