ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2009 թվականի N 921-Ն
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցությունը գնահատում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. օգոստոսի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 13-ի N 921-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման առարկան, նպատակն ու ընթացակարգը:
2. Բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումը նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավոր փոփոխությունների վերլուծությունն է` նպատակ ունենալով կանխորոշելու, կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու տվյալ իրավական ակտի կիրառման դեպքում շրջակա միջավայրի վրա դրա բացասական ազդեցությունը:
3. Բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումը պարտադիր է օրենքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության տարեկան ծրագրով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի համար:
4. Բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման ընթացքում դիտարկվում է նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքում դրա ազդեցությունը`
1) շրջակա միջավայրի օբյեկտների` մթնոլորտի, ջրային ռեսուրսների, հողի, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում` անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների վրա.
2) բնական ռեսուրսների արդյունավետ, համալիր և խելամիտ օգտագործման տեսանկյունից:
5. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված դիտարկումն ըստ շրջակա միջավայրի օբյեկտների կատարվում է բնապահպանական օրենսդրության պահանջների շրջանակներում` հետևյալ ուղղություններով`
1) ազդեցությունը մթնոլորտային օդի վրա.
2) ազդեցությունը ջրային ռեսուրսների որակի և քանակի վրա.
3) ազդեցությունը հողերի որակի վրա.
4) ազդեցությունը կլիմայի վրա.
5) ազդեցությունը կենսաբազմազանության, բուսական և կենդանական աշխարհի ու լանդշաֆտների վրա.
6) թափոնների գոյացումը.
7) ազդեցությունը բնական ռեսուրսների օգտագործման վրա.
8) բնապահպանական ռիսկերի հավանականությունը և աստիճանը.
9) նախատեսվող տնտեսական գործունեության ազդեցությունը:
6. Բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման ընթացքում դիտարկվում է նաև նորմատիվ իրավական ակտի նախագծի համապատասխանությունը բնապահպանության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին, նորմերին, կանոններին և պահանջներին:
7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը սահմանված ժամկետում (15 օր, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի համար` 5 օր) գնահատում է ազդեցությունը և դրա վերաբերյալ կազմում բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացություն:
8. Բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը ներառում է`
1) կարգավորման արդյունքները` հաշվի առնելով սույն կարգի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով ամրագրված դրույթները.
2) նախատեսվող իրավական ակտի չընդունման դեպքում` բնապահպանության բնագավառի վրա ազդեցության գնահատման արդյունքները.
3) այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից կատարված հաշվարկների ու հետազոտությունների հիման վրա առաջարկվում է բնապահպանության բնագավառի կարգավորման առավել բարենպաստ տարբերակ, այդ տարբերակը` համապատասխան հիմնավորումներով.
4) այն դեպքում, երբ ներկայացված նորմատիվ իրավական ակտի նախագծով նախատեսվում է մշակել հայեցակարգեր, ծրագրեր, համալիր սխեմաներ, գլխավոր հատակագծեր, տարածքային պլանավորման փաստաթղթեր և պաշարների համալիր օգտագործման սխեմաներ, եզրակացությունը ներառում է տվյալ իրավական ակտի նախագծի` բնապահպանական պետական փորձաքննության ենթակա լինելու պահանջը` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
5) նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետևանքները գնահատելու ժամանակացույցը.
6) բնապահպանության բնագավառում վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծությունները` սույն կարգի 6-րդ կետին համապատասխան:
9. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի և սույն կարգի պահանջներին համապատասխան տրված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությամբ ամրագրված առաջարկություններն ու պահանջները հաշվի են առնվում նախագիծը մշակող մարմնի կողմից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |