ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2009 թվականի N 853-Ն
«ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ» ԲՆԱԿԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 312 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» ենթակետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ի մասի պահանջներից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զորաց քարեր» հուշարձանախումբը կարիք ունի հատուկ ուսումնասիրման և պահպանական պայմանակարգի (ռեժիմի) սահմանման, ինչը հնարավորինս անաղարտ կպահպանի հուշարձանախումբը և կապահովի դրա նպատակային օգտագործումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց և հաստատել դրա կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Ստեղծել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց» մասնաճյուղ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման մեջ փոփոխություն կատարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 312-Ն որոշման N 1 հավելվածի ցանկը 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19-րդ կետով.
«19. «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոց»:
4. Սահմանել, որ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի պահպանման և շահագործման ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` 4-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածին համապատասխան` ապահովել «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի հողատարածքների սահմանների ճշգրտման, նկարագրման աշխատանքների կատարումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Սիսիան քաղաքի և հարակից համայնքների հողօգտագործման ժամանակավոր սխեմաների փոփոխության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ» ԲՆԱԿԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցը (այսուհետ` արգելոց) ստեղծվում է «Զորաց քարեր» հուշարձանախմբի հատուկ ուսումնասիրման և պահպանական պայմանակարգի (ռեժիմի) սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչը հնարավորություն կտա նաև ապահովել հուշարձանախմբի հնարավորինս անաղարտ պահպանությունը և դրա նպատակային օգտագործումը: Արգելոցը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի վարչական տարածքում:
2. Արգելոցի ստեղծման նպատակներն են`
1) հուշարձանի բնապատմական միջավայրի պատմամշակութային հողերի և դրանց հարող տեղանքապատկերների (լանդշաֆտների) հնարավորինս անաղարտ պահպանումը.
2) «Զորաց քարեր» բնակատեղի» հնագիտական հուշարձանից հայտնաբերված և այդ հուշարձանին վերաբերող մշակութային արժեքների պահպանումը, ուսումնասիրումը, ինչպես նաև նպատակային օգտագործումը.
3) գիտաճանաչողական զբոսաշրջության զարգացման նախադրյալների ստեղծումը և բնակչության մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի ձևավորումը:
3. Արգելոցի անվանումն է`
հայերեն լրիվ` «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց
հայերեն կրճատ` «Զորաց քարեր» արգելոց
ռուսերեն` Историко-културный заповедник «Зорац карер»
ռուսերեն կրճատ` Заповедник «Зорац карер»
անգլերեն լրիվ` Historical and cultural preservaition of «Zorats karer settlement»
անգլերեն կրճատ` Preservaition of «Zorats karer»
II. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՐԳԸ (ՌԵԺԻՄԸ)
4. Արգելոցի տարածքում արգելվում է`
1) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունը` բացառությամբ արգելոցի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության.
2) մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը` թույլատրված ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.
3) երկրաբանահետախուզական աշխատանքները, որոնք ուղեկցվում են փորձնական հանույթներով, մակաբացումներով, պայթեցումներով և բնապատմական միջավայրը խախտող այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ.
4) օգտակար հանածոների մշակումը, հանքաշերտերի, հանքաելուստների և լեռնատեսակների ելքերի շահագործումը.
5) բույսերի, ծաղիկների ու սերմերի մթերումը, անասունների արածեցումը, բուսածածկի այլ խախտումներ.
6) թունաքիմիկատների օգտագործումը.
7) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում, աղճատում, նսեմացնում է արգելոցի բնապատմական համակարգերը, հնագիտական հուշարձանները կամ սպառնում գիտական և (կամ) մշակութային արժեքի պահպանությանը:
5. Մուտքն արգելոցի տարածք թույլատրվում է`
1) գիտահետազոտական աշխատանքների կատարման, ինչպես նաև արգելոցի գործունեության հետ կապված այցելությունների.
2) կանոնակարգված, գիտաճանաչողական զբոսաշրջության համար:
III. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
6. Արգելոցի պահպանությունը, ուսումնասիրությունը, օգտագործումը և հանրահռչակումն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց» մասնաճյուղը:
7. Արգելոցի տարածքում գտնվող հուշարձաններին և դրանց բնապատմական միջավայրին առնչվող աշխատանքները համաձայնեցվում են պետական լիազոր մարմնի հետ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |