ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 1996 թվականի N 356
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1970 թվականի ապրիլի 17-ի «Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրության կանոնադրությունը հաստատելու մասին» N 201, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության մասին» N 247 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության մասին» N 84 որոշումները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը (այսուհետև` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է համակարգի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
2. Նախարարությունը պատասխանատվություն է կրում ոլորտում տիրող վիճակի և դրա հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական և կառուցվածքային քաղաքականության, շուկայական հարաբերությունների ծավալման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ստեղծման, ոլորտում սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի և իր անվամբ կնիք:
II. Նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթները
4. Նախարարության հիմնական խնդիրներն են`
ա) մշակույթի, մշակութային արժեքների և հուշարձանների պահպանության, արվեստի, սպորտի և երիտասարդության ոլորտներում Հայաստանի Հանրապետության միասնական պետական քաղաքականության իրականացումը և դրա կենսագործման նկատմամբ վերահսկողությունը.
բ) համակարգի ոլորտների սոցիալ-տնտեսական զարգացման ամենամյա, հեռանկարային և նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման ապահովումը.
գ) հայ երաժշտական թատերական արվեստի, կերպարվեստի ոլորտների գործունեությունը բարելավող միջոցառումների մշակումը.
դ) թատրոնի, երաժշտության, դրամատուրգիայի և արվեստի մյուս բնագավառներում լիարժեք գեղարվեստական արժեքների մարմնավորմանը նպաստող պայմանների ստեղծումը և դրանց լավագույն նվաճումների տարածումը.
ե) համաշխարհային և ազգային մշակութային հարստությանը, մարզական կյանքին հաղորդակցվելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնակչության համար բարենպաստ պայմանների և հնարավորությունների ապահովումը.
զ) մասնակցությունը նախարարության իրավասության ոլորտների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի նախագծերի մշակմանը.
է) համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության համար տեղեկատվական, մեթոդական և հրահանգչական նյութերի ապահովումը.
ը) հատկացված բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման ապահովումը.
թ) մասնակցությունը մշակույթի գծով պետական պատվերների նախագծերի մշակմանը.
ժ) համագործակցությունը մշակույթի, մշակութային արժեքների և հուշարձանների պահպանությանը, արվեստին, սպորտին և երիտասարդությանն առնչվող հարցերով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ.
ի) համակարգում որակյալ մասնագետների պատրաստման, որակավորման բարձրացման հեռանկարային և կարճաժամկետ ծրագրերի մշակումը:
5. Իր հիմնական խնդիրներին համապատասխան նախարարությունը`
ա) ստեղծում և ամրապնդում է մշակույթի ու արվեստի բոլոր ճյուղերի ազատ զարգացման, ստեղծագործական և կազմակերպչական-տնտեսական ինքնուրույնության երաշխիքներ.
բ) կազմակերպում է պատմամշակութային և գեղարվեստական ցուցահանդեսներ, փառատոններ և այլ մշակութային միջոցառումներ.
գ) ապահովում է պետական օժանդակություն հայ արվեստի արտասահմանյան փառատոններին և կինոշուկաներին մասնակցության համար.
դ) (ենթակետը հանվել է 16.04.98 N 184)
ե) (ենթակետը հանվել է 16.04.98 N 184)
զ) (ենթակետը հանվել է 16.04.98 N 184)
է) (ենթակետը հանվել է 16.04.98 N 184)
դ) կազմակերպում և վերահսկում է պատմամշակութային շարժական և անշարժ արժեքների պահպանումը, վերականգնումը և օգտագործումը.
ե) վերահսկում է մշակութային արժեքների արտահանումն ու ներմուծումը, մշակութային արժեքների ապօրինի արտահանումը, ներմուծումը` այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխելու նպատակով.
զ) իրականացնում է պետական թանգարանների և գրադարանների ղեկավարումը, կենտրոնացնում դրանց վերաբերող տեղեկատվությունը:
Կազմակերպում է թանգարանային արժեքների վերականգնումը, ստեղծում, վերակազմավորում և լուծարում է թանգարաններն ու գրադարանները.
է) ձևավորում և ընդլայնում է թանգարանների, պատկերասրահների և գրադարանների ֆոնդերը, նպաստում դրանց արդյունավետ օգտագործմանը.
ը) մշակում և գործնականում ներդնում է բնակչության ֆիզիկական դաստիարակության և մարզիկների պատրաստման գիտականորեն հիմնավորված համակարգը.
թ) հանրապետությունում կազմակերպում է սպորտային առաջնություններ և միջազգային մրցաշարեր.
ժ) ապահովում է աշխարհի, Եվրոպայի և միջազգային պաշտոնական առաջնություններին Հայաստանի ազգային հավաքական թիմերի մասնակցությունը.
ի) իրականացնում է հանրապետության մարզադպրոցների (անկախ դրանց ենթակայությունից) գործունեության համադասումը, մեթոդական օգնություն է ցուցաբերում դրանց.
լ) այլ գերատեսչությունների հետ համատեղ մշակում է ուսումնական հաստատություններում ֆիզիկական դաստիարակության ուսումնական ծրագրեր.
խ) ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում սահմանված կարգով շնորհում է մարզական կոչումներ.
ծ) ուսումնասիրում է հայ երիտասարդության սոցիալ-տնտեսական հիմնահարցերը, հոգևոր և ֆիզիկական դաստիարակության խնդիրները.
կ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում երիտասարդության սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող համապատասխան օրենսդրական ակտերի նախագծեր.
հ) ստեղծում և ընդլայնում է արտասահմանյան, այդ թվում` սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների հետ կապերը:
(5-րդ կետը փոփ., լրաց. 16.04.98 N 184)
III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը
6. Նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման հանրապետական մարմնի ու դրան ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ամբողջությունը:
7. Նախարարությունը ոլորտին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավասության սահմաններում, չխախտելով ենթակա պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը: Նախարարությունը մյուս նախարարությունների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն միջճյուղային հարցերի մշակման ու լուծման հետ:
8. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է ոլորտի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:
Նախարարությունը համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմնում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:
9. Նախարարությունը`
ա) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է պետական կառավարման մյուս հանրապետական մարմնի, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.
բ) մյուս նախարարությունների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, արձակում է հրամաններ և հրահանգներ.
գ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ոլորտում, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.
դ) սահմանված կարգով մասնակցում է նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.
ե) իր իրավասության սահմաններում կասեցնում, վերացնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմնի, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ընդունած հրամաններն ու հրահանգները.
զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
10. Նախարարությունը ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա, աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:
11. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:
12. Նախարարը`
ա) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար.
բ) սահմանում է նախարարի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի ու նախարարության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը նախարարության համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմնի, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության համար.
գ) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.
դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.
ե) հավանություն է տալիս նախարարության համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմնի կանոնադրության նախագծին.
զ) հաստատում է նախարարության վարչությունների, բաժինների, նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.
է) առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների թվաքանակը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի կազմը.
ը) կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.
թ) կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հետ.
13. Նախարարի բացակայության ժամանակ նրա հանձնարարությամբ նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը:
14. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, նախարարության այլ ղեկավար աշխատողներ:
15. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի զարգացման հիմնական հարցերը և նախարարության գործունեության այլ հարցեր, քննարկում է համակարգի, պետական կառավարման մյուս հանրապետական մարմնի, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է նախարարության վարչությունների և բաժինների, նախարարության համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմնի, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամանով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը, այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:
16. Նախարարությունը ոլորտում կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացում, տեղեկատվության հավաքում, մշակումը և տարածումը, զարգացնում և կոորդինացնում է համագործակցությունն այլ երկրների հետ:
17. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ոլորտում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարականներ մշակելու համար նախարարությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ բաղկացած մասնագետներից, օտարերկրյա գիտական փորձագետներից, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է նախարարը:
18. Նախարարությունը մասնակցում է բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում է համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները:
19. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկությունների հիմնարկներն ու կազմակերպությունները:
(19-րդ կետը փոփ. 17.06.97 N 244)
20. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին պետական սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկություններ հիմնադրելու և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար:
21. Նախարարությունը համաձայնություն է տալիս համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բաժանմունքների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների տեղաբաշխման համար:
22. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար:
23. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմնի, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար:
24. Նախարարությունն իրականացնում է համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմնի, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և նրա կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:
25. Նախարարության ֆինանսավորումն իրականացվում է միայն պետական բյուջեի միջոցների հաշվին:
26. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող նախարարությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:
(կանոնադրությունը փոփ. 17.06.97 N 244, փոփ., լրաց. 16.04.98 N 184)
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
(կառուցվածքն ուժը կորցրել է 17.06.97 N 244)
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Թատերարվեստի վարչություն
Երաժշտարվեստի վարչություն
Կերպարվեստի վարչություն
Կինոարվեստի վարչություն
Թանգարանների և գրադարանների վարչություն
Երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի վարչություն
Ֆինանսատնտեսական վարչություն
Արտաքին կապերի վարչություն
Գործերի կառավարչություն
(կառուցվածքը լրաց. 17.06.97 N 244, փոփ. 16.04.98 N 184)