ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2009 թվականի N 684-Ն
«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1046-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) «Ջրվեժ» անտառապարկի սահմանների նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Ջրվեժ» անտառապարկի հատակագիծը` համաձայն N 2 հավելվածի.
3) «Ջրվեժ» անտառապարկի տարածքի չափը` 400.43 հեկտար:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով ամրացված՝ «Ջրվեժ» անտառապարկի 400.43 հեկտար հողամասի և այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի հողային ֆոնդի ընթացիկ հաշվեկշռման ժամանակ մարզի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություն:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1046-Ն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) «Էրեբունի» պետական արգելոցի և «Սև լիճ» ու «Որդան կարմիր» պետական արգելավայրերի, ինչպես նաև «Ջրվեժ» անտառապարկի, Ստեփանավանի «Սոճուտ» դենդրապարկի, Վանաձորի «Վանաձոր» դենդրապարկի, Բերդի «Սորաններ» դենդրապարկի և Իջևանի դենդրապարկի հողատարածքների անտառաշինական ու հողաշինարարական քարտեզների հիման վրա մինչև 2010 թվականը` սահմանված կարգով ապահովել «Էրեբունի» պետական արգելոցի և «Սև լիճ» ու «Որդան կարմիր» պետական արգելավայրերի, ինչպես նաև «Ջրվեժ» անտառապարկի, Ստեփանավանի «Սոճուտ» դենդրապարկի, Վանաձորի «Վանաձոր» դենդրապարկի, Բերդի «Սորաններ» դենդրապարկի և Իջևանի դենդրապարկի քարտեզագրումը, դրանց ու դրանց պահպանման գոտիների սահմանների ճշգրտումը և դրանք, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո, ամրացված հողամասերի ու այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը.»:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 23 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 18-ի N 684-Ն որոշման |
«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
«Ջրվեժ» անտառապարկը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի հարավարևմտյան մասում:
«Ջրվեժ» անտառապարկի ընդհանուր տարածությունը 400,43 հեկտար է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
«Ջրվեժ» անտառապարկը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի հարավարևմտյան մասում:
Հեռավորությունը մարզկենտրոն Աբովյան քաղաքից 8,5 կմ է:
«Ջրվեժ» անտառապարկը «Ա»-«Բ» և «Ե»-«Դ» հատվածներով սահմանակից է Ողջաբերդ համայնքին, «Գ»-«Ա», «Դ»-«Ե» հատվածով` Ջրվեժ համայնքին, իսկ «Բ»-«Գ» հատվածով` Երևան քաղաքին:
«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿ - ՈՂՋԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ «Ա»-«Բ»
«Ա» հանգուցային կետից սահմանը 750 մ ձգվում է հարավ` հասնելով դաշտային ճանապարհին, ձգվում նրա եզրով դեպի հարավ-արևմուտք` 150 մ, այնուհետև, ճանապարհի եզրով շարունակվելով դեպի հարավ-արևելք, բարձրանում է բլրի վրա, որտեղից էլ շարունակում է ջրբաժանով ձգվել արևմուտք` հասնելով մինչև Խաչիսար լեռան մոտ գտնվող թամքոցային շրջան, այնուհետև թեքվում է հարավ և լեռան հարավային լանջի ձորակով հասնում մինչև Երևան քաղաքի վարչական սահմանը` «Բ» հանգուցային կետ` կազմելով ընդհանուր 3948 մ:
«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿ - ՈՂՋԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ «Ե»-«Դ»
«Ե» հանգուցային կետից սահմանը 194 մ ձգվում է հարավ` հասնելով լեռան գագաթային մաս, այնուհետև ջրբաժանով ձգվում է հարավարևմուտք, իջնում լանջով և հասնում Երևան-Գառնի խճուղի, որտեղից էլ ճանապարհի եզրով շարունակվում է մինչև «Դ» հանգուցային կետ` կազմելով ընդհանուր 1914 մ:
«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿ - ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ «Բ»-«Գ»
«Բ» հանգուցային կետից սահմանը 103 մ ձգվում է հարավ-արևմուտք` հասնելով «Գ» հանգուցային կետ:
«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿ - ՋՐՎԵԺԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ «Գ»-«Ա»
«Գ» հանգուցային կետից սահմանը ձորն ի վեր բարձրանում է հյուսիս-արևմուտք և լեռան հարավարևմտյան լանջի ոլորաններով ձգվում մինչև խճուղի, այնուհետև խճուղու եզրով հասնում գերեզմանոց` շրջանցելով այն, հասնում է գազալցակայան, որտեղից Երևան-Գառնի խճուղուն զուգահեռ ձգվում է մինչև Ձորաղբյուրի խաչմերուկի մոտ` հասնելով «Ա» հանգուցային կետ` կազմելով 11528 մ բնագիծ: Այնուհետև, անցնելով ճանապարհը Ջրվեժի ամառանոցների սահմանով, բարձրանում է լանջն ի վեր և հասնում «Ա» հանգուցային կետ` կազմելով 12834 մ բնագիծ:
«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿ - ՋՐՎԵԺԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ «Դ»-«Ե»
«Դ» հանգուցային կետից, որը գտնվում է Երևան-Գառնի խճուղու եզրին, սահմանը Ջրվեժի ամառանոցների սահմանով բարձրանում է լանջն ի վեր և հասնում «Ե» հանգուցային կետ` կազմելով 1054 մ բնագիծ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 18-ի N 684-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |