ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 08-29/2008 թ. |
Քաղաքացիական գործ թիվ 3-411(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան | |
Դատավորներ՝ Ն. Տավարացյան Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ե. Խունդկարյանի | |
Դ. Ավետիսյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի հոկտեմբերի 31-ին
քննարկելով Լուսիկ Մխիթարյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Լալա Մկրտչյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք Լուսիկ Մխիթարյանի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման՝ (այսուհետ՝ Կադաստր) պետական մարմնի, նրա պաշտոնատար անձի օրենքին հակասող ակտը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Լուսիկ Մխիթարյանի ընդդեմ Լալա Մկրտչյանի, Երևանի քաղաքապետարանի և Կադաստրի՝ սեփականության իրավունքով պատկանող հողամասի համադրման մասով «Լրացուցիչ 708.9քմ մակերեսով հողամասն առանց հրապարակային սակարկությունների ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» Երևանի քաղաքապետի 24.07.2007 թվականի թիվ 2272-Ա որոշումը, «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» 17.08.2007 թվականին կնքված Հ-104/2-ՊՆ պայմանագիրը և Լալա Մկրտչյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործով դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Լալա Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Շահումյանի շրջխորհրդի գործկոմի 22.10.1956 թվականի թիվ 25 որոշումը և դրա հիման վրա Կադաստրի կողմից Լուսիկ Մխիթարյանի անվամբ 03.08.2005 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Լուսիկ Մխիթարյանը պահանջել է համադրված 420քմ մակերեսով հողամասի մասով մասնակի անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 24.07.2007 թվականի թիվ 2272-Ա որոշումը, Երևանի քաղաքապետի և Լալա Մկրտչյանի հողամասի ուղղակի առուվաճառքի մասին 17.08.2007 թվականին կնքված պայմանագիրը և Կադաստրի կողմից 10.09.2007 թվականի թիվ 01-004-4-50 մատյանում կատարված 000211 համարի պետական գրանցումը:
Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 24.12.2007 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.02.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լուսիկ Մխիթարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 30.10.2008 թվականի հաշտության համաձայնությունը՝ կից հատակագծով և խնդրել են այն հաստատել:
Վճռաբեկ դատարանի կողմից կողմերին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:
2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:
Ուսումնասիրելով 30.10.2008 թվականի հաշտության համաձայնությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հաստատել 30.10.2008 թվականի հաշտության համաձայնությունը՝ հետևյալ բովանդակությամբ.
«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ք. Երևան |
«30» հոկտեմբերի 2008 թ. |
ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթում գտնվող՝ Լալա Մկրտչյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք Լուսիկ Մխիթարյանի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման՝ (այսուհետ՝ Կադաստր) պետական մարմնի, նրա պաշտոնատար անձի օրենքին հակասող ակտը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և հակընդեմ հայցով՝ Լուսիկ Մխիթարյանն ընդդեմ Լալա Մկրտչյանի, Երևանի քաղաքապետարանի և Կադաստրի՝ սեփականության իրավունքով պատկանող հողամասի համադրման մասով «Լրացուցիչ 708.9քմ մակերեսով հողամասն առանց հրապարակային սակարկությունների ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» Երևանի քաղաքապետի 24.07.2007 թվականի թիվ 2272-Ա որոշումը, «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» 17.08.2007 թվականին կնքված Հ-104/2-ՊՆ պայմանագիրը և Լալա Մկրտչյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով կողմերս՝ Լալա Մկրտչյանը՝ մի կողմից և Լուսիկ Մխիթարյանը` մյուս կողմից, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածը, կնքեցինք սույն հաշտության համաձայնությունը` հետևյալի մասին.
1. Կողմերս ի գիտություն ենք ընդունում սույն գործով վեճի առարկա Երևան, Դավթաշեն համայնքի, Դավթաշեն գյուղի վերջնամասում (Մելքումովի փողոց) գտնվող Լալա Մկրտչյանի և Լուսիկ Մխիթարյանին պատկանող 420քմ մակերեսով համադրվող հողամասը:
2. Կողմերս վերոնշյալ 420քմ մակերեսով հողամասի սույն հաշտության համաձայնությամբ անբաժանելի մաս կազմող հատակագիծը ներկայացնելիս հիմք ենք ընդունում Լուսիկ Մխիթարյանի սեփականության իրավունքի վկայականում առկա հատակագիծը, որն համաձայն ենք բաժանել հետևյալ կարգով.
Լալա Մկրտչյանին սեփականության իրավունքով հատկացվում է հատակագծում լատինական C տառով նշված 210քմ մակերեսով հողամասը, իսկ հատակագծում լատինական A և B տառով նշված մնացած հողամասը սեփականության իրավունքով մնում է Լուսիկ Մխիթարյանին:
Լալա Մկրտչյանը պարտավորվում է սույն հաշտության համաձայնությունը հաստատելուց հետո՝ 1 ամսվա ընթացքում իր միջոցներով և իր հաշվին, իրեն սեփականության իրավունքով հատկացված 210քմ մակերեսով հողամասի վրա գտնվող դարպասները տեղափոխել և տեղադրել Լուսիկ Մխիթարյանի սեփականության իրավունքով հողամասի վրա՝ հատակագծում լատինական EF տառերով նշված մասում, ինչպես նաև շարել միմյանց հողամասերը բաժանող պատը և առանձնացնել իր տարածքով անցնող և Լուսիկ Մխիթարյանին պատկանող խողովակները: Խողովակները պետք է անցկացվեն շրջանցելով Լալա Մկրտչյանին պատկանող հողատարածքը և պահպանելով իրենց օգտագործման նպատակային նշանակությունը:
3. Սույն հաշտության համաձայնությունը հաստատելուց հետո կողմերս պարտավորվում ենք վերը նշված հողամասի վերաբերյալ միմյանց նկատմամբ որևէ պահանջ չներկայացնել:
4. Կողմերիս պարզաբանվել է հաշտության համաձայնության կնքման և դատական կարգով հաստատման օրենքով նախատեսված հետևանքները:
Լուսիկ Մխիթարյան ստորագրություն
Լալա Մկրտչյան ստորագրություն»:
2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2008 թվականի վճիռը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
|
Վ. Աբելյան |
|
Ե. Խունդկարյան |
|
Դ. Ավետիսյան |
|
Հ. Ղուկասյան |
|
Ս. Օհանյան |