Գլխավոր տեղեկություն
Համար
N 1324-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.12.2008-30.12.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.03/70(660) Հոդ.1254
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2008 թվականի N 1324-Ն

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

1) հանրային կապերի, պետական մարմինների թափանցիկության, տեղեկատվության մատչելիության, տեղեկատվության հավաքագրման և տարածման գործընթացների վերաբերյալ ուսումնասիրությունների կատարումը.

2) զանգվածային լրատվության միջոցների ընդհանուր և թեմատիկ դիտարկման ու վերլուծության իրականացումը, ուսումնասիրություններ և դիտարկումներ կատարելը զանգվածային լրատվամիջոցների շուկայի վերաբերյալ՝ նրանց տպաքանակների, իրացման ծավալների և ծածկույթների, բազմազանության, թափանցիկության և այլ խնդիրների շուրջ.

3) հանրային կապերի և տեղեկատվության ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրումը և նախաձեռնություններով հանդես գալը` զանգվածային լրատվամիջոցների գործունեության իրավական կարգավորման հետ կապված։

3. Թույլատրել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) խորհրդատվական ծառայությունների մատուցում.

2) հրատարակչական գործ, տպագրական գործ, տեղեկատվական նյութերի վերարտադրում.

3) տեղեկատվության և հանրային կապերի, ինչպես նաև հարակից ոլորտներում հետազոտությունների իրականացում:

4. «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասով, 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին։

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ համաձայնեցնելով` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը և արժեքը։

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 20

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.04.2019, N 470-Ն 09.05.2019, N 1324-Ն
08.06.2018, N 630-Ն 16.06.2018, N 1324-Ն
28.12.2017, N 1703-Ն 30.12.2017, N 1324-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան