«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2002 թվականի N 1588-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 27.11.03 N 1555-Ն, փոփ. 15.05.08 N 653-Ն)
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին, 11-րդ հոդվածի 1-ին կետին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 4-րդ կետին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 199 որոշման 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալության կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 27.11.03 N 1555-Ն, փոփ. 15.05.08 N 653-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ էներգետիկայի ԵՎ բնական պաշարների ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(Վերնագիրը լրաց. 27.11.03 N 1555-Ն, փոփ. 15.05.08 N 653-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է պետական ընդերքաբանական փորձաքննության ծառայություններ ընդերքի ուսումնասիրման, արդյունաբերական գնահատման և յուրացման բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
(1-ին կետը լրաց., փոփ. 27.11.03 N 1555-Ն, փոփ. 15.05.08 N 653-Ն)
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է սույն կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(2-րդ կետը փոփ. 15.05.08 N 653-Ն)
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
(3-րդ կետը խմբ. 27.11.03 N 1555-Ն)
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
Գործակալության կրճատ անվանումն է՝ ՀՀ ՕՀՊԳ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Գործակալության նպատակներն ու խնդիրներն են՝
ա) պաշտպանել պետության շահերն ընդերքի երկրաբանական ուսումնասիրման, արդյունաբերական գնահատման, նպատակային օգտագործման և պահպանության բնագավառում՝ ընդերքօգտագործողների շահերի հաշվառմամբ,
բ) նպաստել ընդերքի տնտեսական ներուժի բացահայտմանը,
գ) նպաստել ընդերքի վերաբերյալ երկրաբանական և այլ տեղեկատվության հավաստիության պատշաճ մակարդակի ապահովմանը,
դ) օժանդակել ընդերքի երկրաբանական ուսումնասիրման, արդյունաբերական գնահատման, օգտագործման և պահպանության մեթոդների ու միջոցների կատարելագործմանը:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների լուծման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման տարբեր փուլերում և շահագործման ժամանակ դրանց արդյունաբերական գնահատման նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննությունն ու համապատասխան կոնդիցիաների պարամետրերի հաստատումը,
բ) հանքավայրերի մանրազնին հետախուզման ու վերագնահատման արդյունքներով ընդերքում օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննությունը (այսուհետ՝ փորձաքննություն) և այդ պաշարների հաստատումն ու վերահաստատումը,
գ) արդյունաբերական նշանակությունը կորցրած, ինչպես նաև հանքավայրի հետագա երկրաբանահետախուզական և (կամ) շահագործման աշխատանքների ընթացքում օգտակար հանածոների չհավաստված պաշարների դուրսգրումը,
դ) պինդ օգտակար հանածոների, ստորերկրյա ջրերի, նավթի ու գազի, բնական նավթային բիտումների հանքավայրերի պաշարների միջգերատեսչական նշանակության դասակարգումների (այսուհետ՝ դասակարգումներ) մշակման աշխատանքներին մասնակցությունն ու դրանց համակարգումը (համապատասխան ֆինանսավորման դեպքում) և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը,
ե) պետական ընդերքաբանական փորձաքննության ենթակա նյութերի բովանդակությանը և ձևավորմանը ներկայացվող պահանջները սահմանող հրահանգների մշակումը և դրանք նախարարի հաստատմանը ներկայացնելը,
զ) տարբեր տեսակի օգտակար հանածոների հանքավայրերի նկատմամբ դասակարգումների կիրառման հրահանգների և այլ մեթոդական փաստաթղթերի մշակման աշխատանքներին մասնակցությունն ու դրանց համակարգումը (համապատասխան ֆինանսավորման դեպքում):
(8-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 27.11.03 N 1555-Ն)
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարը (այսուհետ՝ նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով:
Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
(9-րդ կետը խմբ. 27.11.03 N 1555-Ն, փոփ. 15.05.08 N 653-Ն)
10. Գործակալության պետը պատասխանատու է գործակալությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները ժամանակին և որակով իրականացնելու, ինչպես նաև դրանց՝ օրենքներին ու այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
12. Գործակալության պետը`
ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) ի պաշտոնե նախագահում է նախարարի հրամանով կազմավորվող Հայաստանի Հանրապետության պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի լիագումար նիստը.
ե) նախարարի հաստատմանն է ներկայացնում պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի և անկախ փորձագետների անհատական կազմերը, օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատման ու պաշարների հաշվարկման նյութերի փորձաքննության ընթացակարգը, կոնդիցիաների պարամետրերի և օգտակար հանածոների պաշարների հաստատման ու դրանց դուրսգրման կարգերը, ինչպես նաև գործակալության կանոնադրական այլ գործառույթների իրականացման կանոնակարգերը.
զ) սահմանված կարգով որոշում է գործակալություն ներկայացված նյութերի փորձաքննության աշխատատարությունն ու տևողությունը, նշանակում է դրանց փորձաքննության պատասխանատուին և նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում առաջարկություններ այդ նյութերի փորձաքննությանը վճարովի հիմունքներով փորձագետների ներգրավման և նրանց հետ համապատասխան պայմանագրերի կնքման վերաբերյալ.
է) իր իրավասության սահմաններում գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է առաջարկություններ այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
ը) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
թ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
ժ) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
ժա) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
ժբ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
ժգ) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ժդ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.
ժե) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժզ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(12-րդ կետը խմբ. 27.11.03 N 1555-Ն)
13. Գործակալության պետն ունի տեղակալ:
Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
16. Գործակալության պետի ներկայացմամբ՝ նախարարի հրամանով գործակալությունում ստեղծվում և գործում է պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողով, որը գործում է նախարարի կողմից հաստատված կանոնակարգով:
17. Գործակալությունը պատասխանատվություն է կրում միայն ներկայացված նյութերի հիման վրա իր կողմից ընդունված որոշումների հավաստիության և արժանահավատության համար:
18. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
19. Գործակալության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ Հանրապետության էներգետիկայի եվ բնական պաշարների նախարարություն ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(Վերնագիրը լրաց. 27.11.03 N 1555-Ն, փոփ. 15.05.08 N 653-Ն)
Հանքավայրերի արդյունաբերական գնահատման բաժին
Օգտակար հանածոների պաշարների բաժին
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |