Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.03.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.30/25(615)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.03.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Տնտեսական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ Տ4-266/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-82(ՏԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Ռ. Հակոբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի մարտի 27-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով «ՍԻՄԲԱԲ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը Տնտեսական դատարանի 31.10.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի «ԻՓՍԻԼՈՆ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ «ՍԻՄԲԱԲ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Կազմակերպության ընդդեմ Ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 31.945 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված 8.807 եվրոյին համարժեք դրամ տոկոսներ, տոկոսների բռնագանձումը շարունակել մինչև վճռի փաստացի կատարումը և վճարված պետական տուրքի գումարը:

Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 18.156.080 ՀՀ դրամ:

Տնտեսական դատարանի 31.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, հակընդդեմ հայցը՝ մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1028-րդ, 1031 հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Հակընդդեմ հայցը մերժելիս դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ կողմերի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր: Մինչդեռ, դատաքննության ընթացքում Ընկերության ներկայացուցիչն ընդունել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն համատեղ գործունեության իրականացման վերաբերյալ:

Դատարանը մերժել է սերմերի որակն անպատշաճ լինելու վերաբերյալ ապացույցները՝ հիմք ընդունելով միայն Ընկերության կողմից ներկայացված բուսաառողջապահության վկայականները, որոնք սերմերի որակի և ծլունակության մասին ոչ մի տեղեկություն չեն պարունակում, այլ վերաբերում են միայն սերմերի՝ մանրէներով վարակված չլինելուն:

2) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի, 92-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Հայցադիմումը ստորագրել է Ընկերության ներկայացուցիչ Հայկ Սարգսյանը, որը ներկայացված լիազորագրի համաձայն՝ հայցադիմում ստորագրելու, հայցային պահանջն ավելացնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու լիազորություն չունի:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ընկերության և Կազմակերպության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն համատեղ գործունեության վերաբերյալ:

2) 28.03.2005 թվականի, 07.09.2005 թվականի, 07.09.2005 թվականի, 30.09.2005 թվականի, համապատասխանաբար, թիվ 5/05, թիվ 19/05, թիվ 20/05, թիվ 21/05 հաշիվ-ապրանքագրերով Կազմակերպությունն Ընկերությունից ստացել է «MATHIAS», «VANESSA», «TIGRE R2», «PIETRAFITTA R2», «MEXA R2» տեսակի 110.000 կգ գարու և կարծր ցորենի տեսականի, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 32.945 եվրո։

3) Կազմակերպությունն Ընկերության ներկայացուցչին վերադարձրել է 5.000 կգ ցորեն՝ 1.000 եվրո ընդհանուր արժեքով։

4) Գարու և կարծր ցորենի սերմնացուի փոխաբեռնման, փոխադրման և բեռնաթափման, ցանքի, հողի վարձակալության ծախսերը կատարվել են Կազմակերպության կողմից։

5) 16.07.2007 թվականին Հայկ Սարգսյանին տրված լիազորագրով վերջինս Ընկերության կողմից լիազորվել է «հանձնարել փաստաբանական գրասենյակին իր հայեցողությամբ դատական կամ ցանկացած այլ օրինական միջոցով, այն պահանջի վարումը, որն ունի Ընկերությունը «ՍԻՄԲԱԲ» ՍՊԸ-ի հանդեպ, հանդես գալ ՀՀ դատական մարմիններում, օգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված լիազորություններից, ԴԱՀԿ ծառայություններում, Կադաստրի պետական կոմիտեում»։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1026-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համատեղ գործունության պայմանագրով երկու կամ ավելի անձինք (մասնակիցները) պարտավորվում են միացնել իրենց ավանդները և առանց իրավաբանական անձ կազմավորելու գործել համատեղ՝ շահույթ ստանալու կամ օրենքին չհակասող այլ նպատակի հասնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1028-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մասնակիցների ներդրած գույքը, որի նկատմամբ մինչև ներդրումը նրանք ունեին սեփականության իրավունք, ինչպես նաև համատեղ գործունեության արդյունքում արտադրված արտադրանքը և այդպիսի գործունեությունից ստացված պտուղներն ու եկամուտները համարվում են նրանց ընդհանուր բաժնային սեփականությունը:

Նույն օրենսգրքի 1027-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մասնակիցների ավանդները, ըստ դրանց արժեքի, ենթադրվում են հավասար, եթե այլ բան չի բխում համատեղ գործունեության պայմանագրից կամ փաստացի հանգամանքներից։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1031-րդ հոդվածի համաձայն՝ մասնակիցների համատեղ գործունեության հետ կապված ծախսերը և վնասները ծածկելու կարգը որոշվում է նրանց համաձայնությամբ։ Նման համաձայնության բացակայության դեպքում յուրաքանչյուր մասնակից ծախսերը և վնասները կրում է ընդհանուր գործում իր ավանդի արժեքին համամասնորեն։

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության և Կազմակերպության կողմից դատաքննության ընթացքում արված հայտարարություններով հաստատվել է համատեղ գործունեություն իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության և Կազմակերպության՝ համատեղ գործունեության մեջ ներդրված գույքը դարձել է նրանց ընդհանուր բաժնային սեփականությունը: Միաժամանակ, ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ կողմերը չեն որոշել իրենցից յուրաքանչյուրի կողմից ներդրման ենթակա գույքային ավանդների չափը և արժեքը, ինչպես նաև համատեղ գործունեության հետ կապված ծախսերը և վնասները ծածկելու կարգը, հետևաբար Ընկերության և Կազմակերպության ավանդները ենթադրվում են հավասար, իսկ համատեղ գործունեության արդյունքում կրած ծախսերը և վնասները նրանցից յուրաքանչյուրը պետք է կրի իր ավանդի արժեքին համամասնորեն (հավասարապես):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է դատարանը վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե´ փաստական, և թե´ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես, Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)):

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով, Տնտեսական դատարանը, հայցի բավարարման և հակընդդեմ հայցի մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ կողմերի միջև կնքվել է ապրանքի առուվաճառքի պայմանագիր, իսկ Կազմակերպությունը չի հիմնավորել անպատշաճ որակի ապրանք մատակարարելու հանգամանքը, չի անդրադարձել և գնահատման առարկա չի դարձրել դատաքննության ընթացքում կողմերի արված հայտարարությունները համատեղ գործունեություն իրականացնելու վերաբերյալ:

2) Բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն՝ դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու դատավարական գործողություններ, բացառությամբ՝ 1) ստորագրելու հայցադիմումը, 2) գործը հանձնելու արբիտրաժային տրիբունալին, 3) ամբողջովին կամ մասնակի հրաժարվելու հայցային պահանջներից և ընդունելու հայցը, 4) փոփոխելու հայցի առարկան կամ դրա հիմքը, 5) փոխելու հայցային պահանջների չափը, 6) կնքելու հաշտության համաձայնություն, 7) այլ անձի փոխանցելու լիազորությունները, 8) բողոքարկելու դատական ակտը, 9) դիմելու իրավասու անձանց՝ վճռաբեկ բողոք բերելու խնդրանքով։ Սույն հոդվածում նշված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը։

Նույն օրենսգրքի 92-րդ հոդվածի հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե հայցադիմումն ստորագրված չէ կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ:

Վերոնշյալից հետևում է,որ.

1. ներկայացվողն իրավունք ունի ներկայացուցչին լիազորել, կատարելու վերոնշյալ բոլոր դատավարական գործողությունները կամ դրանց մի մասը.

2. լիազորագրում պետք է հատուկ նշված լինի, որ ներկայացուցիչն իրավունք ունի կատարելու վերոնշյալ դատավարական գործողություններից յուրաքանչյուրը։

Սույն քաղաքացիական գործում առկա է 16.07.2007 թվականին Ընկերության կողմից Հայկ Սարգսյանին տրված լիազորագիրը, որում հստակ նշված է Հայկ Սարգսյանի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված բոլոր լիազորություններից օգտվելու իրավունքը, այսինքն՝ Ընկերությունը Հայկ Սարգսյանին լիազորել է կատարելու 42-րդ հոդվածով սահմանված բոլոր դատավարական գործողությունները:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհիմն են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 42-րդ հոդվածի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկները:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի առաջին հիմքի հիմնավոր լինելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Տնտեսական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը բեկանելու հիմք է:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Կազմակերպությունից 31.945 եվրոյին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու Ընկերության հայցի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ինչ վերաբերում է հակընդդեմ հայցին, ապա հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Տնտեսական դատարանը չի անդրադարձել ներկայացված հայցապահանջի չափի հիմնավորվածության հարցին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն այդ մասով ենթակա է նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Տնտեսական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը և այն մասնակիորեն փոփոխել:

2. «ԻՓՍԻԼՈՆ» ԲԲԸ-ի հայցը բավարարել մասնակիորեն՝ 15.972,5 եվրոյին համարժեք ՀՀ դրամ չափով:

3. «ՍԻՄԲԱԲ» ՍՊԸ-ի հայցի մասով գործն ուղարկել Հարավային քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան