Գլխավոր տեղեկություն
Համար
N 1122
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (08.09.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.12/39(171) Հոդ.937
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2001

040.1122.17.11.01

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 նոյեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2001 թվականի N 1122
քաղ. Երևան

 

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ (ԹԵՄԱՏԻԿ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 17-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
նոյեմբերի 17-ի N 1122 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ (ԹԵՄԱՏԻԿ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է գիտնականների և գիտահետազոտական խմբերի (կոլեկտիվների) նախաձեռնությամբ ներկայացված ու մրցութային կարգով ընտրված գիտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկավարժական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական, հետախուզական հետազոտությունների մշակումների, աշխատանքների, նախագծերի (այսուհետև` գիտական թեմաների հայտեր) իրականացման` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում թեմատիկ ֆինանսավորման համար հատկացումներ նախատեսվում են միայն մրցութային կարգով ընտրված ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև` նախարարություն) կողմից հաստատված գիտական թեմաների հայտերի ֆինանսական նախահաշիվների հիման վրա, որոնք, որպես նախարարության կողմից կազմվող բյուջետային ֆինանսավորման հայտի հիմնավորում և դրա անբաժանելի մաս, սահմանված կարգով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` մինչև բյուջետային գործընթացն սկսելը:

 

II. ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

3. Նախարարությունը գիտական թեմաների հայտերի ընտրության և հաստատման նպատակով կազմակերպում է մրցույթ` սույն կարգի պահանջներին համապատասխան: Հայտերի գնահատման նպատակով նախարարության կողմից սահմանված կարգով ձևավորվում են մասնագիտական փորձագիտական խորհուրդներ (այսուհետև` խորհուրդ): Նախարարության կողմից ընդունվում և խորհուրդներին են տրամադրվում գիտական թեմաների հայտերը (այսուհետև` մրցույթի հայտեր): Խորհուրդները փորձաքննության են ենթարկում, ընտրում գիտական թեմաների հայտերը և դրանք ներկայացնում նախարարություն` հաստատման:

(3-րդ կետը փոփ. 08.08.02 N 1185-Ն)

4. Նախարարությունը մրցույթի մասին հայտարարությունը հաստատում և հրապարակում է զանգվածային լրատվությամբ` գիտական թեմաների հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ: Մրցույթի հայտարարությունը պարունակում է համառոտ տեղեկություններ մրցույթի անցկացման նպատակի ու կարգի` մրցույթին մասնակցելու հիմնական պայմանների, այդ թվում նաև մրցույթի հրավեր ստանալու պայմանների ու գիտական թեմաների հայտերը կազմելու և ներկայացնելու կարգի մասին:

5. Նախարարությունը մրցույթի հրավերը հաստատում է և տրամադրում մրցույթի հրավեր ստանալու գրավոր պահանջ ներկայացրած անձին` նման պահանջ նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթի հրավերի պատճենահանման և առաքման ծախսերը ֆինանսավորվում են մրցույթի հրավեր ստանալու պահանջ ներկայացրած անձի հաշվին:

6. Մրցույթի հրավերը պետք է պարունակի`

ա) հղում` հրապարակված մրցույթի մասին հայտարարությանը` ի լրումն որի տրամադրվում է տվյալ մրցույթի հրավերը,

բ) մրցույթի հայտերի պատրաստման հրահանգները,

գ) մրցույթի մասնակիցներից (այսուհետև` մասնակից) պահանջվող որակավորման տվյալների չափանիշները և դրանց գնահատման կարգը,

դ) թեմաներին ներկայացվող հիմնական պայմանները,

ե) մրցույթի հայտի ֆինանսական նախահաշվի կազմման ձևը,

զ) մրցույթի հայտերը ներկայացնելու պայմանները, ներառյալ` ձևը, տեղը, ժամկետը, մրցույթի հայտի լեզուն,

է) այն եղանակները, որոնցով մասնակիցները կարող են պահանջել մրցույթի փաստաթղթերի վերաբերյալ պարզաբանումներ և մասնակիցների հետ կազմակերպվելիք հանդիպումների մասին տեղեկատվություն,

ը) մրցույթի հայտերի բացման օրը և ժամը, քննարկման ու գնահատման կարգը,

թ) նախարարության կամ խորհրդի գործողությունները կամ որոշումները, մասնակցի բողոքարկելու իրավունքի պարզաբանումները,

ժ) տեղեկատվություն` նախարարության կամ խորհրդի կողմից մրցույթի հայտերը մերժելու հիմքերի վերաբերյալ,

ժա) մրցույթի հայտերը նախապատրաստելուն և ներկայացնելուն վերաբերող այլ տեղեկատվություն` նախարարության հայեցողությամբ:

7. Մրցույթի հայտը ներկայացվում է մրցույթի հրավերով սահմանված կարգով: Մրցույթի հրավերով սահմանված տեղեկություններից բացի, մրցույթի հայտը ընդգրկում է տեղեկություններ`

ա) թեմայի և դրա ղեկավարի, գիտական հաստատության կամ բուհի, ինչպես նաև թեմայի իրականացման աշխատանքներում ընդգրկվող մասնակիցների վերաբերյալ: Փորձարարական բնույթի թեմաների հայտերում ընդգրկվող հաստիքների նվազագույն թիվը սահմանվում է 5-ը,

բ) ներկայացվող թեմայի հիմնավորման նպատակի խնդիրների, ակնկալվող արդյունքների, խնդրի լուծման ուղիների և թեմայի կատարման ժամկետների, դրա կատարման նպատակով առկա և ձեռքբերվող սարքավորումների, նյութերի, միջոցների ու դրա համար անհրաժեշտ գումարների մասին: Կարող են նախատեսվել արշավախմբերի կազմակերպում և գիտագործնական միջոցառումների անցկացում: Թեմաների կատարման ժամկետները, որպես կանոն, նախատեսվում են մինչև 3 տարի:

8. Խորհուրդը նախարարության սահմանած կարգով փորձաքննության է ենթարկում ներկայացված յուրաքանչյուր հայտը և եզրակացություն տալիս դրա հաստատման նպատակահարմարության վերաբերյալ: Խորհուրդը հայտերի փորձաքննության ժամանակ գնահատում է ներկայացված հայտը` գիտական կամ գիտատեխնիկական նորույթը, վերլուծում թեմայի իրականացման նախադրյալները, ծավալը և դրա իրականացման ժամկետները, ֆինանսական արդյունավետությունը: Խորհուրդները կարող են մշակել և օգտագործել տվյալ թեմային բնորոշ հայտերի գնահատման լրացուցիչ չափանիշներ:

9. Խորհուրդը ներկայացված բոլոր հայտերի վերաբերյալ եզրակացությունները հաստատելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում, դրանք ներկայացնում է նախարարություն` հայտերի վերջնական ընտրության համար: Նախարարությունը, ելնելով տվյալ տարվան հաջորդող տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծով թեմատիկ ֆինանսավորման համար նախատեսվող հատկացումների առավելագույն չափից և ներկայացված թեմաների գծով ուսումնասիրությունների կատարման նպատակահարմարությունից, հաստատում է այն թեմաների ցանկը, որոնց ծախսերի նախահաշիվները ներառվելու են նախարարության կողմից պատրաստվող տվյալ տարվան հաջորդող տարվա բյուջետային ֆինանսավորման հայտում: Բյուջետային ֆինանսավորման հայտում կարող են ներառվել միայն խորհրդի դրական եզրակացությունն ստացած թեմաները:

10. Խորհուրդների բացասական եզրակացության մասին տեղեկացվում է թեմայի ղեկավարին (հեղինակին): Խորհրդի եզրակացությունը կարող է բողոքարկվել նախարարությունում` թեմայի ղեկավարի (հեղինակի) կողմից` վերջինիս տեղեկացնելուց հետո 15 օրվա ընթացքում: Խորհուրդը նախարարության ներկայացմամբ տալիս է կրկնակի եզրակացություն: Եզրակացության հիման վրա նախարարության ընդունած որոշումը վերջնական է:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ, ԹԵՄԱՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

11. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հաստատումից հետո, բյուջեով թեմատիկ ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների շրջանակներում, նախարարությունը հաստատում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին թեմատիկ ֆինանսավորման գծով ֆինանսավորվող թեմաների ցանկը և դրանց ղեկավարների ցուցակը, ինչպես նաև յուրաքանչյուր թեմայի կատարման համար նախատեսվող հատկացման չափը:

12. Նախարարությունը սույն կարգի 11-րդ կետում նշված ցանկը և ցուցակը հաստատելուց հետո, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, նշված ցանկում ընդգրկված թեմաների ղեկավարների հետ կնքում է պայմանագրեր: Ընդ որում, նախարարությունը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատու ստորաբաժանման իրավասությունը վերապահում է տվյալ թեմայի հաստատման մասին դրական եզրակացություն ներկայացրած խորհրդին: Թեմայի ղեկավարի և մասնակիցների միջև հարաբերությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(12-րդ կետը փոփ. 15.04.02 N 399, 08.08.02 N 1185-Ն)

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված պայմանագրերում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներից, պարտադիր կարգով նշվում են նաև համապատասխան թեմաների անվանումները, դրանց ղեկավարների ազգանունները, գիտական կազմակերպության կամ բուհի անվանումը, որտեղ պետք է իրականացվի թեման, թեմայի իրականացման ժամկետներն ու պայմանները, ֆինանսավորման չափը, ինչպես նաև հաշվետվության ձևերը, թեմայի վերջնական կատարողական ակտերի ներկայացման ժամկետները, թեմայի արդյունքների գնահատման կարգը:

14. Գիտական կազմակերպության (բուհի) տնօրենի (ռեկտորի) և թեմայի ղեկավարի հարաբերությունները կարգավորվում են առանձին պայմանագրով, որտեղ նշվում է տնօրենի (ռեկտորի) իրավասությանը թողնված թեմայի ֆինանսավորման տոկոսը: Այդ գումարով տնօրենը (ռեկտորը) ապահովում է գիտական կազմակերպության (բուհի գիտական մասի) գործունեությունը և ստեղծում թեմայի կատարման համար անհրաժեշտ պայմաններ:

 

IV. ԹԵՄԱՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

15. Թեմաների իրականացման մասին կազմվում են ընթացիկ և ամփոփիչ հաշվետվություններ, որոնց ներկայացնելու ժամկետները սահմանվում են նախարարության կողմից` թեմայի իրականացման ժամկետի ավարտից առնվազն 20 օր առաջ:

16. Նախարարությունն ընդունում, հաշվառում է հաշվետվությունները և դրանք արտադրում համապատասխան փորձագիտական խորհուրդներին: Գիտական կազմակերպություններում աշխատող գիտնականների թեմաների հաշվետվությունները ներկայացվում են անմիջապես ղեկավարների կամ կատարողների կողմից:

17. Թեմաների շարունակման նպատակահարմարությունը որոշելու, ինչպես նաև ավարտվող աշխատանքների վերջնական արդյունքները վերլուծելու, դրանց ներդրումը և կիրառումը երաշխավորելու հնարավորությունները պարզելու համար հաշվետվությունները գնահատվում են փորձագիտական խորհուրդներում` նախարարության կողմից սահմանված ժամկետներին և չափանիշներին համապատասխան, և հաստատվում նախարարության կողմից:

18. Հաշվետվությունների գնահատման ժամանակ հաշվի են առնվում արդյունքների նորույթը և դրանց նշանակությունը, հրատարակումների կամ այլ վերջնական արդյունքներում կատարողների ներգրավվածության աստիճանը: Եզրակացության մեջ հատուկ նշվում է թեմայի շարունակության նպատակահարմարությունը:

(կարգը փոփ. 15.04.02 N 399, 08.08.02 N 1185-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.08.2002, N 1185-Ն 08.09.2002, N 1122
15.04.2002, N 399 15.04.2002, N 1122
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան