040.1122.17.11.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2001 թվականի N 1122
քաղ. Երևան
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ (ԹԵՄԱՏԻԿ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 17-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ (ԹԵՄԱՏԻԿ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է գիտնականների և գիտահետազոտական խմբերի (կոլեկտիվների) նախաձեռնությամբ ներկայացված ու մրցութային կարգով ընտրված գիտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկավարժական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական, հետախուզական հետազոտությունների մշակումների, աշխատանքների, նախագծերի (այսուհետև` գիտական թեմաների հայտեր) իրականացման` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման կարգը:
2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում թեմատիկ ֆինանսավորման համար հատկացումներ նախատեսվում են միայն մրցութային կարգով ընտրված ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև` նախարարություն) կողմից հաստատված գիտական թեմաների հայտերի ֆինանսական նախահաշիվների հիման վրա, որոնք, որպես նախարարության կողմից կազմվող բյուջետային ֆինանսավորման հայտի հիմնավորում և դրա անբաժանելի մաս, սահմանված կարգով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` մինչև բյուջետային գործընթացն սկսելը:
II. ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
3. Նախարարությունը գիտական թեմաների հայտերի ընտրության և հաստատման նպատակով կազմակերպում է մրցույթ` սույն կարգի պահանջներին համապատասխան: Հայտերի գնահատման նպատակով նախարարության կողմից սահմանված կարգով ձևավորվում են մասնագիտական փորձագիտական խորհուրդներ (այսուհետև` խորհուրդ): Նախարարության կողմից ընդունվում և խորհուրդներին են տրամադրվում գիտական թեմաների հայտերը (այսուհետև` մրցույթի հայտեր): Խորհուրդները փորձաքննության են ենթարկում, ընտրում գիտական թեմաների հայտերը և դրանք ներկայացնում նախարարություն` հաստատման:
(3-րդ կետը փոփ. 08.08.02 N 1185-Ն)
4. Նախարարությունը մրցույթի մասին հայտարարությունը հաստատում և հրապարակում է զանգվածային լրատվությամբ` գիտական թեմաների հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ: Մրցույթի հայտարարությունը պարունակում է համառոտ տեղեկություններ մրցույթի անցկացման նպատակի ու կարգի` մրցույթին մասնակցելու հիմնական պայմանների, այդ թվում նաև մրցույթի հրավեր ստանալու պայմանների ու գիտական թեմաների հայտերը կազմելու և ներկայացնելու կարգի մասին:
5. Նախարարությունը մրցույթի հրավերը հաստատում է և տրամադրում մրցույթի հրավեր ստանալու գրավոր պահանջ ներկայացրած անձին` նման պահանջ նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթի հրավերի պատճենահանման և առաքման ծախսերը ֆինանսավորվում են մրցույթի հրավեր ստանալու պահանջ ներկայացրած անձի հաշվին:
6. Մրցույթի հրավերը պետք է պարունակի`
ա) հղում` հրապարակված մրցույթի մասին հայտարարությանը` ի լրումն որի տրամադրվում է տվյալ մրցույթի հրավերը,
բ) մրցույթի հայտերի պատրաստման հրահանգները,
գ) մրցույթի մասնակիցներից (այսուհետև` մասնակից) պահանջվող որակավորման տվյալների չափանիշները և դրանց գնահատման կարգը,
դ) թեմաներին ներկայացվող հիմնական պայմանները,
ե) մրցույթի հայտի ֆինանսական նախահաշվի կազմման ձևը,
զ) մրցույթի հայտերը ներկայացնելու պայմանները, ներառյալ` ձևը, տեղը, ժամկետը, մրցույթի հայտի լեզուն,
է) այն եղանակները, որոնցով մասնակիցները կարող են պահանջել մրցույթի փաստաթղթերի վերաբերյալ պարզաբանումներ և մասնակիցների հետ կազմակերպվելիք հանդիպումների մասին տեղեկատվություն,
ը) մրցույթի հայտերի բացման օրը և ժամը, քննարկման ու գնահատման կարգը,
թ) նախարարության կամ խորհրդի գործողությունները կամ որոշումները, մասնակցի բողոքարկելու իրավունքի պարզաբանումները,
ժ) տեղեկատվություն` նախարարության կամ խորհրդի կողմից մրցույթի հայտերը մերժելու հիմքերի վերաբերյալ,
ժա) մրցույթի հայտերը նախապատրաստելուն և ներկայացնելուն վերաբերող այլ տեղեկատվություն` նախարարության հայեցողությամբ:
7. Մրցույթի հայտը ներկայացվում է մրցույթի հրավերով սահմանված կարգով: Մրցույթի հրավերով սահմանված տեղեկություններից բացի, մրցույթի հայտը ընդգրկում է տեղեկություններ`
ա) թեմայի և դրա ղեկավարի, գիտական հաստատության կամ բուհի, ինչպես նաև թեմայի իրականացման աշխատանքներում ընդգրկվող մասնակիցների վերաբերյալ: Փորձարարական բնույթի թեմաների հայտերում ընդգրկվող հաստիքների նվազագույն թիվը սահմանվում է 5-ը,
բ) ներկայացվող թեմայի հիմնավորման նպատակի խնդիրների, ակնկալվող արդյունքների, խնդրի լուծման ուղիների և թեմայի կատարման ժամկետների, դրա կատարման նպատակով առկա և ձեռքբերվող սարքավորումների, նյութերի, միջոցների ու դրա համար անհրաժեշտ գումարների մասին: Կարող են նախատեսվել արշավախմբերի կազմակերպում և գիտագործնական միջոցառումների անցկացում: Թեմաների կատարման ժամկետները, որպես կանոն, նախատեսվում են մինչև 3 տարի:
8. Խորհուրդը նախարարության սահմանած կարգով փորձաքննության է ենթարկում ներկայացված յուրաքանչյուր հայտը և եզրակացություն տալիս դրա հաստատման նպատակահարմարության վերաբերյալ: Խորհուրդը հայտերի փորձաքննության ժամանակ գնահատում է ներկայացված հայտը` գիտական կամ գիտատեխնիկական նորույթը, վերլուծում թեմայի իրականացման նախադրյալները, ծավալը և դրա իրականացման ժամկետները, ֆինանսական արդյունավետությունը: Խորհուրդները կարող են մշակել և օգտագործել տվյալ թեմային բնորոշ հայտերի գնահատման լրացուցիչ չափանիշներ:
9. Խորհուրդը ներկայացված բոլոր հայտերի վերաբերյալ եզրակացությունները հաստատելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում, դրանք ներկայացնում է նախարարություն` հայտերի վերջնական ընտրության համար: Նախարարությունը, ելնելով տվյալ տարվան հաջորդող տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծով թեմատիկ ֆինանսավորման համար նախատեսվող հատկացումների առավելագույն չափից և ներկայացված թեմաների գծով ուսումնասիրությունների կատարման նպատակահարմարությունից, հաստատում է այն թեմաների ցանկը, որոնց ծախսերի նախահաշիվները ներառվելու են նախարարության կողմից պատրաստվող տվյալ տարվան հաջորդող տարվա բյուջետային ֆինանսավորման հայտում: Բյուջետային ֆինանսավորման հայտում կարող են ներառվել միայն խորհրդի դրական եզրակացությունն ստացած թեմաները:
10. Խորհուրդների բացասական եզրակացության մասին տեղեկացվում է թեմայի ղեկավարին (հեղինակին): Խորհրդի եզրակացությունը կարող է բողոքարկվել նախարարությունում` թեմայի ղեկավարի (հեղինակի) կողմից` վերջինիս տեղեկացնելուց հետո 15 օրվա ընթացքում: Խորհուրդը նախարարության ներկայացմամբ տալիս է կրկնակի եզրակացություն: Եզրակացության հիման վրա նախարարության ընդունած որոշումը վերջնական է:
III. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ, ԹԵՄԱՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
11. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հաստատումից հետո, բյուջեով թեմատիկ ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների շրջանակներում, նախարարությունը հաստատում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին թեմատիկ ֆինանսավորման գծով ֆինանսավորվող թեմաների ցանկը և դրանց ղեկավարների ցուցակը, ինչպես նաև յուրաքանչյուր թեմայի կատարման համար նախատեսվող հատկացման չափը:
12. Նախարարությունը սույն կարգի 11-րդ կետում նշված ցանկը և ցուցակը հաստատելուց հետո, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, նշված ցանկում ընդգրկված թեմաների ղեկավարների հետ կնքում է պայմանագրեր: Ընդ որում, նախարարությունը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատու ստորաբաժանման իրավասությունը վերապահում է տվյալ թեմայի հաստատման մասին դրական եզրակացություն ներկայացրած խորհրդին: Թեմայի ղեկավարի և մասնակիցների միջև հարաբերությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(12-րդ կետը փոփ. 15.04.02 N 399, 08.08.02 N 1185-Ն)
13. Սույն կարգի 12-րդ կետում նշված պայմանագրերում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներից, պարտադիր կարգով նշվում են նաև համապատասխան թեմաների անվանումները, դրանց ղեկավարների ազգանունները, գիտական կազմակերպության կամ բուհի անվանումը, որտեղ պետք է իրականացվի թեման, թեմայի իրականացման ժամկետներն ու պայմանները, ֆինանսավորման չափը, ինչպես նաև հաշվետվության ձևերը, թեմայի վերջնական կատարողական ակտերի ներկայացման ժամկետները, թեմայի արդյունքների գնահատման կարգը:
14. Գիտական կազմակերպության (բուհի) տնօրենի (ռեկտորի) և թեմայի ղեկավարի հարաբերությունները կարգավորվում են առանձին պայմանագրով, որտեղ նշվում է տնօրենի (ռեկտորի) իրավասությանը թողնված թեմայի ֆինանսավորման տոկոսը: Այդ գումարով տնօրենը (ռեկտորը) ապահովում է գիտական կազմակերպության (բուհի գիտական մասի) գործունեությունը և ստեղծում թեմայի կատարման համար անհրաժեշտ պայմաններ:
IV. ԹԵՄԱՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
15. Թեմաների իրականացման մասին կազմվում են ընթացիկ և ամփոփիչ հաշվետվություններ, որոնց ներկայացնելու ժամկետները սահմանվում են նախարարության կողմից` թեմայի իրականացման ժամկետի ավարտից առնվազն 20 օր առաջ:
16. Նախարարությունն ընդունում, հաշվառում է հաշվետվությունները և դրանք արտադրում համապատասխան փորձագիտական խորհուրդներին: Գիտական կազմակերպություններում աշխատող գիտնականների թեմաների հաշվետվությունները ներկայացվում են անմիջապես ղեկավարների կամ կատարողների կողմից:
17. Թեմաների շարունակման նպատակահարմարությունը որոշելու, ինչպես նաև ավարտվող աշխատանքների վերջնական արդյունքները վերլուծելու, դրանց ներդրումը և կիրառումը երաշխավորելու հնարավորությունները պարզելու համար հաշվետվությունները գնահատվում են փորձագիտական խորհուրդներում` նախարարության կողմից սահմանված ժամկետներին և չափանիշներին համապատասխան, և հաստատվում նախարարության կողմից:
18. Հաշվետվությունների գնահատման ժամանակ հաշվի են առնվում արդյունքների նորույթը և դրանց նշանակությունը, հրատարակումների կամ այլ վերջնական արդյունքներում կատարողների ներգրավվածության աստիճանը: Եզրակացության մեջ հատուկ նշվում է թեմայի շարունակության նպատակահարմարությունը:
(կարգը փոփ. 15.04.02 N 399, 08.08.02 N 1185-Ն)