Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-729
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.01.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.02.06/8(598) Հոդ.115
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.01.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.01.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

22 հունվարի 2008 թ.

 

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի հոկտեմբերի 15-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև մաքսային գործերում վարչական փոխօգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը՝ մուտքագրված 2007 թվականի դեկտեմբերի 6-ին:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գ. Խաչատրյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 15-ին Երևանում` նպատակ ունենալով զարգացնել բարեկամական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև մաքսային գործի ոլորտում համագործակցության միջոցով:

2. Համաձայնագիրը բաղկացած է նախաբանից, 28 հոդվածներից, վերջաբանից և հավելվածից: Համաձայնագրում տրված են դրանում օգտագործվող հիմնական հասկացությունների սահմանումները, համաձայնագրի գործողության ոլորտը, մանրամասն նկարագրված են փորձի փոխանակման և վարչական օգնության ցուցաբերման, տեղեկատվության փոխանակման սկզբունքները, տեղեկատվության առանձին տեսակները:

3. Համաձայնագրում սահմանված են օգնության հատուկ ձևերը, հստակորեն լուսաբանված են հարցումների ձևն ու բովանդակությունը, դրանց փոխանակման և կատարման մանրամասները, նշված են բացառություն հանդիսացող դեպքերը և ստացված տեղեկատվության օգտագործման ու գաղտնիության պահպանման կարգը:

4. Համաձայնագիրը նաև կարգավորում է մի Պայմանավորվող կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի պաշտոնատար անձանց գտնվելու, ինչպես նաև մի Պայմանավորվող կողմի դատական կամ վարչական մարմիններում մյուս Պայմանավորվող կողմի փորձագետների ու վկաների հանդես գալու կարգը:

5. Համաձայնագրի հոդված 22-ը նվիրված է Պայմանավորվող կողմերի փոխադարձ ֆինանսական պարտավորություններին, ըստ որի` Պայմանավորվող կողմերը հրաժարվում են համաձայնագրի կատարման ընթացքում ծագած ծախսերի հատուցման բոլոր պահանջներից, բացառությամբ հայցվող մաքսային ծառայությունում չաշխատող փորձագետների, թարգմանիչների ու վկաների աշխատանքի վարձատրման հետ կապված ծախսերի:

6. Համաձայնագրում նախատեսված են առանձին դրույթներ` թմրադեղերի, հոգեներգործուն նյութերի և բաղադրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև վերահսկելի մատակարարման հիմնախնդիրների վերաբերյալ:

Համաձայնագրում նաև նախատեսված են դրույթներ՝ վիճելի հարցերի կարգավորման, ինչպես նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դրա գործողության դադարեցման վերաբերյալ։

7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները ՀՀ Սահմանադրության 9 հոդվածին համահունչ ապահովում են Պայմանավորվող կողմերի միջև արտաքին հարաբերությունների իրականացումը։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2007 թվականի հոկտեմբերի 15-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև մաքսային գործերում վարչական փոխօգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


22 հունվարի 2008 թ.
ՍԴՈ-729