ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1560(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ | Տ. Սահակյան |
Դատավորներ` | Ն. Հովսեփյան |
Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Սարգսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Է. Հայրիյանի |
2007 թվականի դեկտեմբերի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Լևիկ և Անուշ Կիրակոսյանների վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 29.05.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Էլլա Հովհաննիսյանի ընդդեմ Անուշ և Լևիկ Կիրակոսյանների՝ գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, ըստ հայցի Անուշ և Լևիկ Կիրակոսյանների ընդդեմ Էլլա Հովհաննիսյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Էլլա Հովհաննիսյանը պահանջել է վերացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Էրեբունի փողոցի 7-րդ շենքի թիվ 4 բնակարանի վրա դրված արգելանքը:
Դիմելով դատարան՝ Անուշ և Լևիկ Կիրակոսյանները պահանջել են պարտավորեցնել Էլլա Հովհաննիսյանին հատուցելու իրենց պատճառված 188.500 (մեկ հարյուր ութսունութ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամի չափով վնասը և 14.400 (տասնչորս հազար չորս հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի անհիմն հարստացման գումարը:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 29.12.2006 թվականի վճռով Էլլա Հովհաննիսյանի հայցը մերժվել է, իսկ Անուշ և Լևիկ Կիրակոսյանների հայցը` բավարարվել մասնակիորեն:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.05.2007 թվականի վճռով Էլլա Հովհաննիսյանի հայցը մերժվել է, իսկ Անուշ և Լևիկ Կիրակոսյանների հայցը բավարարվել է մասնակիորեն` 188.500 ՀՀ դրամի մասով:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Անուշ և Լևիկ Կիրակոսյանները:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 130-րդ հոդվածի 3-րդ կետը, կիրառել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, որը չպետք է կիրառվեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 27.08.2004 թվականի վճռով մերժվել է Էլլա Հովհաննիսյանի հայցը՝ բնակարանի առուվաճառքի պայմանագիրը, բնակարանի նկատմամբ Լևիկ Կիրակոսյանի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և բավարարվել է Լևիկ Կիրակոսյանի հայցը՝ Էլլա Հովհաննիսյանին վիճելի բնակարանից վտարելու մասին:
Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ Էլլա Հովհաննիսյանից անհիմն հարստացման արդյունքում խնայած գումարի պահանջը չի կարող բավարարվել, քանի որ նա ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի կարգով օգտվել է դատական պաշտպանության իրավունքից, չի բխում կողմերի միջև ծագած իրավահարաբերությունների բնույթից, որովհետև, եթե սույն հայցով պատասխանող Էլլա Հովհաննիսյանը գտնում էր, որ իր իրավունքները խախտվել են, այնուամենայնիվ, պարտավոր էր, առուվաճառքի պայմանագրի համաձայն, մինչև 19.06.2004 թվականն ազատել վիճելի բնակարանը և այն հանձնել սեփականատիրոջը, որից հետո վիճարկել կողմերի միջև կնքված առուվաճառքի պայմանագրի օրինականությունը:
Տվյալ դեպքում օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է, որ պատասխանողն առանց օրենքի, այլ իրավական ակտերի կամ գործարքով սահմանված հիմքերի, ապօրինաբար 19.06.2004 թվականից մինչև 29.12.2005 թվականը տիրապետել և օգտագործել է Կիրակոսյանների սեփականությունը հանդիսացող Երևանի Զաքիյան 8 շենքի թիվ 33 բնակարանը, անհիմն խնայել է բնակարանն օգտագործելու դիմաց վճարները (ամսեկան խնայելով 800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ):
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 29.05.2007 թվականի վճիռը՝ Էլլա Հովհաննիսյանից 14.400 (տասնչորս հազար չորս հարյուր) ԱՄՆ դոլարի պահանջը մերժելու մասով և գործն այդ մասով ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
1) 19.06.2003 թվականին Էլլա Հովհաննիսյանի և Լևիկ Կիրակոսյանի միջև կնքվել է Երևանի Զաքիյան փողոցի 8 շենքի թիվ 33 բնակարանի առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրի 2.2.1 կետով վաճառող Էլլա Հովհաննիսյանը պարտավորվել է պայմանագիրը կնքելուց հետո 1 տարվա ընթացքում հանձնման-ընդունման ակտով գնորդին փոխանցել բնակարանը և հաշվառումից դուրս գրվել:
2) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 27.08.2004 թվականի վճռով Էլլա Հովհաննիսյանի հայցն ընդդեմ Լևիկ Կիրակոսյանի, երրորդ անձ Ա.Մինասյանի` բնակարանի առուվաճառքի պայմանագիրը լուծելու, սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին մերժվել է, իսկ Լևիկ Կիրակոսյանի հակընդդեմ հայցը ընդդեմ Էլլա Հովհաննիսյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին բավարարվել է:
3) «ԱՎ ԲՈՒՐՍԱ» ՍՊԸ-ի 10.07.2006 թվականի գնահատման հաշվետվության համաձայն` 2004 թվականի հունիսից 2005 թվականի դեկտեմբեր ժամանակահատվածի դրությամբ Երևանի Զաքիյան փողոցի 8 շենքի թիվ 33 հասցեի չորսսենյականոց բնակարանից ակնկալվող վարձավճարի չափը կազմել է 800 (ութ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցապահանջի բավարարման կամ մերժման համար դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ իրավական հարցը. արդյո՞ք դատական պաշտպանության իրավունքի իրականացումը կարող է հիմնավոր պատճառ հանդիսանալ պայմանագրային պարտավորությունները չկատարելու և այլ անձի՝ իր սեփականությունից անարգել օգտվելու իրավունքը խախտելու համար:
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք: Իսկ 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի համաձայն` անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ սույն օրենսգրքի 1099-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Սույն գլխի կանոնները կիրառվում են անկախ այն բանից, անհիմն հարստացումը ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետևանք է եղել, թե կատարվել է նրանց կամքից անկախ: Նույն օրենսգրքի 1093-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով կամ այլ իրավական ակտերով և չի բխում համապատասխան հարաբերությունների էությունից, սույն գլխում նախատեսված կանոնները ենթակա են կիրառման նաև սեփականատիրոջ կողմից իր գույքն ապօրինի տիրապետողից հետ ստանալու պահանջների նկատմամբ:
Վերոնշյալ իրավական ակտերից հետևում է, որ անձի կողմից իր իրավունքների իրականացումը չպետք է խախտի այլ անձանց իրավունքները: ՀՀ Սահմանադրությունն անձի` իր իրավունքները պաշտպանելու իրավունքի հետ միաժամանակ սահմանում է, որ յուրաքանչյուր անձ ունի սեփականության իրավունք: Սեփականատերն իր հայեցողությամբ տիրապետում, տնօրինում և օգտագործում է իրեն պատկանող սեփականությունը (ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդված):
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 27.08.2004 թվականի վճռով հաստատվել է, որ թիվ 1016559 սեփականության իրավունքի վկայագրի համաձայն` Երևանի Զաքիյան փողոցի 8 շենքի թիվ 33 բնակարանի նկատմամբ գրանցվել է Լևիկ Կիրակոսյանի սեփականության իրավունքը: 19.06.2003 թվականին Էլլա Հովհաննիսյանի և Լևիկ Կիրակոսյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագրի 2.2.1 կետի համաձայն` Էլլա Հովհաննիսյանը պայմանագիրը կնքելու պահից մեկ տարվա ընթացքում պետք է Լևիկ Կիրակոսյանին հանձներ բնակարանը:
Այսինքն, պայմանագրով Էլլա Հովհաննիսյանը պարտավորվել է միչև 19.06.2004 թվականը ազատել վեճի առարկա բնակարանը, ինչը նա կատարել է 2005 թվականի դեկտեմբերին, զրկելով Լևիկ Կիրակոսյանին իր սեփականությունն անարգել տիրապետելու և օգտագործելու հնարավորությունից:
Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է հայցի մերժման հիմքում ընկած Վերաքննիչ դատարանի փաստարկն այն մասին, որ Էլլա Հովհաննիսյանն իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար չի կարող պատասխանատվություն կրել, քանի որ այն չի կարող իրականացվել Լևիկ Կիրակոսյանի սեփականությունից անարգել օգտվելու իրավունքը խախտելու հաշվին, այսինքն` Էլլա Հովհաննիսյանն իր իրավունքները կարող էր պաշտպանել՝ կատարելով առուվաճառքի պայմանագրով ստանձնած պարտավորությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը: Նույն օրենսգրքի 409-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները:
Հետևաբար, Էլլա Հովհաննիսյանը պատասխանատու է պայմանագրային պարտավորությունը չկատարելու, դրանով Լևիկ Կիրակոսյանի սեփականության իրավունքը խախտելու և նրա հաշվին անհիմն գույք խնայելու համար:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքի 226-րդ և 227-րդ հոդվածների հիման վրա, դատական ակտը մասնակի բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 29.05.2007 թվականի վճիռը՝ Էլլա Հովհաննիսյանից 14.400 (տասնչորս հազար չորս հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով անհիմն հարստացման արդյունքում խնայած գումարը վերադարձնելու պահանջը մերժելու մասով և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ՝ |
Ս. Սարգսյան |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | |
Է. Հայրիյան |