Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.08.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.07/54(578)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.08.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի որոշում
կայացրած դատարանի կազմը

ՎԲ-132/07

Նախագահող դատավոր՝ Ս. Ղազարյան
Դատավորներ՝ Ա. Խաչատրյան, Ս. Համբարձումյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

30 օգոստոսի 2007 թ.

 

ք. Երևան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Տ. Սահակյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Հ. Ղուկասյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղար՝

Ք. Մարտիրոսյանի

 

դատախազներ՝

Ա. Դավթյանի

 

Ս. Խաչատրյանի

 

մեղադրյալ՝

Ա. Ճուղուրյանի

 

պաշտպան՝

Վ. Գևորգյանի

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի վճռաբեկ բողոքը Արամ Սեյրանի Ճուղուրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 351-րդ հոդվածով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 23-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժանմունքի քննիչ Արամ Սեյրանի Ճուղուրյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և անձին քրեական պատասխանատվությունից ազատելու փաստի առթիվ 19.04.2007 թվականին ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 351-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ, որը 20.04.2007 թվականին ընդունվել է Երևան քաղաքի դատախազության վարույթ:

2007 թվականի մայիսի 10-ին Արամ Սեյրանի Ճուղուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 351-րդ հոդվածով:

2007 թվականի մայիսի 10-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ Արամ Ճուղուրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մայիսի 10-ի որոշմամբ բավարարվել է Երևան քաղաքի դատախազության դատախազ Ս. Խաչատրյանի միջնորդությունը, և Արամ Սեյրանի Ճուղուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը 2 ամիս ժամանակով:

Որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրյալ Ա. Ճուղուրյանը:

Քննության առնելով բերված վերաքննիչ բողոքը` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2007 թվականի մայիսի 23-ի որոշմամբ փոփոխել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մայիսի 10-ի որոշումը և Արամ Ճուղուրյանին կալանքից գրավով ազատելը ճանաչել է թույլատրելի՝ գրավի չափ սահմանելով 600.000 ՀՀ դրամ: Որպես գրավի գումար սահմանված 600.000 ՀՀ դրամը նույն օրը վճարվել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դեպոզիտային հաշվին, և Ա. Ճուղուրյանն ազատվել է կալանքից:

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 23-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանը:

Վճռաբեկ դատարանը 2007 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

 

Նախաքննության մարմնի կողմից Արամ Սեյրանի Ճուղուրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 351-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժանմունքում որպես քննիչ, հանդիսանալով պաշտոնատար անձ, Վարուժան Մելքոնյանի կողմից խարդախությամբ խոշոր չափերով գումարներ հափշտակելու փաստի առթիվ իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անձնական դրդումներով Վարուժան Մելքոնյանին քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելու նպատակով 2006 թվականի հոկտեմբեր ամսին քրեական գործում եղած մի շարք փաստաթղթերի բովանդակությունը ենթարկել է փոփոխության՝ դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով Վ. Մելքոնյանի կողմից հանցագործությունների կատարման հանգամանքների, այդ թվում՝ կատարման ժամանակի և հափշտակված գումարի չափի վերաբերյալ, ինչպես նաև կազմել է կեղծ փաստաթղթեր: Կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը հիմք ընդունելով՝ Ա. Ճուղուրյանը 10.10.2006 թվականին որոշում է կայացրել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմությունն անցնելու հիմքով Վ. Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին, դրանով իսկ հանցագործությունների կատարման մեջ կասկածվող Վ. Մելքոնյանին ապօրինի ազատել է քրեական պատասխանատվությունից:

 

3. Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքի հեղինակը նշել է, որ Ա. Ճուղուրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի պահանջներով, քրեական գործի կոնկրետ հանգամանքներով, նրա կողմից կատարված արարքի բնույթով, դրա հասարակական վտանգավորության աստիճանով և մեղադրյալի անձը բնութագրող տվյալներով:

Վ. Մելքոնյանի կողմից խարդախություն կատարելու փաստի և Ա. Ճուղուրյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ բազմակողմանի և լրիվ նախաքննություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է կատարել հարցաքննություններ, առերեսումներ, այլ քննչական գործողություններ, պարզել Ա. Ճուղուրյանի կողմից Վ. Մելքոնյանի վրա հնարավոր ապօրինի ազդեցության փաստը, նրանց ցուցմունքներում առկա հակասությունները, ինչպես նաև ստանալ դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը:

Վերոգրյալը հիմք է տալիս ենթադրելու, որ Ա. Ճուղուրյանը, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում և դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով:

Ուստի բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 23-ի որոշումը և ուժի մեջ թողնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մայիսի 10-ի որոշումը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն, այն է՝ բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության հետևյալ պատճառաբանությամբ.

Կալանավորումը քրեական գործի քննության ընթացքում կիրառվող խափանման միջոցներից ամենախիստն է: Այն պետք է ընտրվի միայն այն ժամանակ, երբ խափանման մյուս միջոցները քրեական գործի վարույթի ընթացքում չեն կարող ապահովել անձի պատշաճ վարքագիծը: ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է.

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական՝ օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

Այս հոդվածի բովանդակությունից հետևում է, որ կալանավորման կիրառման հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ: Ընդ որում, այդ կանխատեսող գործողություններն անհրաժեշտ է հիմնավորել քրեական գործով ձեռք բերված որոշակի նյութերով, որով էլ վերջին հաշվով որոշվում է կալանավորման կիրառման հիմնավորվածությունը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները:

Խափանման միջոց կիրառելու կարգին վերաբերող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կալանավորումը, գրավը կիրառվում են միայն դատարանի որոշմամբ՝ քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ՝ դատարանում քրեական գործը քննելիս: Գրավը կալանավորման փոխարեն դատարանը կարող է կիրառել նաև պաշտպանության կողմի միջնորդությամբ:

Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի՝ գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց և կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ կալանավորման մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ դատարանը լուծում է մեղադրյալին գրավով կալանքից ազատելու հնարավորության հարցը և, ճանաչելով նման ազատման հնարավորությունը, նշանակում է գրավի գումարը: Հետագայում դատարանը կարող է պաշտպանության կողմի միջնորդությամբ վերանայել գրավի անթույլատրելիության կամ գրավի գումարի մասին որոշումը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից: Ըստ նույն հոդվածի 5-րդ մասի՝ դատական ստուգման արդյունքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝

1) կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին.

2) որպես խափանման միջոց կալանք ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին.

3) բողոքն առանց բավարարման թողնելու մասին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ նիստին ներկայացված չեն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութեր, դատարանը որոշում է կայացնում տվյալ խափանման միջոցը վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին:

Ինչպես երևում է գործի նյութերից, առաջին ատյանի դատարանը 2007 թվականի մայիսի 10-ին քննության է առել Արամ Ճուղուրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատախազի միջնորդությունը և նկատի ունենալով մեղադրյալին վերագրվող արարքների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հաշվի առնելով, որ նա, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը: Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում կալանավորման փոխարեն գրավ կիրառելու մասին դատախազի կամ պաշտպանության կողմի միջնորդություն չի հարուցվել և քննարկման առարկա չի դարձել: Իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին որոշումը համարելով անհիմն՝ Ա.Ճուղուրյանը վերաքննիչ բողոքում խնդրել է ստուգել դրա հիմնավորվածությունը և վերանայել առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ դատարանի դատական նիստում ստուգվել է մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու օրինականությունն ու հիմնավորվածությունը: Դատական ստուգման արդյունքում վերաքննիչ դատարանը 2007 թվականի մայիսի 23-ի որոշմամբ փոփոխել է Արամ Ճուղուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը և նրան կալանքից գրավով ազատելը ճանաչել է թույլատրելի: Մինչդեռ դատական ստուգման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշումների սպառիչ ցանկը սահմանած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մասը վերաքննիչ դատարանին նման իրավունք չի վերապահել: Հետևաբար՝ առաջին ատյանի դատարանի կողմից Ա.Ճուղուրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու որոշումը վերաքննիչ դատարանը կայացրել է այն պայմաններում, երբ օրենքով լիազորված չէր նման որոշում կայացնելու: Դրանով վերաքննիչ դատարանը թույլ է տվել ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի պահանջների, այնպես էլ օրինականության սկզբունքի խախտում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդված), ինչը քրեադատավարական օրենքի էական խախտում է (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ և 398-րդ հոդվածներ) և որոշումը բեկանելու հիմք: Այս հարցի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի մոտեցումը հստակ արտահայտված է Տարոն Ռազմիկի Հակոբյանի վերաբերյալ 2007 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԲ-115/07 որոշման մեջ (կետ 3.2):

Բացի այդ, վերաքննիչ դատարանի որոշումը չի արտացոլում գործի հետազոտված հանգամանքների և դրանց հիման վրա արված հետևությունների միջև փոխադարձ կապը:

Այսպես՝ վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ նշել է, որ «նախաքննության մարմինը առաջին ատյանի դատարանին մեղադրյալ Ա.Ճուղուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու անհրաժեշտությունը հիմնավորող պատճառաբանություն է ներկայացրել այն մասին, որ նա կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, սակայն այդ հանգամանքը հիմնավորող որևէ փաստական տվյալ չի ներկայացրել: Բացի այդ, մեղադրյալ Ա.Ճուղուրյանի անձը հայտնի է, վերջինս ունի մշտական բնակության վայր, ամուսնացած է, խնամքին ունի անչափահաս երեխա, ունի բարձրագույն կրթություն, նախկինում դատապարտված, արատավորված չի եղել, տվել է խոստովանական ցուցմունքներ, օժանդակել է քննությանը՝ գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու համար, կատարած արարքի համար անկեղծորեն զղջում է»:

Ելնելով վերոգրյալից՝ վերաքննիչ դատարանը փոփոխել է առաջին ատյանի դատարանի որոշումը և Ա.Ճուղուրյանին կալանքից գրավով ազատելը ճանաչել է թույլատրելի:

Վերաքննիչ դատարանի որոշման բովանդակությունից հետևում է, որ դատական ստուգման արդյունքում վերաքննիչ դատարանը մի կողմից հիմնավորված չի համարել Ա.Ճուղուրյանի նկատմամբ կալանավորման կիրառման անհրաժեշտությունը, մյուս կողմից անտեսել է ինչպես այն հանգամանքը, որ գրավը կալանավորման այլընտրանքային խափանման միջոց է և կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մաս), այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ դատարանը գրավով կալանքից ազատելու հնարավորության հարցը լուծում է կալանավորման մասին որոշումը կայացնելու հետ միաժամանակ, և կալանավորման փոխարեն կիրառել է գրավ:

Փաստորեն Ա.Ճուղուրյանի կալանավորման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգման արդյունքում վերաքննիչ դատարանը կայացրել է չպատճառաբանված որոշում: Ուստի անհրաժեշտ է բեկանել մեղադրյալ Ա.Ճուղուրյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Նոր քննությամբ անհրաժեշտ է, կալանավորման միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերից ելնելով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված կարգով դատական ստուգման ենթարկել Ա.Ճուղուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը և հանգել համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Բողոքը բավարարել մասնակիորեն: Արամ Սեյրանի Ճուղուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մայիսի 10-ի որոշումը փոփոխելու և մեղադրյալ Արամ Ճուղուրյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 23-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Տ. Սահակյան

Դատավորներ՝

Հ. Ասատրյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան