ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1207(ՎԴ) |
Քաղաքացիական գործ թիվ 06-3425 | |
Նախագահող դատավոր՝ | Լ. Գրիգորյան |
դատավորներ՝ | Կ. Հակոբյան |
Ա. Խառատյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ա. Մկրտումյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի օգոստոսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սամվել, Մանվել Միքայելյանների և Նորիկ Հովսեփյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 15.11.2006 թվականին կայացրած վճռի դեմ` ըստ հայցի Սամվել, Մանվել Միքայելյանների և Նորիկ Հովսեփյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Շիրակի մարզային բաժնի, Արփենիի գյուղապետարանի, երրորդ անձ Արամ Ադամյանի` աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին, և Արամ Ադամյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Սամվել, Մանվել Միքայելյանների և Նորիկ Հովսեփյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և պատասխանողներին վտարելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Հայցվորները, դիմելով դատարան, պահանջել են անվավեր ճանաչել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Շիրակի մարզային բաժնի կողմից Արփենի գյուղի անասնագոմերի վաճառքի կապակցությամբ անցկացված 27.03.2006 թվականի աճուրդը:
Հակընդդեմ հայցով երրորդ անձ Արամ Ադամյանը պահանջել է գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջել և հայցվորներին վտարել տարածքից:
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 17.08.2006 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 15.11.2006 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել հայցվորներ Սամվել, Մանվել Միքայելյանները և Նորիկ Հովսեփյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջը:
Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:
Դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջը: Հայցվորները դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով չեն ծանուցվել: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին հայցվորներին դատական ծանուցագիր ընդհանրապես չի ուղարկվել, ինչի պատճառով հայցվորները չեն մասնակցել գործի քննությանը և չեն կարողացել ներկայացնել իրենց փաստարկները:
Բողոք բերած անձիք պահանջել են բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 15.11.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի այն փաստը, որ սույն գործով 15.11.2006 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին հայցվորները պատշաճ ձևով չեն տեղեկացվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Սույն գործով դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջը խախտվել է, քանի որ գործում առկա չէ 15.11.2006 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին հայցվորներ Սամվել, Մանվել Միքայելյաններին և Նորիկ Հովսեփյանին հասցեագրված (ուղարկված) դատական ծանուցագիր:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է քաղաքացիական դատավարության օրենսգրքի էական խախտում: Այս մասին Վճռաբեկ դատարանն իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 26.10.2006 թվականի թիվ 2-2128(Ա) որոշմամբ (տե՜ս քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի ընդդեմ Շահեն Բաբայանի` գումարի պահանջի մասին):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:
Այսպիսով, դատավարական նորմերի խախտման վերաբերյալ սույն վճռաբեկ բողոքում նշված փաստարկները հիմնավոր համարելով, Վճռաբեկ դատարանն այն դիտում է որպես բավարար հիմք՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետի ուժով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 15.11.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան | |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան | |
|
Վ. Աբելյան | |
|
Ս. Անտոնյան | |
|
Ս. Գյուրջյան | |
|
Է. Հայրիյան | |
|
Ս. Սարգսյան |