ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-754 (ՎԴ) |
Քաղաքացիական գործ թիվ 07-685 | |
Նախագահող դատավոր՝ | Կ. Հակոբյան |
դատավորներ՝ |
Ա. Խառատյան |
Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
Է. Հայրիյանի | ||
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի հուլիսի 6-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Նունե և Գագիկ Պողոսյանների վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի կողմից 09.02.2007 թվականին թիվ 07-685 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ ըստ Նունե Պողոսյանի հայցի ընդդեմ Նորա Բախչոյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ պայմանագիրը և սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, ինչպես նաև Նունե Պողոսյանի լրացուցիչ հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի, «Հայագրոբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն)՝ պայմանագիրը կատարելուն հարկադրելու պահանջի մասին, և Նորա Բախչոյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Նունե և Գագիկ Պողոսյանների՝ տարածքից վտարելու և վնասները հատուցելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Նունե Պողոսյանը պահանջել է անվավեր ճանաչել 10.06.2005 թվականին Նորա Բախչոյանի և Ընկերության միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Նորա Բախչոյանին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը, ինչպես նաև պարտավորեցնել Ընկերությանը կատարելու Լ.Պողոսյանի և Ընկերության միջև 15.04.2003 թվականին կնքված պայմանագիրը՝ իրեն որպես Լ.Պողոսյանի իրավահաջորդի, վաճառել նշված պայմանագրի 1.1 կետում նշված անշարժ գույքը:
Նորա Բախչոյանը պահանջել է Նունե Պողոսյանին և Գագիկ Պողոսյանին վտարել Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող տարածքից և հատուցել պատճառված վնասները:
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 02.12.2005 թվականի վճռով Նունե Պողոսյանի հայցերը բավարարվել են, իսկ Նորա Բախչոյանի հակընդդեմ հայցը մերժվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 13.03.2006 թվականի վճռով Նորա Բախչոյանի հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակի: Վճռվել է Նունե Պողոսյանին և Գագիկ Պողոսյանին վտարել Կոտայքի մարզի Զովունի գյուղի՝ Նորա Բախչոյանին սեփականության իրավունքով պատկանող սննդի օբյեկտի տարածքից:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 18.04.2006 թվականի վճռով Նունե Պողոսյանի հայցը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 3-1095(ՎԴ) գործով 28.07.2006 թվականին կայացված որոշմամբ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.04.2006 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 3-1237(ՎԴ) գործով 28.07.2006 թվականին կայացված որոշմամբ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 13.03.2006 թվականի վճիռը Նորա Բախչոյանի հակընդդեմ հայցը բավարարելու մասով բեկանվել է և գործն այդ մասով ուղարկվել է նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի կողմից թիվ 07-685 գործով 09.02.2007 թվականին կայացված վճռով Նունե Պողոսյանի հայցը անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, պայմանագիրը կատարելուն հարկադրելու մասով մերժվել է, իսկ սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու մասով գործի վարույթը կարճվել է:
Նույն վճռով Նորա Բախչոյանի հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Նունե և Գագիկ Պողոսյաններին վտարել Կոտայքի մարզի Զովունի գյուղում Նորա Բախչոյանին սեփականության իրավունքով պատկանող սննդի օբյեկտի տարածքից:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Նունե և Գագիկ Պողոսյանները:
Վճռաբեկ բողոքին Նորա Բախչոյանը ներկայացրել է պատասխան:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի, 348-րդ հոդվածի 1-ին մասը, 408-րդ հոդվածը, 414-րդ հոդվածի 1-ին մասի, 437-րդ հոդվածի 1-ին մասի, 441-րդ հոդվածի 3-րդ մասի, 461-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Բողոք բերած անձը նշում է, որ Ընկերության և Լ.Պողոսյանի միջև (որի իրավահաջորդն է հանդիսանում բողոք բերած անձը) 15.04.2003 թվականին կնքված պայմանագրի ուժով Ընկերությունը պարտավորվել է պայմանագրի 1.1 կետում նշված անշարժ գույքը 15.04.2003 թվականի պայմանագիրը կնքելուց հետո 15 օրվա ընթացքում վաճառել Լ.Պողոսյանին: Մինչդեռ բանկը (Ընկերությունը) նշված անշարժ գույքը 10.06.2005 թվականի առուծախի պայմանագրով վաճառել է Նորա Բախչոյանին:
2) ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.
Դատարանը բազմակողմանիորեն չի հետազոտել և պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ 11.04.2005 թվականից վիճելի անշարժ գույքը գտնվել է արգելանքի տակ, իսկ արգելանքից հանվել է միայն 07.06.2005 թվականին և քանի դեռ 03.06.2005 թվականին գույքը գտնվել է արգելանքի տակ, բանկը (Ընկերությունը) կազմակերպել է վիճելի օբյեկտի աճուրդ՝ չունենալով դրա իրավունքը: Նշվածը հանգեցնում է Ընկերության և Նորա Բախչոյանի միջև կնքված գործարքի անվավերության:
3) ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածը և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.
Ընկերության և Նորա Բախչոյանի միջև 10.06.2005 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը պետք է ճանաչվեր անվավեր, քանի որ այդ պայմանագիրը պետական գրանցման է ենթարկվել երկուսուկես ամիս հետո:
4) ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը խախտել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ և 14-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.
Նորա Բախչոյանը իրավունք ուներ ծանոթանալու վաճառվելիք լոտին և դրան վերաբերող իրավունքը հաստատող փաստաթղթերին: Բացի այդ, աճուրդը բացվում է հայտարարությամբ, որտեղ նշվում են լոտի նկատմամբ սահմանափակումները և այլ տեղեկությունները:
5) ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը չի կիրառել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, 14-րդ հոդվածը, 21-րդ հոդվածի «ե» կետը, 44-րդ հոդվածը, 52-րդ հոդվածի «գ» կետը, 53-րդ հոդվածի «ա» կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Նշված հոդվածների վերլուծությունից բխում է, որ Նորա Բախչոյանը պետք է տեղյակ լիներ այն բանի մասին, որ աճուրդի անցկացման պահին անշարժ գույքը գտնվել է արգելանքի տակ, ուստի նա չի կարող համարվել բարեխիղճ ձեռք բերող:
6) ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 6-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Նշված հոդվածը սույն վեճի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ 15.04.2003 թվականի «Հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման մասին» պայմանագիրը չի եղել նախնական պայմանագիր, ավելին այդ պայմանագրում որևիցե նախնական պայման նախատեսված չի եղել:
Բողոք բերած անձինք պահանջել են բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 09.02.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից 02.12.2005 թվականին թիվ 2-3-319 գործով կայացված վճռին:
2. Վճռաբեկ բողոքի պատասխանը.
Բողոքի հիմնական փաստարկն այն է, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.02.2007 թվականի վճիռը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 28.07.2006 թվականի թիվ 3-1237 և թիվ 3-1095 որոշումներին: Վերը նշվածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ վերանայվող դատական ակտի հիմքում ընկած են այնպիսի հանգամանքներ, որոնք քննարկման առարկա չեն դարձվել ոչ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 18.04.2006 թվականի թիվ 06-1571 վճռում, և ոչ էլ ՀՀ վճռաբեկ դատարանի 28.07.2006 թվականի թիվ 3-1095 որոշման մեջ:
Բացի այդ, բողոք բերող անձինք ՀՀ վճռաբեկ դատարանին խնդրել են ոչ թե բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռը, այլ օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 02.12.2005 թվականի վճռին, որտեղ ընդհանրապես քննարկման առարկա չեն դարձված ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 09.02.2007 թվականի վճռում և Նունե ու Գագիկ Պողոսյանների վճռաբեկ բողոքում բարձրացված շատ հարցեր:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ընկերության, Լևիկ Պողոսյանի և «Պողոսյան Գագիկ» ՍՊԸ միջև 15.04.2003 թվականին կնքվել է «Հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման մասին» պայմանագիր, որի 1.1 կետի ուժով Լևիկ Պողոսյանը «Պողոսյան Գագիկ» ՍՊԸ-ի 5.563.150 ՀՀ դրամ պարտավորության դիմաց, որն առաջացել է Ընկերության և «Պողոսյան Գագիկ» ՍՊԸ-ի միջև 22.05.2001 թվականին կնքված թիվ 17 վարկային պայմանագրից, որպես սեփականություն Ընկերությանն է հանձնել իրեն սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող հասարակական սննդի օբյեկտը՝ 167.8 քմ մակերեսով (անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական համար 1043785): Ընկերության սեփականության իրավունքը քննարկվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է 19.05.2003 թվականին (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական համար 1625865):
2) Նշված պայմանագրի 2.3.4 կետի համաձայն՝ Ընկերությունը պարտավոր է 1.1 կետում նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու պահից տասնհինգ օրվա ընթացքում 1.1 կետում նշված գույքը հետ վաճառել տարաժամկետ վճարման պայմանով Լևիկ Պողոսյանին 3 տարի ժամկետով, առանց գրաֆիկի սահմանման, հաշվեկշռային արժեքով:
3) Լևիկ Պողոսյանը մահացել է 14.01.2004 թվականին: Համաձայն ՀՀ կենտրոնական նոտարական տարածքի նոտար Ա.Մելքոնյանի կողմից 31.08.2005 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Լևիկ Պողոսյանի գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում դուստրը՝ Նունե Լևիկի Պողոսյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է նշված վկայագիրը, բաղկացած է
ՎԱԶ-21063 մակնիշի ավտոմեքենայից:
4) Հրապարակային սակարկությունների միջոցով, 10.06.2005 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա վեճի առարկա անշարժ գույքը 4.000.000 ՀՀ դրամ գումարով գնել է Նորա Բախչոյանը:
5) Նորա Բախչոյանի սեփականության իրավունքը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում գրանցվել է 26.08.2005 թվականին:
6) Աճուրդի կայացման պահին վեճի առարկա անշարժ գույքը գտնվել է արգելանքի տակ՝ 11.04.2005 թվականից:
7) Գույքն արգելանքից հանվել է ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հարկադիր կատարողի 07.06.2005 թվականի որոշմամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) վճռաբեկ բողոքն առաջին և վեցերորդ հիմքերով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լ.Պողոսյանի և Ընկերության միջև 15.04.2003 թվականին կնքված պայմանագիրը խառը պայմանագիր է, քանի որ այն պարունակում է նաև նախնական պայմանագրի վերաբերյալ պայմաններ: Նման հետևությունը պայմանավորված է նշված պայմանագրի 2.3.4 կետի վերլուծությամբ: Նախ` 15.04.2003 թվականին կնքված պայմանագրի 2.3.4 կետի վերլուծությունից միանշանակ երևում է կողմերի կամահայտնությունը. կողմերը պարտավորվել են ապագայում կնքել գույք հանձնելու մասին պայմանագիր՝ նախնական պայմանագրով նախատեսված պայմաններով: Երկրորդ՝ կողմերի կամքը դրսևորվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ձևով: Այսպես՝ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասի՝ նախնական պայմանագիրը կնքվում է հիմնական պայմանագրի համար սահմանված ձևով, իսկ եթե հիմնական պայմանագրի ձևը սահմանված չէ, ապա՝ գրավոր: Քանի որ նախնական պայմանագրով նախատեսված է անշարժ գույքի առուծախի վերաբերյալ հիմնական պայմանագրի կնքում, հետևաբար նախնական պայմանագիրը պետք է կնքվեր գրավոր ձևով և ստանար նոտարական վավերացում: Նշվածը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի վերլուծությունից: Գործի նյութերից պարզ է դառնում, որ 15.04.2003 թվականին կնքված պայմանագիրը կնքվել է գրավոր և վավերացվել է նոտարի կողմից:
Երրորդ՝ քննարկվող կետը պարունակում է նախնական պայմանագրի բոլոր այն էական պայմանները, որոնք պարտադիր են համարվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածով: Մասնավորապես, նախնական պայմանագրի բովանդակության ուսումնասիրումից միանշանակ պարզ է հիմնական պայմանագրի առարկան, և բացի այդ որոշված է նաև հիմնական պայմանագրով հանձնման ենթակա անշարժ գույքի գինը, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 567-րդ հոդվածի համաձայն՝ հանդիսանում է անշարժ գույքի առուծախի պայմանագրի էական պայման:
Միևնույն ժամանակ 15.04.2003 թվականին կնքված պայմանագրի 2.3.4 կետը նախատեսել է այն ժամկետը, որի ընթացքում կողմերը պարտավորվել են կնքել հիմնական պայմանագիրը: Համաձայն նշված պայմանագրի 2.3.4 կետի՝ Ընկերությունը պարտավոր է 1.1 կետում նշված Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու պահից տասնհինգ օրվա ընթացքում 1.1 կետում նշված Գույքը 3 տարի ժամկետով տարաժամկետ վճարման պայմանով հետ վաճառել Լևիկ Պողոսյանին՝ առանց գրաֆիկի սահմանման, հաշվեկշռային արժեքով: Ուստի հիմնական պայմանագրի կնքման պահանջ կողմերը կարող էին ներկայացնել 15.04.2003 թվականին կնքված պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման պահից սկսած 15 օրվա ընթացքում: Գործի նյութերի հետազոտումից ակներև է դառնում, որ պայմանագրի կնքման պահանջ կարող էր ներկայացվել 15.05.2003 թվականից մինչև 30.05.2003 թվականն ընկած ժամանակահատվածում: Դա նշանակում է, որ նախնական պայմանագրի հիման վրա առաջացած պարտավորական իրավահարաբերությունը գոյություն ունի այդ ժամկետի սահմաններում և դրա ավարտից հետո դադարում է: Ասվածը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 6-րդ մասով, համաձայն որի՝ նախնական պայմանագրով նախատեսված պարտավորությունները դադարում են, եթե մինչև այն ժամկետի ավարտը, որում կողմերը պետք է կնքեին հիմնական պայմանագիրը, այն չի կնքվում, կամ կողմերից մեկը մյուսին առաջարկ չի ներկայացնում այդ պայմանագիրը կնքելու մասին:
Հետևաբար Լ.Պողոսյանի իրավունքները խախտված կլինեին այն ժամանակ, երբ նշված ժամկետում Լ.Պողոսյանի կողմից օֆերտա անելու դեպքում Ընկերությունը խուսափեր նախնական պայմանագրով նախատեսված հիմնական պայմանագիրը կնքելուց: Այսինքն՝ միայն նման պարագայում առաջ կգային բողոք բերած անձի կողմից վկայակոչվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի, 348-րդ հոդվածի 1-ին մասի, 408-րդ հոդվածի, 414-րդ հոդվածի 1-ին մասի, 441-րդ հոդվածի 3-րդ մասի, 461-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտումները.
2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը սույն գործով ուսումնասիրության առարկա է դարձրել այն ապացույցները, որոնց միջոցով հաստատվում է 03.06.2005 թվականին անցկացված աճուրդի ժամանակ Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող հասարակական սննդի օբյեկտի արգելանքի տակ գտնվելու հանգամանքը: Սակայն, տվյալ փաստը սույն գործով էական չէ այնքանով, որքանով որ նշված անշարժ գույքի տնօրինման պահին` 10.06.2005 թվականին, այն արգելանքից հանված է եղել: Ասվածը պայմանավորված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից: Մասնավորապես, նշված հոդվածի տրամաբանությամբ պարտապանի գույքի նկատմամբ արգելանք տարածելը ենթադրում է նաև արգելադրված գույքի տնօրինման իրավազորության սահմանափակում: Տվյալ պարագայում տնօրինումը դրսևորվում է ոչ թե սակարկությունների կազմակերպմամբ և անցկացմամբ, այլ գույքի օտարման պայմանագիր կնքելով: Հենց դա էլ տեղի է ունեցել 10.06.2005 թվականին, այսինքն` այն ժամանակ, երբ Ընկերության և Նորա Բախչոյանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը: Իսկ 10.06.2005 թվականի դրությամբ քննարկվող գույքը արգելանքի տակ չի գտնվել, քանի որ այն արգելանքից հանվել է դեռևս 07.06.2005 թվականին: Հետևաբար այն կարող էր ազատորեն օտարվել.
3) վճռաբեկ բողոքն երրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասի` գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքն առոչինչ է:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները` սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, գրավը, հիփոթեքը, սերվիտուտները, այլ սահմանափակումները, ինչպես նաև օրենքում նախատեսված դեպքերում, այլ իրավունքները ենթակա են (պետք է ներկայացվեն) պետական գրանցման` գործարքների կնքման օրվանից սկսած 30-օրյա ժամկետում` անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներում` ըստ անշարժ գույքի գտնվելու վայրի:
Այս հարցի կապակցությամբ վճռաբեկ դատարանն իր մանրամասն դիրքորոշումն արդեն հայտնել է թիվ 3-65 (ՎԴ) քաղաքացիական գործով 02.03.2007 թվականին կայացված որոշմամբ: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Գույքի նկատմամբ իրավուքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի ձևակերպումն այնպիսին է, որ հնարավորություն չի տալիս որոշելու նույն հոդվածում նախատեսված 30-օրյա ժամկետի հաշվարկման սկիզբը: Բանն այն է, որ ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 3-րդ մասի` այն պայմանագիրը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում այդ իրավունքի գրանցման պահից: Նման պարագայում անորոշ է դառնում այն պահը, որից սկսած պետք է հաշվարկել 30-օրյա ժամկետը: Հետևաբար «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու 30-օրյա ժամկետը սույն գործի փաստերից ելնելով Վճռաբեկ դատարանը համարում է իրավական հետևանքներ չառաջացնող:
Միևնույն ժամանակ Նորա Բախչոյանը 10.06.2005 թվականի առուծախի պայմանագրից բխող իրավունքները 26.08.2005 թվականին ներկայացրել է պետական գրանցման: Ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասը սույն գործով ենթակա չէր կիրառման.
4) վճռաբեկ բողոքը չորրորդ և հինգերորդ հիմքերով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը բողոքի 4-րդ և 5-րդ հիմքերին չի անդրադառնում, քանի որ գործի ըստ էության քննության ընթացքում այդ հարցերը քննարկման առարկա չեն դարձել:
Այսպիսով, վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նունե և Գագիկ Պողոսյանների վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել:
2. ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 09.02.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Ա. Մկրտումյան |
Է. Հայրիյան | |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | |
Ս. Գյուրջյան | |
Ս. Սարգսյան |