Գլխավոր տեղեկություն
Համար
N 1396-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.01.2004-01.03.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.12.03/59(294) Հոդ.1120
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.09.2012

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 նոյեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 օգոստոսի 2003 թվականի N 1396-Ն

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասերի նկատմամբ սեփականության և գրավի իրավունքների գրանցման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասերի նկատմամբ գրավի իրավունքի վկայագրի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների գրանցամատյանի վարումը կանոնակարգելու մասին» N 194 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 30-րդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 4
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 14-ի N 1396-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կանոնադրական կապիտալում բաժնեմասերի (դրանց մասերի) նկատմամբ մասնակիցների և այլ անձանց սեփականության ու գրավի իրավունքների գրանցման, գրանցամատյանի վարման, դրա մեջ փոփոխությունների կատարման, փոփոխությունների կատարումը մերժելու հիմքերն ու կարգը:

Սույն կարգի դրույթները չեն կանոնակարգում ընկերություն հանդիսացող բանկերի և վարկային կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանի վարման, դրա մեջ փոփոխությունների կատարման, փոփոխությունների կատարումը մերժելու հետ կապված հարաբերությունները:

Ընկերության մասնակիցների գրանցամատյանի վարումը նպատակ ունի ընկերության կանոնադրական կապիտալի բաժնեմասերի նկատմամբ ընկերության մասնակիցների սեփականության իրավունքի լրիվ ու հավաստի հաշվառում կատարելու և ներառում է՝

ա) ընկերության մասնակիցների գրանցամատյանի, դրա մեջ ընկերության մասնակցի անձնական հաշվի (տող գրանցամատյանում) բացումը.

բ) ընկերության, ընկերության մասնակցի մասին ընկերության մասնակիցների գրանցամատյանում առկա տեղեկությունների ցանկացած փոփոխության և (կամ) լրացման կատարումը.

գ) ընկերության մասնակիցների գրանցամատյանում ընկերության մասնակցի անձնական հաշվի փակումը.

դ) ընկերության մասնակիցների գրանցամատյանի (այդ թվում՝ դրանում ընկերության բոլոր մասնակիցների անձնական հաշիվների) փակումը:

Ընկերության մասնակիցների գրանցամատյանը միասնական է, որը ներառում է սույն կարգի 13-րդ կետում նշված տեղեկություններն ընկերության և նրա կանոնադրական կապիտալի բաժնեմասերի սեփականատերերի, գրավառուների մասին:

Ընկերության մասնակցի (գրավառուի) մասին տեղեկությունները գրառվում են ընկերության մասնակիցների գրանցամատյանի տող կազմող անձնական հաշվում, որն ունի հերթական համար (տվյալ ընկերության մասնակիցների գրանցամատյանում չկրկնվող քառանիշ թիվ) և ներառում է սույն կարգի 13-րդ կետում նշված տեղեկությունները:

2. Ընկերության մասնակիցների գրանցամատյանի վարումը, դրա մեջ փոփոխությունների կատարումը կամ փոփոխությունների կատարման մերժումն իրականացվում են իրավաբանական անձի գրանցման վայրի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման կողմից:

Ընկերության վերակազմակերպմամբ (բացառությամբ վերակազմավորման) պայմանավորված՝ ընկերության մասնակիցները կամ նրանց բաժնեմասերը (դրանց փոփոխությունները) ընկերության մասնակիցների գրանցամատյանում գրանցվում են պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից՝ սույն կարգին համապատասխան:

3. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումների և կենտրոնական մարմնի գրանցամատյաններում առկա տեղեկությունների հիման վրա պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը վարում է ընկերության մասնակիցների միասնական գրանցամատյան, որում պարունակվող տեղեկությունները, կատարված փոփոխությունների հաշվառմամբ, թարմացվում են առնվազն յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ:

4. Անձը համարվում է ընկերության մասնակից՝ սույն կարգով սահմանված կարգով ընկերության մասնակիցների գրանցամատյանում նրա, որպես այդպիսին, գրանցվելու պահից:

Անձը համարվում է ընկերության մասնակիցների գրանցամատյանում գրանցված՝ դրա մեջ սույն կարգի 13-րդ կետում նշված տեղեկությունների գրառման պահից:

Ընկերության մասնակիցների գրանցամատյանում կատարված գրանցումը հավաստվում է համապատասխան վկայագրով (այսուհետ՝ վկայագիր):

5. Ընկերության մասնակիցների գրանցամատյանում առկա տեղեկությունները պետական ռեգիստրի կողմից չեն կարող փոփոխվել՝ բացառությամբ սույն կարգում նշված դեպքերի:

6. Գրանցամատյանում ընկերության մասնակիցների մասին առաջին գրանցումը կատարվում է ընկերության գրանցման պահին:

7. Ընկերության մասնակիցների գրանցամատյանում առաջին գրանցումը կատարելու նպատակով ընկերության պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միաժամանակ ներկայացվում են՝

ա) տեղեկություններ մասնակիցների մասին. ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրային տվյալները, իրավաբանական անձի համար՝ լրիվ ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը, գրանցման համարը, վկայականի համարը, քաղաքային, գյուղական կամ թաղային համայնքների համար՝ համայնքի անվանումը, Հայաստանի Հանրապետության համար՝ բաժնեմասի կառավարման լիազորություն ունեցող պետական կամ տարածքային կառավարման լիազորված մարմնի անվանումը.

բ) տեղեկություններ ընկերության յուրաքանչյուր մասնակցի բաժնեմասի չափի մասին.

գ) ընկերության բոլոր մասնակիցների անձնագրերի (գրանցման վկայականների) պատճենները:

Սույն կետում նշված տեղեկությունները ներկայացվում են ընկերության բոլոր մասնակիցների ստորագրությամբ: Եթե ընկերության պետական գրանցման համար ներկայացված փաստաթղթերը, այդ թվում՝ հիմնադրման մասին պայմանագիրը, պարունակում են սույն կետում նշված տեղեկությունները, ապա լրացուցիչ փաստաթղթեր չեն ներկայացվում:

8. Ընկերության մասնակիցների գրանցամատյանում փոփոխությունների գրանցում կատարվում է, եթե ընկերության մասնակցի, նրա բաժնեմասի անվանական արժեքի կամ չափի փոփոխություն է կատարվել, բաժնեմասը կամ դրա մասը գրավ է դրվել: Ընկերության ֆիրմային անվանման, կանոնադրական կապիտալի, պետական գրանցման տվյալների փոփոխություններով կամ ընկերության գործունեության դադարմամբ պայմանավորված՝ ընկերության մասնակիցների գրանցամատյանում գրանցումները կատարվում են փոփոխությունների գրանցման հետ միաժամանակ՝ հիմք ընդունելով պետական գրանցման համար ներկայացված փաստաթղթերը:

9. Ընկերության մասնակիցների գրանցամատյանում փոփոխություններ գրանցելու համար ներկայացվում են՝

ա) բաժնեմասի (բաժնեմասերի) կամ դրա (դրանց) մասերի օտարման դեպքում՝

դիմում,

բաժնեմասի կամ դրա մասի օտարման հիմքը (պայմանագիր, դատարանի վճիռ և այլն),

գործարքի կողմ հանդիսացող մասնակիցների վկայագրերը (բաժնեմասը կամ դրա մասը ձեռք բերող կողմ հանդիսացող մասնակիցը վկայագիրը ներկայացնում է միայն այն դեպքում, երբ նա սույն կարգի համաձայն ձեռք է բերել վկայագիր),

պետական գրանցման վկայականի (եթե տվյալ կողմն իրավաբանական անձ է) կամ անձնագրի (եթե տվյալ կողմը ֆիզիկական անձ է) պատճենը.

բ) «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում՝

դիմում,

դատարանի վճիռը կամ կատարողական թերթիկը,

մասնակցի (մասնակիցների) վկայագիրը (վկայագրերը).

գ) ընկերությունից մասնակցի դուրս գալու դեպքում՝

եթե դիմում է ընկերությունը՝

դիմում՝ տրված ընկերության կողմից,

ընկերության անվանմամբ՝ դուրս գալու մասին մասնակցի դիմումի պատճենը,

դուրս եկող մասնակցի վկայագիրը (վկայագիրը ներկայացվում է միայն այն դեպքում, երբ մասնակիցը սույն կարգի համաձայն ձեռք է բերել վկայագիր).

եթե դիմում է դուրս եկող մասնակիցը՝

դիմում՝ տրված դուրս եկող մասնակցի կողմից,

գրավոր հավաստում` ընկերությունից դուրս գալու մասին մասնակցի դիմումն ընկերության կողմից ստանալու վերաբերյալ,

դուրս եկող մասնակցի վկայագիրը (վկայագիրը ներկայացվում է միայն այն դեպքում, երբ մասնակիցը սույն կարգի համաձայն ձեռք է բերել վկայագիր).

դ) բաժնեմասի (դրա մասի) գրավի դեպքում՝

բաժնեմասի սեփականատիրոջ դիմումը,

բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիրը,

գրավառուի մասին տեղեկություններ. ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրային տվյալները, իրավաբանական անձի համար՝ լրիվ ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը, գրանցման համարը, վկայականի համարը, քաղաքային, գյուղական կամ թաղային համայնքների համար՝ համայնքի անվանումը, Հայաստանի Հանրապետության համար՝ բաժնեմասի կառավարման լիազորություն ունեցող պետական կամ տարածքային կառավարման լիազորված մարմնի անվանումը,

գրավառուի պետական գրանցման վկայականի (անձնագրի) պատճենը,

բաժնեմասի (դրա մասի) հաջորդող գրավի դեպքում` գրավառուի գրավոր համաձայնությունը,

բաժնեմասի (դրա մասի) գրավի պայմանագիրը.

ե) բաժնեմասի կամ դրա մասի գրավի դադարման դեպքում՝

գրավատուի դիմումը,

գրավի իրավունքի վկայագիրը և բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիրը,

գրավառուի գրավոր հավաստումը գրավի դադարման մասին:

10. Ընկերության մասնակիցների ժառանգներին կամ իրավահաջորդներին, բաժնեմասի փոխանցմամբ պայմանավորված, գրանցում կատարելու համար անհրաժեշտ է ներկայացնել ժառանգ կամ իրավահաջորդ հանդիսանալու մասին համապատասխան փաստաթուղթ, ինչպես նաև ընկերության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնությունը կամ ընկերության տնօրենի հավաստումն ընկերության մասնակիցների համաձայնության մասին, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված է, որ նման գործարքը հնարավոր է միայն ընկերության մասնակիցների համաձայնությամբ:

11. Ընկերության մասնակիցների գրանցամատյանում, օտարերկրյա իրավաբանական անձի կողմից բաժնեմասի ձեռքբերմամբ պայմանավորված, փոփոխության գրանցում կատարելու համար, բացի սույն կարգով նախատեսված փաստաթղթերից, ներկայացվում է նաև քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից կամ օտարերկրյա ներդրողի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ՝ վավերացված և հայերեն թարգմանված:

12. Ընկերության մասնակցի բաժնեմասի փոխանցմամբ (օտարմամբ) պայմանավորված՝ գրանցում կատարելու համար՝ սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև ընկերության տնօրենի գրավոր հավաստումը (ստորագրված և կնքված՝ ընկերության կնիքով) ընկերության մասնակիցների նախապատվության իրավունքի (դրա առկայության դեպքում) իրականացման՝ օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգը պահպանելու մասին: Եթե ընկերության մասնակցի բաժնեմասը փոխանցվում է նոտարական կարգով վավերացված պայմանագրով, ապա սույն կետում նշված հավաստումը չի ներկայացվում:

Սույն կարգի 9-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեպքերում ներկայացվում է նաև գրավառուի գրավոր համաձայնությունը (դիմողի գրավոր հավաստումը գրավառուի գրավոր համաձայնության առկայության մասին), եթե բաժնեմասը գրավ է դրված, և այդ իրավունքը գրանցվել է սույն կարգի համաձայն:

13. Ընկերության մասնակիցների գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները՝

ա) ընկերության մասին՝

ընկերության լրիվ ֆիրմային անվանումը,

ընկերության պետական գրանցման տվյալները (գրանցման ու վկայականի համարները, գրանցման օրը),

ընկերության կանոնադրական կապիտալի չափը.

բ) մասնակցի (գրավառուի) մասին՝

ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրային տվյալները, իրավաբանական անձի համար՝ լրիվ ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը, գրանցման համարը, վկայականի համարը, քաղաքային, գյուղական կամ թաղային համայնքների համար՝ համայնքի անվանումը, Հայաստանի Հանրապետության համար՝ բաժնեմասի կառավարման լիազորություն ունեցող պետական կամ տարածքային կառավարման լիազորված մարմնի անվանումը,

մասնակցի բաժնեմասի չափը (արտահայտված՝ տոկոսներով կամ մասերով՝ ընկերության կանոնադրական կապիտալի նկատմամբ),

մասնակցին, գրավառուին տրված վկայագրի (վկայագրերի) համարը (համարները).

գ) գրառման կատարման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

դ) այլ տեղեկություններ:

14. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պետական ռեգիստր ներկայացվելու օրը փաստաթղթերի ընդունման մատյանում կատարվում է գրառում, և ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը պետք է կատարի գրանցում: Սույն կարգի 9-րդ կետի «դ» և «ե» ենթակետերով նախատեսված գրանցումների կատարման դեպքում համապատասխան գրառում է կատարվում բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրի վրա:

Սույն կարգով սահմանված դեպքերում պետական ռեգիստր ներկայացվում է վկայականի բնօրինակը, իսկ դրա կորստի դեպքում՝ իրավաբանական անձանց մասին տեղեկություններ հրապարակող մամուլի միջոցում տրված հայտարարությունը վկայագրի կորստի հետևանքով այն անվավեր ճանաչելու մասին:

Մինչև իրավաբանական անձանց մասին տեղեկություններ հրապարակող մամուլի միջոցի հիմնադրումը՝ հայտարարությունը տրվում է առնվազն 2500 օրինակ տպաքանակ ունեցող մամուլի միջոցով:

15. Վկայագիրը, որպես ընկերության մասնակիցների գրանցամատյանում կատարված գրանցումը հավաստող փաստաթուղթ, ենթակա է հատուկ հաշվառման:

16. Գրանցումը կարող է մերժվել, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ, եթե դրանցում պարունակվում են տեղեկություններ, որոնք հակասում են օրենքի կամ ընկերության կանոնադրության պահանջներին:

17. Գրանցումը մերժվելու դեպքում մերժման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը չեն վերադարձվում:

18. Գրանցման մերժումը պետք է լինի պատճառաբանված և պարունակի հղում օրենքի, սույն կարգի կամ ընկերության կանոնադրության այն կոնկրետ նորմերին, որոնց պահանջները խախտվել են:

19. Գրանցման մերժման մասին տրվում է համապատասխան տեղեկանք, որն ստորագրում է տարածքային ստորաբաժանման ղեկավարը: Այն վավերացվում է տվյալ տարածքային ստորաբաժանման կնիքով:

20. Գրանցումը մերժելը, ինչպես նաև գրանցումից խուսափելը կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 14-ի N 1396-Ն որոշման

 

Ձև

 

Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր

_______________________________________________________________

(լրիվ ֆիրմային անվանումը)

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ

ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

 

N 000000

 

Ընկերության պետական գրանցման համարը ____________________________________

 

Գտնվելու վայրը _____________________________________________________

 

Կանոնադրական կապիտալի չափը՝ _____________________ դրամ:

 

Ընկերության մասնակից ________________________________________________

 

_______________________________________________________________

 

_______________________________________________________________

(իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման տվյալները, ֆիզիկական անձանց համար՝

անձնագրային տվյալները)

 

Բաժնեմասի չափը՝ ____________________________________

 (տոկոսներով կամ մասերով)

 

Անձնական հաշվի համարը ______________________________

 

Գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը_________________________

 

Պետական ռեգիստրի ____________________ տարածքային բաժնի պետ՝

 

____________________
(ստորագրությունը)

 

Կ.Տ.

____________________
(անունը, ազգանունը)
 

_____ ___________ 200 թ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 14-ի N 1396-Ն որոշման

 

Ձև

 

Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր

_______________________________________________________________

(լրիվ ֆիրմային անվանումը)

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ

ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

 

N 000000

 

Ընկերության պետական գրանցման համարը ____________________________________

 

Գտնվելու վայրը _____________________________________________________

 

Կանոնադրական կապիտալի չափը՝ _____________________ դրամ:

 

Ընկերության մասնակից (գրավատու)________________________________________

 

_______________________________________________________________

(իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման տվյալները, ֆիզիկական անձանց համար՝

անձնագրային տվյալները)

 

Գրավառու ________________________________________________________

 

_______________________________________________________________

(իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման տվյալները, ֆիզիկական անձանց համար՝
անձնագրային տվյալները)

 

Բաժնեմասի չափը՝ ____________________________________

 (տոկոսներով կամ մասերով)

 

Անձնական հաշվի համարը ______________________________

 

Գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը_________________________

 

Պետական ռեգիստրի ____________________ տարածքային բաժնի պետ՝

 

____________________
(ստորագրությունը)

 

Կ.Տ.

____________________
(անունը, ազգանունը)
 

_____ ___________ 200 թ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան