ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 հունիսի 2014 թ. |
N 2 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 70-Ն ՀՐԱՄԱՆԻ ՈՐՈՇ ԿԵՏԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 70-Ն հրամանով հաստատված Չափորոշչի 10-րդ գլխով կարգավորվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առողջության առաջնային պահպանման համակարգում հանրակրթական ուսումնական հաստատություններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը, իսկ 11-րդ գլխով կարգավորվում է պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը:
Տվյալ իրավիճակում տարաբնույթ է ընկալվում, արդյոք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 70-Ն հրամանի 10-րդ, 11-րդ գլխով սահմանված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին դրույթները տարածվում են նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող երեխաների նկատմամբ:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.
ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված 2-ի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում քաղաքացիներին տրամադրված բժշկական ծառայությունների, դեղերի և (կամ) բժշկական պարագաների արժեքի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող լրիվ փոխհատուցումն է: Նույն որոշման հավելված 1-ով սահմանված են այդ թվում և պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող երեխաների հատուկ (տարիքային) և սոցիալական խմբերը:
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն հանրակրթական ուսումնական հաստատությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում է, որն իրականացնում է հանրակրթական հիմնական ծրագիր(եր), իսկ 10-րդ կետի համաձայն հատուկ հանրակրթական դպրոցը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորող սովորողների համար հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ է: Այսինքն, հանրակրթական հատուկ դպրոցը հանրակրթական ուսումնական հաստատություն է:
Ելնելով վերոգրյալից, Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 70-Ն հրամանի 10-րդ, 11-րդ գլխով սահմանված դրույթները հավասարապես տարածվում են պետական հանրակրթական հատուկ ուսումնական հաստատություններում սովորող երեխաների նկատմամբ:
Ա. Մուրադյան |