«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
11 ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2000 թվականի N 165
քաղ. Երևան
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Վազգեն Սարգսյանի անվան Երևանի հանրապետական մարզադաշտը կապիտալ վերակառուցման ենթարկելու և այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-699 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանի տնօրինության Վազգեն Սարգսյանի անվան Երևանի հանրապետական մարզադաշտը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման հանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
2. Երևանի քաղաքապետին` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ`
ա) 15-օրյա ժամկետում օրենքով սահմանված կարգով կնքել անհատույց օգտագործման պայմանագիր` նախատեսելով մարզադաշտի օգտագործումը մարզական և այլ տոնական հանդիսությունների ու միջոցառումների կազմակերպման նպատակներով.
բ) մեկամսյա ժամկետում ապահովել մարզադաշտի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտումը և սահմանված կարգով ձևակերպումը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Մարզադաշտի վերակառուցումն ավարտելու և այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով վարկեր և (կամ) փոխատվություններ ստանալու համար թույլատրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային գրավ դնել մարզադաշտի անհատույց օգտագործման իրավունքը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 11-ից:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Սարգսյան |