Համաձայնեցված է | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ |
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ | ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ |
ՆԱԽԱԳԱՀ | |
_______________Վ. Գաբրիելյան | _____________Գ. Խաչատրյան |
______ _______________2011 թ. | 24 մարտի 2011 թ. |
N 17 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎԱԾ ՀՈՒՄՔԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում բանկային վճարմամբ ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն oրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը`
ա) այդ հումքից պատրաստված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման դեպքում ենթակա է վերադարձման` սույն oրենքի 9 հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում.
բ) բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետում նշված դեպքի, պակասեցվում է դրանց համար դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա` հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա ակցիզային հարկի ընդհանուր գումարից:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով պաշտոնապես պարզաբանում եմ.
Հաշվի առնելով, որ ակցիզային հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտի կողմից ձեռք բերված (ներմուծված) հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումարը հաշվանցելու սահմանափակումներ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չեն, օրենքով սահմանված կարգով համապատասխան լիցենզիա ունեցող և ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող անձինք հաշվարկված ակցիզային հարկի գումարից կարող են օրենքով սահմանված կարգով հաշվանցել մինչև արտադրության սկսելու կամ ակցիզային հարկի գծով պարտավորության առաջացման պահը ձեռք բերված (այդ թվում` ներմուծված) հումքի դիմաց ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում և օրենսդրությամբ սահմանված հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի գումարները: Հումքի ներմուծման դեպքում հաշվանցման համար պարտադիր պայման է ակցիզային հարկի վճարումը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում հումքի ձեռքբերման դեպքում` բանկային վճարմամբ հումքի ձեռքբերումը:
Մինչև ակցիզային հարկի գծով պարտավորության առաջացման պահը հումքի մասով ապրանքների ձեռքբերման (այդ թվում` ներմուծման) դիմաց վճարված ակցիզային հարկի գումարները արտադրողների կողմից արտացոլվում են սույն պարզաբանման հրապարակման պահից հետո ներկայացվող որևէ հաշվետու ժամանակաշրջանի ակցիզային հարկի հաշվարկում` որպես հաշվանցվող ակցիզային հարկի ավելացում: