040.0006.07.01.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
7 հունվարի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունվարի 1998 թ. N 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու աղյուսակների ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության հետ:
3.Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 6-ի «Պետական հողային կադաստրի վարման կարգի և հողերի վիճակի պարբերաբար դիտարկումների (մոնիտորինգի) դրույթները հաստատելու մասին» N 179 որոշման 1-ին կետը.
բ) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի նոյեմբերի 21-ի «Պետական հողային կադաստրի վարման աշխատանքների հետագա կատարելագործման և հողերի պետական հաշվառման հաշվետվության ձևերի հաստատման մասին» N 645 որոշումը:
|
Ռ. Քոչարյան |
Հաստատված է ՀՀ կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի N 6 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ԿԱԶՄԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը (այսուհետև` հողային հաշվեկշիռ) կազմելու կարգը:
2. Հողային հաշվեկշռում արտացոլվում է հողերի փաստացի օգտագործումն ըստ սեփականության ձևերի, նպատակային նշանակության և հողատեսքերի:
3. Համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի հողային հաշվեկշիռը կազմում են համայնքների ղեկավարները, Երևան քաղաքի թաղերում` թաղապետերը:
4. Համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող, մարզերի վարչական տարածքներում գտնվող հողերի, ինչպես նաև մարզերի ամփոփ հողային հաշվեկշիռները կազմում են Հայաստանի Հանրապետության մարզպետները, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը:
5. Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռն ամփոփում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
6. Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշիռը կազմում է հողերի պետական հաշվառման տվյալ տարվա ընթացիկ տվյալների հիման վրա, հուլիսի 1-ի դրությամբ:
Համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` թաղապետը) կազմում է համայնքի (Երևան քաղաքում` թաղային համայնքի) հողային հաշվեկշիռը, այն համաձայնեցնում Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնի հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 5-ը ներկայացնում համապատասխան մարզպետին:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը բնապահպանական և անտառային ֆոնդերի հողերի հաշվառման տվյալները, ըստ նշված հողերի տեղադրության, ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ մարզպետին:
Մարզպետը (Երևանի քաղաքապետը) ամփոփում է համայնքների (Երևան քաղաքում` թաղային համայնքների) ներկայացրած հողային հաշվեկշիռները, ընդգրկելով նաև համայնքների (Երևան քաղաքում թաղային համայնքների) վարչական սահմաններից դուրս գտնվող, մարզի վարչական սահմաններում գտնվող հողերը, կազմում մարզի (Երևան քաղաքի) հողային հաշվեկշիռը, համայնքների (Երևան քաղաքում` թաղային համայնքների) վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի մասով համաձայնեցնում Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնի հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն ամփոփում է մարզպետների (Երևանի քաղաքապետի) ներկայացրած հողային հաշվեկշիռները և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 30-ը Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն: