ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԿՈՂՄԻՑ ՑՈՒՑԱԲԵՐՎԱԾ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1985 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
5 հունիսի 2001 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար Ռ. Շառոյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Մարզական միջոցառումների, մասնավորապես ֆուտբոլային խաղերի ժամանակ հանդիսատեսի կողմից ցուցաբերված անկարգությունների մասին 1985 թվականի օգոստոսի 19-ին Ստրասբուրգում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրվել է 18.05.2001 թ.):
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Շառոյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիան ստորագրվել է 1985 թ. օգոստոսի 19-ին` Ստրասբուրգում: Կոնվենցիայի նպատակը մարզական միջոցառումների, մասնավորապես ֆուտբոլային խաղերի ընթացքում հանդիսատեսի կողմից հակաօրինական գործողությունների և բռնությունների կանխումն է:
2. Հայաստանի Հանրապետությունը, սահմանադրական իրավունքների շրջանակներում, պարտավորվում է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` կոնվենցիայի դրույթները կատարելու համար, մասնավորապես.
- մշակել և իրականացնել բռնությունները, օրինազանցությունները կանխելու միջոցառումներ,
- համակարգել երկրպագուների ակումբների և ճանապարհորդական գործակալությունների հետ մեկտեղ երկրպագուների տեղափոխման միջոցառումները,
- անհրաժեշտության դեպքում ընդունել օրենք, որում սահմանված կլինեն մարզական հանդիպումների ժամանակ օրինազանցին համապատասխան պատժամիջոցի ենթարկելու դրույթներ,
- կիրառել պատժամիջոցներ և այլ միջոցներ, որպեսզի մարզական կազմակերպիչները, մարզադաշտի տնօրինությունը, տեղական իշխանություններն անհրաժեշտության դեպքում կանխեն և զսպեն անկարգությունները, մասնավորապես իրականացնեն այնպիսի միջոցառումներ, որոնք կերաշխավորեն հանդիսատեսի անվտանգությունը,
- հետևել, որպեսզի օրինախախտ երկրպագուները բացահայտվեն և պատժվեն, օրենքով սահմանված կարգով, իսկ ձերբակալված անձանց դեմ հարուցված գործերը փոխանցվեն այդ անձի քաղաքացիության երկրի իրավասու մարմիններին,
- ձեռնարկել սոցիլական և դաստիարակչական բնույթի միջոցներ` մարզական իդեալը կրթական և այլ միջոցներով զարգացնելու համար:
3. Կոնվենցիայի նորմերը համահունչ են քաղաքացիների առողջության պահպանման, սպորտի զարգացման, այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներին (հոդվածներ 4, 6, 9, 34 և այլն):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Մարզական միջոցառումների, մասնավորապես ֆուտբոլային խաղերի ժամանակ հանդիսատեսի կողմից ցուցաբերված անկարգությունների մասին 1985 թվականի օգոստոսի 19-ին Ստրասբուրգում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Հովհաննիսյան |
|