ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
22 փետրվարի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Հ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հանցավորության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Քննության առարկա համաձայնագրի նպատակն է մարդու կյանքի ու առողջության, ազատության, պատվի ու արժանապատվության, հասարակության շահերի դեմ ուղղված ոտնձգություններից հուսալի պաշտպանության ապահովումը, համագործակցությունը կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, հանցագործությունների կանխման, խափանման, բացահայտման և քննության գործում:
Համաձայնագրով նախատեսվող համագործակցության ձևերն են` քրեական հետապնդումից կամ պատժի կրումից թաքնվող անձանց և առևանգված տրանսպորտային միջոցների հետախուզումը, նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների մասին տեղեկատվության փոխանակումը, աշխատանքային փորձի, նորմատիվ ակտերի և գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակումը:
Համաձայնագրով սահմանված են համագործակցության իրականացման և աջակցություն ցույց տալու կարգը, աջակցությունը մերժելու հիմքերը: Աջակցության ցուցաբերումը կարող է մերժվել, եթե հարցվող կողմը գտնում է, որ հարցման կատարումը կարող է վնասել իր շահերին կամ հակասում է իր օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին, կամ արարքը, որի կապակցությամբ հարցումն ստացվել է, ըստ հարցվող կողմի օրենսդրության հանցագործություն չի հանդիսանում: Համաձայնագրի նշված դրույթը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1 հոդվածում ամրագրված` պետության ինքնիշխանության սկզբունքից, ինչպես նաև համապատասխանում է Սահմանադրության 42 հոդվածի չորրորդ մասի պահանջներին:
Պայմանավորվող կողմերը պարտավորվում են համապատասխան դեպքերում իրականացնել համաձայնեցված միջոցառումներ` այն անձանց անվտանգությունն ապահովելու համար, որոնց ցուցմունքներն ու գործողությունները կարևոր նշանակություն ունեն գործի քննության համար: կողմերը կրում են համաձայնագրի կատարման ընթացքում ծագող բոլոր ծախսերը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, միմյանց օգնություն են ցույց տալիս անհատույց:
Համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում հավելվածը` Հանցավորության դեմ պայքարում համագործակցություն իրականացնող` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների ցանկը: Ըստ համաձայնագրի` ցանկում նշված մարմինները սահմանում են միմյանց հետ հաղորդակցվելու կարգը և դրա համար լիազորված անձանց ցանկը: Համաձայնագրի իրականացման նպատակով նախատեսվում է նաև միջգերատեսչական համաձայնագրերի կնքում, աշխատանքային հանդիպումների և խորհրդատվությունների կազմակերպում:
Հայաստանի Հանրապետությունը համաձայնագիրն ստորագրել է հատուկ կարծիքով` այն մասին, որ համաձայնագրի լրացումների և փոփոխությունների վերաբերյալ արձանագրություններն ուժի մեջ են մտնում համաձայնագրի համար նախատեսված կարգով, այսինքն` անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցագիրն ավանդապահին հանձնելու օրվանից: Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում և կարող է երկարաձգվել:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հանցավորության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|