ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 1992 թվականի N 286
քաղ. Երևան
ՆՇԱՆԱԿՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ, ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ, ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԵՎ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին` մինչև համապատասխան կառուցվածքների ստեղծումը, հանրապետությունից արտասահման մշտական բնակության մեկնած անձանց օրենքով նախատեսված կենսաթոշակների գումարների փոխադրումն այլ երկրներ ժամանակավորապես իրականացնել անկախ պետությունների համագործակցության կենսաթոշակային (սոցիալական) ֆոնդերի ներկայացուցիչների ասոցիացիայի միջոցով:
2. Արտասահմանում աշխատած ժամանակաշրջանը, այդ թվում նաև արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող ժամանակաշրջանը հաշվարկվում է ընդհանուր և արտոնյալ աշխատանքային ստաժում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե արտասահմանում աշխատած քաղաքացիները Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին կատարել են պետական սոցիալական ապահովագրական մուծումներ:
Արտասահմանում աշխատած քաղաքացիների կենսաթոշակները հաշվարկվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44 հոդվածին համապատասխան:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն արտասահմանում աշխատած ժամանակաշրջանում պետական սոցիալական ապահովագրական մուծումներ կատարելու կարգի մասին:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |