ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«08» մայիսի 2024 թ. |
N 07-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 4․2-րդ հոդվածի 1-ին մասի 4․1)-ին կետի դրույթներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1․ Հաստատել աղբավայրերի նախագծման, կառուցման և շահագործման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար`
5/8/2024 |
Գ. Սանոսյան |
Հավելված ՀՀ ՏԿԵ նախարարի 2024 թվականի Մայիսի 8-ի N 07-Ն հրամանի |
ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳ
1. Կիրառման ոլորտը
1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կոշտ կենցաղային թափոնների աղբավայրերի նախագծման, կառուցման և շահագործման գործընթացները։
2. Սույն կարգը սահմանվում է էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբավայրերի բացասական և վտանգավոր ներգործության նվազեցման ու չեզոքացման նպատակով։
3. Սույն կարգը չի տարածվում արտադրական, ռադիոակտիվ, ընդերքօգտագործման և բժշկական թափոնների թաղման/հեռացման վայրերի վրա։
2. Ընդհանուր դրույթներ
4. Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, մարդու առողջության և շրջակա միջավարի վրա բացասական և վտանգավոր ներգործության չեզոքացման նպատակով՝ կոշտ կենցաղային թափոնները մեկուսացվում և անվտանգ տեղադրվում են աղբավայրերում՝ կանխարգելով շրջակա միջավայրում վտանգավոր և աղտոտող նյութերի տարածումը։
5. Սույն կարգը պարունակում է հիմնական դրույթներ, որոնք պետք է պահպանվեն աղբավայրերի նախագծման, կառուցման և շահագործման գործընթացներում՝ բնապահպանական, քաղաքաշինական և սանիտարական պահանջների ապահովման նպատակով։
6. Աղբավայրերի կառուցման կամ շահագործման գործունեությունները ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության՝ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի։
3․ Աղբավայրի նախագծում
7. Նոր կառուցվող աղբավայրի նախագիծը կազմվում է ՀՀ գործող օրենսդրությանն ու նորմերին համապատասխան, որն իր մեջ ներառում է․
1) ընդհանուր բացատրագիրը,
2) հիդրոերկրաբանական եզրակացությունը և շինարարության համար ընտրված տարածքի հիմնավորումը,
3) գլխավոր հատակագիծը` ներառյալ տրանսպորտը և սանիտարական պահպանման գոտին,
4) տեխնոլոգիական բաժինը` տարողության հաշվարկը, տեխնոլոգիական սխեման՝ հաշվի առնելով շինարարության հերթականությունը, երկայնական և լայնական տեխնոլոգիական կտրվածքները, շահագործման ռեժիմը, շահագործող անձնակազմի, մեքենաների և մեխանիզմների պահանջարկի հաշվարկը, աղբավայրի փակումից հետո հողամասի վերականգնման (ռեկուլտիվացիայի) ցուցումները,
5) ճարտարապետաշինարարական բաժինը,
6) սանիտարատեխնիկական բաժինը,
7) էլեկտրատեխնիկական բաժինը,
8) հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները,
9) շրջակա միջավայրի պահպանության/ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման բաժինը,
10) ամփոփ նախահաշիվը,
11) այլ բաժիններ՝ ըստ նախագծային առաջադրանքի։
4․ Հողատարածքի ընտրություն
8. Աղբավայրերը էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության (կատեգորիաների) կոմունալ օբյեկտների գործառնական նշանակության հողամասեր են՝ համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 6 -րդ հոդվածի 1․4-րդ կետի, 18-րդ հոդվածի։
9. Տեղական ինքնակառավարման մարմինները համայնքի վարչական սահմանում և համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորման նախագծին ու հողերի օգտագործման սխեմային համապատասխան նոր աղբավայրի կազմակերպման համար ընտրված հողամասը համաձայնեցնում են լիազոր մարմինների` ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ առողջապահության նախարարությունների, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և տարածքային կառավարման մարմինների հետ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
10. Նոր կառուցվող աղբավայրերը տեղակայվում են․
1) բնակավայրերի սահմաններից դուրս՝ բնակելի կառուցապատումներից նվազագույնը 500 մետր հեռավորության վրա /սանիտարապաշտպանիչ գոտի/,
2) ջրամբարների, մակերևութային ջրերի, բնության հատուկ պահպանվող տարածքների, առողջարանների և այլ նման օբյեկտների սանիտարական պահպանման գոտիներից դուրս տարածքներում,
3) ստորգետնյա ջրերի մակարդակը 2 մետրից ավելի խորության վրա գտնվող տարածքներում, ինչպես նաև ստորգետնյա ջրերի աղտոտումը բացառող բնական պաշտպանվածությամբ տարածքներում,
4) գյուղատնտեսության համար ոչ պիտանի, ինչպես նաև կանաչ ծառատունկերով չզբաղեցված տարածքներում,
5) ձորակներում և օգտագործված բացհանքերում,
6) բնակելի կառուցապատման, հանգստի գոտիների և բնակչության զանգվածային կուտակման այլ հանրային վայրերի նկատմամբ քամու գերակշռող ուղղությանը հակառակ մասերում,
7) Հիդրոերկրաբանական տեսանկյունից նախընտրելի՝ կավից կամ ծանր ավազակավից բաղկացած գրունտերով տարածքներում։
11. Աղբավայրերը չեն կարող տեղակայվել`
1) ջրամատակարարման, հանքային ջրերի աղբյուրների սանիտարական պահպանման I, II և III գոտիներում, գետերի ողողահուների գոտիներում,
2) սողանքների, սելավատարերի, ձնահյուսերի գոտիներում, սեզոնային հեղեղումների ենթարկվող տարածքներում և ճահճակալած վայրերում,
3) հատուկ պահպանվող տարածքներում,
4) օդանավակայաններից 15 կմ-ից պակաս հեռավորության վրա,
5) զբոսայգիների, պուրակների, այգիների և այլ կանաչ տարածքներում։
12. Ելնելով տեղադրման դիրքից և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունից՝ աղբավայրերը կարող են լինել`
1) հարթավայրային` հարթ մակերևույթի նկատմամբ մինչև 5% թեքությամբ,
2) լանջային` հարթ մակերևույթի նկատմամμ 5%-ից բարձր թեքությամբ,
3) ձորակային` բնական իջվածքներում և ձորերում տեղակայված,
4) հանքային` օգտագործված բացհանքերում տեղակայված:
13. Տնտեսապես առավել շահավետ է ընտրել օգտագործված բացհանք կամ քառակուսու ձև ունեցող տեղամաս, որոնց դեպքում հնարավոր է ստանալ աղբի պահեստավորման առավել մեծ բարձրություն (հաշվի առնելով շեպի թեքությունը 1:4):
14. Աղբավայրի համար տարածքի ընտրությունից հետո կատարվում են տեղագրական հանույթ, երկրաբանական և հիդրոերկրաբանական հետազննություններ։
15. Երկրաբանական հետազննությունը կատարվում է առնվազն 10 մ խորությամբ: Տարատեսակ գրունտների առկայության դեպքում հետազոտումը կատարվում է մինչև անջրանցիկ (ջրահեստ) շերտին հասնելը և խորանալով այդ շերտի մեջ 1-ից մինչև 1.5 մ:
16. Հիդրոերկրաբանական հետազննության արդյունքում որոշվում է գրունտային ջրերի հորիզոնը և դրանց հոսքի ուղղությունը։
5․ Աղբավայրի տարողության հաշվարկ
17. Նախագծվող աղբավայրի համար կատարվում է տարողության հաշվարկ` անհրաժեշտ տարածքի մակերեսի հիմնավորման նպատակով:
18. Հաշվարկի ժամանակ հաշվի են առնվում մեկ շնչի հաշվով գոյացող աղբի տարեկան նորման (ներառյալ այլ աղբ գոյացնող կազմակերպություններում առաջացող աղբը), սպասարկվող բնակչության թիվը, աղբավայրի շահագործման հաշվարկային ժամկետը և աղբավայրում աղբի խտացման աստիճանը:
19. Աղբավայրերի հաշվարկային տարածքը որոշելու համար ընդունվում է 0.02-ից մինչև 0.05 հա տարեկան մեկ հազար տոննա աղբի հաշվարկով: Աղբավայրի համար պահանջվող տարածքի մեծությունը պետք է հիմնավորվի աղբավայրի նախագծային տարողության հաշվարկով:
20. Աղբավայրի համար տարածքի շահագործման ժամանակահատվածը որպես կանոն ընդունվում է ոչ պակաս 15-20 տարի:
21. Աղբի պահեստավորման անհրաժեշտ տարածքը որոշվում է աղբավայրի կանխատեսվող ծավալը բաժանելով թափոնների պահեստավորման միջին բարձրության վրա՝ հաշվի առնելով դրանց խտությունը։
Մ= Ծ/Բ։
22. Իսկ կանխատեսվող ծավալը որոշվում է
Ծ= Բx1,3xՏ/Գ, որտեղ
Ծ՝ ծավալն է,
Բ՝ սպասարկվող բնակչության թիվը,
1,3՝ մեկ շնչին ընկնող աղբի կուտակման հաշվարկային ծավալն է` խ․մ-ով,
Տ՝ աղբավայրի շահագործման հաշվարկային ժամկետն է, տարով,
Գ՝ աղբի խտացման գործակիցն է, որի միջին հաշվարկային մեծությունը հավասար է 3-ի։
Օրինակ՝ 80 հազար բնակչությամբ, շահագործման ժամկետը 25 տարի, աղբի խտացման գործակիցը՝ 3, աղբի պահեստավորման բարձրությունը՝ 10 մ-ի դեպքում ելակետային տվյալներով հաշվարկային տարածքի մակերեսը կկազմի՝ =80000*1,3*25/3 /10 = 86 666քմ= 8,7 հա: |
6․ Աղբավայրի սխեման
23. Կառուցվող աղբավայրը բաղկացած է կոշտ կենցաղային թափոնների պահեստավորման տարածքից, որը զբաղեցնում է ընդհանուր տարածքի 90 տոկոս և ավելին, տնտեսական գոտուց, մուտքից և մուտքի ճանապարհից, ինժեներական կառուցվածքներից և հաղորդակցուղիներից ։
24. Մուտքի ճանապարհը միացնում է աղբավայրը գլխավոր խճուղու հետ, այն հաշվարկվում է երկկողմ շարժման համար: Մուտքի ճանապարհի կատեգորիան և հիմնական ցուցանիշները որոշվում են մեքենաների շարժման հաշվարկային հաճախականության հիման վրա` ավտոմեքենա/օր:
25. Կախված տարեկան ընդունվող աղբի ծավալից պահեստավորման տեղամասը բաժանվում է շահագործման հատվածների/բջիջների՝ այն հաշվով, որ յուրաքանչյուր հատվածը պետք է բավարարի աղբի ընդունումը 3-ից մինչև 5 տարի ժամանակահատվածում:
26. Շահագործման հաջորդ հատվածը իրականացվում է աղբի լիցքի ավելացմամբ մինչև նախագծային նիշը:
27. Պահեստավորման տարածքի նշահարումը ըստ հատվածների կատարվում է հաշվի առնելով տեղանքի ռելիեֆը:
28. Աղբավայրի պահեստավորման տեղամասը պետք է պաշտպանված լինի մակերևութային ջրերի ներթափանցումից: Այդ նպատակով տեղամասի սահմանի վրա նախագծվում է ջրահեռացման առվակ, որի կտրվածքը հաշվարկվում է մթնոլորտային տեղումների և ջրհավաք մակերեսի տվյալների հիման վրա:
29. Ջրահեռացման առվակից 1-ից մինչև 2 մ հեռավորության վրա տեղադրվում է աղբավայրը շրջափակող ցանկապատը (լարային, ցանցային կամ համանման):
30. Ցանկապատից 5-ից մինչև 8 մ լայնությամբ գոտում նախատեսվում են ծառատնկում, կանաչապատում, տեղադրում են ջրմուղ-կոյուղու ցանցերը, էլեկտրալուսավորության սյուները, ինչպես նաև թափոնների ծածկման (մեկուսացման) համար նախատեսված գրունտի պահեստները:
31. Տնտեսական գոտին նախագծվում է մուտքի ճանապարհի և աղբավայրի սահմանի հետ հատման մասում:
32. Տնտեսական գոտում տեղադրվում են կենցաղային և արտադրական շինություններ: Տնտեսական գոտին կարող է զբաղեցնել ընդհանուր տարածքի 5%-ից մինչև 10%-ը:
33. Աղբավայրի տարածքում կարող են նախատեսվել թափոնների տեսակավորման և վտանգավոր թափոնների առանձնացման, ինչպես նաև օրգանական թափոնների կոմպոստավորման և կոմպոստի պահեստավորման տեղամասեր` համապատասխան տեխնիկա-տնտեսական հիմնավորման դեպքում:
34. Աղբավայրի տարածքում կարող են նախատեսվել նաև վտանգավոր թափոնների ընդունման, մշակման, վերամշակման, օգտահանման, վնասազերծման, թաղման տեղամասեր:
7․ Աղբի պահեստավորման տեղամաս
35. Պահեստավորման տեղամասում նախատեսվում է փոսորակի կառուցում, որի արդյունքում առաջացող գրունտը պահեստավորվում է աղբի միջանկյալ և վերջնական մեկուսացման համար: Աղբավայրի համար կառուցվող փոսորակի միջին խորությունը հաշվարկվում է ելնելով հողային աշխատանքների և ստորգետնյա ջրերի մակարդակի հաշվեկշռի պահանջներից:
36. Առաջին հատվածի/բջջի փոսորակներից գրունտը տեղադրվում է աղբավայրի պարագծով նախատեսված պահեստներում, իսկ երկրորդ և երրորդ հատվածների փոսորակներից առաջացող գրունտը օգտագործվում է առաջին և երկրորդ հատվածներում թափոնների մեկուսացման համար:
37. Փոսորակի հիմքը որպես կանոն նախագծվում է հորիզոնական` ապահովելով առաջացող զտահեղուկի հավասարաչափ բաշխումը աղբավայրի հիմքի ամբողջ տարածքով: Հաշվի առնելով տեղանքի ռելիեֆը և աղբի պահեստավորման հերթականությունը, տարածքը կարող է բաժանվել մի շարք փոսորակների։ Տարածքի 5%-ից ավելի թեքության դեպքում կարող են նախատեսվել աստիճանաձև տեղակայված փոսորակներ։
38. Փոսորակների հիմքը պետք է ունենա կապակցված գրունտե շերտ` ոչ պակաս 0.5 մ հաստությամμ և ոչ ավել 10-5սմ/վրկ (0.0086 մ/օր) ջրանցման գործակցով (կավային գրունտներ բնական վիճակում):
39. Փոսորակի հիմքի գրունտի 10-5 սմ/վրկ ավելի ջրանցման գործակցի դեպքում անհրաժեշտ է նախատեսել արհեստական ջրանթափանց շերտերի (էկրան) ստեղծում թաղանթային կամ մածուցիկ ջրամեկուսիչ նյութերի օգտագործմամբ։
40. Այն կլիմայական գոտիներում, որտեղ աղբի խոնավությունը չի գերազանցում 52%-ը և տարեկան մթնոլորտային տեղումների քանակը 100 մմ-ից պակաս է ջրանթափանց շերտ կարող է չնախատեսվել:
41. Օգտագործված հանքերում (քարհանքներում) աղբավայրի նախագծման դեպքում նախատեսվում են աղբատար մեքենաների մուտքը և բեռնաթափումը ամենացածր նիշում ապահովող ճանապարհներ (իջատեղեր), ինչպես նաև թափոնների մեկուսացման համար գրունտի ստացման տեղամաս:
42. Խրամուղային եղանակով աղբավայր նախագծելու դեպքում նախատեսվում են խրամուղիներ 3-ից մինչև 6 մ խորությամμ և վերին մասում 6-ից մինչև 12 մ լայնությամբ: Խրամուղիները նախատեսվում են քամիների գերիշխողբուղղությանը ուղղահայաց:
43. Խրամուղիներից հանված գրունտը օգտագործվում է աղբի շերտերի մեկուսացման համար:
44. Տեղադրվում են խտացված աղբի զանգվածում առաջացող գազերի հավաքման և օգտահանման, ինչպես նաև զտահեղուկի հավաքման համակարգեր:
8․ Տնտեսական գոտի և ինժեներական կառուցվածքներ
45. Տնտեսական գոտում նախատեսվում են վարչական և կենցաղային մասնաշենքեր, վերահսկման և բացթողման կետ, կշեռք, աղբի տեսակավորման և վերամշակման արտադրամասեր, փակ և բաց ավտոկայանատեղեր, մեքենաների և մեխանիզմների նորոգման արհեստանոցներ, պահեստներ, էլեկտրասնուցման, ջրամատակարարման և ջրահեռացման օբյեկտներ և այլ կառուցվածքներ:
46. Տնտեսական գոտու տարածքը պետք է ունենա կոշտ ծածկ, լուսավորություն, մուտքի ճանապարհներ և ցանկապատ։
47. Հրդեհների մարման համար պահանջվող ջրի ծախսը ընդունվում է 10 լ/վրկ, որի համար ելնելով տեղական պայմաններից կարող է նախատեսվել 50 մ3 ծավալով ջրամբար կամ լճակ:
48. Աղբավայրի ամբողջ եզրագծով նախատեսվում է ցանկապատ, որի բարձությունը պետք է լինի առվազն 2 մ և աղբավայրի մուտքի մոտ նախատեսվում է դարպաս կամ ուղեփակոց:
9․ Մոնիթորինգի կետեր
49. Աղբավայրի նախագծի կազմում մշակվում է մոնիթորինգի հատուկ բաժին, որը ներառում է ստորգետնյա և մակերևութային ջրերի, մթնոլորտային օդի, հողի և բույսերի վիճակի հսկողության և վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումներ:
50. Ստորգետնյա ջրերի վիճակի հսկողության համար նախատեսվում են հսկիչ հորեր կամ հորատանցքեր ստորգետնյա ջրերի հոսքի ուղղությամբ` մեկ հսկիչ կառուցվածք աղբավայրի վերին (բարձր) հարակից տարածքում և 1-ից մինչև 2 հսկիչ կառուցվածքներ՝ աղբավայրի ներքին հատվածում` 50-ից մինչև 100 մ հեռավորության վրա:
51. Մակերևութային ջրերի վիճակի հսկողության համար նախատեսվում են աղբավայրի վերին (բարձր) հարակից տարածքում գտնվող մակերևութային ջրերից և աղբավայրի ներքին հատվածում գտնվող ջրահեռացման առվակներից ջրի նմուշներ վերցնելու կետեր:
52. Ստորգետնյա և մակերևութային ջրերի որակի հսկման կառուցվածքների համար նախատեսվում է մոտեցման ավտոճանապարհներ և ջրի հեռացման հնարավորություն:
53. Մթնոլորտային օդի վիճակը հսկելու համար նախագծով նախատեսվում են օդի նմուշները վերցնելու հատվածները` սանիտարական պահպանության սահմաններին և աղբավայրի աշխատանքային ու տնտեսական գոտիներում:
54. Աղբավայրի շահագործման ընթացքում մոնիթորինգն իրականացվում է «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման դրույթներին համապատասխան։
10․ Աղբավայրի շահագործումը
55. Աղբավայրերի շահագործումն իրականացվում է նախագծին համապատասխան` պահպանելով սանիտարական, քաղաքաշինական, բնապահպանական օրենսդրության պահանջները:
56. Շահագործման ժամերը սահմանվում են աղբահանության ժամանակացույցի համապատասխան և հաշվի առնելով աղբի փոխադրման տարածությունները։
57. Աղբավայրը պետք է շահագործվի շաբաթը 7 օր ժամը 6.00-22.00՝ երկու հերթափոխով՝ յուրաքանչյուրը 8 ժամ։
58. Շահագործման ժամերը կարող են փոփոխվել՝ կախված աղբի առաջացման սեզոնային հաճախականությունից։
59. Աղբավայրի մուտքի մոտ տեղադրվում են շահագործող ընկերության անվանումը, պատասխանատու կոնտակտային անձի անունը և հեռախոսի համարը, նշումներ կշեռքի գտնվելու վայրի մասին և ցուցանակներ դեպի ընդունարան։
60. Աղբի բեռնաթափումից հետո աղբավայրում պետք է իրականացվեն թափոնների հարթեցման և վերևից հորիզոնական կամ հորիզոնականին մոտ խտացման/տոփանման աշխատանքներ։ Խտացումից հետո մակերևույթի բարձրությունը չպետք է գերազանցի 2.0 մ։
61. Աղբի հարթեցումը և խտացումը պետք է իրականացվի աշխատանքային մակերևույթի վրա դրանց բեռնաթափումից անմիջապես հետո, ինչի շնորհիվ հնարավորություն կընձեռվի գոյություն ունեցող տարածքում տեղադրել ավելի մեծ քանակությամբ աղբ, միաժամանակ կվազեցնելով հրդեհների առաջացման, միջատների, վնասատուների և թռչունների կողմից աղբի տարածման հավանականությունը։
62. Աղբավայրերում աղբի հարթեցումն և տոփանումը պետք է իրականացվի բուլդոզերներով կամ տոփանող մեքենաներով։
63. Հաշվի առնելով, որ աղբավայրում կենցաղային կոշտ թափոնների քայքայման ընթացքում միաժամանակ տեղի են ունենում ֆիզիկական, քիմիական և կենսաբանական (կենսաքիմիական) բազմաթիվ պրոցեսներ, աղբավայրերում տեղադրվող թափոնների յուրաքանչյուր շերտ պետք է մեկուսացվի/ծածկվի 20սմ չտոփանված հողի շերտով: Ընդ որում +5C և ավել ջերմաստիճանի դեպքում մեկուսացումն իրականացվում է ամեն օր, իսկ +5C ջերմաստիճանից ցածրի դեպքում՝ ոչ ուշ քան թափոնների բեռնաթափումից 3 օր հետո։ Տեղադրված թափոնների օրակա մեկուսացումը/ ծածկումը կկանխի թափոնների և գարշահոտի տարածումը, թափառող կենդանիների, վնասատուների և թռչունների մուտքը, ինչպես նաև կբարելավի աղբավայրի և ակտիվ աշխատանքային տարածքի արտաքին տեսքը:
64. Աղբի մեկուսացման/ծածկման համար կարելի է օգտագործել հողային զանգվածների, կավի նման ոչ ծակոտկեն իներտ նյութեր, ինչի նպատակն է նվազեցնել ջրի մուտքի, ինչպես նաև թորանի առաջացման հավանականությունը: Հնարավորության դեպքում օրական ծածկման համար կարելի է օգտագործել աղբավայրի տարածքում փոսորակների քանդման արդյունքում գոյացած հողային զանգվածը:
65. Ձմռան ամիսներին, հողային շերտի օգտագործման բարդության պատճառով, որպես մեկուսիչ/ծածկող նյութ կարող են օգտագործվել խարամներ, շինարարական թափոններ, կոտրված աղյուս, կրաքար, կավիճ, գիպս, ձուլակտոր, բետոն, կերամիկական սալիկներ, ասֆալտբետոն և այլն:
66. +20C և բարձր ջերմաստիճանի դեպքում տեղադրված աղբի շերտերի մեկուսացման աշխատանքներից առաջ պետք է տոփանված աղբը խոնավացնել՝ 1խմ աղբին մինչև 10լ ջրի չափով։
67. Աղբավայրի մուտքի մոտ անհրաժեշտ է ապահովել ջրի և ախտահանիչ նյութերի առկայությունը՝ աղբատար փոխադրամիջոցների թափքերը և անվադողերը յուրաքանչուր անգամ աղբը թափելուց հետո լվանալու և ախտահանման համար։ Լվացումից գոյացող կեղտաջրերը պետք է ուղվեն զտվածքի մշակման համակարգ և օգտագործվեն հակահրդեհային նպատակով թափոնների խոնավացման համար։
68. Պետք է տեղադրել ավտոմոբիլային կշեռքներ և կատարել հաշվառումներ՝ օրական կտրվածքով։ Իսկ կշեռքների տեղադրման անհնարինության դեպքում՝ պարտադիր ապահովել տվյալների գրանցման և պահպանման համակարգ՝ հիմնվելով աղբավայր մուտք գործող աղբատար մեքենաների թվի, նրանց ծավալի ու քաշի և թափոնի տեսակի մասին մոտավոր հաշվարկի վրա:
69. Աղբավայրը շահագործող կազմակերպությունը պարտադիր պետք է մշակի աղբավայրի շահագործման պլան, աղբավայրում ընդունման և մերժման ենթակա թափոնների տեսակների ցանկը, վարի թափոնների ընդունման գրանցմատյանը և իրականացնի հսկողություն աղբավայր մուտք գործող թափոնների կազմի նկատմամբ՝ շուրջօրյա ռեժիմով:
70. Համաձայն կազմված ցանկի՝ աղբավայրում տեղադրման ոչ ենթակա թափոնների մերժման դեպքում՝ աղբավայրում կարող է նախատեսվել մերժված թափոնների համար ժամանակավոր պահեստավորման հատուկ տեղամաս, որտեղից մերժված թափոնները կտեղափոխվեն համապատասխան գործածության վայր։
71. Աղբավայրում տեղադրվող աղբի յուրաքանչյուր հոսքը գրանցվում է գրանցամատյանում՝ ստորև ներկայացվող օրինակելի ձևով։
Ամիս, ամսաթիվ, ժամ |
Թափոններ ներկրող |
Տրանսպորտային միջոցի մանկիշը և պետհամարանիշը |
Երթուղին կամ հավաքված թափոնների |
Ընդունվող թափոնների քանակը |
Նշում մերժման ենթակա թափոնների վերաբերյալ | |
մ3 |
Տոննա |
|||||
11․ Աղբավայրի տարածքի հսկողությունը
72. Աղբավայրի տարածքում հրդեհների կանխարգելման կամ արդեն բռնկված հրդեհի օջախների արագ հայտնաբերման և չեզոքացման, աղբավայրի արդյունավետ շահագործումն ապահովելու նպատակով, այն շահագործողի կողմից իրականացվում է շուրջօրյա հսկողություն։
73. Հսկողության արդյունավետությունն ապահովելու նպատակով այն իրականացվում է աղբավայրի հարակից տարածքում, կողմնակի անձանց համար անհասանելի վայրում տեղադրված տեսահսկման համակարգի միջոցով։
74. Տեսահսկման համակարգի կողմից արձանագրվող տեղեկատվությունը փոխանցվում է աղբավայրը շահագործողի վարչական շինությունում տեղադրված, տեսագրված տեղեկատվության առնվազն մեկշաբաթյա պահպանմամբ հիշող սարքին։
75. Տեսագրման համակարգիս ստացված տեղեկատվության էլեկտրոնային պատճենը տրամադրվում է այլ անձանց ըստ անհրաժեշտության՝ օրենքով սահմանված դեպքերում։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|