Գլխավոր տեղեկություն
Համար
N 62-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.03.2013-12.05.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.03.15/8(452) Հոդ.74
Ընդունող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ընդունման ամսաթիվ
30.01.2013
Ստորագրող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 փետրվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 32613075

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

30 հունվարի 2013 թ.

N 62-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄՆ ՈՒ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի 65-րդ և ՀՀ կառավարության 2008թ. մայիսի 15-ի N 531-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ԱԻՆ) կանոնադրության 13-րդ կետերով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել ՀՀ ԱԻՆ «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի`

1) աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգն ու կազմը` համաձայն N 2 հավելվածի.

3) յուրաքանչյուր պաշտոնի գնահատման չափանիշները` համաձայն N 3 հավելվածի։

2. ՀՀ ԱԻՆ աշխատակազմի քարտուղարության պետին և ՀՀ ԱԻՆ «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին` ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

  Ա. Երիցյան

 

 

Հավելված N 1

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի

2013 թ. հունվարի 30-ի

N 62-Ն հրամանի

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ` հիմնարկ) աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի (այսուհետ` մրցույթ) ընթացակարգը։

2. Մրցույթն անցկացնելիս մասնակիցները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի և հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ու մրցութային հանձնաժողովներում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 1668-Ն որոշումով, սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով։

3. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնի նկատմամբ ներկայացվող չափանիշները և պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացիները։

4. ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1668-Ն որոշման և սույն ընթացակարգի համաձայն մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) տառապում է որևէ հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.

3) դատապարտվել է հանցագործության համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

4) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.

5) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել.

6) նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար։

5. Պաշտոնի ընտրության (նշանակման) պարտադիր պայմաններն են`

1) համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն, եթե մրցույթի անցկացման պայմաններով ավելի բարձր չափանիշներ նախատեսված չեն.

2) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).

3) ծրագրերի կառավարման և իրականացման կարողություն:

6. Պաշտոնի ընտրության (նշանակման) լրացուցիչ պայմաններն են`

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

2) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն` թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների չափանիշներին համապատասխան.

4) բանակցություն վարելու ունակություն.

5) հաշվետվություն գրելու ունակություն:

7. Մրցույթն անցկացվում է բաց եղանակով։

8. Մրցույթն անցկացվում է 2 փուլով` փաստաթղթային և հարցազրույցի։

9. Մրցույթի նախապատրաստական աշխատանքները և փաստաթղթային փուլն իրականացնում է հիմնարկի աշխատակազմը։ Մրցույթի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման անմիջական պատասխանատուն հիմնարկի տնօրենի հրամանով նշանակված անձն է (այսուհետ` մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձ)։

10. Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով ստեղծվող հանձնաժողովը։

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Հիմնարկի աշխատողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթ հայտարարելու մասին հրամանը ընդունում է հիմնարկի տնօրենը։

12. Մրցույթի հայտարարությունը հիմնարկի տնօրենի հրամանի համաձայն մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձի կողմից հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, առնվազն 3 հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվական միջոցներով, ինչպես նաև համացանցում` Piu.ra@mail.ru` հիմնարկի պաշտոնական կայքում։

13. Հայտարարության մեջ պետք է ներառվեն առնվազն հետևյալ տվյալները`

1) հիմնարկի անվանումը.

2) տվյալ թափուր պաշտոնի անվանումը և հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

3) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (նյութերը).

4) տվյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հավակնորդին ներկայացվող մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման պահանջները (չափանիշները).

5) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը և վայրը.

6) մրցույթի անցկացման վայրը, օրը, ժամը.

7) հիմնարկի գտնվելու վայրն ու հեռախոսահամարը։

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

14. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները հիմնարկի աշխատակազմ են ներկայացնում`

1) գրավոր դիմում հիմնարկի տնօրենի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմող քաղաքացին.

2) ինքնակենսագրություն.

3) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

4) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը.

5) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

6) հայտարարություն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող օտար լեզվի (լեզուների) տիրապետելու մասին` թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների չափանիշներին համապատասխան.

7) հայտարարություն այն մասին, որ ինքը չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

8) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.

9) մեկ լուսանկար` 3X4 չափսի.

10) անձնագրի պատճենը.

11) 2 բնութագիր (երաշխավորագիր).

12) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք։

15. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։

16. Հիմնարկի` մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձը մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքացիներից ընդունում է սույն ընթացակարգի 14-րդ կետում նշված փաստաթղթերը (պատճեններով ներկայացված փաստաթղթերը համեմատում է բնօրինակների հետ), որից հետո քաղաքացուց այլ փաստաթղթեր չեն ընդունվում։

17. Սույն ընթացակարգի 14-րդ կետով նախատեսված փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր պահանջելն արգելվում է։

18. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա դրա մասին տեղյակ է պահվում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին (այսուհետ` Նախարար)։

19. Մրցույթների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների կազմման, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքները պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով հիմնարկի աշխատակազմում վարվում է մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման մատյան։ Մատյանում առնվազն նշվում են մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձնագրի համարը և սերիան, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերի էջերի քանակը։

Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալները մատյանում գրառելուն զուգահեռ գրառվում են նաև համակարգչում։

20. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու տվյալները մատյանում գրառվում են նրա կողմից ներկայացված փաստաթղթերն աշխատակազմի կողմից ընդունվելու օրը։

21. Հիմնարկի` մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ կազմում է փաստաթղթերի փաթեթ և այդ փաստաթղթերի համապատասխանելիության ու ամբողջականության մասին տեղեկանք։

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՓՈՒԼԸ

 

22. Մրցույթի փաստաթղթային փուլն անցկացնում է հիմնարկի աշխատակազմը։

23. Մրցույթի փաստաթղթային փուլին քննության են առնվում մրցույթին ներկայացած քաղաքացիների փաստաթղթերը։

24. Քաղաքացուն չի թույլատրվում մասնակցել մրցույթի հարցազրույցի փուլին`

1) եթե առկա է սույն ընթացակարգի 4-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը.

2) և (կամ) քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում տվյալ պաշտոնի համար սահմանված գնահատման չափանիշներին (ըստ միավորների). որոնց համաձայն պաշտոնի համար ներկայացված պահանջներն ընդհանուր միավորների չափանիշներով պետք է լինեն 75 և ավելի բարձր միավոր։

25. Հարցազրույցի փուլին հրավիրվում են միայն մրցույթին մասնակցելու համար դիմած այն մասնակիցները, ովքեր սույն ընթացակարգի 24-րդ կետին համապատասխան չեն զրկվել մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունքից։

26. Հարցազրույցի փուլ անցած մասնակիցներն էլեկտրոնային փոստի միջոցով հրավիրվում են հարցազրույցի։

27. Հարցազրույցի փուլ չանցած մասնակիցները հարցազրույցի փուլ չանցնելու մասին տեղեկացվում են էլեկտրոնային փոստի միջոցով։

28. Հարցազրույցի փուլն անցկացվում է մրցույթի հայտարարության մեջ նշված ժամկետում։

29. Հիմնարկի աշխատակազմը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև դրանց համապատասխանելիության ու ամբողջականության մասին տեղեկանքը ներկայացնում է մրցութային հանձնաժողովին մրցույթի անցկացումից առաջ։

Հանձնաժողովի նախագահը հիմնարկից ստանում է նաև հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ներկայացրած փաստաթղթերը։

30. Եթե հիմնարկի աշխատակազմը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթի հարցազրույցի փուլին, ապա մրցույթը համարվում է չկայացած։ Դրա մասին հիմնարկի տնօրենը ընդունում է որոշում։

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԸ

 

31. Հարցազրույցը մասնակցի մասնագիտական պատրաստվածության և գործնական ունակությունների ստուգումն է։

32. Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացնում է լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան անհատական ակտի հիման վրա ձևավորված մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)։

33. Հանձնաժողովը, մինչև մասնակիցների հետ բանավոր հարցազրույցն սկսելը, ստուգում է հանձնաժողովի անդամների և մասնակիցների ներկայությունը:

34. Հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է բանավոր հարցազրույց` տվյալ պաշտոնի համար սահմանված չափանիշների և պայմանների շրջանակներում։

35. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին։

36. Մասնակցի` հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու կամ չներկայանալու դեպքում հանձնաժողովը կազմում է արձանագրություն։

37. Հանձնաժողովի բոլոր անդամներն ունեն մասնակցին հարցեր տալու իրավունք` տվյալ պաշտոնի համար սահմանված չափանիշների և պայմանների շրջանակներում։

38. Մասնակցին տրված հարցերի պատասխանների արդյունքները գնահատվում են հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից` քվեարկելով կողմ կամ դեմ։

39. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները։

40. Եթե մասնակիցը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում նրան մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին։

41. Մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին և քվեարկությունների արդյունքներում մասնակիցների հավաքած ձայների մասին հանձնաժողովը կազմում է արձանագրություն։

42. Հանձնաժողովի աշխատանքները գրավոր արձանագրվում են հիմնարկի` մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձի կողմից։ Արձանագրության մեջ ամրագրվում են նաև մասնակցին տրված հարցերը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը։ Արձանագրությունն ստորագրվում է այն կազմողի, մրցույթի մասնակցի և հանձնաժողովի ներկա անդամների կողմից։

43. Հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու, կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու, մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու, ինչպես նաև մրցույթը չկայացած համարելու մասին ընդունում է որոշում, իսկ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ կազմում է եզրակացություն (Ձև N 1)։ Եզրակացության մեջ պետք է նշվեն`

1) թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը) և վայրը.

3) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը` ըստ այբբենական կարգի, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, անձնագրային տվյալները.

4) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի քվեարկության արդյունքները։

Եզրակացությունը պետք է ստորագրեն հանձնաժողովի նախագահը և անդամները։

 

VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

44. Մրցույթների արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես։

45. Սույն ընթացակարգի 39-րդ և 40-րդ կետերում նախատեսված դեպքերում հրապարակման մեջ նշվում է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու մասին:

46. Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ հանձնաժողովի անդամի կողմից` հարցազրույցի փուլն ավարտվելուց հետո մեկ ժամվա ընթացքում։

47. Սույն ընթացակարգի 46-րդ կետով նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` գրավոր բողոք) քննության է առնում մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող մարմինը` հիմնարկի աշխատակազմը, այն հիմնարկում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։

48. Հիմնարկի տնօրենը գրավոր բողոքը քննելիս կարող է հրավիրել համապատասխան մասնագետ։

49. Բողոքի քննարկմանը և որոշման ընդունմանը չի կարող մասնակցել մրցույթին որպես հանձնաժողովի անդամ մասնակցած անձը։

50. Գրավոր բողոքը քննության առնելիս հիմնարկն ուսումնասիրում և ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.

2) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին.

3) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող չճանաչելու մասին։

51. Գրավոր բողոքի քննության արդյունքների հիման վրա ընդունված որոշման մասին կազմվում է արձանագրություն։

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

52. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո գրավոր բողոքի բացակայության դեպքում հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը ներկայացվում է հիմնարկի տնօրենին։

Եզրակացությանը կից ներկայացվում են եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները։

53. Հանձնաժողովը հանձնման ակտով հիմնարկին է փոխանցում մրցութային փաթեթը, որն իր մեջ սույն ընթացակարգի 14-րդ կետում նշված փաստաթղթերից բացի պարունակում է նաև հանձնաժողովի կողմից կազմված և (կամ) ընդունված հետևյալ փաստաթղթերը և նյութերը`

1) փաստաթղթերի քննարկման և դիմորդների ու հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.

2) հանձնաժողովն իրավազոր չլինելու մասին արձանագրությունը.

3) հանձնաժողովն իրավազոր լինելու մասին արձանագրությունը.

4) մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը.

5) հարցազրույցն անցկացնելու օրվա մասին որոշումը.

6) հանձնաժողովի անդամի հարցազրույցի փուլից բացակայելու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

7) մասնակցի հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու կամ չներկայանալու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

8) մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները.

9) քվեարկությունների արդյունքներում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը.

10) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին որոշումը.

11) մրցույթի արդյունքում կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.

12) մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.

13) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը.

14) մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը.

15) այլ փաստաթղթեր։

54. Տվյալ օրը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցները հիմնարկի տնօրենի անունով ներկայացնում են դիմում։

55. Եզրակացությունը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հիմնարկի տնօրենը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում։

56. Գրավոր բողոքի բացակայության դեպքում հիմնարկի աշխատակազմը դրա մասին կազմում է տեղեկանք և կցում մրցութային փաթեթին։

57. Մրցույթը չկայացած համարելու և կրկնակի մրցույթ կամ ընդհանուր հիմունքներով նոր մրցույթ անցկացնելու կապակցությամբ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի 61-64-րդ կետերի և սույն ընթացակարգի պահանջներին համապատասխան։

 

 

Հավելված N 2

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի

2013 թ. հունվարի 30-ի

N 62-Ն հրամանի

 

Կ Ա Զ Մ  ՈՒ  Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) ձևավորման կարգը և կազմը։

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի և հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ու մրցութային հանձնաժողովներում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 1668-Ն որոշումով, սույն կարգով և այլ իրավական ակտերով։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովը ձևավորվում է Նախարարի կողմից։

4. Հանձնաժողովը կազմված է 6 անդամից` հանձնաժողովի նախագահից և 5 անդամից։ Հանձնաժողովում պետք է ընդգրկված լինեն Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` 2, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի (լիազոր մարմին) կողմից` 2, «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ` հիմնարկ) տնօրենի կողմից` 1 և հասարակական կազմակերպություններից` 1 ներկայացուցիչ։

5. Հանձնաժողովը կազմվում է մրցույթն անցկացնելուց առնվազն 24 ժամ առաջ։

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) ապահովել «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

2) համաձայն «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ընթացակարգի` ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը։

7. Հանձնաժողովը`

1) «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատակազմից ստանում է մրցույթի մասնակիցների ներկայացրած փաստաթղթերը, ինչպես նաև տվյալ թափուր պաշտոնի գնահատման չափանիշները.

2) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.

3) հարցազրույցից հետո անցկացնում է քվեարկություն.

4) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ տալիս է եզրակացություն.

5) ամփոփում է մրցույթի արդյունքները.

6) իրականացնում է օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ։

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով։

9. Հանձնաժողովի նիստերի անցկացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում, ինչպես նաև նիստերն արձանագրում է «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի կողմից նշանակված անձը։

10. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում։

11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով։

12. Եթե մրցույթի ընթացքում մրցութային հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում:

13. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ կազմում է արձանագրություն, որի պատճենն անմիջապես ներկայացվում է Նախարարին և հիմնարկի ղեկավարին։

Նախարարը իր հրամանով հանձնաժողովի տվյալ անդամին կարող է ազատել հանձնաժողովի կազմից:

14. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթին ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ։

15. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

16. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է հանձնաժողովի նիստերը.

3) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

17. Հանձնաժողովի անդամը`

1) վարում է նիստերը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

2) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և մասնակիցներին հարցեր է տալիս.

3) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.

4) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ.

5) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ։

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

18. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակումից և գործող օրենսդրությանը համապատասխան իր պարտականությունների կատարումից հետո համարվում է իր գործունեությունը դադարեցրած։

 

 

Հավելված N 3

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի

2013 թ. հունվարի 30-ի

N 62-Ն հրամանի

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Պետական հիմնարկի տնօրենի տեղակալ

1) կրթության համար` 15 միավոր

2) ընդհանուր փորձառության համար` 25 միավոր

3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 40 միավոր

4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 20 միավոր

2. Բաժնի պետ`

1) կրթության համար` 15 միավոր

2) ընդհանուր փորձառության համար` 20 միավոր

3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 40 միավոր

4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 25 միավոր

3. Բաժնի գլխավոր մասնագետ`

1) կրթության համար` 15 միավոր

2) ընդհանուր փորձառության համար` 25 միավոր

3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 40 միավոր

4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 20 միավոր

3. Բաժնի առաջատար մասնագետ`

1) կրթության համար` 15 միավոր

2) ընդհանուր փորձառության համար` 25 միավոր

3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 40 միավոր

4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 20 միավոր

4. Առաջին կարգի մասնագետ`

1) կրթության համար` 20 միավոր

2) ընդհանուր փորձառության համար` 30 միավոր

3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 30 միավոր

4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 20 միավոր

 

Ձև 1

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ......................................................... թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի մրցութային հանձնաժողովի

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի 53-րդ կետի համաձայն մրցութային հանձնաժողովը`

 

2013 թ. ................... ...... -ին անցկացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ................................................................. թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլը։

 

Մրցութային հանձնաժողովն արձանագրում է, որ մրցույթի արդյունքներով հաղթող են ճանաչվել մրցույթի հետևյալ մասնակիցները`

 

Մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցները`

 

NN

Ազգանունը, անունը, հայրանունը

Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը

Անձնագրային տվյալները

Հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի քվեարկության արդյունքները

         
         

 

Հանձնաժողովի նախագահ

Հանձնաժողովի անդամներ

...................................................

...................................................

...................................................

...................................................

...................................................

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.07.2015, N 784-Ն 11.09.2015, N 62-Ն
29.03.2013, N 289-Ն 12.05.2013, N 62-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան