«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 հոկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 32903314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
22 սեպտեմբերի 2003 թ. Երևան |
N 03/70-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 890-Ն որոշման 2. կետի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի գործավարության կարգը` համաձայն Հավելվածի:
2. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, տարածաշրջանային մաքսատների և մաքսային կետերի պետերին` ապահովել սույն հրամանով հաստատված կարգի կիրառումը:
Մ/Ծ Գեներալ - մայոր |
Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի (այսուհետև՝ կոմիտե) գործավարության կարգը:
2. Կոմիտեի գործավարության կազմակերպումն իրականացնում է կոմիտեի աշխատակազմը:
3. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է ստորաբաժանման ղեկավարը:
4. Գաղտնի փաստաթղթերի շրջանառության կարգը սահմանվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 1997 թ. դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:
2. ԿՈՄԻՏԵՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ
5. Կոմիտեում ստացվող ամբողջ թղթակցությունն ընդունվում և գրանցվում է աշխատակազմի ընդհանուր բաժնում (տարածաշրջանային մաքսատներում և մաքսային կետերում՝ գործավարի կողմից)՝ ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ նաև մատյանների օգնությամբ:
6. Արգելվում է կոմիտեում չգրանցված թղթակցությանն ընթացք տալը:
7. Կոմիտեի ընդհանուր բաժնում բացվում են բոլոր ծրարները (նաև՝ էլեկտրոնային), բացի «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի», «Գաղտնի» և «Անձամբ» գրառումն ունեցող ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից):
«Անձամբ» մակագրությամբ ծրարները (կամ ֆայլերը) փակ վիճակում գրանցվում և հանձնվում կամ համակարգչային ներքին ցանցով հաղորդվում են հասցեատիրոջը:
8. Ծրարները բացելուց հետո ստուգվում են փաստաթղթերի առկայությունը, փաստաթղթերի և ծրարների համարների համապատասխանությունը: Եթե ծրարում կամ ֆայլում նկատվում են փաստաթղթերի, նրանց հավելվածների բացակայություն, ծրարի և փաստաթղթի համարների անհամապատասխանություն, անընթեռնելիություն կամ այլ թերություն, կազմվում է ակտ երեք օրինակից, որոնցից մեկն առաքվում է ուղարկողին, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ մյուսը մնում է ընդհանուր բաժնում: Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով կամ համակարգչային ցանցով ուղարկվում են ըստ պատկանելության՝ փաստաթղթերին կցելով այն ծրարները (նաև՝ էլեկտրոնային), որոնցով դրանք ստացվել են:
9. Ծրարները (նաև՝ էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և կցվում են փաստաթղթին այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է որոշել առաքողի հասցեն կամ եթե անհրաժեշտ է ճշտել նամակի առաքման և ստացման ժամանակը:
10. Օտար լեզվով ստացված փաստաթղթերը հանձնվում են միջազգային հարաբերությունների բաժին, որտեղ փաստաթուղթը թարգմանվում է և վերադարձվում ընդհանուր բաժին՝ սահմանված կարգով գրանցման համար:
11. Շտապ թղթակցությունը հասցեատիրոջն է հասցվում անհապաղ, մնացածը՝ պարբերաբար օրվա ընթացքում:
12. Կոմիտեի ղեկավարության կողմից փաստաթղթերի հանձնումը կառուցվածքային ստորաբաժանումներին կատարվում է միայն ընդհանուր բաժնի միջոցով: Ընդհանուր բաժնից ստացված փաստաթղթերը գործավարի (կամ այդ գործառույթները կատարելու համար լիազորված աշխատակցի կողմից) գրանցվում են համապատասխան ստորաբաժանումներում և ստորաբաժանման ղեկավարի մակագրությունից հետո հանձնվում ըստ պատկանելության:
3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՌԱՔՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
13. Փաստաթղթերի գրանցումն իրականացվում է դրանց հաշվառման, կատարման նկատմամբ հսկողության և տեղեկատվության օպերատիվ օգտագործման նպատակով:
14. Ընդհանուր բաժնում գրանցման ենթակա են՝
ա) մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են այլ կազմակերպություններից կամ քաղաքացիներից.
բ) ելից փաստաթղթերը, որոնք ուղարկվում են այլ կազմակերպություններ կամ քաղաքացիներին.
գ) ներքին փաստաթղթերը, որոնք ստեղծվում և օգտագործվում են կոմիտեում:
15. Ընդհանուր բաժնում գրանցման ենթակա չեն գովազդային, շնորհավորական բնույթի փաստաթղթերը, ծանուցումները, հրավիրատոմսերը:
16. Մտից փաստաթղթերը գրանցվում են ընդհանուր բաժնում ստանալուն պես, ելից և ներքին փաստաթղթերը՝ ստորագրման օրը:
17. Մտից փաստաթղթերի վրա, առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է հաշվառման դրոշմակնիք, որտեղ նշվում է մտից փաստաթղթի ինդեքսը (հերթական համարը ընթացիկ տարվա հունվարի 1-ից) և գրանցման ամսաթիվը: Գրանցման ոչ ենթակա փաստաթղթերի վրա դրվում է դրոշմակնիք՝ ընդունման օրվա թվագրումով:
18. Ելից փաստաթղթերի գրանցումը, պատճենի վավերացումը և առաքումը կատարվում է ընդհանուր բաժնում: Ստորագրված ելից փաստաթղթերի գրանցման ժամանակ ընդհանուր բաժնում ստուգվում են՝
ա) թղթակցի հասցեի ճշտությունը.
բ) փաստաթղթի և դրան կից հավելվածների վրա բոլոր անհրաժեշտ ստորագրությունների առկայությունը.
գ) փաստաթղթերի վրա հավելվածների մասին նշումների առկայությունը և հավելվածների համապատասխանությունը նշումներին, փաստաթղթերի ձևավորման և դրանց վրա անհրաժեշտ բոլոր ռեկվիզիտների տեղադրման ճշտությունը:
19. Ստորագրված ելից փաստաթղթերի հետ ընդհանուր բաժին են ներկայացվում դրանց պատճենները 2 օրինակից և տվյալ փաստաթղթի ստեղծման համար հիմք հանդիսացող փաստաթուղթը (փաստաթղթերը): Պատճենների վերևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք՝ ինդեքսի (ելից փաստաթղթի հերթական համարը և կատարող ստորաբաժանման կոդը) և գրանցման ամսաթվի նշումով: Պատճեններից մեկը (սույն հրահանգի 27 կետում պահանջվող նշագրումներով (պահվում է ընդհանուր բաժնում, իսկ մյուսը կատարող ստորաբաժանումում: Ընդհանուր բաժնում են պահվում նաև տվյալ փաստաթղթի ստեղծման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը:
20. Ընդհանուր բաժնում ստացված փաստաթղթերի տվյալները գրանցվում են համակարգչում կամ գրանցամատյանում: Մտից փաստաթղթերի համար համապատասխան սյունակներում լրացվում են գրանցման հերթական համարը, ստացման ամսաթիվը, փաստաթղթի ինդեքսը և ամսաթիվը, ուղարկող կազմակերպության (քաղաքացու) անվանումը, փաստաթղթի համառոտ բովանդակությունը, կատարողի (կատարողների) ազգանունը, կատարման ժամկետը, տեղեկություններ փաստաթղթի շարժի և կատարման մասին: Ելից և ներքին փաստաթղթերի համար համապատասխան սյունակներում լրացվում են հերթական համարը (ինդեքսը), ամսաթիվը, հասցեատիրոջ անվանումը, փաստաթղթի համառոտ բովանդակությունը, առաքման մասին տեղեկություններ:
21. Փաստաթղթերը հասցեատիրոջը հանձնվում են ստորագրությամբ:
4. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
22. Ստացված փաստաթղթերը հանձնվում են ըստ պատկանելության նույն օրը:
23. Ղեկավարության կողմից փաստաթուղթն ուղարկվում է կատարողին՝ մակագրությամբ, որտեղ ցույց է տրվում կոնկրետ կատարողին (կատարողներին), կատարման գործողությունների բովանդակությունը, անհրաժեշտության դեպքում՝ կատարման ժամկետը: Եթե մակագրության մեջ նշված են մի քանի կատարողներ, ապա կատարման համար պատասխանատու է հանդիսանում առաջինը ցույց տրված անձը (պատասխանատու կատարող):
24. Պատասխանատու կատարողին վերապահվում է համատեղ կատարողներին հրավիրելու իրավունք:
25. Փաստաթղթի բնագիրը հանձնվում է պատասխանատու կատարողին, իսկ պատճենը (պատճենները (համատեղ կատարողին/կատարողներին), որոնք պարտավոր են սահմանված ժամկետում կազմակերպել դրա կատարումը:
26. Փաստաթղթի համատեղ կատարողները պատասխանատու կատարողի պահանջով պետք է ներկայացնեն բոլոր անհրաժեշտ նյութերը: Համատեղ կատարողները հավասարաչափ պատասխանատու են փաստաթղթի նախագծի ժամանակին և որակով նախապատրաստման համար:
27. Նամակի կամ կարգադրական փաստաթղթի նախագիծը ստորագրման համար ղեկավարությանն է ներկայացվում հիմքի հետ, այսինքն այն փաստաթղթերի, որոնց հիման վրա պատրաստվել է նոր փաստաթուղթը: Ստորագրման ենթակա փաստաթղթին կցվում է դրա պատճենը՝ կատարող ստորաբաժանման ղեկավարի նշագրմամբ, ինչպես նաև այն անձանց նշագրմամբ, ում հետ այն համաձայնեցվել է:
28. Փաստաթղթերը պետք է լինեն հավաստի, օբյեկտիվ, ամբողջական և ճշգրիտ ինֆորմացիան ընդգրկելով հանդերձ՝ առավելագույնս հակիրճ, բացառեն տեքստում երկիմաստությունները:
29. Աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերվել դրանց:
30. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառով բացակայելիս աշխատողը պարտավոր է ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին:
5. ԾԱՌԱՅԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
31. Փաստաթղթերը կազմվում են համապատասխան ձևաթղթերի վրա և պետք է ունենան հետևյալ ռեկվիզիտները. կոմիտեի անվանումը, փաստաթղթի տեսակի անվանումը, վերնագիր, հասցեագրում, թվագրում, նշումներ փաստաթղթի տեքստի համաձայնեցման մասին, փաստաթղթի վավերացում: Ներքին փաստաթղթերը (զեկուցագիր, բացատրագիր, դիմում և այլն) կազմվում են Ա4 կամ Ա5 չափսի ստանդարտ թղթի վրա:
32. Փաստաթղթերի հաստատումն իրականացվում է երկու եղանակով՝ հաստատման գրիֆով կամ համապատասխան հրամանով: Հաստատման երկու եղանակներն էլ հավասարազոր են:
33. Բոլոր փաստաթղթերի վրա (բացի նամակից) նշվում է փաստաթղթի տեսակի անվանումը՝ հրաման, ցուցում, տեղեկանք, զեկուցագիր և այլն:
34. Մեկից ավելի թերթերի վրա կազմված փաստաթղթերի համարակալումը դրվում է սկսած երկրորդ թերթից:
35. Ստորագրվում է որպես կանոն փաստաթղթի առաջին օրինակը, բացի միաժամանակ մեկից ավելի վերադաս հիմնարկներ ուղարկվող փաստաթղթերի, որոնց բոլոր օրինակները ստորագրվում են:
36. Փաստաթղթի ներքևի ձախ կողմում գրվում է կատարողի անվանումը (կամ կատարող ստորաբաժանման անվանումը) և հեռախոսի համարը:
6. ԱՌԱՆՁԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
37. Նախագահի հրամանների ձևակերպումը
Հրամաններով ձևակերպվում կամ հաստատվում են՝
ա) կանոնադրությունները, հրահանգները, դրույթները.
բ) համալիր և ֆինանսական ստուգումների արդյունքները.
գ) աշխատակիցների ընդունումը, տեղափոխումը և աշխատանքից ազատումը.
դ) աշխատակիցների գործուղումները.
ե) աշխատակիցներին արձակուրդ տրամադրելը, արձակուրդից հետ կանչելը, խրախուսելը կամ կարգապահական տույժի ենթարկելը և այլն:
Ըստ բովանդակության հրամանները լինում են հիմնական գործունեության, վարչատնտեսական հարցերի և անձնակազմի վերաբերյալ: Հրամանում յուրաքանչյուր հանձնարարական ձևակերպվում է առանձին կետով նշելով պատասխանատու կատարողին և կատարման ժամկետները: Կարգադրական մասի վերջում առանձին կետով նշվում է կառուցվածքային ստորաբաժանումը կամ պաշտոնատար անձը, ում վրա դրվում է փաստաթղթի կատարման հսկողությունը: Հիմնական գործունեության և վարչատնտեսական հարցերի վերաբերյալ հրամանները գրանցվում և պահվում են ընդհանուր բաժնում, իսկ անձնակազմի վերաբերյալ հրամանները՝ կադրերի բաժնում:
38. Հեռագրի, ռադիոհեռագրի ձևակերպումը
Հեռագրի կազմի մեջ մտնում են հետևյալ տարրերը. փաստաթղթի անվանումը, նշում հեռագրի կարգի մասին, հասցեն, տեքստը, ելից համարը, ստորագրությունը, ստորագրողի ազգանունը և պաշտոնը: Հեռագրային, հեռախոսագրային գրագրությունը տարվում է միայն բնույթով շտապ հարցերի վերաբերյալ:
39. Նամակների ձևակերպումը
Նամակներն ըստ տեսակի լինում են նամակ-հարցում, նամակ-պատասխան, նամակ-հանձնարարական, ուղեկցող, երաշխավորող, հիշեցման նամակ և այլն: Նամակ-պատասխաններում նշվում է նամակ-հարցման ինդեքսը և ամսաթիվը: Ուղեկցող նամակներն ուղարկվում են հասցեն չնշված փաստաթղթերի կամ այլ նյութերի հետ միասին: Ուղեկցող նամակում նշվում է ուղարկվող փաստաթղթի կամ նյութի անվանումը և ուղարկման նպատակը:
40. Արձանագրությունների ձևակերպումը
Արձանագրությունը փաստաթուղթ է, որը բովանդակում է ժողովներում, խորհրդակցություններում և նիստերում հարցերի քննարկման ու որոշումների ընդունման ընթացքը: Արձանագրության ռեկվիզիտներն են՝ հիմնարկի անվանումը, փաստաթղթի անվանումը, թվագրումը, գրանցման համարը, կազմման տեղը, վերնագիրը, տեքստը, ստորագրությունները: Արձանագրության պարտավորեցնող մասը կազմվում է այնպես, ինչպես կարգադրական փաստաթղթերինը՝ ըստ կետերի:
41. Ակտերի ձևակերպումը
Ակտը փաստաթուղթ է, կազմված մի քանի անձանց կողմից, և հաստատում է հայտնաբերված փաստերն ու իրադարձությունները: Ակտի ռեկվիզիտներն են՝ հիմնարկի անվանումը, փաստաթղթի տեսակի անվանումը, կազմման տեղը, թվագրումը, վերնագիրը, ստորագրությունները, անհրաժեշտության դեպքում հաշվառման համարը, հաստատման գրիֆը և համաձայնեցման նշագրումը: Անձինք, որոնք ակտի բովանդակության վերաբերյալ ունեն դիտողություններ, ստորագրում են հետևյալ նշումով. «Դիտողությունները կցվում են...»:
7. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
42. Կոմիտեի գրագրության և այլ փաստաթղթերի կատարման ժամկետների հսկողությունը իրականացնում է ընդհանուր բաժինը: Փաստաթղթերի կատարման ժամկետները լրանալուց 2 օր առաջ ընդհանուր բաժինը տալիս է հիշեցման տեղեկանք:
43. Յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրը ընդհանուր բաժնի պետը համապատասխան ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում տեղեկանք սահմանված ժամկետներում չկատարված հանձնարարականների վերաբերյալ:
44. Հանձնարարականը հսկողությունից հանվում է ընդհանուր բաժնի կողմից՝ կատարումը հաստատող փաստաթղթի հիման վրա:
8. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
45. Մինչև կոմիտեի կենտրոնական գերատեսչական արխիվ հանձնելը ընդհանուր բաժնում ժամանակավորապես պահվում են հետևյալ փաստաթղթերը՝
ա) ՀՀ օրենքներ.
բ) ՀՀ Նախագահի հրամանագրեր.
գ) ՀՀ Նախագահի կարգադրություններ.
դ) ՀՀ կառավարության որոշումներ.
ե) ՀՀ վարչապետի որոշումներ.
զ) Կոմիտեի նախագահի հրամանները հիմնական գործունեության վերաբերյալ.
է) Գործավարությամբ ավարտված մտից գրությունները.
ը) Ելից փաստաթղթերի պատճենները.
թ) Ելից գրությունների առաքման վերաբերյալ ցուցակները.
ժ) Այլ փաստաթղթեր:
46. Ֆինանսական, հաշվապահական հաշվառման, կադրերին վերաբերող և իրավաբանական-հետաքննչական փաստաթղթերը պահվում են համապատասխան ստորաբաժանումներում:
47. Ընդհանուր բաժնի համաձայնությամբ ստորաբաժանումներում կարող են պահվել առանձին այլ փաստաթղթեր:
9. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՀԵՏԱԳԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ
48. Կոմիտեի կենտրոնական գերատեսչական արխիվ են հանձնվում նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարությամբ ավարտված բոլոր փաստաթղթերը:
49. Արխիվի փաստաթղթերի պահպանումն իրականացվում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
50. Անհրաժեշտության դեպքում Արխիվից կարելի է օգտվել՝
ա) գործերը դուրս բերել՝ միայն աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ.
բ) փաստաթղթեր պատճենահանել՝ ընդհանուր բաժնի պետի թույլտվությամբ:
51. Արխիվի ղեկավարը գործերի ընդունման համար ստորագրում է ցուցակների բոլոր օրինակներում, նշում գործերի ընդունման ամսաթիվը և գործերի քանակը: Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերն հանձնողին, մյուսը մնում է արխիվում: