«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 32903121
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
23 դեկտեմբերի 2002 թ. |
N 02/95 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել «Վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի կանոնադրությունը» համաձայն հավելվածի:
Նախագահ` |
Ա. Ավետիսյան |
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծառայողական քննություն իրականացնող մարմին է:
2. Հանձնաժողովը ղեկավարվում է «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
3. Հանձնաժողովի խնդիրներն են՝
ա) իր իրավասության սահմաններում մաքսային ծառայողի պաշտոնի նկարագրով սահմանված մաքսային ծառայողի կողմից պարտականությունների և լիազորությունների խախտման, թերացման, չկատարման կամ գերազանցման դեպքերի ուսումնասիրությունն ու բացահայտումը,
բ) ծառայողական քննության անցկացման ընթացքում անաչառության ապահովումը,
գ) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրության անշեղ կատարումը:
4. Հանձնաժողովը պարտավոր է՝
ա) ապահովել անձանց իրավունքների և օրինական շահերի պահպանումը,
բ) օգտագործել անձանց մասին տեղեկությունները բացառապես ծառայողական նպատակներով,
գ) օրենքով նախատեսված դեպքերում համապատասխան նյութերը ներկայացնել ըստ պատկանելիության՝ դրանց հետագա ընթացքը լուծելու համար:
5. Հանձնաժողովն իրավունք ունի՝
ա) սահմանված կարգով և դեպքերում մաքսային ծառայողից պահանջելու բացատրություններ և այլ նյութեր կապված ծառայողական քննության հետ,
բ) իրականացնելու ուսումնասիրություններ և պահանջելու ծառայողական քննության հետ կապված անհրաժեշտ տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթեր կամ դրանց պատճենները,
գ) ուսումնասիրության ընթացքում, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով ներգրավելու մասնագետների և փորձագետների:
6. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերն իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը համարվում է որոշիչ:
8. Հանձնաժողովը սահմանված կարգով անցկացված ծառայողական քննության արդյունքների հիման վրա վերադաս մաքսային մարմնի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն:
9. Հանձնաժողովի նախագահը՝
ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքը,
բ) վարում է Հանձնաժողովի նիստերը,
գ) կազմակերպում է ծառայողական քննության անցկացումը,
դ) իրականացնում է ծառայողական քննության աշխատանքների հսկողությունը,
ե) իրականացնում է սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
10. Հանձնաժողովի անդամը՝
ա) վարում է նիստերը՝ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ,
բ) իրականացնում է ծառայողական քննություններ,
գ) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին,
դ) իրականացնում է սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
11. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: