ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
11.06.1998 թ. |
N 70-ՄՎՐ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 28, 32, 46, 47, 57 և 58 հոդվածների և ՀՀ կառավարության 1996 թ. հունվարի 13-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման մասին» թիվ 13 որոշման 12-րդ կետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների մաքսային ձևակերպման մասին» կարգը (կից` 7 էջից):
Վարչության պետ |
Մ. Մակարյան |
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն կարգը հաստատվում է «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի» 28-րդ, 32-րդ, 46-րդ, 47-րդ, 57-րդ և 58-րդ հոդվածների պահանջներին համապատասխան և կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների տեղափոխման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային ձևակերպումների ընդհանուր արարողակարգը:
1.2. Սույն կարգի դրույթները վերաբերվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող բոլոր ապրանքներին և այլ առարկաներին` անկախ դրանց պատկանելիությունից և նշանակությունից` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
1.3. Սույն կարգի իմաստով մաքսային ձևակերպման գործողություն ասելով հասկացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների նկատմամբ փաստաթղթային և բեռնային բոլոր գործողությունների ամբողջականությունը (որը իր մեջ ներառում է հայտարարագրումը և զննումը)` ներառյալ մաքսային վճարումների կատարումը:
II. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԵՂԸ
2.1. Ապրանքների, առարկաների, իրերի, գույքի (նաև ժառանգական), անձնական օգտագործման իրերի (այսուհետև` ապրանքներ և այլ առարկաներ) արտահանման (ժամանակավոր արտահանման) դեպքում.
2.1.1. Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, անհատ ձեռներեցների (այսուհետև կազմակերպությունների) կողմից արտահանվող ապրանքների և այլ առարկաների մաքսային ձևակերպումն իրականացվում է այն տարածաշրջանային մաքսատանը, որի գործունեության գոտում է գրանցված կազմակերպությունը` տարածաշրջանային մաքսատան աշխատաժամանակի ընթացքում և այնպիսի տեղում, որը հաստատում է տվյալ տարածաշրջանային մաքսատունը:
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և այլ առարկաներ փոխադրող կազմակերպությունների խնդրանքով մաքսային ձևակերպումը կարող է կատարվել այլ տեղերում և այլ ժամանակ:
2.1.2. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետև` քաղաքացիներ) կողմից արտահանվող ապրանքների և այլ առարկաների մաքսային ձևակերպումն իրականացվում է այն տարածաշրջանային մաքսատանը, որի գործունեության գոտին ընդգրկում է քաղաքացու բնակավայրը կամ այն մաքսային կետում որով ապրանքները և այլ առարկաները արտահանվում են: Մաքսային ձևակերպումը կատարվում է տարածաշրջանային մաքսատան կամ մաքսային կետի աշխատաժամանակի ընթացքում և այնպիսի տեղում, որը հաստատում է տարածաշրջանային մաքսատունը կամ մաքսային կետը:
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը ապրանքների առանձին տեսակների մաքսային ձևակերպումը կարող է թույլատրել որոշակի մաքսատներում կամ մաքսային կետերում:
2.2. Ապրանքների և այլ առարկաների ներմուծման (ժամանակավոր ներմուծման) դեպքում.
2.2.1. Կազմակերպությունների կողմից ներմուծվող ապրանքների և այլ առարկաների մաքսային ձևակերպումն իրականացվում է այն տարածաշրջանային մաքսատանը, որի գործունեության գոտում է գրանցված կազմակերպությունը` մաքսատան աշխատաժամանակի ընթացքում և այնպիսի տեղում, որը հաստատում է տվյալ տարածաշրջանային մաքսատունը:
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և այլ առարկաներ փոխադրող կազմակերպությունների խնդրանքով մաքսային ձևակերպումը կարող է կատարվել այլ տեղերում և այլ ժամանակ:
2.2.2. Քաղաքացիների կողմից ներմուծվող ապրանքների և այլ առարկաների մաքսային ձևակերպումն իրականացվում է այն մաքսային կետում, որով դրանք ներմուծվում են, բացառությամբ երկաթուղային տրանսպորտով ներմուծվող` չուղեկցվող ապրանքների և այլ առարկաների: Երկաթուղային տրանսպորտով ներմուծվող` չուղեկցվող ապրանքների և այլ առարկաների մաքսային ձևակերպումն իրականացվում է այն տարածաշրջանային մաքսատանը, որի գործունեության գոտին ընդգրկում է քաղաքացու բնակավայրը:
2.3. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրվող ապրանքների և այլ առարկաների մաքսային ձևակերպումն իրականացնում է բացթողման մաքսային կետը` սահմանված մաքսային հսկողության գոտում:
2.4. Սույն բաժնում նախատեսվող դեպքերում մաքսային ձևակերպման վայրերից դուրս կամ տարածաշրջանային մաքսատան կամ մաքսային կետի համար սահմանված աշխատաժամանակից դուրս ապրանքների և այլ առարկաների մաքսային ձևակերպման համար գանձվում են մաքսավճարներ:
2.5. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների մաքսային ձևակերպման ներկայացնելու ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից:
2.6. 2.2.1. և 2.2.2. կետերով նախատեսված դեպքերում, երբ ապրանքների և այլ առարկաների մաքսային ձևակերպումն իրականացնում է տարածաշրջանային մաքսատունը, մաքսային կետից ապրանքները և այլ առարկաները տեղափոխվում են տարածաշրջանային մաքսատուն` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից սահմանված կարգով:
III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ
3.1. Կազմակերպության կողմից մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը (մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը) ներկայացվում են տարածաշրջանային մաքսատան կազմակերպությունների ապրանքների և այլ առարկաների մաքսային հայտարարագրերի (այսուհետև` ԲՄՀ) տվյալների մուտքագրումն իրականացնող տեսուչին: Տեսուչի կողմից համակարգիչ են մուտքագրվում ԲՄՀ-ի լրացման համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները: Դրանից հետո ԲՄՀ-ն գրանցվում է հայտարարագրման ավտոմատ համակարգում և տպվում է ԲՄՀ-ի մեկ օրինակ:
3.2. Կազմակերպության կողմից ԲՄՀ-ում նշված տվյալներն ստուգելուց հետո այն կնքվում և ստորագրվում է, (եթե անհատ ձեռներեցը կնիք չունի, չի կնքվում) և ներկայացվում տվյալ բաժանմունքի պետին:
3.3. Մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում կամ այդ փաստաթղթերում ոչ հավաստի տեղեկությունների առկայության դեպքում, գնահատումն իրականացնող տեսուչի կողմից մերժվում է ԲՄՀ-ի գնահատումը: Այս դեպքում կազմակերպությանը տրվում է «մերժման եզրակացություն», որտեղ նշվում են մերժման հիմքերը, այն ստորագրվում և կնքվում է գնահատող տեսուչի անձնական կնիքով:
3.4. Գնահատման փուլում գրանցված ԲՄՀ-ի և ներկայացված փաստաթղթերի տեղեկությունների անհամապատասխանության դեպքում գնահատումն իրականացնող տեսուչի կողմից հայտարարագրման ավտոմատ համակարգում կատարվում են համապատասխան ուղղումներ:
3.5. Գնահատումն իրականացնող տեսուչի կողմից համակարգչի միջոցով իրականացվում է ԲՄՀ-ի գնահատում: Հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից գնահատման փուլում կատարվում է ԲՄՀ-ի ընտրում` առանձնահատուկ ընթացակարգ ունեցող հետևյալ երկու հնարավոր ուղիներով.
3.5.1. Առաջին ուղի.
Այս դեպքում հայտարարագրման ավտոմատ համակարգը թույլատրում է ԲՄՀ-ի գնահատումը: Տպվում է ԲՄՀ-ի երեք օրինակ: ԲՄՀ-ի հակառակ կողմում գնահատումն իրականացնող տեսուչի կողմից նշվում են ԲՄՀ-ի 4-րդ սյունակում լրացված հայտարարագրվող ապրանքների և այլ առարկաների մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերի անվանումը, համարը, ամիս ամսաթիվը, թերթերի քանակները` և կնքվում է անձնական կնիքով:
Կազմակերպության կողմից գնահատված ԲՄՀ-ն կնքվում և ստորագրվում է, որից հետո կազմակերպությունն իրականացնում է մաքսային վճարումները: Մաքսային վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մաքսային վճարումները կատարելուց հետո կազմակերպությունը տարածաշրջանային մաքսատան գանձապահին է ներկայացնում վճարումը հաստատող փաստաթղթերը:
Գանձապահը համակարգչի միջոցով լրացնում է վճարման անդորրագիր, որտեղ նշվում է մաքսային վճարումների բյուջե փոխանցման հանձնարարականի համարը, ամիս ամսաթիվը: Գնահատված ԲՄՀ-ի B սյունակում նշում է վճարման անդորրագրի համարը, ամիս ամսաթիվը: Դրվում է համապատասխան դրոշմակնիք:
Վճարված ԲՄՀ-ի երեք օրինակները տրվում են կազմակերպությանը` գնահատումն իրականացրած տեսուչին հանձնելու համար:
ԲՄՀ-ի վրա գնահատումն իրականացնող տեսուչի կողմից կատարվում են համապատասխան նշումներ և հայտարարագիրն ու մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնվում են բեռների ստուգման բաժանմունքի պետին:
Մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերի և վճարված ԲՄՀ-ի առկայության դեպքում բեռների ստուգման բաժանմունքի տեսուչի կողմից կատարվում է ապրանքների և այլ առարկաների զննում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգին համաձայն:
Անհրաժեշտության դեպքում հայտարարագրված ապրանքների և այլ առարկաների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմինների կողմից իրականացվում է անասնաբուժական, բուսական-սանիտարական և այլ տեսակի հսկողություն:
Զննումն ավարտելուց հետո զննումն իրականացնող տեսուչի կողմից հայտարարագրի D սյունակում դրվում է «բացթողումը թույլատրվում է» դրոշմակնիքը և անձնական կնիքը:
Ապրանքների և այլ առարկաների բացթողումը թույլատրելուց հետո ԲՄՀ-ի մեկ օրինակը տրվում է կազմակերպությանը, մյուս օրինակը մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին հանձնվում է տարածաշրջանային մաքսատան արխիվ, երրորդ օրինակը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն:
Զննումն իրականացնելու ժամանակ ԲՄՀ-ում, կից փաստաթղթերում նշված տեղեկությունների և փաստացի առկա ապրանքների և այլ առարկաների անհամապատասխանության դեպքում զննումն իրականացնող տեսուչը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
3.5.2. Երկրորդ ուղի.
Այս դեպքում ԲՄՀ-ն հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից չի գնահատվում, քանի որ կազմակերպությունը թույլ է տվել մաքսային ձևակերպումների կամ մաքսային վճարումների ժամկետային խախտումներ:
Տպվում է գրանցված ԲՄՀ-ի երեք օրինակ, հակառակ կողմում գնահատող տեսուչի կողմից նշվում են ԲՄՀ-ի 4-րդ սյունակում լրացված, հայտարարագրվող ապրանքների և այլ առարկաների փոխադրման ժամանակ օգտագործված փաստաթղթերի անվանումը, համարը, լրացման ամիս ամսաթիվը, թերթերի քանակները` որը կնքվում է անձնական կնիքով:
ԲՄՀ-ն և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հանձնվում են ընտրողականության ղեկավարումն իրականացնող տեսուչին: Վերջինիս կողմից ԲՄՀ-ի 52-րդ սյունակում նշվում է «ընտրված է դեղին ուղի»: Նշումը կնքվում է տեսուչի անձնական կնիքով:
Կազմակերպությունը սույն կարգի 3.1.-3.4. կետերով սահմանված կարգով իրականացնում է մաքսային ձևակերպումների ժամկետային խախտման (խախտումների) հետևանքով չհայտարարագրված ապրանքների և այլ առարկաների ԲՄՀ-ի մաքսային ձևակերպումների գործողությունները: Այնուհետև իրականացվում են 3.5.2. կետով նախատեսված վերը նշված գործողությունները:
ԲՄՀ-ն և դրան կից մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնվում են համապատասխան բաժին:
Սահմանված կարգով նախատեսված արարողակարգից հետո (մաքսային ձևակերպումների կամ մաքսային վճարումների ժամկետային խախտումներին առնչվող) կազմվում է ակտ: ԲՄՀ-ի D սյունակում նշվում է կազմված ակտի համարը, ամիս ամսաթիվը, որը կնքվում է տեսուչի անձնական կնիքով:
Ընտրողականության ղեկավարումն իրականացնող տեսուչը մաքսատան պետի որոշման հիման վրա, թույլատրում է իրականացնել գրանցված ԲՄՀ-ի գնահատումը:
ԲՄՀ-ի հակառակ կողմում նշվում է «ընտրողականությունն իրականացված է», դրվում ամիս ամսաթիվը և կնքում անձնական կնիքով: ԲՄՀ-ն և մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնվում են գնահատումն իրականացնող տեսուչին:
Գնահատումն իրականացնող տեսուչը գնահատում է ԲՄՀ-ն և B սյունակում նշում գնահատման համարը, ամիս ամսաթիվը: Գնահատված ԲՄՀ-ն և մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնվում են համապատասխան բաժին:
Կազմակերպության կողմից գնահատված ԲՄՀ-ն կնքվում և ստորագրվում է, որից հետո կազմակերպությունն իրականացնում է մաքսային վճարումները:
Մաքսային վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մաքսային վճարումները կատարելուց հետո կազմակերպությունը տարածաշրջանային մաքսատան գանձապահին է ներկայացնում վճարումը հաստատող փաստաթղթերը:
Գանձապահը համակարգչի միջոցով լրացնում է վճարման անդորրագիր, որտեղ նշում է մաքսային վճարումների բյուջե փոխանցման հանձնարարականի համարը, ամիս ամսաթիվը: Գնահատված ԲՄՀ-ի B սյունակում նշում է վճարման անդորրագրի համարը, ամիս ամսաթիվը: Դրվում է համապատասխան դրոշմակնիք:
Վճարված ԲՄՀ-ն տրվում է կազմակերպությանը` համապատասխան բաժին ներկայացնելու համար:
Այդ բաժնի տեսուչը ստուգելով մաքսային վճարումները հավաստող փաստաթղթերը, վճարված ԲՄՀ-ն և կից փաստաթղթերը հանձնում է բեռների ստուգման բաժանմունք:
Մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերի և վճարված ԲՄՀ-ի առկայության դեպքում բեռների ստուգման բաժանմունքի տեսուչի կողմից կատարվում է ապրանքների և այլ առարկաների զննում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգին համաձայն:
Անհրաժեշտության դեպքում հայտարարագրված ապրանքների և այլ առարկաների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմինների կողմից իրականացվում է անասնաբուժական, բուսական-սանիտարական և այլ տեսակի հսկողություն:
Զննումն ավարտելուց հետո զննումն իրականացնող տեսուչի կողմից հայտարարագրի D սյունակում դրվում է «բացթողումը թույլատրվում է» դրոշմակնիքը, և անձնական կնիքը:
Կազմակերպությունների կողմից հայտարարագրված ապրանքների և այլ առարկաների բացակայության դեպքում բեռների ստուգման բաժանմունքի տեսուչի կողմից ԲՄՀ-ի D սյունակում կատարվում է «Բացթողումը թույլատրվում է մաքսային կանոնների խախտման մասին թիվ (համարը) որոշման համաձայն» նշումը, դրվում է ամիս ամսաթիվը և անձնական կնիքը:
Ապրանքների և այլ առարկաների բացթողումը թույլատրելուց հետո ԲՄՀ-ի մեկ օրինակը տրվում է կազմակերպությանը, մյուս օրինակը մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին հանձնվում է տարածաշրջանային մաքսատան արխիվ, երրորդ օրինակը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն:
Զննումն իրականացնելու ժամանակ հայտարարագրում, կից փաստաթղթերում նշված տեղեկությունների և փաստացի առկա ապրանքների և այլ առարկաների անհամապատասխանության դեպքում զննումն իրականացնող տեսուչը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
3.6. Եթե մաքսային վճարումները կամ դրանց մի մասը չեն կատարվում մաքսային ձևակերպումների ժամանակ, ապա 3.5. կետում նշված արարողակարգի ժամանակ գանձապահը ԲՄՀ-ի B սյունակում նշում է մաքսային վճարումների հետաձգման օրերի քանակը: Դրվում է համապատասխան դրոշմակնիք:
3.7. Կազմակերպությունների կողմից մաքսային ձևակերպումների ժամանակ չկատարված վճարումները հետագայում կատարվելու դեպքում գանձապահը հայտարարագրման ավտոմատ համակարգում իրականացնում է գնահատված ԲՄՀ-ի վճարում, սույն կարգով սահմանված ձևով` լրացնելով համապատասխան անդորրագիր:
3.8. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից պայմանագրի հիման վրա այլ կազմակերպությունների և քաղաքացիների ապրանքների և այլ առարկաների հայտարարագրում և (կամ) մաքսային ձևակերպումների առանձին գործողություններ իրականացնող կազմակերպությունը կարող է իրականացնել սույն կարգի 3.1.-3.7. կետերով կազմակերպությունների համար նախատեսված գործողությունները` կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա` ԲՄՀ-ում դնելով իր կնիքը:
IV. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ
4.1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող քաղաքացիները մաքսային վարչության կողմից սահմանված կարգով ներկայացնում են քաղաքացիների մաքսային հայտարարագիր (այսուհետև` հայտարարագիր):
4.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բնաիրային կամ գումարային քանակությունները գերազանցող ապրանքների և այլ առարկաների համար քաղաքացիների կողմից ըստ սահմանված կարգի լրացվում են քաղաքացիների ապրանքների և այլ առարկաների մաքսային հայտարարագիր (այսուհետև` ՔԲՄՀ): Քաղաքացին հաստատում է ՔԲՄՀ-ն իր ստորագրությամբ և ներկայացնում մաքսային մարմնի պաշտոնատար անձին:
4.3. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից, հայտարարագրի և ՔԲՄՀ-ի լրացման կարգը ստուգելուց հետո, լրացվում են դրանց համապատասխան սյունակները: Հայտարարագիրը և ՔԲՄՀ-ն կնքում է տեսուչի անձնական կնիքով:
4.4. Մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կողմից, օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացվում է քաղաքացու ապրանքների և այլ առարկաների զննում: ՔԲՄՀ-ում նշված և քաղաքացու ապրանքների և այլ առարկաների համապատասխանության դեպքում լրացվում են մաքսային վճարումների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Փաստաթուղթը կնքվում է ձևակերպող տեսուչի անձնական կնիքով, որը տրվում է քաղաքացուն` մաքսային վճարումներ կատարելու համար:
4.5. Զննումն իրականացնելու ժամանակ հայտարարագրում նշված տեղեկությունների և փաստացի առկա ապրանքների և այլ առարկաների անհամապատասխանության դեպքում զննումն իրականացնող տեսուչը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
4.6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ոչ սակագնային կարգավորման անհրաժեշտության դեպքում քաղաքացին ներկայացնում է համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթերը:
4.7. Անհրաժեշտության դեպքում հայտարարագրվող ապրանքների և այլ առարկաների նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից իրականացվում է անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տեսակի հսկողություն:
4.8. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից պայմանագրի հիման վրա այլ կազմակերպությունների և քաղաքացիների ապրանքների և այլ առարկաների հայտարարագրում և (կամ) մաքսային ձևակերպումների առանձին գործողություններ իրականացնող կազմակերպությունը կարող է իրականացնել սույն կարգի 4.1.-4.7. կետերով քաղաքացիների համար նախատեսված գործողությունները` քաղաքացիների հետ կնքված պայմանագրերի հիման վրա` համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից սահմանված կարգի:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
25 հունիսի1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 489800144