ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
17.04.2000 թ. |
N 57-ԴԶ |
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 23 սեպտեմբերի 1999 թվականի «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 592 որոշման 1-ին կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների կիրառման հրահանգը» (կցվում է):
2. Հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Նախարար` |
Դ. Զադոյան |
|
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՊԱՌՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
1. Սույն Հրահանգը «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի հիման վրա սահմանում է կազմակերպությունների կողմից էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների կիրառման կարգը` պայմանավորված էլեկտրական էներգիայի մատակարարման անբավարարությամբ` էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների գրաֆիկների հերթերով ամրագրված սահմաններում:
2. Հրահանգի գործողության ժամկետը մեկ օրացուցային տարի է և կիրառման մասին որոշումը ընդունում է ՀՀ էներգետիկայի նախարարը` նշելով սահմանափակման հերթը` ելնելով էներգակիրների առկա հաշվեկշռից, և տևողությունը` կախված էլեկտրական էներգիայի մատակարարման անբավարարության պատճառների վերացման հնարավոր ժամանակահատվածից:
Սպառման սահմանափակման մասին տեղեկատվությունը հրապարակվում է ՀՀ էներգահամակարգի կենտրոնական կարգավարական ծառայության կամ էլեկտրաէներգիայի մատակարարի կողմից` Հանրապետական ռադիոյի, հեռուստատեսության և (կամ) մամուլի միջոցով, ոչ ուշ քան սահմանափակման կիրառման պահից 24 ժամ առաջ:
3. Էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների գրաֆիկները մշակվում են ըստ էլեկտրաէներգիայի մատակարարների կողմից սպասարկվող տարածքների և ներառում են` կազմակերպությունների անվանումները, էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերում ամրագրված նրանց տեխնոլոգիական և (կամ) վթարային ամրագրված հզորությունները կամ էլեկտրաէներգիայի ծախսը և սահմանափակման չափը` ըստ հերթերի:
Գրաֆիկների կազմումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.
ա) կազմակերպությունները դիմում են «Էներգապետհսկողություն» գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումներ` տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների ամրագրում կատարելու նպատակով,
բ) «Էներգապետհսկողություն» գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումները, կազմակերպությունների հետ համատեղ, դիմումը ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում կազմում են Տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների ամրագրման ակտ (Հավելված), երկու օրինակից, մեկական օրինակ կողմերի համար,
գ) Էլեկտրաէներգիա սպառող կազմակերպությունը Տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների ամրագրման ակտի պատճենը ներկայացնում է էլեկտրաէներգիայի մատակարարին` էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրում համապատասխան գրանցում կատարելու համար,
դ) յուրաքանչյուր տարվա համար Տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների ամրագրման ակտերի կազմման գործընթացը սկսվում է նախորդող տարվա սեպտեմբերի 1-ից և ավարտվում է հոկտեմբերի 15-ին: Նշված ժամկետում դիմում չներկայացրած և անհրաժեշտ ձևակերպում չկատարած կազմակերպությունները զրկվում են տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների ամրագրման իրավունքից,
ե) էլեկտրաէներգիայի մատակարարները, կազմակերպությունների հետ համատեղ, մինչև նախորդող տարվա նոյեմբերի 15-ը, յուրաքանչյուր կազմակերպության համար որոշում են էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրում կամ էլեկտրական ցանցին միանալու Տեխնիկական պայմաններում ամրագրված էլեկտրաէներգիայի քանակի (հզորության) սահմանափակումների չափերը` 3 հերթից բաղկացած: Տեխնոլոգիական և (կամ) վթարային ամրագրված հզորությունների առկայության դեպքում սահմանափակումն իրականացվում է մինչև դրանց գումարային մեծությունը,
զ) ընթացիկ տարում տեխնոլոգիական և (կամ) վթարային ամրագրված հզորությունների փոփոխություններ կարող են կատարվել սույն ընթացակարգի «ա» «բ» և «գ» ենթակետերի համաձայն:
4. Ամրագրված տեխնոլոգիական է համարվում այն հզորությունը կամ էլեկտրաէներգիայի ծախսը, որն ապահովում է կազմակերպությունում իրականացվող տեխնոլոգիական պրոցեսի ընթացքի կամ հերթական ցիկլի ավարտը:
5. Ամրագրված վթարային է համարվում այն հզորությունը կամ էլեկտրաէներգիայի ծախսը, որն ապահովում է կազմակերպությունում մարդկանց անվտանգությունը, սարքավորումների պահպանությունը, ջեռուցման, ջրամատակարարման, օդափոխության համակարգերի, ինչպես նաև հրդեհային անվտանգության միջոցների անխափան աշխատանքը:
6. Էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների չափն ամրագրող փաստաթղթի մասին նշում է կատարվում էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրում և այն համարվում է պայմանագրի անբաժանելի մաս` մեկ օրացուցային տարի ժամկետով:
7. Էլեկտրաէներգիայի մատակարարների կողմից ներկայացված ամփոփ տվյալների հիման վրա, «Էներգապետհսկողություն» գլխավոր վարչության կողմից, մինչև նոյեմբերի 30-ը, հաջորդ տարվա համար կազմվում են 3 հերթից բաղկացած էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների գրաֆիկներ` ամբողջ հանրապետության տարածքով:
8. Սույն հրահանգի կիրառման մասին որոշման ընդունման պահից առաջադրված սպառման սահմանափակումները չկատարող կամ խախտումներ թույլ տվող կազմակերպությունների էլեկտրաէներգիայի մատակարարումը կարող է լրիվ դադարեցվել` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Կազմակերպությունների կողմից սպառման սահմանափակումների գրաֆիկների կատարման հսկողությունը իրականացնում են էլեկտրաէներգիայի մատակարարի ներկայացուցիչները և «Էներգապետհսկողություն» գլխավոր վարչության տեսչական անձնակազմը: Նման իրավունքով օժտված էլեկտրաէներգիայի մատակարարի ներկայացուցիչների պաշտոնացանկը նախապես հայտնվում է կազմակերպություններին:
Հավելված |
Համաձայնեցված է Կազմակերպության ղեկավար _________________ ____ _______ 2000թ. |
Համաձայնեցված է Էներգապետհսկողության տարածքային վարչության պետ _________________ ____ _______ 2000թ. |
Ա Կ Տ
ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԹԱՐԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԳՐՄԱՆ ______________________________________________________ ______________________________________________________ Ընկերության լրիվ անվանումը Հասցեն _________________________________________________ Ղեկավար________________________________________________
Մենք, ներքոստորագրյալներս, էներգապետհսկողության տեսուչ_______________
_________________________________ և ընկերության ներկայացուցիչ Ա.Ա.Հ. ___________________________ կազմեցինք սույն ակտը հետևյալի մասին`
1. Ձեռնարկության պայմանագրային հզորությունը ___________________(կՎտ) 2. Վթարային ամրագրված հզորությունը _________________________ (կՎտ) 3. Տեխնոլոգիական ամրագրված հզորությունը _____________________ (կՎտ) 4. Տեխնոլոգիական պրոցեսի ավարտման տևողությունը _______________ (Ժամ) 5. Անջատվող հզորությունը սահմանափակման ժամանակ _______________(կՎտ) 6. Օրվա աշխատաժամերի քանակը ____________________________ (Ժամ) 7. Ամսվա աշխատանքային օրերի քանակը _________________________(օր): Կից ներկայացվում է ձեռնարկության էլեկտրամատակարարման միագծանի սխեման:
| ||||
|
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
10 մայիսի 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10800033