ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի մարտի 20-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 150.17-րդ հոդվածով.
«Հոդված 150.17. | Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած վիճակախաղի (տոտալիզատորի) և ինտերնետ շահումով խաղերի կայքերի՝ օրենքով սահմանված կարգով արգելափակման պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը |
1. Օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած վիճակախաղի (տոտալիզատորի) և ինտերնետ շահումով խաղերի կայքերի՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքներով սահմանված կարգով արգելափակման պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է նախազգուշացում՝ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր խախտման համար սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո կրկնելը կամ նախկինում կատարած խախտումը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր խախտման համար սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով։»:
(հոդվածը 12.06.24 ՀՕ-271-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հոկտեմբերի 10-ից)
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. ապրիլի 8 Երևան ՀՕ-134-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2024 թվական: