ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի ապրիլի 13-ին
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «իրավունքների» բառից հետո լրացնել «և սահմանափակումների» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, ինչպես նաև հողը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում լինելու կամ չլինելու մասին տեղեկանքը, հողի և շինության նպատակային կամ գործառնական նշանակությունը (գյուղատնտեսական հողերի դեպքում՝ հողատեսքը) սահմանելու կամ փոփոխելու վերաբերյալ որոշումները անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնում են, իսկ պետական գրանցման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերը կարող են ներկայացնել դրանք կազմած, հաստատած կամ վավերացրած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, նոտարները:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա սույն հոդվածի 2-րդ մասում նշված մարմինները և նոտարները սույն հոդվածի 2-րդ մասում նշված պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի՝
ա. 6-րդ կետի առաջին նախադասությունը «հրամանով» բառից հետո լրացնել «, որը ենթակա է անհապաղ կատարման, և հրամանի բողոքարկումը չի կասեցնում հրամանի գործողությունը կամ կատարումը» բառերով,
բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) լիազոր մարմինը իր պաշտոնական կայքէջում հրապարակում է վկայական ստացած անձանց անվանացանկը և վերջիններիս համաձայնությամբ՝ կապի միջոցները և աշխատանքի վայրը:».
2) 4-րդ մասի «Սույն հոդվածի 1-ին մասում նշված» բառերը փոխարինել «Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Կադաստրային գործի փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացնելու կամ կազմելու դեպքում դրանք պահվում են թղթային և էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործերում, իսկ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու կամ կազմելու դեպքում՝ միայն էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործում:
3. Կադաստրային գործի փաստաթղթերը պահվում են անժամկետ` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:»:
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «դիմումը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերով.
2) 2-րդ մասի 8-րդ կետը «համարը» բառից հետո լրացնել «կամ հարկ վճարողի հաշվառման համարը» բառերով.
3) 3-րդ մասի 1-ին կետի «այլ փաստաթղթեր» բառերը փոխարինել «այլ փաստաթղթեր. ընդ որում՝ սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 2.1-ին մասերով սահմանված դեպքերում դիմումի հետ ներկայացվում են համապատասխան փաստաթղթերը նույնականացնող տվյալները» բառերով.
4) 6-րդ մասի առաջին նախադասության «ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն» բառերը փոխարինել «ծագող իրավունքների պետական գրանցման դիմումները պետք է ներկայացվեն» բառերով:
Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Բացառությամբ սույն օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրերից ծագող իրավունքների (սահմանափակումների) պետական գրանցման դեպքերի, պետական գրանցման դիմումը և սույն օրենքով դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներկայացվել, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց կողմից պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, որի դեպքում դիմողի նույնականացումը կատարվում է դիմողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ Կառավարության սահմանած՝ անձի նույնականացման այլ եղանակով:»:
Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Գրավոր դիմումը կարող է ներկայացվել ցանկացած սպասարկման գրասենյակ՝ անկախ անշարժ գույքի գտնվելու վայրից: Տեղեկատվության տրամադրման դիմումը՝ սույն հոդվածի 3.5-րդ մասով նախատեսված առանձնահատկությամբ, կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.5-րդ մասով.
«3.5. Տեղական ինքնակառավարման մարմինները և իրավաբանական անձինք անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով դիմումները ներկայացնում են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ ֆիզիկական անձինք՝ սույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն չպարունակող և վճարովի հիմունքներով տրամադրվող տեղեկությունների վերաբերյալ դիմումները։»:
Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասից «սպասարկման գրասենյակ» բառերը հանել:
Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Մինչև 2006 թվականի հուլիսի 29-ը բնակելի, խառը կառուցապատման կամ տնամերձ հողամասում սեփականության իրավունքով օրինական գրանցված 50 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող կիսակառույց անհատական բնակելի տունը, դրա օժանդակ և տնտեսական շինությունները որպես ավարտված շինություն գրանցվում են որակավորված անձի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված և ներկայացված չափագրման նյութերի փաթեթի հիման վրա:»:
Հոդված 9. Օրենքի 47.1-ին հոդվածում՝
1) 2-րդ մասի «հոդվածում» բառը փոխարինել «հոդվածի 1-ին մասում» բառերով.
2) 3-րդ և 4-րդ մասերի «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածի 1-ին մասով» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-12-րդ մասերով.
«5. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող՝ ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական կամ մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (ներառյալ տրանսպորտային հանգույցների) և դրանց օտարման շերտերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումները կարող են իրականացվել նաև անշարժ գույքի պետական ռեգիստրի նախաձեռնությամբ՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի կազմած և Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների տնօրինման մասով լիազոր պետական ճանապարհային մարմնի ու համապատասխան համայնքի հետ համաձայնեցված՝ ավտոմոբիլային ճանապարհների և դրանց օտարման շերտերի հատակագծերի հիման վրա:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ ավտոմոբիլային ճանապարհների և դրանց օտարման շերտերի հատակագծերի նախագծերը կազմելու համար հիմք են ընդունվում անշարժ գույքի պետական ռեգիստրի ստեղծած կամ կազմած օրթոֆոտոհատակագծերը (օրթոլուսանկարները):
7. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հատակագծերը համաձայնեցվում են միայն էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով:
8. Անշարժ գույքի պետական ռեգիստրը սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ ավտոմոբիլային ճանապարհների և դրանց օտարման շերտերի հատակագծերի նախագիծը (այսուհետ՝ ավտոմոբիլային ճանապարհի նախագիծ)՝ համադրված օրթոֆոտոհատակագծերով (օրթոլուսանկարներով), էլեկտրոնային տարբերակներով (Փի Դի Էֆ (PDF) ֆորմատի նիշքերով) տրամադրում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների տնօրինման մասով լիազոր պետական ճանապարհային մարմնին ու համապատասխան համայնքին, ինչպես նաև տեղադրում է անշարժ գույքի պետական ռեգիստրի էլեկտրոնային ծառայությունների մատուցման e-cadastre.am կայքէջի հատուկ բաժնում: Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների տնօրինման մասով լիազոր պետական ճանապարհային մարմինը և համայնքի ղեկավարը սույն մասում նշված փաստաթղթերն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, անշարժ գույքի պետական ռեգիստր են ներկայացնում գրավոր համաձայնություն կամ առարկություն՝ առարկության դեպքում տալով նաև առաջարկություն։ Չհամաձայնեցված հատվածների համար անշարժ գույքի պետական ռեգիստրը կազմում է ավտոմոբիլային ճանապարհի նոր նախագիծ և կրկին ներկայացնում համաձայնեցման։
9. Ավտոմոբիլային ճանապարհի նախագծի վերաբերյալ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում գրավոր համաձայնություն կամ առաջարկություն չներկայացվելու դեպքում նախագիծը համարվում է համաձայնեցված:
10. Անշարժ գույքի պետական ռեգիստրը համաձայնեցված ավտոմոբիլային ճանապարհի նախագիծն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, միջոցներ է ձեռնարկում համապատասխան ավտոմոբիլային ճանապարհի և դրա օտարման շերտի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման ուղղությամբ:
11. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գույքերի պետական գրանցման վրա չեն տարածվում սույն օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կանոնները, ինչպես նաև սույն օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2.1-ին կետերով նախատեսված պահանջները:
12. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գույքերի պետական գրանցման դեպքում որպես գույքի հասցե նշվում են ավտոմոբիլային ճանապարհի պայմանանիշը, պայմանանիշի համարը և ավտոճանապարհի անվանումը:»:
Հոդված 10.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին և 4-րդ հոդվածների:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում:
3. Սույն օրենքի 1-ին և 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահին և տարածվում են Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ներկայացման իրավահարաբերությունների վրա:
4. Անշարժ գույքի պետական ռեգիստրը սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից նույն որոշմամբ սահմանված կարգով եռամսյա ժամկետում իր պաշտոնական կայքէջի առանձնացված բաժնում տեղադրում է մինչև Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելը կիրառված և գործող սահմանափակումների վերաբերյալ իր էլեկտրոնային տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության ցանկը (այսուհետ՝ Ցանկ):
5. Անշարժ գույքի պետական ռեգիստրը սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետում նշված՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ապահովում է Ցանկի համընդհանուր հասանելիությունը՝ որոնման և դիտման հնարավորությամբ, իսկ սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմիններին (բացառությամբ դատարանների)` նրանց իրավասության սահմաններում գտնվող սահմանափակումների խմբագրման հնարավորությամբ:
6. Սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինները (բացառությամբ դատարանների) իրենց իրավասության սահմաններում Ցանկը հրապարակվելուց հետո սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետում նշված՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով երկու տարվա ընթացքում խմբագրում են Ցանկը՝ լրացնելով այն սահմանափակումները, որոնք առկա չեն Ցանկում, սակայն առկա են դրանք կիրառելու հիմքերը, և հանելով այն սահմանափակումները, որոնք օրենսդրությամբ սահմանված հիմքերով ենթակա չեն պահպանման: Սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինները սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումը սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետում նշված՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ներկայացնում են անշարժ գույքի պետական ռեգիստր:
7. Սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինները սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետում նշված՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով յուրաքանչյուր եռամսյակ իրենց կատարած աշխատանքների և խմբագրումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն են ներկայացնում անշարժ գույքի պետական ռեգիստր, որն իրականացնում է ստացված տեղեկատվության հաշվառում՝ դրանում ներառելով նաև իր կատարած աշխատանքների և խմբագրումների վերաբերյալ եռամսյակային տեղեկատվությունը:
8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված երկու տարվա ժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրը անշարժ գույքի պետական ռեգիստրը սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետում նշված՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով արգելափակում է Ցանկի խմբագրման հնարավորությունը:
9. Ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետը լրանալու օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, Ցանկի խմբագրման վերաբերյալ իրենց դիմում-բողոքները ներկայացնում են սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմիններ, որոնք Ցանկում գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ սահմանափակումներ լրացնելու վերաբերյալ դիմում-բողոքների մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետում նշված՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաղորդում են անշարժ գույքի պետական ռեգիստրին:
10. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված հաղորդման հիման վրա անշարժ գույքի պետական ռեգիստրը օրենքի ուժով գրանցում է գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների սահմանափակում, որն իր իրավաբանական ուժը պահպանում է երկու ամիս, եթե մինչև տվյալ ժամկետը լրանալը սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինը չի ներկայացրել սույն հոդվածի 9-րդ մասում նշված դիմում-բողոքների քննարկման արդյունքում կայացված սահմանափակումը դադարեցնելու կամ սահմանափակում կիրառելու մասին որոշում:
11. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված դիմում-բողոքները քննարկվում և լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով՝ երկամսյա ժամկետում: Դիմում-բողոքների լուծման արդյունքում կազմված սահմանափակումը դադարեցնելու կամ սահմանափակում կիրառելու մասին որոշումը սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետում նշված՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ներկայացվում է անշարժ գույքի պետական ռեգիստր:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. մայիսի 8 Երևան ՀՕ-145-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2023 թվական: