Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-122-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (18.06.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 19.05.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի մայիսի 4-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի 28.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 28.2. Մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար պետական տուրքի գծով արտոնությունները

 

1. Սույն օրենքի 19.9-րդ հոդվածով սահմանված պետական տուրքից ազատվում են՝

1) Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքները: Օրենսդրությամբ (այդ թվում` միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որակում է վարչապետի ստեղծած՝ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովը.

2) միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները` այդ փոխադրումների իրականացման ժամանակ.

3) ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման կամ մաքսատուրքերի և հարկերի վճարումից ազատմամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները.

4) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող` ԵԱՏՄ անդամ պետություններում հաշվառված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները.

5) ցուցադրման նպատակով «Ժամանակավոր արտահանում» կամ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված, ինչպես նաև դրանց ժամկետի ավարտից հետո համապատասխանաբար «Վերաներմուծում» և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգերով վերաձևակերպված՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները.

6) մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող (բացառությամբ արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր)` ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները.

7) մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ընդհանուր մաքսային արժեքը մեկ միլիոն դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքները.

8) «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները:

2. Սույն հոդվածով սահմանված արտոնություններից բացի, այլ արտոնություններ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. մայիսի 19

Երևան
ՀՕ-122-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2022 թվական: