Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-475-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (30.10.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.10.19-2020.11.01 Պաշտոնական հրապարակման օրը 29.10.2020
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հոկտեմբերի 27-ին

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի 9․1-ին հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Սույն հոդվածով նախատեսված՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ վարկային կազմակերպության կողմից խախտման փաստը դատարանի, արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում վարկային կազմակերպությունը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին վճարել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`

1) վարկային կազմակերպությունը ձեռնարկել է հաճախորդի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները և

2) փաստացի վերացրել է հաճախորդի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել, և

3) հաճախորդը իրավունքի խախտման հետևանքով փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է վարկային կազմակերպությունը:

 Սույն հոդվածով սահմանված իրավունքի խախտումների վերացման անհնարինության դեպքում սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված պայմանների առկայությունը բավարար է սույն հոդվածով նախատեսված բացառության կիրառման համար: Նշված դրույթները չեն կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու ֆիզիկական անձ հաճախորդի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթներ: Սույն հոդվածը կիրառվում է այնքանով, որքանով այլ օրենքներով նշված հարցերի վերաբերյալ վարկային կազմակերպությունների համար այլ կարգավորում նախատեսված չէ:»:

 

Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված այն պայմանագրերից ծագած հարաբերությունների վրա, որոնց խախտումները չնայած տեղի են ունեցել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն հաճախորդի կողմից մինչև օրենքի ուժի մեջ մտնելը դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին իրավունքների խախտում հաստատելու վերաբերյալ պահանջ չի ներկայացվել։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. հոկտեմբերի 29

Երևան

ՀՕ-475-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան