Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-378-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (06.10.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.09.26/71(1429) Հոդ.975
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.09.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «և կենցաղային» բառերը փոխարինել «, կենցաղային և սահմանափակման ենթակա» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 4.2

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 15.2.

 Հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքի իմաստով սահմանափակման ենթակա ծառայություններին վերաբերող հիմնական հասկացություններն են՝

սահմանափակման ենթակա ծառայություն` սպառողների ժամանցի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված որոշ ծառայությունների համալիր, որոնք մատուցվում են սույն օրենքով սահմանված սահմանափակման ենթակա ծառայությունների օբյեկտներում.

սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ` կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա.

կարաոկե` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ հաճախորդը, օգտագործելով նախապես ընտրված երգի ինտերակտիվ նվագակցությունը, ցուցադրում է սիրողական երգեցողություն.

դիսկոտեկ` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ բարդ ձայնային և լուսավորման համակարգերի ներքո, մշտական պարահրապարակի առկայությամբ, ինչպես նաև վերարտադրված երաժշտության մատուցմամբ, կազմակերպվում են պարային միջոցառումներ.

հեստապարային ակումբ` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ կազմակերպվում է հեստապար.

հեստապար` պարերով և (կամ) երաժշտությամբ ուղեկցվող բեմական ներկայացում, որի մասնակիցները ներկայացման ընթացքում աստիճանաբար մասամբ կամ լրիվ մերկանում են.

բաղնիք, սաունա և շոգեբաղնիք՝ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հյուրանոցային տնտեսության օբյեկտների մաս չկազմող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ։

Սույն կետի իմաստով հյուրանոցային տնտեսության օբյեկտի մաս չի համարվում հյուրանոցատիպ հանգրվանում մատուցվող ծառայությունը, որտեղ մատուցվող ծառայությունները չեն ներառում առնվազն մեկ գիշերակաց կամ չի վարվում հաճախորդի կամ հաճախորդի համար ամրագրում կատարող անձի վերաբերյալ տվյալների պատշաճ տեղեկատվության (ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային, իրավաբանական անձանց համար պետական գրանցման տվյալներ, ինչպես նաև հյուրանոցային համարի ամրագրման և զբաղեցման ժամկետների վերաբերյալ) ստացման և պահպանման գործավարություն:

 

Հոդված 15.3.

 Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտներին ներկայացվող պահանջները

 

1. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում տեղակայելն արգելվում է:

2. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը:

3. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանում է համայնքի ավագանին:»:

 

Հոդված 3.

Եզրափակիչ մաս

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 15.3-րդ հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2018 թ. սեպտեմբերի 18

Երևան

ՀՕ-378-Ն