Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-81-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (17.07.2014-01.01.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.07.16/38(1051) Հոդ.585
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.06.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին

 

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.3-րդ հոդվածով.

 

«Հոդված 2.3. Հաստատել 2014 թվականին Սևանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (4-րդ հավելվածը կցվում է)։»։

 

Հոդված 2. Օրենքով հաստատված՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերի 6-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.5-րդ կետով.

«6.5) 2014 թվականին Սևջուր գետի և Արարատյան դաշտի ստորգետնյա ավազանի սակավաջրությամբ, ինչպես նաև ընթացիկ տարվա առանձնահատկություններով պայմանավորված՝ Սևանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 270 մլն մ3:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը։

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հուլիսի 14

Երևան

ՀՕ-81-Ն

 

Հավելված 4

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳԻՐ
ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑ ԹՈՂՆՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

I. Ներածություն

 

2014 թվականին Սևանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) մշակված է համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետի երկրորդ պարբերության դրույթների:

Ծրագրում ներառված են տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաև չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում պետական քաղաքականության իրականացման հիմնական առաջնային ուղղությունները և անհրաժեշտ միջոցառումները։

Ծրագիրը նպատակաուղղված է արտեզյան հորիզոնների և Սևջրի ջրատվության նվազման, նշված տարածաշրջաններում ոռոգման պահանջարկի աճի, Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգում կորուստների դինամիկայի, ինչպես նաև Սևանա լճից սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների (գ. Հրազդանի, Ապարանի և Ազատի ջրամբարների) ջրատվության աստիճանով պայմանավորված՝ Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի սպասարկման տակ գտնվող հողատարածքների վրա մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգումն ապահովելու անհրաժեշտությամբ և ոռոգման ջրի արդյունավետ մատակարարման ապահովման հիմքեր ստեղծելուն։

Ծրագիրը մշակված է` ելնելով Հայաստանի Հանրապետության առանձին տարածքներում ջրի սակավությունից, ինչպես նաև առկա եղանակային և կլիմայական պայմաններից։

 

II. Ներկա վիճակի վերլուծություն

 

Սևան-Հրազդան էներգետիկ-ոռոգման համակարգից սնվող ոռոգման համակարգերի սպասարկման տակ գտնվող ոռոգելի հողերի ջրամատակարարման և Սևանա լճի էկոհամակարգի համար պահանջվող ջրաշրջանառության ապահովման համար «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված է մինչև 170 մլն մ3 ջրաքանակ: Եթե անցած տարիներին (բացառությամբ 2008 և 2012 թվականների, որոնք սակավաջուր տարիներ էին, և արդյունքում օրենքով նախատեսված չափաքանակները վերանայվեցին) նշված ջրաքանակը գրեթե բավարարում էր, ապա 2013 թվականի ընթացքում ավանդական ջրաղբյուրներում ջրի պակասի, արտեզյան հորիզոնների և Սևջրի ջրատվության նվազման, նշված տարածաշրջաններում ոռոգման պահանջարկի աճի, Սևան-Հրազդան արագահոս համակարգում կորուստների դինամիկայի, ինչպես նաև 2014 թվականին ոռոգման սեզոնի շուտ սկսման և Սևանա լճից սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների (գ. Հրազդանի, Ապարանի և Ազատի ջրամբարների) ջրատվության սակավության հետ կապված հիմնախնդիրն էլ ավելի սրվեց:

Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի ավազանում ջրի մակարդակի (ստատիկ ճնշման) անկման հետևանքով դադարում են գործել ինքնաշատրվանող հորեր և աղբյուրներ: Այդպիսի աղբյուրներից է սնվում և սկիզբ առնում Սևջուր գետը: Սևջուր գետը իր հերթին ջրաղբյուր է հանդիսանում ոռոգման ջրանցքների և պոմպային կայանների համար: Աղբյուրների ջրատվության կրճատվող շարունակական դինամիկայի հետևանքով Սևջուր գետի ջրատվությունը խիստ կրճատվել է: Ջրի սակավությունը դեֆիցիտ է ստեղծում ոռոգման համակարգերում: Դրանցից խոշորներն են Արևշատի I աստիճանի, Ակնալճի և Մեծամորի պոմպակայանները: Ստեղծված իրավիճակում 29 համայնքների 8180 հա հողատարածքների ոռոգումը վտանգված է Սևջուր գետի սակավաջրության պատճառով:

Ընդհանուր առմամբ Սևջուր գետի և Արարատյան դաշտի ստորգետնյա ավազանի տարածքում առաջացած սակավաջրությունը մի շարք խնդիրներ է առաջացրել տվյալ տարածաշրջանի հողատարածքների ոռոգման ջրամատակարարման համար: Անցած տարիներին և ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով մեծածավալ գումարներ են ծախսվել (շուրջ մեկ մլրդ դրամի չափով) առկա խնդիրների լուծման և ոռոգման ջրամատակարարման ապահովման (այն տեղերում, որտեղ հնարավոր է Սևանա լճի ջուրը չօգտագործել) նպատակով հորատվել են տասնյակ խորքային հորեր, տեղադրվել են պոմպային սարքավորումներ, կառուցվել են ջրանցքներ, վերակառուցվել և կառուցվել են ջրընդունման ավազան և պոմպակայան, սակայն դրանք բավարար չեն եղել բարձրացված հարցերի հիմնովին լուծման համար: Կատարված գնահատումների համաձայն՝ Սևջուր գետի և Արարատյան դաշտի ստորգետնյա ավազանի սակավաջրության հետևանքով իրականացվող միջոցառումների կարգավորման համար, հաշվի առնելով նաև համակարգի պահուստային հնարավորությունները և համակարգում առկա խողովակների օգտագործումը, ներկայումս կպահանջվի ևս շուրջ 700 մլն Հայաստանի Հանրապետության դրամի ֆինանսավորում: Պետական ֆինանսական աջակցությամբ համապատասխան գործողություններ կատարվում են, սակայն խնդիրը դեռևս առկա է այն տեղերում, որտեղ այլընտրանքային ռեսուրսներ և հնարավորություններ չկան և միակ հնարավորությունը Սևանա լճի ջուրն է:

Համակարգի պահանջվող հատվածներում մի շարք խնայողական գործողություններ իրականացնելու շնորհիվ Սևջուր գետի և Արարատյան դաշտի ստորգետնյա ավազանի տարածքում առաջացած սակավաջրությունը մեղմելու նպատակով անհրաժեշտ ծավալներն ապահովելու համար կպահանջվի Սևանա լճից բաց թողնել շուրջ 70.0 մլն մ3 լրացուցիչ ջրաքանակ:

Առկա է նաև լուրջ խնդիր Սևան-Հրազդան էներգետիկ արագահոս համակարգում: Էներգետիկ համակարգ մուտք գործած և դուրս եկած ջրի ծավալների պարբերաբար կատարված վերլուծություններից պարզվել է, որ էներգետիկ արագահոս համակարգում հաշվարկային 7 տոկոս կորստի չափաքանակն ապացուցվել է նաև մի շարք ջրաչափական աշխատանքներով, որոնց արդյունքում պարզվել է, որ 1978 թվականից հաշվարկվող 7 տոկոս չափաքանակի փոխարեն էներգետիկ արագահոս համակարգում փաստացի կորուստը կազմում է առնվազն 18 տոկոսով կամ 11 տոկոսով ավել: Դա նշանակում է, որ էներգետիկ արագահոս համակարգից դեպի ոռոգման համակարգեր անցած ջրի ծավալը 2012 թվականի մայիս-սեպտեմբեր (Սևանից ջրի բաց թողնման ժամանակահատված) ամիսների ընթացքում հաշվարկայինից պակաս է եղել 42.7 մլն մ3-ով, որն անսպասելի դեֆիցիտ է առաջացնում ոռոգման համակարգում: Նույն բացասական գործընթացը շարունակվել է նաև 2013 թվականի ոռոգման շրջանի ընթացքում: Նախատեսվածից պակաս ջրի ծավալների մուտքը ոռոգման համակարգ լուրջ լարվածություններ է առաջացնում ջրապահովման գործընթացներում:

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ստորգետնյա ջրերի մակարդակի շարունակական իջեցման գործընթացին: Դիտարկումներից առաջացել է կարծիք, որ ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցումը, բացի հայտնի բացասական հետևանքներից և խորքային հորերով էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծախսերից, բերում է նաև համապատասխան հողատարածքների ոռոգման պահանջարկի ավելացմանը, որը հիմնավորվում է նաև Հայաստանի Հանրապետության ազգային ագրարային համալսարանի ուսումնասիրությամբ: Գրունտային ջրերն ապահովում էին որոշակի խոնավության չափ հողի վերին շերտերում, մակարդակի իջեցումը բերել է խոնավության նվազման, ուստի և ոռոգման պահանջարկի ավելացման: Ընդ որում, գրունտային ջրերի մակարդակի իջեցման արդյունքում գետնաջրերից խոնավության սնուցման բացակայության պայմաններում 20-25 տոկոսով աճել են ոռոգման նորմերը և ջրումների քանակը` էապես փոխելով գյուղատնտեսական մշակաբույսերի համար սահմանված ոռոգման նորմերը և ռեժիմները: Այդ առումով անհրաժեշտություն է առաջանում ուսումնասիրել գրունտային ջրերի մակարդակի իջեցման հետևանքով ոռոգման պահանջարկի ավելացման չափաքանակները և նշված գործընթացների կանխատեսվող դինամիկան:

2014 թվականի բնակլիմայական և եղանակային պայմանները չնպաստեցին Ազատի և Ապարանի ջրամբարներում համապատասխան քանակությամբ ջրի ներհոսքի առաջացմանը և անհրաժեշտ քանակությամբ ջրի կուտակմանը: Բավական է նշել, որ 2014 թվականի մայիսի 30-ի դրությամբ Ապարանի ջրամբարի լցվածությունը (ընդհանուր տարողությունը 91.0 մլն մ3) կազմել է շուրջ 23.77 մլն մ3 (2013 թվականի նույն ժամանակահատվածում այն կազմել էր 50.53 մլն մ3), իսկ Ազատի ջրամբարի լցվածությունը (ընդհանուր տարողությունը 70.0 մլն մ3) նույն ժամանակահատվածում` 48.54 մլն մ3 (2013 թվականի նույն ժամանակահատվածում այն կազմել էր 51.44 մլն մ3): Միաժամանակ ջրասակավությունը լուրջ խնդիրներ է առաջացրել` կապված Հրազդան գետի ջրատվության հետ: Ընդ որում` 2014 թվականի մայիսի 30-ի դրությամբ Հրազդան գետի ջրատվության օրական միջին ելքը կազմել է շուրջ 10.51 մ3/վրկ, այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել էր շուրջ 19.19 մ3/վրկ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Հայաստանի Հանրապետության 2014 թվականի գետերի գարնանային վարարումների, ջրամբարների ջրալցվածության և Սևանա լճի մակարդակի ճշգրտված կանխատեսումները ևս վկայում են ընթացիկ տարվա ջրասակավության վերաբերյալ։ Հաշվի առնելով նշվածը՝ ընթացիկ տարվա եղանակային և բնակլիմայական գործոններով պայմանավորված առանձնահատկությունները մեղմելու նպատակով Սևանա լճից կպահանջվի ևս 30.0 մլն մ3 ջրաքանակ:

2014 թվականի ընթացքում առկա են Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի հնարավոր ռիսկեր, որոնց փոխհատուցման նպատակով հաջորդ տարիների ջրի բացթողումները պլանավորվում են` նկատի ունենալով նախորդ տարվա դեֆիցիտն առաջացնող, ինչպես նաև հետագա տարիներին Սևանա լճում դրական հաշվեկշիռն ապահովող ջրաքանակները:

 

III. Ծրագրի հիմնական նպատակը և առաջնային խնդիրները

 

Ծրագրի հիմնական նպատակն է Սևան-Հրազդան էներգետիկ ոռոգման համակարգից սնվող ոռոգման համակարգերի սպասարկման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումը, ինչպես նաև ամբողջական ջրամատակարարման համար համապատասխան պայմանների ստեղծումը։

Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ առաջնային հիմնական խնդիրներն են`

- 2014 թվականին Սևջուր գետի և Արարատյան դաշտի ստորգետնյա ավազանի սակավաջրությամբ, ինչպես նաև ընթացիկ տարվա առանձնահատկություններով պայմանավորված՝ Սևանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության իրականացումը` առավելագույնը սահմանելով մինչև 270 մլն մ3.

- Սևջուր գետի և Արարատյան դաշտի ստորգետնյա ավազանի սակավաջրության հետևանքով ջրապահովման մակարդակի բարձրացման միջոցառումների իրականացումը.

- առաջնահերթ ջրամբարաշինության (Կապսի, Մաստարայի և Վեդու) ծրագրերի նախապատրաստումը և իրականացումը.

- Եղվարդի ջրամբարի ֆինանսավորման հարցի լուծումը.

- որոշ ջրանցքների համար դոտացիոն ջրամբարներում կուտակված (Ապարանի և Ազատի ջրամբարներում) ջրի արդյունավետ օգտագործումը.

- Սևանա լճից բաց թողնված ջրի արդյունավետ օգտագործումը.

- Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգում նորմատիվային կորուստների կրճատումը.

- հաշվետվության և վերահսկողության ապահովումը.

- օրենսդրական դաշտի ապահովումը։

 

IV. Ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումները

 

Նկատի ունենալով փաստացի առկա վիճակը և եղանակային կանխատեսումները` անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան աշխատանքներ համակարգի բարձր պատրաստվածության ապահովման, խորքային պոմպերը և պոմպակայանները լրիվ դրվածքային արտադրողականությամբ պատրաստ վիճակում պահելու, ջրի կորուստների նվազեցման համար պահանջվող աշխատանքների իրականացման, ջուր վերցնելու և ջուր տալու կետերում հաշվառման մեխանիզմների կատարելագործման, ջրամբարներում ջրի կուտակման լրացուցիչ աշխատանքների իրականացման, ջրանցքներում ջրի բաշխման շուրջօրյա աշխատանքների կազմակերպման, Սևջուր գետի և Արարատյան դաշտի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծման, ինչպես նաև առաջնահերթ ջրամբարաշինության ծրագրերի մեկնարկման և այլ ուղղություններով։

Հաշվի առնելով վերը նշվածները, ինչպես նաև կանխատեսվող եղանակային պայմանները` 2014 թվականին գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգումն ապահովելու նպատակով Սևանա լճից բաց թողնվող առավելագույն ջրաքանակը կկազմի մինչև 270 մլն մ3։

 

V. Ծրագրի իրականացման ընթացքի նկատմամբ հսկողությունը

 

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված տարեկան և համալիր ծրագրերի 6.1-ին կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3) ավել բաց թողնումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով` ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմնի ներկայացրած մեկամսյա կանխատեսումային առաջարկությունների հիման վրա։

Ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր ամիսը մեկ Հայաստանի Հանրապետության կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3) ավել բաց թողնված ջրաքանակի վերաբերյալ։

Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը սույն ծրագրի գործողության ընթացքում իրականացնում է փորձագիտական հետազոտություններ, որոնց արդյունքները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան