ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 1994 թ. N 406
Քաղ. Երևան
«ՀԱՅՈՍԿԻ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «Հայոսկի» հատուկ նշանակության պետական ձեռնարկության կանոնադրությունը (կցվում է)։
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ է ՀՀ կառավարության 1994 թ. օգոստոսի 31-ի N 406 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՀԱՅՈՍԿԻ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. «Հայոսկի» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունը (այսուհետև՝ ձեռնարկություն) հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակ է ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի N 399 որոշմամբ։
2. Ձեռնարկության ֆիրմային լրիվ անվանումն է՝ «Հայոսկի» հատուկ նշանակության պետական ձեռնարկություն, իսկ ֆիրմային համառոտ անվանումը՝ «Հայոսկի» ՀՆՊՁ։
3. Ձեռնարկությունը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը։
Ձեռնարկությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք և դրոշմակնիք։
4. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության հրամաններով, հրահանգներով և սույն կանոնադրությամբ։
5. Ձեռնարկության գտնվելու վայրն է Երևան քաղաքը (հասցեն՝ Երևան-51, Կոմիտասի պողոտա 47)։
II. Ձեռնարկության խնդիրները
6. Ձեռնարկության խնդիրներն են`
ա) քիմիապես մաքուր ոսկու և արծաթի արտադրությունն ու վաճառքը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, ինչպես նաև ոսկու խտանյութի վաճառքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված քվոտաներով, պետական այլ պատվերների կատարման ապահովումը.
բ) սահմանված կարգով երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացումը՝ թանկարժեք մետաղների հանույթի հավելաճ ապահովելու նպատակով.
գ) գիտատեխնիկական առաջընթացն ապահովող գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպումը, նորագույն տեխնիկայի և տեխնոլոգիական մշակումների ներդրումը.
դ) Հայաստանի Հանրապետության տարածքում հետախուզված թանկարժեք մետաղների հանքավայրերի հումքային բազայի վրա նոր հանքերի նախագծումը, շինարարությունն ու շահագործումը, ինչպես նաև գործող օբյեկտների վերակառուցումն ու վերազինումը.
ե) սահմանված կարգով արտաքին տնտեսական գործունեության իրականացումը.
զ) իր արտադրանքի և գույքի հուսալի պահպանությունը,
է) բնապահպան միջոցառումների իրականացումը։
III. Ձեռնարկության գույքը և ֆինանսատնտեսական գործունեությունը
7. Ձեռնարկության գույքը պատկանում է ձեռնարկությանը՝ լրիվ տնտեսավարման իրավունքով։
8. Ձեռնարկության ֆինանսական ռեսուրսների և գույքի գոյացման աղբյուրներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող դրամական և նյութական ներդրումները, շենքերը, շինությունները, մեքենաները, սարքավորումները, ձեռնարկության հաշվեկշռում գտնվող հիմնական ու շրջանառու մյուս միջոցները.
բ) կատարված աշխատանքներից, մատուցված ծառայություններից և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ տնտեսական գործունեությունից ստացված հասույթը.
գ) բանկային հիմնարկներից և այլ վարկատուներից ստացված վարկերը, բանկային հիմնարկների հաշիվներում պահվող սեփական միջոցների համար ստացվող տոկոսները.
դ) կապիտալ ներդրումների և երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման համար պետական բյուջեից հատկացվող միջոցները.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հատուկ նշանակության պետական ձեռնարկություններին չարգելված գործունեությունից ստացվող միջոցները։
9. Ձեռնարկության գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշը կանոնադրական գործունեությունից ստացված շահույթն է։
Հարկերի վճարումից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումներից հետո մնացած շահույթը տնօրինում է ձեռնարկությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
10. Ձեռնարկության գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության տակ, որի նկատմամբ բռնագանձում կարող է կիրառվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ձեռնարկությունը վարում է հաշվապահական հաշվառում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է վիճակագրական հաշվետվություն ու տեղեկատվություն։
11. Ձեռնարկությունն իր միջոցներից կազմավորում է պահուստային հիմնապաշար (ֆոնդ)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմատիվներին համապատասխան։
Ձեռնարկությունը՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության հետ համաձայնեցնելով, կազմավորում է այլ հիմնապաշարներ (ֆոնդեր)։
12. Ձեռնարկությունն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային և այլ հաշիվներ բացել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների բանկային հիմնարկներում։
13. Ձեռնարկությունը`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնում է դուստր ձեռնարկություններ, բաժանմունքներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք է բերում գույք, գույքային և ոչ գույքային իրավունքներ, այդ թվում ֆինանսական միջոցներ՝ ցանկացած տարադրամով, տնօրինում և օգտագործում է դրանք.
գ) ինքնուրույն կազմավորում է սեփական ֆինանսական ռեսուրսները, բանկային հիմնարկներից և ֆինանսական հաստատություններից ստանում է վարկեր, ըստ որում՝ գրավադրման դեպքում ստանալով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնությունը.
դ) ինքնուրույն պլանավորում և կազմակերպում է իր տնտեսական գործունեությունը, կատարում է աշխատանքներ, մատուցում ծառայություններ և կնքում պայմանագրեր և դրանց համար կրում է պարտավորություններ.
ե) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության և ֆինանսների նախարարության համաձայնությամբ օտարում, վարձակալության է տալիս գույքը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով փոխանցում է իր գույքը և գույքային իրավունքները, ինչպես նաև անդամակցում է այլ ձեռնարկությունների, տնտեսական միավորումների.
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է իր կողմից կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ծավալները և դրանց գները.
է) դատարանում, միջնորդ դատարանում և արբիտրաժում հանգես է գալիս որպես հայցվոր և պատասխանող.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր կողմից հասցված վնասի համար՝ փոխհատուցելով այն, կնքած պայմանագրերը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, այլ անձանց ու կազմակերպությունների` օրենքով պաշտպանվող իրավունքները խախտելու համար.
թ) կատարում է սոցիալական ապահովագրություն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր ապահովագրություն, աշխատողների համար ապահովում է աշխատանքի և հանգստի անհրաժեշտ պայմաններ.
ժ) որոշում է աշխատողների վարձատրության ձևը, հաստիքները, աշխատավարձի ֆոնդը և վճարման կարգը։
14. Ձեռնարկությունը պարտավոր է՝
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն կրել հողի և բնական ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման հետևանքով պատճառված վնասի, շրջակա միջավայրի աղտոտման, ինչպես նաև աշխատողների առողջությանը հասցված վնասի համար.
բ) ապահովել պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների և կապիտալ ներդրումների արդյունավետ ու նպատակային օգտագործումը.
գ) իր պարտավորությունների համար պատասխանատվություն կրել սեփական գույքով.
դ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության հաստատմանը ներկայացնել արտադրանքի ինքնարժեքի ու գների նախագծերը։
Ձեռնարկությունը պատասխանատու չէ պետության պարտավորությունների համար, իսկ պետությունը՝ ձեռնարկության պարտավորությունների համար, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանված։
15. Ձեռնարկությունը չի կարող իրականացնել իր կանոնադրական խնդիրների հետ ուղղակիորեն կապ չունեցող առևտրային գործունեություն։
16. Ձեռնարկությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ։
Աշխատանքի վարձելու, աշխատողների աշխատանքի, հանգստի, վարձատրության պայմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան կնքված աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով։
IV. Ձեռնարկության կառավարումը
17. Ձեռնարկության ղեկավար մարմիններն են վարչությունը և նրա տնօրենը։
18. Ձեռնարկության վարչությունը կազմված է 11 անդամներից, որոնցից 4-ը ընտրվում են աշխատավորական կոլեկտիվի անդամների թվից, մյուսները նշանակվում են Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության կողմից։
19. Վարչության անդամներն իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով։
20. Ձեռնարկության վարչության իրավասություններն են`
ֆինանսատնտեսական և սոցիալ-մշակութային զարգացման հիմնական ուղղությունների որոշումը և աշխատանքային պլանների հաստատումը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարություն ձեռնարկության կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին առաջարկություններ ներկայացնելը.
դուստր ձեռնարկությունների հիմնադրումը, վերակազմավորումը, լուծարումը, դրանց կանոնադրությունների հաստատումը.
ձեռնարկության և դուստր ձեռնարկությունների ներքին կազմակերպական կառուցվածքի, ստորաբաժանումների ցանկի և դրանց լիազորությունների որոշումը.
ձեռնարկության և դուստր ձեռնարկությունների շահույթի բաշխումը և վերաբաշխումը՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության հետ համաձայնեցնելով։
21. Ձեռնարկությունում ստեղծվում է 5 անդամներից կազմված վերահսկիչ հանձնաժողով, որոնք ընտրվում են վարչության կողմից։ Վերահսկիչ հանձնաժողովը`
հետևում է վարչության որոշումների և ձեռնարկության տնօրենի հրամանների կատարմանը, գույքի պահպանմանը, ստուգում ձեռնարկության փաստաթղթերը, այդ թվում՝ հաշվեկշիռը.
իրավունք ունի ձեռնարկության տնօրենից և մյուս աշխատողներից պահանջելու ձեռնարկության գործունեության արդյունքների, շահույթի բաշխման, գույքի պահպանման ու այլ հարցերի վերաբերյալ ցանկացած տվյալ և փաստաթուղթ.
ձեռնարկության վարչություն է պարբերաբար ներկայացնում հաշվետվություն։
22. Ձեռնարկության տնօրենին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Տնօրենը միաժամանակ ձեռնարկության վարչության նախագահն է։ Տնօրենին պաշտոնի նշանակելիս նրա և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության միջև կնքվում է պարտավորագիր (կոնտրակտ), որով սահմանվում են տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները և այլ դրույթներ։
23. Տնօրենը կազմակերպում է ձեռնարկության գործունեությունը, որի համար կրում է պատասխանատվություն։ Նա առանց լիազորագրի գործում է ձեռնարկության անունից, ներկայացնում է նրա շահերը, տնօրինում ձեռնարկության գույքը, այդ թվում՝ ֆինանսական ռեսուրսները, կնքում է պայմանագրեր, բանկային հիմնարկներում բացում հաշվարկային և այլ հաշիվներ, հաստատում հաստիքները, սահմանում աշխատանքի վարձատրության ձևը, աշխատավարձի չափերն ու վճարման կարգը, արձակում է հրամաններ, աշխատողներին տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ, կատարում է տնօրենի տեղակալների և մյուս ղեկավար աշխատողների միջև ըստ բնագավառների աշխատանքի բաշխումը, ինչպես նաև իրականացնում է ձեռնարկության գործառական (ֆունկցիոնալ) գործունեությունից բխող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ։
24. Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը կազմում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա նրա գործունեությանը մասնակցող բոլոր աշխատողները։
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը նրա ղեկավար մարմինների հետ իրականացնում է կոլեկտիվ պայմանագրի կնքման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունները՝ կոլեկտիվ պայմանագրի նախագծի նախապատրաստում, իր ներկայացուցիչների միջոցով ձեռնարկության ղեկավար մարմինների հետ կոլեկտիվ պայմանագրի կնքման վերաբերյալ բանակցությունների վարում, վերջիններիս հետ կոլեկտիվ պայմանագրի հաստատում։
V. Ձեռնարկության գործունեության դադարեցումը
25. Ձեռնարկությունը կարող է վերակազմավորվել կամ նրա գործունեությունը կարող է դադարեցվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ կարգով։
